«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բաքուն դժգոհում է ՆԱՏՕ-ի քաղաքական կամքից

Բաքուն դժգոհում է ՆԱՏՕ-ի քաղաքական կամքից
25.05.2012 | 23:25

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, ադրբեջանական Trend կայքի փոխանցմամբ, իր վերջին ելույթներից մեկում սրտնեղել է, թե ՆԱՏՕ-ն քաղաքական կամքի ակտիվություն չի ցուցաբերում ղարաբաղյան և վրաց-աբխազական կոնֆլիկտներին միջամտելու հարցում: Նրա խոսքով` Ադրբեջանն այսօր մեծ ակնկալիքներ ունի ՆԱՏՕ-ից, ԵԱՀԿ-ից և այլ կազմակերպություններից, որոնց հետ համագործակցում է: Իհարկե, պարտված երկրի պաշտոնյայի հնչեցրած նման դիվանագիտական «ղզիկությունը» լիովին հասկանալի է:

Հասկանալի չէ միայն այն ընդհատակյա քայլը Ռուսաստանի դեմ, երբ խոսվում է վրաց-աբխազական կոնֆլիկտում ՆԱՏՕ-ի քիչ ներգրավվածության մասին: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններում միշտ եղել են և կան բազմաթիվ, մեղմ ասած, հակասություններ: Բավական է միայն նշել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները չեն վերահսկվում Վրաստանի կողմից, և ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը, Եվրոպական հանձնաժողովը դրանք համարում են Ռուսաստանի օկուպացրած տարածքներ: Իսկ ովքե՞ր են Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցները` ԱՄՆ-ն, Կանադան և եվրոպական մի շարք երկրներ: 2009 թվականին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Ռյաբկովի արած հայտարարության համաձայն` ՆԱՏՕ-ն չափից դուրս մեծ ուշադրություն է դարձնում իր աշխարհագրական պատասխանատվության ավանդական գոտուց դուրս խմորվող խնդիրներին: Ըստ նրա` հատկապես Հարավսլավիայի ռմբակոծությունից հետո ՆԱՏՕ-ի մի շարք փաստաթղթերում ուժի կիրառման չափանիշներն աղավաղված են ներկայացված: Այս համատեքստում Ալի Հասանովի արած նման հայտարարությունը տարակուսական կարծիք է ստեղծում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Հակառակ դեպքում` այն կարելի է դիտարկել որպես տարատեսակ հույզերով պայմանավորված խիստ զգացմունքային խոսք: Այդ դեպքում ի՞նչ գործ ունի նման անհավասարակշիռ մարդը Ադրբեջանի նախագահի աշխատակազմում: Գուցե ժամանակն է, որ պաշտոնական Բաքուն պետական պաշտոնյաներին պետական բյուջեի հաշվին «անտիդեպրեսանտնե՞ր» բաժանի։
Ձևական առումով Հասանովը ճիշտ է և իր տեսակետն է արտահայտում, բայց, առհասարակ, ճշմարտախոսությունն անզգուշաբար վերածվում է անշնորհքության ու անդաստիարակության. չի կարելի ասել` ինչ հիմար սանրվածք ունես, կամ` դու ինձ հաճելի չես, ուղղակի ստիպված եմ քեզ հետ շփվելու, որովհետև նույն տեղում ենք աշխատում և պետք ենք իրար:
Ադրբեջանցիները մեծ հույսեր ունեն ՆԱՏՕ-ի առնչությամբ և փորձում են ամեն կերպ հաճոյանալ դաշինքին: Այդ ամենի հետ մեկտեղ նրանք իրենց խաբված են զգում, քանի որ կարծում են, որ իրենց չարչարանքը (աջակցությունը նավթադոլարներով) և ակտիվությունը գործընկերության շրջանակներում հավուր պատշաճի չեն գնահատվում դաշինքի կողմից: Թերևս դրանով կարելի է բացատրել նաև Ալի Հասանովի նյարդային ջղաձգումները:
Մայիսի 21-ն ամեն ինչ դրեց իր տեղը: Այդ օրը Չիկագոյում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, տեղի ունեցավ Աֆղանստանի գծով մի շարք երկրների հանդիպում, որին ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Չնայած հանդիպման ձևաչափը բոլորովին այլ էր, կարելի է ենթադրել, որ Ալիևը գնացել էր, Ալի Հասանովի բնութագրմամբ, ղարաբաղյան հարցում ՆԱՏՕ-ի «քաղաքական կամքն ակտիվացնելու»: Չանդրադառնալով հանդիպման մանրամասներին` միայն առանձնացնենք Իլհամ Ալիևի խոսքերը. «Ադրբեջանն առաջին իսկ տարիներից բոլոր ջանքերը ներդրել է Աֆղանստանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Այս ոլորտում Ադրբեջանը դաշինքի ամենաակտիվ գործընկերներից մեկն է: Ադրբեջանը շարունակում է իր զինվորականների մասնակցությամբ խաղաղասիրական առաքելությունն Աֆղանստանում: Բացի այդ, մենք ներդրում ենք կատարում Աֆղանստանում` տարբեր ոլորտներում Աֆղանստանի զինվորականների համար դասընթացներ և ուսուցումներ իրականացնելով: Ադրբեջանը կշարունակի իր օգնությունն Աֆղանստանին մինչև 2014 թվականը, եթե անհրաժեշտ լինի, ապա հետագայում ևս Ադրբեջանն այդ գործում ջանք չի խնայի»:
Աֆղանստանը, բնական ռեսուրսների առումով, ոչ մի գերտերության չի հետաքրքրում: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Ամերիկան ՆԱՏՕ-ի հետ ներխուժեց այդ երկիր շատ ավելի կարևոր նպատակներով: Աֆղանստանի միակ և կարևորագույն առավելությունն իր աշխարհագրական դիրքն է: Այն սահմանակցում է Իրանին, Պակիստանին, Թուրքմենստանին, ՈՒզբեկստանին, Տաջիկստանին և Չինաստանին: Դժվար է գտնել Միջին Արևելքում ավելի հարմար երկիր ստրատեգիական նպատակներով տեղակայվելու համար: Ամերիկային և ՆԱՏՕ-ին հաճոյանալու ամենահարմար տարբերակը Ադրբեջանի համար Աֆղանստանն է: Հիմա գաղտնազերծենք Իլհամ Ալիևի մայիսի 21-ի խոսքերը: Նա, ըստ էության, ասել է. «Մենք գիտենք, որ դուք թուլություն ունեք Աֆղանստանի նկատմամբ: Մենք էլ ահագին մոտ ենք գտնվում, կարող ենք հետագայում է՛լ ավելի պիտանի լինել: Մենք ներդրում ունենք Աֆղանստանում, շատ ակտիվ ենք եղել: Եթե դուք էլ ակտիվություն ցուցաբերեք Ղարաբաղի հարցում, մենք կշարունակենք օգնել ձեզ»։
Հիշեցնենք, որ 1994 թվականին ստեղծվեց ՆԱՏՕ-ի հետ եվրոպական երկրների` դաշինքի անդամ չհանդիսացող Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագիր` «Գործընկերություն հանուն խաղաղության»: Ծրագրի պաշտոնական հիմքը Շրջանակային փաստաթուղթն է: 1994 թվականին Հայաստանի կողմից այն ստորագրել է արտգործնախարար Վահան Փափազյանը, իսկ Ադրբեջանի կողմից` նախկին նախագահ Հեյդար Ալիևը: Շրջանակային փաստաթղթում ամրագրված է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները (այդ թվում և` Թուրքիան) պարտավորված են անցկացնելու խորհրդատվություններ ցանկացած գործընկեր պետության հետ, եթե ըստ այդ պետության` գոյություն ունի իր տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության և անվտանգության նկատմամբ ուղիղ սպառնալիք: Այսքանով սկսվում և ավարտվում է ՆԱՏՕ-ի դերը ղարաբաղյան հակամարտության հարցում: ՈՒրեմն թող Ադրբեջանն այս պահի դրությամբ առանձնապես մեծ հույսեր չկապի ՆԱՏՕ-ի հետ և բավարարվի իր մեծ եղբոր (համատեղությամբ` նաև ՆԱՏՕ-ի անդամ) խորհրդատվություններով:


Գրիշա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ