Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՋԱՎԱԽՔՑԻ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՇԻՐՄԻՆ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՋԱՎԱԽՔՑԻ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՇԻՐՄԻՆ
22.07.2011 | 00:00

Ավարտվել են ընդունելության բանավոր քննությունները։ Արդյունքները, ինչպես և գրավոր միասնական քննությունների, բավականին ցածր էին։ Իսկ ամենացածրը, թերևս, «Հայոց լեզու և հայ գրականություն» բանավոր քննության արդյունքներն էին։ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 52 դիմորդ, որոնցից անբավարար են ստացել 22-ը: Մասնակիցներից 24-ը ստացել են 8 միավոր: Միջին միավորն այս առարկայից 6,1 է: Նշենք, որ հայոց լեզու, հայ գրականությունից բանավոր քննություն հանձնողներն ապագա բանասերներն էին, որոնցից շատերն ուղղակի «ապշեցրել» են մայրենիից իրենց գիտելիքներով։
Սակայն հայոց լեզվի և գրականության բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Լ. Թելյանը համատարած գորշության ֆոնին պատմեց մի հուզիչ պատմություն։ Դիմորդների սարսափելի ցածր մակարդակից տարակուսած հանձնաժողովի անդամները հանկարծ հանդիպում են մի շատ լավ դիմորդի։ Քննության ընթացքում հարցուփորձից հետո պարզվում է՝ երեխան Ախալքալաքի տարածաշրջանի Բարալեթ գյուղի դպրոցի շրջանավարտ է։ Այնուհետև՝ նորից նույն ցածր մակարդակն ու տաղտուկը, և նորից՝ մի փայլուն դիմորդ՝ նույն Բարալեթ գյուղից։ Այդ օրը հանձնաժողովի անդամներին ուրախացրեց երեք բարալեթցի շրջանավարտ, ընդ որում, բոլորի հայոց լեզվի և գրականության ուսուցիչն էլ նույնն է՝ Սիլվա Մակարյանը։ Երեխաները բուհ էին դիմել դպրոցում ստացած իրենց գիտելիքներով, առանց մասնավոր պարապմունքների։
Քննությունից հետո հանձնաժողովի անդամները նկատում են, որ քիչ առաջ իրենց մոտ փայլուն քննություն հանձնած դիմորդները որոշում են ծաղիկներ գնել և այցելել իրենց ուսուցչուհու շիրմին։ Պարզվում է՝ նա դիմորդների հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է՝ երիտասարդ տարիքում հիվանդությունից մահացած Սիլվա Մակարյանը։
Անկեղծ ասած, առաջին անգամ էի լսում Ջավախքի Բարալեթ գյուղի մասին և որոշեցի համացանցում փնտրել և ծանոթանալ այդ գյուղի պատմությանը։ Պարզվեց՝ Բարալեթ գյուղի դպրոցի ուսուցչուհի Սիլվա Մակարյանը 2008 թվականին ճանաչվել է Ախալքալաքի շրջանի լավագույն ուսուցիչ և 13 գործընկերների հետ արժանացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու սահմանած պարգևատրմանը։ Սիլվա Մակարյանը, որ նաև Բարալեթ գյուղի դպրոցի տնօրենն է եղել, Ջավախքում հայապահպանության նվիրյալներից էր։
Փառք ու պատիվ Սիլվա Մակարյանի հիշատակին, և հուսանք, որ Ջավախքում Սիլվա Մակարյանի նման նվիրյալներ շատ կան։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ