Չնայած ռազմական բուռն գործողություններին, Արցախում մարդիկ շատ պինդ կանգնած են իրենց հողին և ամեն ինչ անում են իրենց գոյության իրավունքը պաշտպանելու համար։ Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում, խոսելով արցախցիների տրամադրության մասին, ասաց. «Տրամադրությունները բնորոշ են հերոսական երկրին, ոչ մի խուճապ չկա, երեխաները բակերում խաղում են, բժիշկները բարձր մակարդակով կատարում են իրենց մասնագիտական աշխատանքը՝ բուժելով վիրավորներին։ Բանակը սխրագործություններ է կատարում ու մեծ կորուստներ հասցնում թշնամուն, հասարակությունն էլ հաստատակամ է, զգում է մայր Հայաստանի, ողջ հայության աջակցությունը։ Այլ տարբերակ չկա՝ ջարդելու ենք 100 տոկոսով։ Թող որևէ մեկի մեջ անգամ կասկած չլինի»։
-Այս գործողությունների ժամանակ հստակ ու անթաքույց երևում է Թուրքիայի ներգրավվածությունը։ Փաստորեն Հայաստանը, այսպես ասած, երկու «ճակատով» է կռվում՝ և Թուրքիայի, և Ադրբեջանի դեմ։ Դիվանագիտական հարթակում ինչպե՞ս պետք է այս տանդեմը ներկայացվի։
-Իրականում առայժմ ոչ թե երկու ճակատով, այլ թուրք-ադրբեջանական համատեղ զինուժի դեմ ենք կռվում, Թուրքիան չի բացել երկրորդ ճակատը, սակայն շատ կարևոր է, որ չթողնենք երկրորդ ճակատը բացի։ Իսկ դրա համար լավագույն տարբերակը դեմագոգներից, քաղաքական թափառականներից հեռու մնալն է, որոնք գոռում են, թե պետք է ռուսական ռազմաբազան Հայաստանից հանենք, այս անենք, այն անենք։ Մենք կարող ենք Թուրքիային թուլացնել, չեզոքացնել միայն արտաքին ճիշտ հարաբերություններ կառուցելով, աշխարհաքաղաքական հստակ ուղղություն որդեգրելով, իմա՝ մեր եղբայրական երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններ զարգացնելով, որպեսզի Թուրքիան երկրորդ ճակատը չբացի։ Իսկ այդ երկիրն այսօր ավելի է լկտիացել, դեռ մի ուղղությամբ են բացեիբաց հարձակվում, իսկ այս ազդանշանը ոչ մի դեպքում չպետք է անտեսել։ Սուտ հայրենասերներին հերիք է լսենք, մենք մեր պատմության մեջ հսկայական կորուստներ են ունեցել հենց այդ դեմագոգների պատճառով։ Դրա համար պիտի հասկանանք՝ ինչ ունենք, ով ենք մենք, ինչ ռեսուրսների ենք տիրապետում, որոնք են մեր թույլ և ուժեղ կողմերը, ինչ պիտի անել, որ այդ հակառակորդներին կարողանանք հաղթել։ Այս պահին Թուրքիան աննախադեպ ձևով ընդգրկված է այս հակամարտության մեջ՝ և զինտեխնիկայով, և վարձկաններով, և իրենց սպայական կազմով։ Անգամ ռազմական ողջ բազայով տեղակայվել է Նախիջևանում։ Մեր հետագա գործողություններում և ռազմական հայեցակարգերում այս գործոնները չենք կարող հաշվի չառնել։
-Այսօր միջազգային հանրությունը նույն հարթության մեջ է դնում հայկական կողմին և իսկական ագրեսորին` հարձակում գործած Ադրբեջանին։ Դուք ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ նրանց հայտարարություններում երկու կողմի միջև հավասարության նշան է դրվում։
-Մենք ընդհանրապես չպետք է մեր հույսը դնենք որևէ կառույցի, միջազգային հանրության վրա, թե ինչու նրանք չեն արձագանքում կամ մեզ համար ոչ ընդունելի ձևով են իրավիճակը գնահատում։ Իսկ ինչու՞ պիտի արձագանքեն։ Արդարությու՞ն ենք ուզում, իսկ աշխարհում արդարություն կա՞։ Աշխարհում կան շահ, խելք, հմտություն, եթե այս ամենը մենք որդեգրենք, հույսներս չենք դնի ինչ-որ կառույցների հայտարարությունների վրա (անշուշտ, այդ հայտարարություններն էլ են կարևոր, բայց մեր 30 տարվա պատմությունը ցույց է տվել, որ այդ հայտարարությունները մեծ ազդեցություն չունեն)։ Ավելի մեծ ազդեցություն ունեն մեր ռազմաքաղաքական, եղբայրական դաշնակից երկրների ոչ պաշտոնական խողովակներով քայլերը, թե ինչ են նրանք ձեռնարկում Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Մնացած ամեն ինչ զգացմունքայնություն է, իսկ մենք պետք է ունենանք սառը դատողություն։ Պիտի հասկանանք, որ մեր երկրի շահերն առաջնային են, բավ է, ժամանակն է դուրս գալու միամիտ ու անմիտ քննարկումների ծիրից, թե աշխարհը, այս կամ այն կառույցն ինչ կասեն։ Հիմա ասում են, էլի, տեսնում ենք։ Այո, այդ հարթակներում պիտի մեր դիրքորոշումը ցույց տանք, բայց պիտի գիտակցենք, որ մեր ապագան նրանց դիրքորոշումից չի կախված։ Մեր ապագան կախված է մեր բանակից, պրոֆեսիոնալիզմից, հայրենասիրությունից և ճիշտ արտաքին քաղաքականությունից։ Այլ բանաձև չկա։
-Նախորդ օրերին Հայաստանի խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը հայտարարում էին, թե մեկ միլիմետր էլ նահանջելու տեղ չունենք, այս պատերազմը մինչև վերջ պիտի տանենք։ Մշտապես քաղաքական օրակարգում հնչում է այն տեսակետը, թե մեզ տարբեր ժամանակներում կանգնեցրել են։ Հեռանալով պաթոսախեղդ հայրենասիրությունից և միայն ամբիոններից հայրենասիրության մասին շաղակրատելուց, հասկանանք, թե որտե՞ղ է այն ողջախոհ սահմանը, որը նահանջի մասին չի վկայի, ավելին, «մեզ կանգնեցրին» ու նմանատիպ շահարկումներ էլ այլևս չեն լինի։
-Մենք արդեն հասուն հասարակություն ենք, էմոցիաները կարևոր են, բայց իրողությունները պիտի տեսնել այնպես, ինչպես կան։ Նախ մեզ ոչ մեկը չի կանգնեցրել։ Հերիք է ամեն անգամ այդ մասին շահարկումներ անեն, մեր խնդիրները բարդեն ուրիշների վրա։ Մենք կանգնել ենք, որովհետև այդպես էր պետք։ 1994-ին դժվար էր առաջ գնալ, Արցախն արյունաքամ էր եղել, ի՞նչ է, կարծում էիք, որ կարողանայինք առաջ գնալ, չէի՞նք գնա։ Հազար ու մի խնդիր կա, անընդհատ փորձում են արհեստական խնդիրներ ստեղծել, ուրիշների վրա բարդել հարցերը, սրել, վատացնել մեր հարաբերությունները եղբայրական երկրների հետ։ Հաջորդ հանգամանքը. սա պատերազմ է, մենք չգիտենք, թե այն ինչ ձևով է զարգանալու, հիմա եթե մի միլիմետր կորցրինք, բայց հնարավորություն եղավ ռազմական գործողությունները դադարեցնելու և հազարավոր կյանքեր փրկելու, ի՞նչ ենք անելու։ Սա էական հարց է։ Կենացը շատ լավ բան է, բայց... Իհարկե, մինչև վերջ կանգնելու ենք, այնքան, ինչքան պետք է, այո, նահանջելու տեղ չունենք, սակայն պիտի հասկանանք, թե ինչ է պատերազմը։ Սրանով չեն վերջանում մեր պատերազմը, պայքարը, եթե անգամ մենք հաղթենք։ Հակառակորդը վաղը, մեկ տարի հետո էլի է հարձակում գործելու։ Այսօր պիտի առավելագույնը ճնշենք հակառակորդին, պահպանենք մեր դիրքերը, ձևականությունների հետևից չընկնենք, նրանց ողնաշարը ջարդենք ու տեսնենք, թե ինչ զարգացումներ են լինելու։ Չէ՞ որ աշխարհաքաղաքականությունը միայն ցանկությունների տիրույթում չէ, իրականությունը պիտի լավ հասկանանք, ինչ ուժեր են ընդգրկված այս ամենում, ինչ հարցեր են դրված։ Այն, որ պետք է հակառակորդին առավելագույն վնաս հասցնել, տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը գոնե չթողնել, որ փոխվի, նվազագույն խնդիրը պիտի լինի։
-Ակնհայտ է, որ Թուրքիայի նկրտումները շատ հեռուն գնացող են, Հայաստանը նրա կոկորդում է մնացել, քանի որ խանգարում է թյուրքական աշխարհի հետ միանալուն ու մեծ դաշինք ստեղծելուն։ Այս իրավիճակը ճիշտ ընկալվու՞մ է դրսում, նրանք գիտակցու՞մ են պահի սրությունը, կկարողանա՞ն ժամանակին կանգնեցնել Թուրքիային։
-Այո, սա ոչ թե պատերազմ է, պայքար է Հայաստանի և Արցախի դեմ, այլ տարածաշրջանում լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստման, գլոբալ փոփոխությունների սկիզբ, հետևաբար Թուրքիայի նման պահվածքը չի կարող անպատասխան մնալ։ Սա ակնհայտ է։ Սակայն շատ բան կախված է նաև մեզնից, թե մենք ինչպես ենք մեզ դրսևորում, ինչպես ենք հարգում մեր եղբայրներին, ինչ հարաբերություններ ունենք։ Եթե որևէ մեկը մտածում է, որ անգամ մի ցուրտ խոսք անպատասխան է մնալու, այդպես չէ, պետք է բարեկամությունը փայփայել։ Սա բարդ գործ է։ Ժողովրդական լավ խոսք կա. «Ընկերություն անելն ամեն մի գյադա-գյուդայի խելքի բանը չէ»։ Նույնն է նաև քաղաքական հարթությունում, պիտի հասկանալ, թե ինչ է նշանակում արտաքին աշխարհի հետ աշխատել, խորաթափանց մոտենալ հարցերին։ Զգացմունքայնությունը պիտի նվազագույնի հասցնել, պատրանքների վրա հիմնված գայթակղությունները պիտի կարողանանք իսպառ վերացնել։ Այլընտրանքը մեզ համար կարող է շատ վատ լինել։
-Այս օրերին Հայաստանի ընդդիմությունը կարևորում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելը և Արցախի անկախությունը ճանաչելը։ Դուք այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունեք, հասունացե՞լ է այդ գործընթացները սկսելու պահը։
-Այս հարցերում էլ պետք է լավ մտածել։ Ճանաչմամբ այլևս հնարավոր չի լինելու բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովել։ Ամեն ինչ կախված է պատերազմից, եթե առաջիկա օրերին ռազմական գործողությունները դադարեն, ճանաչումը ապագայի խնդիր կդիտարկվի։ Իսկ ռազմաքաղաքական դաշինքն ավելի հեշտ է կնքել, քան անկախությունը ճանաչել։ Այս հարցում էլ զգացմունքայնությունը խանգարում է։ Իսկ ո՞վ չի ուզում Արցախի անկախությունը ճանաչվի, ո՞վ չի ուզում, որ մենք միավորվենք, բայց հո ուզելով չէ՞։ Օբյեկտիվ իրականություն կա, գործընթացներ, տարբեր երկրների շահեր կան, գործողություններ ու հակագործողություններ։ Ասել է՝ այս հարցին պետք է բազմակողմանի մոտենալ, ընթացքն ամեն ինչ ցույց կտա։
-2016-ի ռազմական գործողություններից հետո կարևորվում էր մեկ հարց, թե մենք այդ պատերազմից ինչ դասեր քաղեցինք, ինչ հետևություններ արեցինք։ Այսօր կրկին նույն իրավիճակում ենք, իհարկե, դեռ վաղ է շատ հարցեր նժարին դնել, այդուհանդերձ, ըստ Ձեզ` ի՞նչ հետևություն պիտի անել այս պատերազմից։
-Բոլոր տեսակի ռազմական գործողություններից պետք է դասեր քաղել։ Ամենակարևորը՝ այս կամ այն գործընթացը չպետք է շահարկել։ Ապրիլյան պատերազմը ևս եղել է հերոսամարտ։ Բոլոր պատերազմներն ունեն և իրենց նմանությունները, և տարբերությունները։ Անշուշտ, պետք է դասեր քաղել, բայց ամեն ինչ դինամիկ ձևով է զարգանում։ Ապրիլյան ու այս պատերազմները տարբերվում են տեխնիկական և այլ բաղադրիչներով։ Մենք ամեն ինչ պետք է վերլուծենք, բայց չքաղաքականացնենք ու շահարկենք, որպեսզի ավելի շահեկան դուրս գանք այս ամենից։ Իսկ որ հաղթելու ենք, միանշանակ է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ