Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պալատների և մարդկանց կյանքից, որ երջանիկ են եղել

Պալատների և մարդկանց  կյանքից, որ երջանիկ են եղել
12.06.2012 | 01:59

«Հայկական գորշությունը ներսից վարդագույն է, դրսից գույն չունի»: Մեր օրերի մասին այս ձևակերպման պատիվն իմը չէ: Հեղինակը մարդ է, որ մի տասնյակ տարի լրագրող էր, մի տասնյակ տարի քաղաքական գործիչ, պարզապես հայ մարդ, որ չի ուզում հեռանալ Հայաստանից, թեպետ իր հայրենիքն իրեն չի սիրում` իր կարծիքով, իսկ իրականում հայրենիքը խորապես անտարբեր է թե՛ իր, թե՛ իր նմանների ու չնմանների նկատմամբ: Հայրենիքը պարզապես իր արժեհամակարգում այդ սանդղակը չունի` գնահատել մարդուն: Հայրենիքի արժեհամակարգում մարդիկ բաժանվում են երկու պարզ խմբի` կուսակցականներ և ոչ կուսակցականներ: Հետո այդ երկու խմբերն էլ բաժանվում են երկու խմբի` իշխանական կուսակցականներ և ընդդիմադիր կուսակցականներ: Խմբերից ոչ մեկը երջանիկ չէ:

Լյուքսեմբուրգից 45 րոպեի հեռավորության վրա է Վիանգ ամրոցը, որ համարվում է մ. թ. 3-րդ դարի Կարոլինգյան ապարանք: Այսօր Վիանգը սքանչելի պահպանված վիթխարի դղյակ է, ուր անպայման հարկ են համարում այցելել Լյուքսեմբուրգի բոլոր զբոսաշրջիկները, եթե ուզում են հասկանալ Եվրոպայի սրտում պահպանված այդ ափաչափ երկրի մարդկանց: Դարերի պատմություն ունեցող ամեն մի իրեն հարգող ամրոց ունի իր առասպելներն ու ուրվականները, իր արքաների ու պատերազմների պատմությունը: Եթե դուք երկար ժամանակ լինեք Վիանգում, ձեզ անպայման կպատմեն, որ ամրոցը մ.թ.ա. առաջին դարում հրամայել է կառուցել Հուլիոս Կեսարը, որ մոտերքում հերթական ճակատամարտն է տվել և զորավարի անսխալ հայացքով գնահատել տարածքի առավելություններն ու արատները: Կեսարը նույնիսկ ժամանակ է գտել ամրոցի հիմքը դնելու, հետո իր հռոմեացի ռազմական ճարտարապետներից մեկին թողել է հեռավոր բարբարոսների երկրում, որ հռոմեացիների պաշտպանական դիրքերն ամրացնող բերդ կառուցի, անպայման պարիսպներից ներս առած տներով, ուր բնավորվեն և ապրեն նրանք, ովքեր գնահատում են Հռոմի հզորությունն ու ուժը: Ամրոցը, իհարկե, կառուցվել է: Ամբողջ երկու դար կատարել է իր դերը, հետո եկել են խառնակ ժամանակներ, գտնվել են մարդիկ, որ ամրոցի վիթխարի քարաբեկորները տարել ու իրենց տներն են կառուցել` թալանել ու ավերել են այն, ինչ վահան ու հզորություն էր բերում իրենց տարածքին: Մարդիկ տարբեր են լինում ու տարբեր են աշխարհն ընկալում: Ձեզ անպայման կասեն, որ այդ պատմությունը առասպել է, առասպել` հետագա պատմության ընթացքում կհիշեցնեն մի քանի անգամ ու նաև կասեն, որ ոչ մի առասպել անհիմն չի լինում: Հայրենիք վերադարձած իշխանը որոշում է վերականգնել ամրոցը, որովհետև բաց տարածքում հարուստ ապրելն այնքան գայթակղիչ է շրջակայքի զինված աղքատների համար: Մեծ իշխանը տասնյակ պատճառներ է ունեցել վերականգնելու ավերակված ամրոցը, բայց հրապարակել է մեկը` ազգային արժանապատվությունը պահանջում է ավերակ չունենալ տան ներսում: Եվ մարդիկ ինքնակամ քանդել են իրենց տներն ու վերադարձրել ամրոցի քարերը, որովհետև գողությունն անվայել է իրեն հարգող տանտիրոջ համար: Ազգային արժանապատվության պահանջով այսօր էլ ամրոցը կա և սքանչելի ներկայացնում է անցյալն ու ներկան այն ժողովրդի, որ ապրում է մի ափաչափ տարածքում, հպարտորեն կոչվում է Լյուքսեմբուրգի թագավորություն և իր մայրաքաղաքի կենտրոնը համարում է թագուհու արձանը, որ անցյալ դարում փրկել է պետությունը վերահաս վտանգներից:

Լյուքսեմբուրգի քաղաքացին երբեք չի խոսի լյուքսեմբուրգյան գորշության մասին, որ ներսից վարդագույն է, դրսից նույնիսկ գույն չունի:
Ի՞նչ գիտենք Ներոնի մասին: Արյունարբու, արյունապիղծ, մայրասպան: Հռոմը հրդեհող: ՈՒրի՞շ: Ներոն Կլավդիոս Կեսար Ավգուստ Գերմանիկ: Ծնվել է 37 թվականի դեկտեմբերի 15-ին, ինքնասպան է եղել 68 թվականի հունիսի 9-ին: Ծննդյան անունը` Լուցիուս Դոմիցիուս Ահենոբարբուս, Հռոմի կայսր 54-68 թվականներին, վերջինը` Հուլիոս-Կլավդիոսների դինաստիայից: Մեծ պոնտիֆիկոս, որ 14 անգամ օժտվել է տրիբունի իշխանությամբ, 13 անգամ տիրակալի, 5 անգամ կոնսուլի, Հայր հայրենյաց: Նրա ժամանակակիցներ Սենեկան և Լուկանը «փառահեղ» են որակել նրա կառավարումը: Իոսիֆ Ֆլավիոսը (առաջին դարավերջի պատմիչ) գրել է. «Շատերն են պատմել Ներոնի մասին, ոմանք, ում նա բարերարել է, երախտագիտությունից աղավաղել են ճշմարտությունը, ուրիշները ատելությունից ու թշնամանքից այնքան են կեղծել, որ ոչ մի ներման արժանի չեն: Ես չեմ զարմանում նրանց վրա, ովքեր Ներոնի մասին այդքան կեղծ տեղեկություններ են հաղորդել, քանի որ այդ մարդիկ ճշմարտությունը չեն ասել նույնիսկ նրա նախորդների վերաբերյալ, թեպետ հակակրանքի ոչ մի պատճառ չեն ունեցել նրանց նկատմամբ, ովքեր ապրել են իրենցից առաջ»: Կոռնելիոս Տացիտոսն էլ վկայել է. «Տիբերիոսի և Գայոսի, ինչպես նաև Կլավդիոսի ու Ներոնի գործերը, քանի դեռ նրանք ամենազոր էին, ահից շարադրվել են կեղծապատիր, իսկ երբ նրանք չկային` նրանց թողած ատելության թելադրանքով»: Դիոնոս Քրիսոտոմոսն էլ վստահեցրել է, որ Ներոնի ժամանակներում մարդիկ երջանիկ էին և ցանկանում էին, որ նա հավերժ կառավարի: Պլինիուս Ավագը նրան անվանում է «մարդկության թշնամի»: Սվետոնիուսը գրում էր, որ հռոմեացիները ողջունում էին նրա մահը: Տացիտոսը հաստատում է, որ Սենատն ու բարձր դասը ուրախ էին տիրակալի մահվամբ, իսկ ցածր դասերը վշտացած էին իրադարձությունների շրջադարձով: Արևելյան նահանգներում երկար ողբում էին նրա մահը, գրում էր Ապոլինիուս Տիանացին Վեսպասիանոս կայսեր: Նրա անունը ջնջվեց արձանների վրայից, իսկ պատկերների տակ գրեցին այլ անուններ: Այնուամենայնիվ, Սենատը Ներոնի անունը նզովքի չդատապարտեց: Տիրակալի տիտղոսի չորս թեկնածուներ քաղաքացիական պատերազմ սկսեցին` նախապես հանդերձավորվելով Հռոմի տիրակալների կարմիր տոգաներով: Օտոնը և Վիտելիոսը հռոմեացիներին խոստանում էին շարունակել Ներոնի քաղաքականությունը: 69 թ. արևելյան լեգեոնների հրամանատար Վեսպասիանոսը Կրեմոնում պարտության մատնեց Վիտելիոսին և մտավ Հռոմ: Հուլիսի 1-ին նա հռչակվեց տիրակալ` հիմնելով Ֆլավիոսների դինաստիան: Ներոնի ոչ միայն կյանքն ու կառավարումը, այլև մահը Հռոմի պատմությունը փոխեցին: Նրա մահից հետո նախադեպ ստեղծվեց, որ հաջորդ տիրակալը կարող է նախորդի ժառանգը չլինել և նույնիսկ չլինել նրա ազգականը: 69 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ մի քանի կեղծ ներոններ ի հայտ եկան, վերջինը մահվան դատապարտվեց նրա մահից 20 տարի անց, բայց կայսեր կերպարը հայրենակիցների հիշողությունից դուրս չէր գալիս, և Ներոնի վերադարձի մասին առասպելները պատմում էին անգամ 422 թվականին, ինչպես վկայում է Ավրելիոս Ավգուստինոսը: Եվ բոլոր նրանք, ովքեր Ներոնին համարում էին նզովքի արժանի, ոչ մի փորձ չէին անում հասկանալու` ի՞նչն էր Ներոնին ստիպում մահվան դատապարտել իր մերձավորներին: Նրանք չէին ուզում ստանալ այդ հարցի պատասխանը, որովհետև հասկանալու էին, որ Ներոնն ընդամենը հակադարձում էր, բայց երբեք նախահարձակ չէր լինում իր բոլոր քայլերում:
Մ.թ.ա. 753 թվականին հիմնված Հռոմի բնակելի հատվածը փայտաշեն էր հիմնականում և հաճախ էր այրվում: 64 թվականի հուլիսի 19-ի գիշերը Հռոմը նորից սկսեց այրվել: Մեծ կրկեսի հարավարևելյան մասից գիշերը բռնկած կրակն առավոտյան տարածվել էր քաղաքի մեծ մասում: Կեսարը Հռոմում չէր, մի քանի օր առաջ նա մեկնել էր Անցիում: Սվետոնիոսը գրում է, որ հրդեհի նախաձեռնողը Ներոնն էր, փայտաշեն տների բակերում տեսել էին ջահակիր հրձիգների, բայց դա արդեն պատմիչի խղճին ծանրացած առասպել է: Տացիտոսը, որ հրդեհի ժամանակ երեխա էր դեռ ու Հռոմում էր, գրում է, որ Ներոնն անմիջապես վերադարձավ Հռոմ և հատուկ ջոկատներ կազմեց քաղաքն ու մարդկանց փրկելու համար: Հավերժական քաղաքն այրվում էր հինգ օր: Օգոստոս կայսրը Հռոմը բաժանել էր 14 շրջանների, չորսն այրվել էր ամբողջությամբ, յոթը զգալի ավերվել էր: Անտուն մնացած մարդկանց Ներոնը հրամայեց ապաստան տալ իր պալատներում և ապահովել սննդով: Քաղաքը վերականգնելու համար նահանգների վրա լրացուցիչ հարկ դրվեց, և համեմատաբար կարճ ժամանակում Հռոմը վերակառուցվեց: Փայտաշեն տների փոխարեն հրամայված էր կառուցել քարե տներ: Կայսեր հաստատած հատակագիծը պահանջում էր տները կառուցել միմյանցից որոշակի հեռավորության վրա և անպայման մուտքեր ունենալ դեպի փողոց, այլ ոչ թե բակեր ու այգիներ: Ներոնը սահմանել էր նաև փողոցների երկարությունն ու լայնությունը: Ի հիշատակ հրդեհի` կայսրը հրամայեց կառուցել իր Ոսկե պալատը` 120 հեկտար տարածքում բոլոր արվեստներն ունեին իրենց համալիրները, իսկ կենտրոնում նրա 120-մետրանոց արձանն էր: Նկարիչներն ու քանդակագործները ոսկե ժամանակներ էին ապրում Ոսկե պալատի շինարարության օրերին: Հռոմը 21 դար պահպանել է Ոսկե պալատը, թեպետ շինարարությունը կիսատ մնաց, և այն, ինչ կա հիմա, համեմատության եզր չունի Ներոնի երազի հետ: Հրդեհի մեջ մեղադրեցին քրիստոնյաներին, և սկսվեցին մահապատիժներն ու հալածանքները: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է:
Կարո՞ղ եք ապրել առանց քաղաքականության: Չշտապեք ասել «այո», հետո էլ հիմնավորել, որ քաղաքականությունը հանգիստ ապրում է առանց ձեզ, և, ընդհանրապես, աշխարհի անարդարությունների կեսից ավելին քաղաքականության պատճառով է ու քաղաքականությունն է պատճառը, որ երկիրը երկիր չի դառնում, կյանքը` կյանք, մարդն էլ... Համոզվեցի՞ք, որ չեք կարող: Որովհետև հենց այն, ինչ ժխտվում է շատ անկեղծ ու առավել բուռն, այդ կերպ միայն հաստատվում է: Դուք չեք կարող ապրել առանց քաղաքականության պարզ պատճառով` քաղաքականությունը միայն այն չէ, ինչ փոխանցում է պաշտոնական տեղեկատվությունը, ինչ կենսագործվում է սովորաբար փակ դռներից ներս, ինչից դժգոհ են բոլորը, բայց զբաղվում են երանությամբ: Քաղաքականությունը նախ և առաջ ընտրություն է, տեսակետ, աշխարհայացք: Մեզնից յուրաքանչյուրը ամեն օր մի քանի տասնյակ ընտրություն է կատարում` ինչ հագնելուց մինչև ինչ ուտել, սուրճ խմել, թե թեյ, ում բարևել, ում չժպտալ, փողոցը կարմիր, թե կանաչ լույսի տակ անցնել, ում հանդիպել, ուր գնալ, ու այդպես մինչև անվերջություն: Եվ այդ անվերջության բոլոր փուլերն անցնում է համաձայն իր տեսակետի` ընտրելով իրեն հարմարը, հմայողը, համապատասխանը, իսկ այդ ամենի հիմքում աշխարհայացքն է, որն էլ որոշում է, թե որն է հարմար, հմայող, համապատասխան: Եվ, ուրեմն, ամեն ինչ քաղաքականություն է, թեև պարբերաբար փոխում է անունն ու դրսևորման կերպը: Եվ, ուրեմն, դուք չեք կարող ապրել առանց քաղաքականության: Չշտապեք ասել «ոչ», ոչ էլ հիմնավորել, որովհետև մի քանի տասնյակ փաստարկներ կարելի է շարել, թե ինչու, ինչպես ու ինչքան կարող եք ապրել առանց քաղաքականության: Շախմատի տախտակը պտտեք և սպիտակներով սկսած պարտիան փորձեք սևերով ավարտել: ՈՒ` հաղթել:
Ի՞նչ կապ ուներ հայկական գորշությունը, որ ներսից վարդագույն է ու դրսից անգո՞ւյն: Ոչ մի կապ: Գույնը քո ներսում է, և քո ներսի գույնով էլ աշխարհը ներկվում է: Սրբատաշ քարերից կարող ես կառուցել և՛ Վիանգ ամրոց, և՛ Ոսկե պալատ, և՛ առասպել, և՛ ոչինչ: Մ.թ.ա. եղած դեպքերն այսօր էլ ներգործուն են, որովհետև ունեցել են իրենց գույնը` ներսի գույնը` չկարևորելով արտաքինը, մենք գնահատում ենք արտաքինը, ու ներսի գույնը մեռնում է, որովհետև ոչ մի կատարյալ ձև դեռ չի փրկել գոյություն չունեցող բովանդակության կյանքը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ.- Հակառակ տարածված կարծիքի` մեռնող Ներոնի վերջին բառերը եղել են ոչ թե «Ինչպիսի արտիստ է զոհվում», այլ` «Ահա նա` հավատարմությունը», որ նա ուղղել է իր քարտուղար Էպաֆրոդիտոսին, նրա օգնությամբ կոկորդը կտրելուց հետո: Դա կայսեր վերջին մարգարեությունն էր: Իսկ մահվան Պղնձամորուսը պարտադրվեց, երբ ուժեղացան նրանք, ում խոստացել էր հանրապետություն, իսկ հաստատեց ուժեղ միապետություն: Նրա 31 տարին էլ չէր լրացել:

Դիտվել է՝ 4259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ