Սեպտեմբերի 15-ից մեկնարկել են Չեմպիոնների, իսկ մեկ օր անց՝ Եվրոպայի լիգաների որակավորման փուլի հանդիպումները։ Վերջինիս շրջանակում երեկ գործընթացի մեջ ներքաշվեցին անհամեմատ մեծ թվով ակումբներ, որոնց մեջ էր մեր «Արարատ Արմենիան», իր՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա» ակումբ մրցակցով։
Տխուր բան պիտի ասեմ, բայց պիտի ասեմ։ Այս խաղարկությունում «Արարատ Արմենիան» մեր միակ հույսն է, քանի որ մեր մյուս ներկայացուցիչները պարտություն են կրել ու վերածվել դիտորդի։
Ինչ ակնկալիք ունենք այս հանդիպումի՞ց։
Որ հարցին չպատասխանենք, այդ չպատասխանելը որպես պատասխան կընդունե՞ք։
Եթե այո, հաշվեք, որ ավելի քան ավելին ենք ասել։
Իսկ եթե հանկարծ հրաշք լինի, ապա դժվար թե հաջորդ փուլը կարողանանք հաղթահարել, քանզի, ցավոք, այսպիսին են հայկական ակումբային ֆուտբոլի որակն ու մակարդակը, ինչի մասին առնվազն տասը տարի փաստում ենք։ Բայց, քանի որ թերթի պատմությունն ու առավել ևս նրա մարզական էջի պատմությունը մեզնով չի սկսվում, իր հերթին մեզանից առաջ եղածն էլ է առնվազն մի քանի տարի խոր ցավով փաստել նույն բանը։
Այսուհանդերձ, մի լուսավոր հույս կա։
Եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանի ելույթը (կարծեմ՝ Արցախում էր), ասաց, որ մինչև 2050 թիվը դառնալու ենք ոչ այն է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից, ոչ այն է՝ աշխարհի չեմպիոն։
Ընդ որում, ասվածի վրա ոչ միայն հավաքվածների, այլև իր ծիծաղն է եկել։
Ահա այսպիսի լրջություն։
Այնպես որ, առողջ եղեք, խմեք Coca Cola, քանի որ, ինչպես գովազդն է փորձում համոզել, այն ընդմիշտ է, կորոնավիրուսով աշխատեք չհիվանդանալ, քանզի առողջապահության համակարգի գլխին Արսեն Թորոսյան ունենալու պարագայում հաստատապես «թքելու եք փայտիկին», ինչպես ՀՀ գիտությունը, կրթությունը, մշակույթն ու սպորտն են «թքել փայտիկին», քանի որ գլխին ունեն Արայիկ Հարությունյան, ով իր ամենակարողությունը տեսնում է նրանում, որ քայլարածների առաջին շարքից է, ու դա իրեն հնարավորություն է տվել ինքնահռչակվելու որպես հեղափոխության առաջնորդներից մեկը։
Ասում եք՝ վերջին հատվածն ընդհանուր տեքստի հետ այնքան էլ հստակ չկապվե՞ց։
Էդ ինչու՞ դա նկատեցիք ու իրենց ամրակցված ոլորտների հետ Արսեն Թորոսյանի կամ Արայիկ Հարությունյանի կապ չունենալը չնկատեցիք։
Դրանցից էլ մեծ անկապությու՞ն։
Այ հենց դրա համար եմ ասում՝ խմեք Coca Cola։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ