Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԻՇՈՏՆՈՒԿ» (Արարատյան դաշտի կեսօրը)

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԻՇՈՏՆՈՒԿ» (Արարատյան դաշտի կեսօրը)
15.07.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ


Շըշշ, լուռ կացեք, ճաշ է եփում
Հեռարձակվող ամեն ալիք,
Սոխ են մաքրում, բողկ են քերում.
Ջա՜ն, խոհարար իմ հայրենիք:

Քիչ էր, վախից շատ են կերել,
Տռզակալած զկռտում են,
Նրանք, որ մեր խիղճն են եղել,
Վաղուց արդեն երկնքում են:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ,
«Հարթակից դեռ չհասած տուն»



«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՏԵՐՈԿԻ» ԲՈՒՅՐԵՐԸ
(ամառային թիփի)

«Հարգելի պարոն Առաքելյան.
Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ հանձնարարվել է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավար աշխատակազմին համապատասխան ծառայությունների միջոցով զգուշացնել հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների տնօրեններին` բացառել ժամը 22:00-ից հետո հրագործական արտադրատեսակների օգտագործումը:
Հարգանքով`
առևտրի և սպասարկումների
վարչության պետ Ա. Սարգսյան»

Չի էլ պատկերացնի լճիցլիճյան իմ պատվարժան ընթերցողը, թե ոնց ու ինչպես եմ փոշմանել: Նման բարձրոլորտ ու ինքնաբուխ «ախմախություն» դեռ չէի «երկնել»:
Հասկանում եք, թանկագիններս, ինքնաբորբոք և տառապյալ ռոմանտիզմն էլ սահման պիտի ունենա: Թե չէ ընկնում ես հայրենանվեր ուտոպիզմի գիրկը և բան ու գործից կտրում արժանապատիվ մարդկանց, ասենք, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերին` յուրյանց բազմազբաղ պետերով: Նաև արգո (ոչ արգոնավորդ, ուղղակի հարգարժան) Ա. Սարգսյանին: Բանն այն է, որ անգամ գունազարդ երազում անհնար է պատկերացնել այս ահասարսուռ միզանսցենը:
Ինչո՞ւ գունազարդ երազում: Քանզի ՀՀ բնակչության 37 տոկոսը, այսինքն` աղանդավորները, կուսակցական բազմակնությամբ-բազմամասնությամբ տառապողները և կենդանաբանական այգում, չնայած բազմաբնույթ ահազանգ-զգուշացումներին, ընձառյուծին և սպիտակ արջին յոգուրտով կերակրողները երեք գույնի երազներ են տեսնում. սև, մոխրագույն, երկնագույն:

Միջանկյալ զեղում. Հայաստանում թրև եկող սեռական փոքրամասնությունների համակարգող խորհուրդը դիմել է արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդներից մեկին` տնտեսական աննահանջ ճգնաժամի և աղանդավորական հեղաշրջումների քսանամյա փառապանծ հոբելյանին ընդառաջ սահմանադրորեն ամրագրել աղանդավորների խառնամուսնությունը համասեռամոլների հետ: Սա` մեկ: Սա էլ երկու` բացել հատուկ այդ նշանակությամբ կառուցված բաղնիք-քաստինգի դռները` դելֆինարիումի հարևանությամբ:
Եվ երրորդ պահանջատիրական աքացին: Մանկապարտեզում, դպրոցում, այնուհետև բուհերում պահպանել ստատուս քվոն, այսինքն` խղճի, մտքի ու փայծաղի ինքնադրսևորման լիակատար ազատությունը: Զորօրինակ, ապագա խառնամուսնական «արու» սուբյեկտը առանց այլևայլության կարող է սեռական հողի վրա «չամռվել» տղամարդ-տղա վարժապետներին: Իսկ աղանդավորիկը կարող է անդադրում կրոնախևական էքստազի մեջ ընկնել, այսինքն, բուֆետում անվճար լափել բոլորի բուլկիները, դասաժամին դասարանում խարույկ վառել և վրան խորովել հայոց պատմության դասագրքերը, հետո անդամագրվել նորաստեղծ «Եհովայի վհուկներ» կուսակցությանը։
Շեղվում ենք, ինչպես կառավարության խռովահույզ խոստումները զբոսաշրջության զարգացման շուրջ:
Այսպիսով, հայտնի «Հայրապետ-Կարապետի» պատմության մեջ ներքաշվեցին վերոնշյալ արգո տիարք, զի հրագործական արտադրանքի գլխավոր կապալառուն ՀՀ ֆիննախն է: Հենց այնտեղ են լիցենզավորում հրագործական տարաբնույթ տեսականին, և տարին բոլոր երկրիս ռեստորանամերձ բնակավայրերի բնակչությունը դիվադադար է լինում հրթիռակոծությունից, նախաամանորին և Ծննդյան տոներից հետո էլ` պայթուցիկների մոլագար խրախճանքից: Հավանաբար տիարք ֆիննախարարները այս ճանապարհով են «ջրջնում» տնտեսական երկնիշ աճ կոչված երաշտը, քանզի հրթիռներն ու պայթուցիկները հարաճուն պահանջարկ են վայելում: Բացի այդ, տարեկան մի քանի հարյուր ականջաթաղանթ է պայթում: Բուժել պե՞տք է: Անշուշտ: Բուժմիջոցները սպառվեցի՞ն: Անկասկած: Բյուջեն քիչ ուշքի՞ եկավ իր քրոնիկ ուզվորությունից: Բնականաբար:
Բայց, քանի որ այս ամենը հանրային տարրական արժանապատվության խեղում է, ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ֆիննախի ուսերին (վաղնևեթ նամակ եմ գործուղում ֆիննախի ուղղությամբ): Թող ամռան այս տապին մի քիչ հուզվեն, խորասուզվեն պատմական պահի խորխորատները և կարգավորեն գերխնդիրը: Թե չէ, գիտեք, չէ՞, ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր անտեսում են լճիցլիճյան ազգանպաստ գալարումները:
Ի դեպ, հրթիռակոծողների եռանդը քիչումիչ չափավորվել է։ Նրանք յուրաքանչյուր երեկո` ճիշտ 22:00-ին, սկսում են կիսաբարբարոս խրախճանքը և ավարտում 23:00-ի սահմանագծին: Էնպես որ, հարգարժան Ա. Սարգսյան և այլք, խնդիրը կարոտ է արմատական լուծման: Այսինքն` լիակատար արգելանքի: Տեսնենք։

ՔՅԱԲԱԲԱՊԼՈՃԻԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
(թիփին մոլեգնում է)

Այսպիսով, «Ֆորբս» համաշխարհային բրենդը ՀՀ-ին արծաթյա մեդալ է շնորհել վատագույն տնտեսություն ունեցող երկրների շարքում, այսինքն` վերջից երկրորդ անպատիվ տեղը հատկացրել:
Լինենք անաչառ` գլուխը պատովն է տվել: Չար նախանձն է մոլեգնում ու նախանձաչոր անում սույն ամսագրի խմբագրական խորհրդին: Մեր ազգային-ավանդական (ֆեոդալասովետական) տնտեսակարգը, արի ու տես, հարիր չէ նրանց քիմքին: Վիրահատեք նախանձափնթոր քիմքերը ձեր (որպես տեղական թմրեցում առաջարկում ենք ՀՀ-ում արտադրվող ռուսական հանրահայտ օղիների հայրենական կրկնօրինակներն օգտագործել. ի դեպ, սույն տեսականին բավականաչափ զորեղ միջոց է խոզի գրիպի և մորեխի համաճարակի դեմ պայքարում):
Բայց գիտե՞ք` ինչու է «Ֆորբսը» խանգարվել: Զի Հայաստանը (Արցախն ու Տաթևի ճոպանուղին ներառյալ) միակ չգաղտնազերծված, բնականաբար, խիստ ցանկալի պետական միավորն է, ուր ֆորբսյան ամենահաս ֆինանսական ելուզակները բացահայտումներ չեն կարողանում կատարել և ձեռնունայն են մնում: Այնինչ Երկիր մոլորակի ցանկացած նրբանցք նրանց համար` ոնց սեփական սառնարանը: Այսինքն, քողազերծված մինչև ուղնուծուծը: Բացի այդ, Հայաստանում են ապրում աշխարհիս ամենահարուստ հայերը: Եվ լճիցլիճյան հաշվարկով մեծարգո տիարք Քըրքորյանը, Էռնեկյանն ու Խաչատուրովը տասնյակում անելիք չունեն: Ա՛յ, հենց էս է, որ հունից հանել-գազազեցրել է «Ֆորբսին»: Զի մի բուռ լեռնոտ երկիր, երկու ափ դաշտավայր և մեկուկես ումպ լիճ: Հա, երկու-երեք հանքանպաստ լեռներ: Եվ` 113,5 միլիարդատեր: Ընդ որում, յուրաքանչյուրի դիմախաղը բազմանիստ-առաձգական է։ Այլ կերպ չէր էլ լինի։ Յուրաքանչյուրը նվազագույնը 4 անգամ կուսակցափոխ է եղել։ Գաղտնախորհուրդ, անթաքույց և ինքնամփոփ: Զի հայերս մեր պատմատարածքային ահռելի կորուստները վերականգնում ենք դաժանաբարո կենտրոնաձիգ խաղերով: Եվ հանրապետության ողջ գերշահույթը մեկտեղել ենք ահա նշյալ 113-ի ընտանեկան պահոցներում:
Ո՞նց ոմանց հանգիստ չեն տալիս 113,5-ի միլիարդները: «Ֆորբսի» գլխավոր փորձագետին առաջարկում ենք մի երկու հուզախռով սուզում կատարել, երեք չորս անգամ բաղաձայն մլավել և աչքերը գոցել, ականջները բացել:
Լիկբեզ` «Ֆ.»-ի համար: Ինչպե՞ս 75 դրամի բազուկի սպիրտը իրացնել որպես 1750- դրամանոց ռուսական ընտիր օղի: Չափազանց պարզ. սպիրտը հունցում ենք դիմեդրոլով և ավելացնում… Ի՞նչ եք կարծում, ի՞նչ, անանասի յո՞ւղ, թե՞ ընկույզի կճեպ: Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Ավելացնում ենք չոր մանանեխ: Այս զուգորդումը շշմեցուցիչ ազդեցիկ է. երրորդ բաժակից մոռանում ես կողակցիդ անունը, չորրորդից հետո` հորիզոնական դիրք ընդունում:
Մեկ այլ բացահայտում: Երկու հարյուր դրամով միջազգային ճամփաբաժանում շաքարավազ է գնվում: Հետո 1 կգ-ը վաճառակետ է հանձնվում 304 դրամով: Վերջնարդյունքում` 1 կգ շաքարավազը մենաշնորհատեր-շաքարակլանին բերում է որքա՞ն եկամուտ: Պարզ թվաբանական հաշվարկը հուշում է` մոտ 100 դրամ` հանած այլևայլ ծախսերը: Սը՛-խա՛լ-վո՛ւմ եք: Զի շաքարավազի համապետական կենտրոնում շաքարավազի պարկերի կողքին հանդարտ հանգրվանել են ջրով լի անհամար տակառներ, ընդ որում, բերանբաց։ Գլխի ընկա՞ք: Անշուշտ: Մեկին մեկ շաքարավազը քաշ է ավելացնում: ՈՒ եթե մեկ օրում մեկ քաղաքացի երկու գդալ էլ այս քաղցրաբորբ տեսականուց գործածի, հաշվեք շաքարավազային ռնգեղջյուրների շաբաթական գերեկամուտը:
Ի դեպ, ինչպես շաքարավազային, այնպես էլ հավկիթասուջուխային, գազաթանային և այլ օլիգարխներից յուրաքանչյուրը 113,5 սեփական ռեստորան ունի: Արարատյան հարթավայրում: Ապարանյան լեռնահովիտներում: Լոռվա սարահարթերում: ՈՒ նրանց աշխատակիցները ոչ պայմանագրային, սակայն խստագույն իրականանալի պարտավորվածություն ունեն` կնունք, ծնունդ, հարսանիք ու քելեխ իրականացնել գլխավոր բոսի ռեստորաններից մեկում: Պտտվեց վճարածդ աղքատավարձն ու պարգևավճարը (գուցե պարգևավթարը) և հանգրվանեց սեփական գանձարանում: Մի խոսքով, մի քրքրվեք: Մեր տնտեսությունը տեսակարար չարաշահումների գծով շատ վաղուց առաջինն է աշխարհում: Զի այստեղ որևէ գերխոշոր քսակատեր չի սնանկանում: Որևէ խոշորածավալ կաշառակեր չի դատվում: Զի այստեղ դատավորին խիստ բարձր են վճարում, որ նա կաշառքի հեռավոր բույրից անգամ զայրացուցիչ ոռնա, իսկ նա հուզաթոթով մկկում և կաշառքն ուղարկում է յուր օրինավոր տեղը, այսինքն` սեփական գզրոցը: Դե, կներեք, 113,5-ի հյուրանոցներում, պանդոկներում և խաղատներում էդ ո՞վ պիտի օրումեջ լուսարձակվի` վարդաշենցի ծաղկագող Աթանե՞սը, թե՞ համզաչիմանցի անասնապահ Վլադը: Էնպես որ, իրար հասկացանք:
Միջանկյալ զեղում. Արարատից Արմավիր և Սիսիանից Արտաշատ տեղակայել «Ազգային ինքնության ատրուշանները»։ Այսինքն, քյաբաբապլոճիկային խորհրդանշան-հուշաղբյուրներ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄՆԵՐ
(սիրատոչոր պամֆլետային վերջաբան)

Հ-ն գերակա հայոց տառն է: Պահն է սույնը արձանագրելու:
Տարվա 12 ամիսներից չորսը Հ-ասկիզբ են:
ՀՀ-ն զարգանում է քաղաքականապես ուղղաձիգ. ՀՀ-աբարո` ՀՀՇ-ՀՀԿ-ՀԱԿ:
ՀՀՇ-ի հովերով ՀՀԿ-ն հավերժացավ որպես իշխանություն:
ՀՀԿ-ն պարտազանց պարտապան է։
Զի մինչ օրս չի մարել դեռ 1995-ից հավաստագրված իշխանական պարտամուրհակները։ Ասել է թե` ՀՀՇ-ն ՀՀԿ-ին թևատակն անցկացնելով իշխանության բերեց, հիմի պիտի որ վերջինս պարտքերը մարի։ Տոկոսով։ Այս պարագայում փոխատեղվում են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն։ Հանուն ազգային համերաշխության, քաղաքական համաբաշխության։ Զի նրանց բիզնես-հավակնությունները նշույլ իսկ չեն նսեմանում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ