«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«ԳԼԽՆԵՐԻՍ ՏԱԿ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ԵՆ ԴՆՈՒՄ»

«ԳԼԽՆԵՐԻՍ ՏԱԿ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ԵՆ ԴՆՈՒՄ»
07.02.2012 | 00:00

Յուրաքանչյուր ընտրություն, լինի խորհրդարանական, թե նախագահական, յուրովի հաշվետվություն է ժողովրդի առջև։ Իշխանությունների արածն ու չարածն ավելի ցայտուն են դառնում, և ժողովուրդը նժարի վրա է դնում այն։ Հենց այդ պահին է, որ կարևորվում է երկրի տնտեսական իրավիճակը։
Գաղտնիք չէ, որ մեծ քաղաքականության ողնաշարը տնտեսությունն է։ Եթե այս ոլորտում զարգացումները դրական են, ժողովուրդը, ընդհանուր առմամբ, գոհ է իշխանություններից, վերջինս էլ լուրջ մտահոգության առիթ չի ունենում ընտրությունների ժամանակ։ Չենք ասում, թե ամեն ինչ հալած յուղի պես է ընթանում, և ընդհանրապես մտահոգվելու բան չի լինում։ Ընտրությունները միշտ էլ լարված վիճակում են պահում թե՛ ընտրողներին, թե՛ ընտրվողներին։ Խոսքը մտահոգության չափի մասին է։ Համաձայնեք, երբ մարդն անգործ է կամ աշխատում է, սակայն տարեցտարի աճող գնաճի պատճառով չի հասցնում ապահովել իր ընտանիքի պարենային զամբյուղը, կամ ամեն ինչ ունի, բայց հեռանում է երկրից, այս իրավիճակում իշխանությունների մտահոգությունը եռապատկվում է։ Իհարկե, ըստ ավանդույթի, կարելի է հույսը դնել ընտրակաշառքների վրա, սակայն արդյո՞ք դրանից կյանքը կփոխվի, փոքր և միջին բիզնեսը ոտքի կկանգնի, սոցիալական միջին խավ կձևավորվի, ֆինանսապես ապահովված մարդը վաղվա օրվա նկատմամբ վստահություն ձեռք կբերի և չի հեռանա երկրից։ Հարցեր, որոնցից շատերի պատասխանը կարող է լինել տնտեսական ոլորտի զարգացումը և գործող օրենքների առջև հավասարաչափ պատասխանատվությունը` անկախ պաշտոնից։
Վերջերս ազգային վիճակագրական ծառայությունը փաստեց, որ 2012-ի հունվարին, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճ է արձանագրվել։ Եթե սրան զուգահեռ հետևենք հատկապես առանձնատների առք ու վաճառքի գործընթացներին, ապա կտեսնենք, որ այստեղ ևս մեծացել է վաճառքի տոկոսը։ Օրինակ, Նոր Արեշ թաղամասում վաճառվող շքեղ տների տերերի հետ զրույցում պարզեցինք, որ վաճառում են Հայաստանից մեկնելու համար։ Նկատենք, որ հարցման մասնակիցները նախկին, այսպես կոչված, «ախպարները» կամ նրանց սերունդները չեն միայն։ Ինքնին հարց է առաջանում` ինչո՞ւ են մեկնում։ «Վստահություն չունենք։ Մեզ անընդհատ խաբում են։ Անգամ գլոբալ ճգնաժամի հետ կապված խաբում էին. փոխանակ ժողովրդին նախապես զգուշացնեին սպասվող ճգնաժամի մասին, որպեսզի յուրաքանչյուրն իր գործերն այնպես դասավորեր, որ մեծ կորուստներ չլինեին, հակառակը, գլխներիս տակ փափուկ բարձ դրեցին։ Հիմա էլ անընդհատ գլխներիս տակը փափկացնում են` խոսելով տնտեսական լուրջ ծրագրերի մասին։ Բայց մենք դրա արդյունքը չենք տեսնում»,- մեզ հետ զրույցում նշում էին նրանք։ Եթե ֆինանսապես քիչ թե շատ ապահովված մարդն է այսպես դժգոհում, էլ ինչ ասենք աշխատավարձով ապրողի, առավել ևս, սոցիալապես անապահով մարդկանց մասին։
Ի դեպ, այս պահին ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը 40 %-ից բարձր է, պարտք, որը գոյացավ գլոբալ ճգնաժամի ընթացքում վերցրած վարկերից։ Ըստ էկոնոմիկայի, իսկ երկու տարի առաջ` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի` պետության համար արտաքին պարտքի վտանգավոր սահմանը համարվում է 50 %-ը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս պահին Հայաստանը չի հասել այդ վտանգավոր նշաձողին, թեև ոչ պաշտոնապես այլ թվեր են շրջանառվում։ Ինչևէ։ Երկու տարի առաջ կառավարությունը տնտեսության զարգացման նպատակով նշված վարկերի մի զգալի հատվածը հատկացրեց շինարարական ոլորտի ներդրողներին, քանի որ կարևորեց շինարարության զարգացումն այն պարզ տրամաբանությամբ, որ շինարարությունը ՀՆԱ-ի մեջ զգալի բաժին ունի։ Ի՞նչ ստացվեց արդյունքում. գրեթե ոչինչ։ Գուցե մի քանի անավարտ շինություններ կառուցվեցին, բայց ո՞ւր է գնորդը։ Նրան, աչքը ջուր կտրած, սպասում է ներդրողը։ Ինչո՞վ այդ ծրագիրը խթանեց տնտեսությունը, որի դրական արդյունքներն իր վրա պետք է զգար ժողովուրդը։
Չենք ժխտի, չնայած տնտեսական ճգնաժամին, այնուհանդերձ, մեր երկիրը չնվազեցրեց թոշակառուների թոշակները, ավելին` թեկուզ փոքր չափով բարձրացրեց։ Սակայն դրա կողքին գնաճը թույլ չի տալիս, որ թոշակառուն շնորհակալ լինի կառավարությունից։ Իհարկե, կասեք` գնաճը ողջ աշխարհի խնդիրն է, սակայն չէ՞ որ Հայաստանում ամեն բան թարս ու շիտակ է` թանկանում են տեղական արտադրության ապրանքները։ Պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների գները գնալով աճում են, և այս փաստը անհնար է կոծկել։
Այս իրավիճակում գնալ խորհրդարանական ընտրությունների ու համոզել ժողովրդին, որ տնտեսությունը զարգանում է և ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց սոցիալական վիճակի վրա, շատ դժվար է լինելու։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ