Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀԱՋՈՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԱՋՈՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
23.12.2011 | 00:00

Օրերս Անկարայի Միջին Արևելքի համալսարանը հյուրընկալել էր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ` հանդես գալու «Տարածաշրջանային զարգացումները և դրանց ազդեցությունը Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների վերահաստատման գործընթացի վրա» հրապարակային դասախոսությամբ, ինչպես նաև համակարգելու տարածաշրջանային գիտաժողով «Քաղաքական համագործակցության տնտեսական նախադրյալները» թեմայով:
Հրապարակային դասախոսությունը, որին ներկա էին ինչպես Միջին Արևելքի, այնպես էլ Անկարայի այլ համալսարաններից հրավիրված դասախոսներ, փորձագետներ և ուսանողներ, նվիրված էր վերջին երկու տասնամյակում Կովկասում և դրա շուրջ տեղի ունեցող քաղաքական և տնտեսական զարգացումներին: Մասնավորապես, Թ. Մանասերյանն անդրադարձավ Խորհրդային Միության փլուզումից հետո հիշյալ տարածքում միանգամից մի քանի տարածաշրջանային միությունների ձևավորման հակասական գործընթացներին: Դրանցից առավել էական դերակատարությամբ այսօր ևս, բանախոսի վկայությամբ, աչքի են ընկնում հատկապես Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) և Սևծովյան Տնտեսական Համագործակցությունը (ՍԾՏՀ): Եթե ԱՊՀ պարագայում Ռուսաստանը դարձավ ոչ միայն դրա նախաձեռնողը և ԽՍՀՄ իրավահաջորդը տնտեսական շահերի և համապետական կառույցների ունեցվածքի ժառանգության առումով, ապա ՍԾՏՀ պարագայում Թուրքիայի կողմից փորձ արվեց քաղաքական և տնտեսական ազդեցության ոլորտներն ընդարձակել` ներառելով նաև հետխորհրդային և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների տարածքներ: Բացի այդ, ՍԾՏՀ-ն, որի կենտրոնակայանը Ստամբուլում է, սկսեց օգտագործվել նաև Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության համատեքստում: Այս իմաստով բոլորովին պատահական չէ, որ ՍԾՏՀ նախաձեռնող երկիրն այն սկսեց անվանել Եվրոպական ինտեգրման Սևծովյան հարթություն (Black Sea dimension of European integration): Մի երևույթ, որը մինչ օրս չի ընդունվում Եվրամիության կողմից: Միաժամանակ, այն հնարավորություն ընձեռեց հենց անցնող երկու տասնամյակում ոչ միայն Եվրամիությունից ստանալու բոլոր արտոնությունները` ԵՄ խոր և համակողմանի ազատ առևտրի համաձայնագրին միանալով, այլև տնտեսական և առևտրական կապերի առումով արդեն իսկ չտարբերվել ԵՄ անդամ մյուս երկրներից: Ընդսմին, տարիմաստությունն այն է, որ ՍԾՏՀ բազմակողմ համագործակցության շրջանակներում կա առնվազն հինգ երկիր, որոնք գտնվում են քաղաքական հակամարտության մեջ կամ չունեն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ (Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա): Չնայած հիշատակված և այլ հակասական երևույթներին, Սևծովյան ավազանի երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունն աներկբա է և, հակառակ որոշ երկրների քաղաքական միակողմանի ակնկալիքների, կոչված է տնտեսապես ձեռնտու լինելու բոլոր կողմերի համար և պահպանելու խաղաղությունն ու անվտանգությունը հիշյալ տարածաշրջանում:
Միաժամանակ, բանախոսը ներկաների ուշադրությունը բևեռեց այն հանգամանքի վրա, որ ՍԾՏՀ 12 անդամների (Թուրքիա, Ռուսաստան, ՈՒկրաինա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ադրբեջան, Ալբանիա, Սերբիա) մեծ մասն այսօր անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, միաժամանակ խախտելով այդ կառույցի հիմնարար` ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքը: Տվյալ դեպքում դա արտահայտվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ առևտրային սահմանափակումների և արգելքների կիրառմամբ, միաժամանակ խախտելով նաև «Դեպի ծով ելք չունեցող երկրների մասին» միջազգային միանգամից մի քանի կոնվենցիաներ, համաձայն որոնց Հայաստանին, ի թիվս նշված երկրների, Վրաստանը նույնպես պարտավոր է տրամադրել ազատ և անվճար ելք:
Ինչ վերաբերում է ԱՊՀ շրջանակներում ծավալված համագործակցությանը, ապա, Թ. Մանասերյանի համոզմամբ, այն առայժմ կրում է առավելապես քաղաքական ինտեգրացիայի բնույթ և տնտեսական առումով նոր է սկիզբ առնում: Մասնավորապես, անդրադարձ արվեց սույն թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում հետխորհրդային ութ երկրների ստորագրած համաձայնությանը` ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ: Այսինքն, ԱՊՀ ձևավորվելուց քսան տարի հետո միայն անդամ երկրները գիտակցեցին ազատ գոտու ստեղծման կարևորությունն ու անխուսափելիությունը, քանի որ աշխարհում չկա որևէ երկիր, որի տնտեսությունը փորձի հաջողությամբ ինտեգրվել գլոբալ տնտեսությանը, առանց նախապես ինտեգրվելու տարածաշրջանում:
Տարածաշրջանային զարգացումները որքա՞ն են կարևոր Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների վերահաստատման գործընթացում: Այս հարցադրումը, Թ. Մանասերյանի կարծիքով, ունի երկու մեկնաբանություն: Առաջին տարբերակն այն է, որ երկրները կարող են, ինչպես փորձը ցույց է տալիս, շարունակել գտնվել մեկուսացման մեջ: Այս պարագայում անգամ կա համագործակցություն, որը, սակայն, կրում է ստվերային բնույթ և ձեռնտու է դառնում միջնորդների, սակայն ոչ հարևան երկրների համար: Երկրորդ տարբերակն այն է, ինչին այսօր հասել են ԵՄ անդամ երկրները` մարդկանց, տեխնոլոգիաների, կապիտալի և արտադրության այլ գործոնների ազատ տեղաշարժի և արհեստական արգելքների վերացման առումներով: Վաղ թե ուշ այս գործընթացները տնտեսական գլոբալացման ալիքի վրա հասնելու են նաև մեր տարածաշրջան: Տարբերությունն այն կլինի, որ նման լուծումները կլինեն ոչ այնքան երկու կողմերի համաձայնությամբ, որքան արտաքին ուժերի հարկադրանքով:
Հրապարակային դասախոսության ավարտին բանախոսը համոզմունք հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների ձևավորումն այլընտրանք չունի, այն ժամանակի և հարևան երկրների ժողովուրդների անվտանգ ու բարեկեցիկ ապագայի հրամայականն է: Ամփոփելով հանդիպումը, Անկարայի Միջին Արևելքի համալսարանի միջազգային համագործակցության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հուսեյն Բախչին իր երախտագիտությունը հայտնեց հայ պրոֆեսորին, միաժամանակ խոստովանելով, որ երկկողմ հարաբերությունների բարելավման հարցում Թուրքիան այսօր յուրօրինակ պատանդի դերում է հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության արդյունքում: Նա նաև համոզմունք հայտնեց, որ գիտական ասպարեզում նման շփումները նոր դուռ են բացում միմյանց ավելի մոտիկից ճանաչելու և երկու ժողովուրդների միջև գոյացած խնդիրները համբերատար և արդյունավետ լուծելու գործում:
Հրապարակային դասախոսությանը հաջորդեց «Քաղաքական համագործակցության տնտեսական նախադրյալները» տարածաշրջանային գիտաժողովը, որին ներկա էին նաև հյուրեր Թուրքիայի այլ համալսարաններից, ինչպես նաև Բոսնիայից և Ղազախստանից: Գիտաժողովի առանցքում դարձյալ Հայաստան-Թուրքիա, ինչպես նաև Հայաստան - Ադրբեջան հարաբերություններն էին, դրանց հանգուցալուծման հնարավոր ուղիները: Պրոֆեսոր Թ. Մանասերյանն իր ելույթում նշեց, որ, ի տարբերություն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ավելի վաղ բարելավման հեռանկարներ ունեն, քանի որ հիշյալ երկրներում, ի տարբերություն Ադրբեջանի, չկա հարևան երկրի հանդեպ պետական մակարդակի հասցված թշնամական քարոզչություն: Ավելին, որոշ չափով սկսել է թափ ստանալ ժողովրդական դիվանագիտությունը, իսկ տնտեսության ոլորտում արդեն կան առաջին պայմանավորվածությունները` իրագործելու համատեղ ծրագրեր: Մասնավորապես նշվեց Հայաստանից Թուրքիա տարեկան մոտ հինգ միլիարդ կիլովատտ.ժամ էլեկտրաէներգիա արտահանելու մասին պայմանագիրը, որը կնքվել է դեռևս երկու տարի առաջ: Մեծ ապագա ունի նաև գիտական և կրթական համագործակցությունը: Բանախոսի վկայությամբ, երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների նորմալացման կարևոր նախապայման կարող է հանդիսանալ նաև տնտեսական սպառնալիքների վերացման գործում գրեթե պարտադիր բնույթ կրող համագործակցությունը: Խոսքը վերաբերում է տեխնածին աղետների կանխարգելմանը, էներգետիկ սպառնալիքների վերացմանը, պարենային անվտանգության, ֆինանսական, բանկային և այլ բնագավառներում առկա վտանգների և տարածաշրջանային ռիսկերի համատեղ կառավարմանը: Գիտաժողովի ավարտին Անկարայի Միջին Արևելքի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր ՈՒրալ Օկբուլուտն առաջարկեց շարունակական բնույթ հաղորդել թուրք-հայկական գիտակրթական կապերին և ընդունեց պրոֆեսոր Թ. Մանասերյանի հրավերը` հաջորդ տարածաշրջանային գիտաժողովն անցկացնել Երևանում:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ