Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՇՈՒՐՋ 200 ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՇՈՒՐՋ 200 ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
19.07.2011 | 00:00

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն 2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ֆինանսավորման է ներկայացրել շուրջ 200 գիտական ծրագիր: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գիտության պետական կոմիտեի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, այդ թիվը զիջում է 2010-ի տվյալներին (711 թեմա): «Քանակի նվազումը պատճառաբանված է, քանի որ 711 թեմաների զգալի մասի ֆինանսական ծավալները փոքր էին, ինչն էլ հնարավորություն չէր տալիս դրանք հաջող իրականացնելու: Բացի այդ, կային թեմատիկ բազմաթիվ կրկնություններ»,- ասաց նա՝ հավելելով, որ քանակի նվազումը պայմանավորված է նաև նրանով, որ գիտության պետական կոմիտեն բազմաթիվ միջազգային մրցույթներ է իրականացնում: «Մեր պետությունն այսօր թեմատիկ ծրագրերով ի վիճակի է 200 և փոքր-ինչ ավելի ծրագրեր ֆինանսավորելու. 711-ը խիստ ուռճացված էր»,- նշեց Սամվել Հարությունյանը:
Ամփոփելով 2011-ի առաջին կիսամյակում կոմիտեի իրականացրած գործունեությունը՝ նա առանձնացրեց մի քանի կետեր: Խոսելով իրավական դաշտի կատարելագործման մասին` գիտպետկոմի ղեկավարն ասաց, որ կյանքի է կոչվել 2 կարևոր ծրագիր, որոնցից մեկի նպատակն է ապահովել հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացումը, ինչպես նաև դրանց համապատասխանեցումը հասարակության և տնտեսության արդի պահանջներին:
Երկրորդ ծրագրի նպատակը գիտության ոլորտի հետագա զարգացումն ապահովելն է` ՀՀ կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և սփյուռքի ջանքերի միջոցով:
Սամվել Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ավարտվել է «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2011» մրցույթը, ըստ որի` 4-ական միլիոն դրամ է հատկացվել Արցախի գիտնականների ներկայացրած 5 ծրագրերի իրականացմանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ