«Իրատեսի» զրուցակիցն է երգահան, երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ:
2016-ի ապրիլյան պատերազմում հաղթանակ տանելն այժմ, չգիտես ինչու, կասկածի տակ է դրվում: Ինչ-որ տարօրինակ երկխոսություն է սկսվել՝ հաղթե՞լ են, թե՞ ոչ։ Ի՞նչն է սրա պատճառը:
-Ես, իհարկե, հասարակական այն դիրքում չեմ, որ ինձ իրավունք վերապահեմ հայտարարելու՝ հաղթանակ էր, թե ոչ, բայց զուտ անձնական տեսակետս այն է, որ, 2016-ի ապրիլյան գործողությունների անսպասելիության առումով, սահման պահող տղաները հաղթանակ են գրանցել, այսինքն, մեծ վտանգի դեմն առնելն արդեն հաղթանակ էր: Բայց ես չէի ցանկանա, որ այս թեման շատ փորփրեինք, և, առհասարակ, փորփրել մի բան, որը պատերազմի, սահմանի ու բանակի հետ է կապված, չի կարելի: Շատ կուզեի, կերազեի, որ որևէ մեկը չզոհվեր, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա բացառվում է։ Ինքս մինչև հիմա ինքնատանջանքի մեջ եմ, որ ընկերներով գնացել ենք մարտի, իրենք չկան, բայց ես կամ։ Դա բոլորիս վրա է ազդում, որ մենք ապրում ենք, որովհետև մեր կողքի մարդիկ արդեն չեն ապրում։ Մենք նրանց փոխարեն ենք ապրում, կամ նրանք մեր փոխարեն զոհվեցին։ Չգիտեմ, որն է ճիշտ, ամեն դեպքում, երկրի, բանակի առումով, հնարավոր վտանգը կանխելն արդեն հաղթանակ եմ համարում։ Ապրիլյանից հետո բոլորս էլ տեսանք, թե թշնամին ինչ մասշտաբով էր ուզում հարձակվել, ու մեր հրետանին ինչ արեց: Այսինքն, եթե մերոնք չկանխատեսեին, հրետանիով առաջխաղացումը չկանխեին, մենք, Աստված չանի, շատ լուրջ կորուստներ կունենայինք։
-Շատ չե՞նք փոփրում բանակի ներքին կյանքը, բզկտում, փորձում քաղաքական շահարկումների համար օգտագործել այն:
-Բանակի ներքին մթնոլորտը խառնելը և դրա մասին խոսելը, բարձրաձայնելը, մեղմ ասած, դավաճանություն է, որովհետև ցանկացած հանրային մեկնաբանություն նույնն է, թե հակառակորդին խոցելու հնարավորություն տաս: Բանակի մասին վատ բան խոսելն Ադրբեջանի, մեր մյուս հակառակորդների ու տխրությամբ ուրախացողների համար շատ ավելին է, քան, օրինակ, Ապրիլյանի ժամանակ որոշակի տարածք վերցնելը: Այս միտքը շատ եմ ասել, բայց կրկնեմ՝ բանակը մեր ընտանիքի տղան է, եթե մեր երկիրը համարում ենք ընտանիք, բանակն այդ ընտանիք տղան է: Հայոց ընտանիքում հենց տղան է, որ կրթվում, մարդ է դառնում, ու նրա հետ էլ կապում ենք մեր ճակատագիրը։ Մեր երեխայի պես պետք է սիրենք բանակը, բայց երես չտանք նրան: Կարճ ասած՝ բանակի համար պետք է ապրենք: Մի խոսք կա՝ ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում: Նույնն էլ բանակին է վերաբերում: Ես՝ երգ գրելիս, դուք՝ հարցազրույց վերցնելիս, մյուսը` բիզնեսով զբաղվելիս պետք է հիշենք, որ այդ ամենի հիմքում բանակն է, ու դա ոչ միայն նրա համար, որ սահմանը թշնամիներով է շրջապատված, այլև նրա համար, որ բանակը մեր մտածելակերպի մի մասը պետք է լինի։ Եթե քեզ որևէ ազգի ներկայացուցիչ ու քաղաքացի ես համարում, ապա պարտավոր ես այդ ազգի, այդ երկրի ցավերով ապրել: Եթե խուսափես այդ ցավից, ստեղծագործական ջիղդ էլ կկորցնես:
- 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո մարդիկ հեռացան ու անջատվեցին մեկը մյուսից։ Քաղաքական նկրտումներից ելնելով՝ եղբայրը եղբորից հեռացավ, հայրը՝ որդուց, և այսպես շարունակ: Երկու տարի անց բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացե՞լ է:
-Դրական աճ, ցավոք, դեռ չեմ տեսնում։ Տարանջատում, իրոք, շատ եղավ, ինքս էլ ընկերներ եմ ունեցել, որոնց հետ բանավեճերը բարձրաձայն գոռգոռոցի են հասել: Ինձ ո՛չ սև եմ համարում, ո՛չ էլ՝ սպիտակ (սպիտակ ընդհանրապես չեմ համարում): Եվ, առհասարակ, գույների բաժանումը, բառի բուն իմաստով, դավաճանություն եմ համարում։ Տարբերություն չեմ տեսնում մեր զինվորի վրա կրակողի ու հասարակության մեջ հակասություններ մտցնողի միջև: Ատելությունը վտանգավոր չափով շատացել է, ու եթե գոյություն ունի երկրի ղեկավար, առաջին իսկ օրը կարող էր հայտարարել, թե՝ ժողովո՛րդ ջան, ինձ պաշտպանելու համար սրան-նրան մի՛ հայհոյեք, դուք ինձ ավելի եք վնասում։ Ցավոք, այդպիսի հայտարարություն չհնչեց: Չե՞ն ուզում, թե՞, պայմանական ասած, առաջին դեմքին դուր է գալիս, երբ իրեն փառաբանողները մյուսներին հայհոյում են, : «Լայվով» չէ, հանրային հեռուստատեսությամբ պիտի հայտարարի, խնդրի, որ սոցիալական ցանցերում միմյանց չհայհոյենք, մի՛ արեք, արա՛, չե՞ք հասկանում: Միշտ երազել եմ, որ պետությունը և հայրենիքը նույնականանան: Պետության և հայրենիքի սոսինձը բանակն է, անջրպետողը, ցավոք, իշխանությունը։
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ