Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24.01.2012 | 00:00

Հայաստանի ֆինանսական համակարգի մասին դատողություններ անելիս սովորաբար առաջին հերթին հասկանում են բանկային համակարգի վիճակը, և հետո միայն` արժեթղթերի ու ապահովագրական շուկայի և այլ բաղադրիչների կայացածության մակարդակը: Երկրի տնտեսության կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն էլ այն է, թե որ չափով է ֆինանսական համակարգը ինտեգրված տնտեսությանը և որքան արդյունավետ է սպասարկում տնտեսության իրական հատվածը: Տարիմաստություններից մեկն այն է, որ բանկային համակարգն անկախության տարիներին զգալի առաջընթաց է արձանագրել, իսկ ապահովագրական շուկան դեռևս կայացման փուլում է, մինչդեռ այս երկու համակարգերի միջև դժվար չէ տեսնել որոշակի զուգահեռներ և փոխկապակցություններ:
Իրականում բանկերի և ապահովագրական ընկերությունների միջև գոյություն ունի ոչ միայն առօրյա գործարքներով միջնորդված աշխատանքային սերտ, օրգանական կապ, այլև, մեր համոզմամբ, առկա են հետևյալ գլխավոր ընդհանրությունները.
l երկու դեպքում էլ կառույցների հիմնական ռեսուրսները գոյանում են անհատական եկամուտներից, խնայողություններից և անձնական ներդրումներից,
l աշխատանքի արդյունավետությունը և շահութաբերությունը երկու տիպի ընկերություններում էլ պայմանավորված են նյութական միջոցների գոյացման և բաշխման միջև ժամանակի տարբերությամբ,
l եթե ապահովագրական ընկերությունից և բանկից բոլորը միաժամանակ հետ վերցնեն իրենց ներդրումները, ապա երկուսն էլ կսնանկանան,
l թե՛ ապահովագրական ընկերության, թե՛ բանկի հաջողության գլխավոր գրավականը դրանց նկատմամբ վստահությունն է և վարկի աստիճանը,
l բարձր վարկանիշով և հաճախորդների վստահության ցուցանիշով աչքի են ընկնում հատկապես բրիտանական ապահովագրական ընկերությունները (Lloyds, Black Sea and Baltic և այլն), որոնց ձեռքին այսօր կենտրոնացած է ապահովագրական ընկերությունների համաշխարհային կապիտալի 10 %-ից ավելին,
l եթե Եվրոպայում առանձին ընկերությունների անուններն ինքնին վստահության երաշխիք են, ապա ԱՄՆ-ում նման բացարձակ հեղինակության դերում հանդես է գալիս ինքը՝ ամերիկյան պետությունը,
l ԱՄՆ-ում «բանկային գործ» և «ապահովագրություն» տերմիններն ավելի, քան որևէ այլ երկրում, պայմանավորում են մեկը մյուսի գործունեությունը: Ամերիկյան բանկերը, ավելի, քան մյուսները, իրենք են ծավալում ապահովագրական գործունեություն, իսկ պետությունն ամեն կերպ աջակցում է դրանց սերտաճմանը: 1929-1933 թթ. մեծ դեպրեսիայից հետո ԱՄՆ-ի կառավարության որոշմամբ ձևավորվեց FDIC (Դեպոզիտների ապահովագրման դաշնային ընկերություն) համակարգը, որն այսօր էլ ապահովագրում է որոշակի չափանիշներ բավարարող ամերիկյան ցանկացած բանկ, ասել է թե՝ ավանդական կամ ընթացիկ հաշվի ցանկացած կապիտալ,
l թե՛ ապահովագրական ընկերությունների, թե՛ բանկերի աշխատանքի արդյունքների վրա ազդում են ոչ միայն զուտ տնտեսական, այլև բազմաթիվ քաղաքական գործոններ. Կոսովոյի պատերազմը հավասարապես բացասաբար անդրադարձավ թե՛ եվրոպական բանկերի, թե՛ եվրոպական ապահովագրական ընկերությունների գործունեության վրա, ավելին, եվրոպական տարածաշրջանում սանձազերծված պատերազմը զգալի վնաս հասցրեց Եվրոպայի դրամական համարժեքին՝ եվրոյին, կրճատելով դրա գնողունակությունը և, ի վնաս եվրոյի, տատանելով ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքները,
l և վերջապես. բանկերն իրենց շահույթից հաճախ ներդրումներ են կատարում ապահովագրության եկամտաբեր գործում, իսկ ապահովագրական ընկերությունների ռեզերվները հաճախ ներդրվում են բանկերում, դրանցով ձեռք բերվում բանկային տարբեր արժեթղթեր, արտարժույթ։
ԱՄՆ-ում կենսաթոշակային ապահովագրության ֆոնդի ռեզերվներն օրենքով թույլատրվում է 50 %-ով ներդնել բանկում, մինչև 40 %-ի գումարներով ձեռք բերել անշարժ գույք, մինչև 20 %-ով գնել արտարժույթ, մինչև 20 %-ով՝ ոչ պետական, իսկ 80 %-ի չափով՝ պետական (ավելի վստահելի գնահատվող) արժեթղթեր, 10 %-ով՝ ապահովագրական ռեզերվներ:
Այո, ապահովագրական համակարգը տնտեսության զարգացումն ապահովող էական գործոն է: Իսկ ի՞նչ վիճակում է այն Հայաստանում և արդյոք սերտաճե՞լ է ազգային տնտեսության, դրա իրական հատվածի հետ:
Ինչպես ԱՊՀ անդամ մի շարք երկրներում, Հայաստանում ևս առկա է ապահովագրական համակարգի գործունեությունը կանոնակարգող օրենսդրություն: Ինչպես այլ հանրապետություններում, մեր հանրապետությունում ևս ապահովագրական համակարգի տեղաշարժերը պայմանավորված են տնտեսության զարգացման ընդհանուր օրինաչափություններով` միաժամանակ կրելով տեղի մի շարք առանձնահատկությունների անմիջական ազդեցությունը: ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1998-ի օգոստոսին ՌԴ-ում ծայր առած ֆինանսական ճգնաժամը կարող էր նույն սցենարով կրկնվել նաև Հայաստանում, ընդ որում, կարևոր է հաշվի առնել այն իրողությունը, որ Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամի պատճառներից հիմնականը տնտեսության մեջ սրընթաց տեմպերով աճող ներդրումների համար տնտեսության իրական հատվածում համապատասխան կայուն հիմքերի բացակայությունն էր: Ներդրումները գերազանցապես զուրկ էին նաև նման դեպքերում առանձնահատուկ պայմաններով ձևակերպված ռիսկերի ապահովագրումից: Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամի կրկնությունը Հայաստանում բացառվեց ո՛չ այն պատճառով, որ մեզ մոտ ապահովագրական համակարգն ավելի կատարյալ էր, և ոչ էլ այն պատճառով, որ տնտեսությունն ավելի կուռ տեսք ուներ, այլ Ռուսաստանի հետ պարզունակ բնույթ կրող առևտրա-տնտեսական կապերով, Հայաստանի և ԱՊՀ երկրների, ներառյալ Ռուսաստանի տնտեսությունների թույլ ինտեգրացմամբ, արժեթղթերի շուկայի փաստացի բացակայությամբ, բորսային որոշ գործարքների և ներդրումային ձևերի բացակայությամբ (վերջինիս մեջ են մտնում ֆյուչերս (futures), շորթ սեյլ (short sale) և այլ գործարքներ, ինչպես նաև դրանց համար անհրաժեշտ ռիսկերի հնարավոր ապահովագրությունը):
Տեսանելի ապագայում սպասվող արժեթղթերի շուկայի ձևավորումն ու դրա աշխուժացումն իրենց հերթին կթելադրեն նաև բորսային գործարքների ապահովագրման անհրաժեշտությունը: Առանց մանրամասների մեջ խորանալու նշենք, որ այս ոլորտը ևս պահանջում է ռիսկերի մանրակրկիտ վերլուծություն, ինչպես նաև տնտեսության և ֆինանսական շուկայի կանխատեսելիության բավարար մակարդակ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ