ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ չեն

Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ չեն
24.06.2008 | 00:00

ՄԻ´ ՑԱՄԱՔԵՑՐԵՔ ՀՈՒՇԻ ԱՂԲՅՈՒՐԸ
Խաղաղ չեն արշալույսներն ու երեկոները տիկին Օլյայի համար։ Որդու` ազատամարտիկ Սարգիս Խիթարյանի հիշատակին կառուցված հուշաղբյուրի ջուրը դադարել է հոսել, և հավերժին ուղղված այս մեղմանուշ մխիթարանքը փոխվել է լրացուցիչ կսկիծի։ Վաղ առավոտից ուշ գիշեր տիկին Օլյան պատուհանի առջև է` վերհուշի անուրջներում։ Հուշաղբյուրը կառուցվեց այն կանգառում, ուր կեսգիշերից քիչ առաջ վերջին ավտոբուսից իջնում էր Ազատության հրապարակից վերադարձող որդին։ Հուշաղբյուրի թիկունքում կոշիկի գործարանի պարիսպն է, որտեղ աշխատում էր Ս. Խիթարյանը ռազմաճակատ մեկնելուց առաջ։ Հուշաղբյուրին ջուր մատակարարող խողովակի փականը տեղակայված է գործարանի տարածքում։ Գործարանի տնօրինությունը` հետամուտ հուշաղբյուրի օտարմանը, այդ նպատակով նախ կտրել է ջուրը։ Ընթերցողի մեջ բնական հարց կծագի` ի՞նչն է դրդում գործարանատիրոջը նման քայլի։ Շա¯տ «կենսական» մի նախապայման. հուշաղբյուրը խանգարում է կառուցվելիք դարպասին, և, այսպես, թե այնպես, այն հեռացնել է պետք, ինչի համար բավարար հիմք է հուշաղբյուրի տևական «անապատացումը»։
Սարգիս Խիթարյանն առճակատման առաջին օրերին անդամագրվում է ՀԱԲ-ին, մասնակցում հանրապետության սահմանների պաշտպանությանը։ Գաղափարական համընդհանուր նախընտրությունից անմասն չմնաց Սարգիսն ու քիչ անց անդամակցեց ՀՅԴ-ին, կուսակցության մարտական ջոկատներից մեկի կազմում էլ ուղևորվեց Շահումյան։ Հաղթահասակ, շիկահեր ու կապուտաչ երիտասարդի հետևից շատ կուսական սրտեր էին տրոփում, շատ մայրեր էին նրա մեջ տեսնում իրենց ապագա փեսային։ Սարգիսը մարդամոտ էր, ժպտերես, նեղ պահին մարդկանց ձեռք մեկնող։ Սակայն չափազանց լուրջ ու հետևողական էր այն ամենի վերաբերմամբ, ինչը կապված էր գործի ու պայքարի հետ։
24-ամյա Սարգիս Խիթարյանը ընկավ Բուզլուխի ինքնապաշտպանական մարտերից մեկում, 1991-ի սեպտեմբերի 26-ին։ Ժամանակ անց մարտական ընկերները կառուցեցին հուշաղբյուրը։ Նպատակը ոչ միայն Եռաբլուրում ամփոփված հերոս զինակցի կյանքի խորհրդանշական շարունակությունն էր, այլև սպեղանի` մինուճար որդուն կորցրած մոր սրտին։ Տիկին Օլյան վաղ առավոտից ուշ երեկո հուշաղբյուրի ջրի հետ էր զրուցում` ասես շարունակելով որդու հետ կիսատ թողած խոսակցությունը։ Անավարտ ու անվերջ զրույցը։ Այսօր այս հուշաթելն էլ է կտրված։ Օլյա Խիթարյանը բազմիցս փորձել է հանդիպել գործարանի տնօրենին և խնդրել վերականգնել ջրամատակարարումը։ Իրենց հերթին ազատամարտիկի ընկերները փորձել են համոզել նշյալ ղեկավարին, հուշելով, որ իրենք պատրաստ են անգամ... ջրի վարձավճարը մուծել։ «Անանուն» տնօրենը հուսալիորեն պատսպարվում է գործարանի պարսպի ետևում` չբարեհաճելով հանդիպել անգամ հերոսի մոր և մարտական ընկերների հետ։ Ի՞նչ կարող ես անել, մարդու մի տեսակ կա, ում համար բիզնես-շահը վեր է ամեն բանից։ Մնում է ավելացնել, որ սույն գործարանը գտնվում է Հ/Ա զանգվածի Տիչինայի 136 հասցեում, և նրա սեփականատերն է ճանաչված գործարար Մանվել Ղարիբյանը, ում, անկասկած, պատիվ չի բերում նման մանրախնդիր շահամոլությունը։
Կլուծի՞ խնդիրը «Շանթ» ընկերության սեփականատերը, թե ոչ, նրա անձնական պատվախնդրության հարցն է, սակայն, մեր կարծիքով, պատասխանատվությունը հավասարաչափ կիսում են ՀՀ ՊՆ-ն, ՀՅԴ ղեկավարությունը և Մալաթիա-Սեբաստիա համայնքի նորընտիր ղեկավարը։ Մենք մեր հերթին հետամուտ ենք լինելու սույն խնդրին` մինչև տրամաբանական և մարդասիրական հանգուցալուծում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8052

Մեկնաբանություններ