Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դիմում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ պաշտոնական պարզաբանումներ ստանալու մասին

Դիմում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ պաշտոնական պարզաբանումներ ստանալու մասին
18.03.2020 | 17:04

ՀՀ ՊԱՐԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հարգելի պարոն Ավինյան,


Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման, այսուհետ՝ նաև Որոշման, 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից, կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:


Նույն որոշման 24-րդ կետի համաձայն՝ նշված «հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն», իսկ 26-րդ կետով նախատեսվում է, որ «սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:
Համաձայն Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները «կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը»։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքների և ազատությունների սահմանափակումները «պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ», ինչը ենթադրում է, որ տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, խոսքի ազատության իրավունքները չեն կարող անհամաչափ սահմանափակվել, և կիրառված սահմանափակումները պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի՝ «Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով», ինչը գերազանցում է բազմաթիվ լրատվամիջոցների ամսական բյուջեն և կարող է դիտվել անհամաչափ և չափից խիստ պատասխանատվության միջոց։


Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վարակման առկա դեպքերը, անձանց առողջական վիճակը, վարակի աղբյուրների և հետագա զարգացումը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցները կարող են հայտնվել անելանելի վիճակում։
Մի շարք լրատվամիջոցների, կազմակերպությունների, փորձագետների ու լրագրողների կողմից արդեն իսկ արտահայտվել են մտահոգություններ, որ Որոշման դրույթները և դրանց հնարավոր մեկնաբանությունները զուրկ են կանխատեսելիությունից և որոշակիությունից ու, հետևաբար, կարող են իրավակիրառ մարմինների կողմից կիրառվել կամայականորեն՝ կոպտորեն խախտելով՝ ինչպես ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը, այնպես էլ՝ սահմանադրական մի շարք այլ սկզբունքներ։
Խնդրում ենք պարզաբանումներ ներկայացնել ստորև ներկայացված հարցերի շուրջ։

1. Բացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտումից, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը ԶԼՄ-ների համար նախատեսում է պատասխանատվության այլ տեսակներ կառավարության որոշման պահանջները խախտելու համար, և եթե այո, ապա որո՞նք են դրանք։


2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի իմաստով որո՞նք են համարվում «Զանգվածային լրատվամիջոցներ», և որո՞նք են դրանց որոշակիացնելու չափորոշիչները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական բոլոր անձինք համարվում են լրատվամիջոցներ, եթե՝ ոչ, արդյո՞ք տպագիր և հեռարձակվող մամուլի՝ համապատասխան էջերն ու ալիքները ևս դուրս են մնում նշված կարգավորումից։


3. Եթե օրենքի իմաստով սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական անձին չենք համարվում լրատվամիջոցներ, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որևէ պատասխանատվություն՝ նրանց կողմից տարածվող տեղեկատվությունը կառավարության որոշման պահանջներին հակասելու դեպքում։ Եթե նման պատասխանատվություն չի նախատեսում, արդյոք ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ների համար չի՞ ստեղծվում անհավասար գործունեության դաշտ։


4. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք» հասկացությունն արդյո՞ք ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտներին և չի տարածվում այն լրատվամիջոցների կամ հրապարակային հարթակների վրա, որոնք գրանցված են ՀՀ սահմաններից դուրս, սակայն հեռարձակվում են կամ տարածվում են նաև ՀՀ տարածքում, այդ թվում՝ հայերեն լեզվով։ Եթե դա վերաբերում է միայն ՀՀ ռեզիդենտներին, արդյո՞ք ՀՀ սահմաններից դուրս ապրող, բայց պարբերական կերպով նման հաղորդումներ տարածող անձինք արդյո՞ք չեն հայտնվում ավելի բարենպաստ իրավական վիճակում։


5. Արդյո՞ք «ՀՀ տարածքներ» հասկացությունը ներառում է նաև Արցախի Հանրապետության տարածքը, եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս են կանոնակարգվում ԼՂՀ-ից ստացված տեղեկությունների փոխանցման, հրապարակման հետ կապված հարաբերությունները։


6. Որոշման կարգավորումների ներքո ո՞րն է «խուճապ» և «խուճապային տրամադրություն» հասկացությունների ծավալը, և որո՞նք են դրանց որոշման չափանիշերը։ Արդյո՞ք «խուճապ» հասկացությունը որոշման իմաստով տարածվում է միայն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների, այն է՝ նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններին, թե՞ ենթադրում է լրացուցիչ այլ հանգամանքներ (օրինակ՝ ռազմաքաղաքական իրադրությունը՝ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան, արտակարգ դրության ռեժիմի պահպանման հետ կապված միջոցառումների և խախտման դեպքերի բացահայտումը և այլն)։


7. Արդյոք «պաշտոնական տեղեկատվությունը» բացառապես ՀՀ պետական պաշտոնատար անձանց կողմից հայտնած տեղեկություննե՞րն են, եթե՝ այո, ապա որո՞նք են դրանց հաղորդման եղանակները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված տեղեկատվությունը կարող է համարվել պաշտոնական տեղեկատվություն, և ի՞նչ գործողություններ են նախատեսվում այն դեպքում, երբ այդօրինակ տեղեկատվությունը տարածվել է ԶԼՄ-ներով, սակայն պաշտոնատար անձը հեռացրել է այն իր անձնական տեղեկատվական տարածքից, և տեղեկությունը պոստֆակտում գնահատվել է խուճապային իրադրություն առաջացնող։


8. Արդյո՞ք Զանգվածային լրատվության միջոցը կարող է հրապարակել կամ տարածել օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների պաշտոնատար անձանց վարակի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, թե՞ դրանց տարածումն արգելված է ՀՀ տարածքում։


9. ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման իմաստով ո՞րն է «պետական պաշտոնատար անձ» հասկացության ծավալը։ Արդյո՞ք այն ներառում է ծառայողական որոշակի լիազորություններով օժտված սահմանափակ թվով անձանց, թե՞ տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Նույն որոշման իմաստով արդյո՞ք «պետական պաշտոնատար անձ» հասկացությունը ներառում է միջազգային կառույցներում և օտարերկրյա պետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետությունում, պաշտոնավարող անձանց վրա։


10. Ինչո՞վ պետք է առաջնորդվեն ԶԼՄ-ները և տեղեկատվություն տարածող այլ սուբյեկտները, եթե պետական պաշտոնատար անձանց հայտնած տեղեկություններում առկա է հակասություն, ակնհայտ չճշտված տեղեկություններ և ապատեղեկատվություն։


11. Արդյո՞ք լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերաբերում են միայն հայերեն բովանդակությանը, թե՞ դրանք համաչափորեն տարածվում են նաև օտարալեզու տեղեկատվության վրա։ Սույն հարցի պարզաբանումը կարևոր է այնքանով, որ Հայաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներ տարիների ընթացքում լսարան են ձեռք բերել օտարերկրյա և օտարալեզու շուկաներում, և տեղեկատվական հոսքերի մեխանիկական ընդհատումը կհանգեցնի ձեռքբերումների կորստի։


12. Որոշման 26-րդ կետն ամրագրում է, որ սահմանված խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման, սակայն հայտնի չէ, թե ո՞վ է լիազորված այդ խախտումները հայտնաբերել, և ի՞նչ կարգով ու եղանակով է խախտման հեղինակը ծանուցվում այն վերացնելու մասին։


13. Ո՞ր դեպքերում է համապատասխան հաղորդման հեռացումը համարվելու «անհապաղ» և ի՞նչ չափանիշերի հիման վրա։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դիմումի մեջ բարձրացված հարցերի պատասխանները մի կողմից՝ անհրաժեշտ են՝ արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեությունը համապատասխանեցնելու ՀՀ կառավարության որոշման պահանջներին, մյուս կողմից՝ ապահովելու լրատվական դաշտի համար իրավական կանխատեսելիությունն և որոշակիությունը, ինչպես նաև և իրենց սահմանադրական առաքելությունը կատարելու համար բավարար պայմաններ, խնդրում ենք հնարավորինս շուտ պատասխանել սույն դիմումի մեջ բարձրացված հարցերին։


Լրատվամիջոցների ղեկավարներ

1. Ֆլորա Նախշքարյան -«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
2. Հակոբ Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Աննա Իսրայելյան - Առցանց «Առավոտի» խմբագիր
4. Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
5. Արմենիկա Կիվիրյան - NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
6.Արմինե Օհանյան - «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր
7. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
8. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
9. Արամ Անտինյան - «Քառյակ» մեդիայի տնօրեն
10. Արևիկ Սահակյան - factor.am կայքի գլխավոր խմբագիր
11. Սաթիկ Սեյրանյան - «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
12. Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր
13. Լիլիթ Թումանյան - «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
14. Քնար Մանուկյան - «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
15. Անժելա Թովմասյան - Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր
16. Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
17. Հրանտ Մելիք-Շահնազարյան - Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
18. Նարեկ Գալստյան - 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն
19. Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
20. Կոնստանտին Տեր-Նակալյան - BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր
21. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր
22. Բորիս Մուրազի - «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
23. «Առկա» գործակալության տնօրեն –Կոնստանտին Պետրոսով
24. Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն
25. Արտակ Հերիքյան - 5-րդ ալիքի «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավար

26․ Տաթև Այվազյան – Armday.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

27․ Փայլակ Ֆահրադյան -Irakanum.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

28․ Վահե Սարգսյան- yerkir.am կայքի գլխավոր խմբագիր

29․ Միխաիլ Ջանպոլադյան- «Ավրորա» ռադիոկայանի տնօրեն

30․ Նարինե Ավետիսյան- «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր

31․ Նարեկ Նիկողոսյան- «Armnews» հեռուստաընկերության տնօրեն

32․ Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

33․ Ժաննա Ծառուկյան- LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր

Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար

Նախաձեռնող՝ Հայաստանի ժուռնալիստների միություն

Տաթև Այվազյան – Armday.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյան -Irakanum.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյան- yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Միխաիլ Ջանպոլադյան- «Ավրորա» ռադիոկայանի տնօրեն Նարինե Ավետիսյան- «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարեկ Նիկողոսյան- «Armnews» հեռուստաընկերության տնօրեն Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Ժաննա Ծառուկյան- LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր

Դիտվել է՝ 6736

Մեկնաբանություններ