Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՎ ԱՅԴ ՏԵՍԱԿԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՊԵՏՔ

ԵՎ ԱՅԴ ՏԵՍԱԿԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՊԵՏՔ
15.07.2011 | 00:00

Ծնողները տոհմիկ արցախցիներ են։ Ինքը` Իվանը (Իվան Շահենի Միրզոյան), Արցախի մասին գիտեր հեքիաթներից, ու մանկության տարիներին նրան թվում էր, թե Ղարաբաղը... գաթա է։
1973-ին ծնողներն ամառանոց են մեկնում` հայրենի Զարդախաչ գյուղ։ Այստեղ էլ նա ծնվում է։
1989-ից 15-ամյա պատանին մասնակցում է Շարժմանը։ Հավաքագրվում է օպերային թատրոնի հարթակից, գրողների տանը մասնակցում «ուսումնական վարժանքի» և ճանապարհ բռնում դեպի Գորիս, հետո Կոռնիձոր։ Մարտերից մեկում ապահովում է մարտական ընկերների նահանջը, վիրավորվում և գերեվարվում ԽՍՀՄ զինված ուժերի «մարդասիրական առաքելություն իրականացնող» զորախմբի կողմից։
Հայկական ջոկատի մարտական զենքը որսորդական հրացաններն էին, զինամթերքը` ինքնաշեն պայթուցիկները։
Իվանը Լաչինում է ուշքի գալիս, ռուս զինվորականները նրան մեկ օր պահում են գոմում, հետո «գործուղում» Շուշվա տխրահռչակ բանտը։
Եվ սկսվում են պատանու չարչարանաց ճանապարհները։ (Մեր հանդիպման ժամանակ դժվարությամբ էր խոսում, օր առաջ հերթական ծանր ուշաթափությունն էր ապրել։ Այնուամենայնիվ, պնդեց, որ ոչնչի համար չի զղջում, ոչինչ և ոչ մեկից չի պահանջել, առավել ևս խնդրել։ Նպատակը մեկն է` շարք վերադառնալ ու պատրաստ լինել երկրի պաշտպանությանը)։
Երեք օր Շուշիի բանտում, հետևողական ծեծ հատուկ պատրաստված ինքնաշեն մահակներով։ Սա նախերգանքն էր։ Իվանին ուղևորում են Բաքու, ադրբեջանական ՊԱԿ-ի նկուղներում «դարձի գալու»։ Մշտական հարցաքննություն միևնույն հարցերով, խոստովանել, որ հայերն են ստիպել զենք վերցնելու, որ ԱՍԱԼԱ-ի հետ կապ ունի, զինամթերքը որտեղից է հայթայթել։ Տարիուկես այս զարմանալի տղան կարողանում է կուլ չգնալ հարցաքննման որոգայթներին։ Որակել նրա պահվածքն այլ կերպ, քան սխրանք, անհնար է, նրան դաժանորեն ծեծում էին ամեն օր, ջարդարար ոհմակի ձեռամբ։ Այս պայմաններում ոչնչի չհասնելով` փոխադրում են «Բայլով» բերդ, որտեղ այլ ռազմագերիներ էլ կային, հայ ռազմագերիներ։ Առաջ է գալիս Իվանին ամենաեկամտաբեր տարբերակով «իրացնելու» խնդիրը, քանզի նրանից ոչ տվյալներ կարողացան կորզել, ոչ խոստովանանք, ոչ էլ մեղա գալու ազերիական արբշիռ հոգուն բավարարում բերող երանելի փաստը։
Նրա խուցը մշտապես մթությամբ էր պատված, լույսը ճառագում էր կես ժամից ոչ ավելի... երբ գալիս էին խոշտանգելու։ Բաքվի ՊԱԿ-ում, նրան կազմազրկելու նպատակով, միջմկանային ներարկում են կատարում ձեռքերին և ոտքերին։ Սրսկում են նավթ, ինչի ավերիչ ազդեցությունը նկատելի է մինչ օրս։
Ազատվում է ազերիական գերությունից մորեղբոր` ժամանակին Տաշքենդում ճանաչված գործարանի տնօրեն Լևոն Բաբայանի ջանքերով։ Իվանի դիմաց հանձնում են 10 թուրք և 7 մլն խորհրդային ռուբլի։
1991-ին Իվանը Ռոստովից Երևան է հասնում և բուժման նպատակով պառկում Երևանի բանտային հիվանդանոցում։ ՈՒ փախչում է հիվանդանոցից ուղիղ դեպի Ղարաբաղ։ Մասնակցում է Շուշիի ազատագրմանը և հանդիպում տեղի բանտի իր «կլյուչնիկին»։ Հրամանատար Բեկորի թույլտվությամբ տանջարարը պատանու ձեռքով շանսատակ է արվում։
Շարունակվում է Իվան Միրզոյանի մարտական ուղին. մերթ Լաչինում էր, մերթ էլ Մարտակերտում, Օմարի լեռնանցքում, և ամենուր այս անչափ ժուժկալ ու նվիրված զինվորի ամենացայտուն գիծն առաջ է մղվում. ամենուր կրակն իր վրա վերցնել, ամենուր և ցանկացած հանգամանքում մարտ մղել մինչև վերջին փամփուշտը։
Բախտախաղի անիվը նրա ուղեկիցն էր։ Ազատագրվում է Զարդախաչ գյուղը։ Իվանը մտնում է պապենական տունը, ուր հաճախ էր լինում մանկության տարիներին և որտեղ ծնվել էր։ Տան բակում հայտնաբերում է ազերիների ձեռքով այրված պապի ու տատի ոսկորներն ու թաղում տան բակում։ Հետո միանում ջոկատին, շարունակում մարտերը։
Ահա այսպես աներևույթ ապրում է մեր կողքին բացառիկ այս զինվորը։ Ապրում է վարձով, երկու անչափահաս երեխաների հետ։ Անշուշտ, թոշակավորված է որպես երկրորդ կարգի հաշմանդամ և գոյատևում է չափազանց սուղ պայմաններում, հավատարիմ իր սկզբունքներին, երբեք և ոչ մեկից ոչինչ չակնկալել։ «Ինչ արել եմ, հայրենիքիս համար եմ արել, սեփական կամքով»։ Սա Իվանի հավատո հանգանակն է։
Մեզ մնում է մեր հայրենասեր բարերարների ուշադրությունը հրավիրել Իվան Շահենի Միրզոյանի վրա։ Նրան ու նրա ընտանիքին կացարան է պետք։
Նրան լիարժեք բուժվել և վերականգնվել է պետք արտասահմանյան նշանավոր կլինիկաներից մեկում։ Սա եզակի ազատատենչ տեսակ է։ Եվ այն պահպանել է պետք։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ