Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Եղևնու գագաթից դեպի ապահով Հայաստան (գունազարդ հեքիաթ)

Եղևնու գագաթից դեպի ապահով Հայաստան (գունազարդ հեքիաթ)
21.12.2012 | 12:25

«Սարդարապատի կռվի մեջ այնքա՜ն բարոյականություն կա... Սա, կարելի է ասել, նման է Քրիստոսի առաքելությանը։ Սա չնկատեցինք ո՛չ մենք, ո՛չ մեր եկեղեցին։ Եթե նույնիսկ սա լեգենդ, դիցապատում է, ապա չմոռանանք, որ եվրոպական ամբողջ մշակույթի բարոյականության հիմքը հունական դիցաբանությունն է»։


Ռոբերտ ՍԱՀԱԿՅԱՆՑ, մուլտիպլիկացիայի մաեստրո և հրապարակախոս

ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՂԵՎՆՈՒ ԳԱԳԱԹԻՑ
(ամանորյա կենացներ)
Բոսորամիտ իմ ընթերցող, գալիք տարում եղի՛ր մշտադալար (ինչպես եղևնին), եղի՛ր քաջառողջ (հանց երեքամյա ցեղական ցլիկը) և իմաստո՛ւն եղիր (ոնց որ Մասսյաց փեշերի Շահմար օձը. տարին օձինն է, գրողը տանի)։ Իսկ ես մագլցում եմ ամենաբարձր եղևնու գագաթն ու հոտնկայս խմում ձեր, նաև հայոց օրենսդիր, գործադիր և բոլոր մյուս մարմինների կենացը։ Լերո՛ւք ողջ։ Ի դեպ, ընթերցողիս կենացը խմելու եմ սովետական արտադրության «Տոնական» կոնյակով, հազա՜ր ափսոս, որ վերջին շիշն է։ Իհարկե, ձեր տոնական սեղանն արժանապատիվ է` ղավուրմա, սպաս և սուջուխ (մրգային)։
Այլ է չընթերցող-օլիգոպոլիկների սեղանը։ Զննենք միասին։ Այս շերխանիկները գերադասում են սեղանը զարդարել փուռը տված գետաձիու ձագով, իշխանի սելյոդկայով և, չզարմանաք, ապխտած ընդդիմադիրով։ Ի դեպ, ամանորի սեղանին ավելացրեք փշատը, տոլման ու աղանձը։ Տոնական տրամադրությունը պահպանելու համար աղանձում մեծացնում եք կանեփի քանակը։ Այո՜, երեք բուռ աղանձ ենք ծամում և լրջորեն հավատում, որ, իրոք, արտագաղթի քառանիշ աճը խիստ նպաստում է ծնելության յոթանիշ բարգավաճմանը։

ՁԿՆԿԻԹ ՈՒ ԿՈՎԿԻԹ

(մաղթանք առ կառավարություն)
Ողջ լերուք և բարով մարսեք 2012-ի ձեռքբերումները։ ՈՒ թող տարին բոլոր ձեր դանակը չբթանա ձկնկիթի կարոտից։ Ողջ լերուք, կենացը ձեր պատվական խմելու եմ տեղական արտադրության ֆիննական օղիով։ Մաղթում եմ, որ Կառավարական տան ժամացույցով կարգավորեք ձեր ժամանակը, ոչ թե հակառակը։ Մաղթում եմ նաև, որ գոնե այս տարի պատասխան լինի մեզ տանջող հարցին. կառավարությունը 2012-ին գրանցեց 10 % տնտեսական աճ։ Կեցցե՛ կառավարությունը, սակայն աճը կա, տնտեսությունը կա ոչ։ Ասենք ի՛նչ կա զարմանալու։ Ահավասիկ Գեղամա հրաշքը, լիճը կա։ Լճի մասին յոթ հատոր օրենքները մեր սեղաններին են։ Լճի փրկության համար միլիարդներ են դուրս գրվել։ (Այս գումարներով կարելի է փրկել երկրագունդը գլոբալ տաքացումից)։ Սակայն Սևանում առկա են որսագողերը, խեցգետինն ու բնապահպան-ցավքաշները։ Իշխանն ու սիգը, կողակն ու կարմրախայտը դարձան չվող ձկնատեսակներ և հեռացան դեպի Արարատյան դաշտավայրի լճակները։ (Ցնցող տեսարան էր, երբ մոզամբիկցի հյուրս Սևանի ափին կերավ Արմավիրից բերված իշխանը)։
Եվ այսպես շարունակ, տնտեսական ճգնաժամ էր, աճեցին կառավարական ծախսերը։ Դարդի՞ց։ Գուցե։ Բայց Մասիսներու շուքի տակ այլ բաներ են եղել։ Ահավասիկ, երբ մեծն Ալեքսանդր Մյասնիկյանը շրջում էր տիֆից ու սովից տանջահար Հայաստանի գյուղերում, վերադառնում էր Երևան քաղցած, միշտ քաղցած։ (Նրա ռուսազգի տիկինը չէր դիմացել և հեռացել էր հայրենի Մոսկով)։ Բոլշևիկ-պոետ Կուրղինյան Շուշանիկը զայրանում է ու զարմանում. «Այ ընկեր, հայ գյուղացին վերջին պատառն է կիսում հյուրի հետ, էն էլ քեզ նման թանկագին, էդ ո՞նց է, որ սոված փորով ես քաղաք հասնում»։ Մյասնիկյանն անվրդով էր. «Սիրելիս, մարդիկ տեղից էլ կիսաքաղց են, չեմ ուզում նրանց վերջին պատառին տիրանալ»։ Այո՜։ Իսկ երբ տիկին Կուրղինյանը վերջինիս կաղամբապուր է հյուրասիրում, Ալեքսանդրի քեֆին քեֆ չէր հասնի։ ՈՒ ինչ է ասում` «Թագավորական ճաշկերույթ Հայաստանի թագավորի համար»։ Չէ՜, իսկապես, թող ձկնկիթն ու ձեր գդալ-պատառաքաղներն իրարից խռով չմնան տարին բոլոր։ Բայց մեկումեջ էլ հիշեք, որ Հայաստանի կես միլիոն բնակիչներս աղքատ-անապահով ենք (մի մասը երանի է տալիս աղքատ-ապահովներին, զի անոթի է տարին բոլոր)։ Այսինքն, կա ձկնկիթ, վայելեք, բայց կա նաև կովկիթ, հիշեք այս մասին, կա գյուղ, գյուղացու իրական հոգս ու ցավ դեպքից դեպք։

ԿԵՆԱ՛ՑԴ, ԵՐԵՍՓՈԽԱՆ ԵՎ ԱՅԼՔ
(մաղթանք առ օրենսդիրներ)
Լերուք ողջ, թող տարին բոլոր ձեր սփռոցներն իրենց գույնով ու բույրով ուղիղ համեմատական լինեն ձեր ընդունած օրենքներին։ Հասկանալի է, կենացը ձեր խմելու եմ բաղդատված։ Զորօրինակ, ՕԵԿ-ինը` թնդեցված յոգուրտով, ՀՅԴ-ինը, բնականաբար, սոցիալ-ազգայնական որևէ խմիչքով։ Զորօրինակ, բժշկական սպիրտով բացված դոշաբով, սպիրտը խորհրդանշում է սոցիալիզմը, դոշաբը` ազգայնականությունը։ (Գուցեև հակառա՞կը, միևնույն է)։ Ինչով պատվեմ «Ժառանգության» ժառանգներին։ Հարցը խրթին է։ Գուցե ծաղկած բալենու կեղևի լիկյորո՞վ։ Հասկանում եք, խմիչքը պիտի ներառի քաղկառույցի գլխավոր որակները։ Զորօրինակ, Արմեն Մարտիրոսյանի հաղթ կեցվածքն ու ճշմարիտ խոսքը, Րաֆֆու աղվորագույն ժպիտը քաղաքական պահքի վերջին օրը, կամ էլ անզուգական Զարուհու մարտական շուրջկալները կառավարական տան առջև։ Կարծում եմ, լիկյորը տեղին է։ ՀԱԿ-ը մնաց, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն։ ՀԱԿ-ի հարցը դյուրին է։ Խմում եմ այն, ինչը պարտակում էի 1997-ին` ռուսական ընտիր օղի, արտադրված Սիլաչու կողմերը։ ԲՀԿ-ն «յարալու» է, բայց, իհարկե, մենք չարսիրտ դանակավորներ չենք։ Ողջունում եմ նրա քաղաքական միակ հասուն քայլը` հրաժարումը առաջադրումից, և բաժակ զարկում զմայլելի Նաիրայի հետ, «Նոյ» կոնյակով։
Գիտեք, երբեմն թունդ ՀԱԿ-ական տիկնայք զանգահարում են և սպառնում` «Լճիցլճերում» ջուր չլցնել ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի ջրաղացին։ Այս ե՞ս եմ ջուր լցնում։ Բայց չէ՞ որ տարին բոլոր անարգանքի սյուներ եմ տնկում և դրանց գամում բոլոր նրանց, ովքեր շեղվում են ուղիղ ճանապարհից, որ գծված են նախագահ Սարգսյանի և ՀՀԿ-ի քաղխոստումներում։ Այսպիսով խմում եմ ՀՀԿ-ի կենացը գլխիվայր կախված ամենահաստ ճյուղից, խմում եմ զորավոր մի գավաթով, մեջը, հասկանալի է, թնդեցված յոգուրտն է, դոշաբախառն սպիրտը, բալենու կեղևի լիկյորը, համեմված «Նոյ» կոնյակով։ Ըմպում եմ և մաղթում լինել արժանի բարձունքներում, զի հզորին վայել են վեհությունը և ուժը։ ՈՒժն ունեք լիուբոլ, վեհությունը երբեմն դավեր է նյութում ձեր դեմ։ Զի երրորդ անկախ-ինքնիշխանը վերից վար և ձախից աջ ձեր տնօրինման ներքո է։ Ինչը միանգամայն տրամաբանական է, զի եթե քսանամյա հետադարձ հայացք նետենք դեպի մեր կայացման արշալույսը, պիտի ձեռքներս դրած սրտներիս (ոմանք նաև «ջիգյարին») խոստովանենք, որ ՀՀԿ լուման պետության կայացման մեջ շատ ավելի է, քան մյուս հրաբորբոք ընդդիմադիրներինը։ ՈՒրեմն եղեք վեհ ու լայնախոհ։ Ընդունեք վերջապես ազգայնացման մասին օրենքը, և թող որ պետական մենաշնորհ լինի ամենուր, անշուշտ, մասնավորի կայտառ ներկայությամբ։ Թե չէ համաձայնեք, որ տխուր է շատ (ու վտանգավոր նաև), երբ հաղթական մեր երկիրը կարող է շեղվել բնականոն զարգացման ճանապարհից, եթե մեծապաշտոն մեկը մեծահարուստ մեկի հետ կարող է խնամիաթող լինել։ Այսպես է, զի առայժմ «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան կարգախոսը լսվում է ամենուր գյուղապետարանում, մարզպետարանում և այլուր։ Այնինչ, ՀՀԿ համագումարում ՀՀԿ առաջնորդն ու հանրապետությունում ղեկապետը մեկ անուն հնչեցրեց. Լեոնիդ Ազգալդյան։ Այսինքն, պարզորոշ ակնարկեց, որ հանրապետական անբարոյականներն այլևս տեղ չեն ունենալու, զի Ազգալդյանն ազգային-պետական բարոյականության խորհրդանշումն էր։ Անձամբ գրեթե վստահ եմ, որ փոխվելու եք։ Միայն թե քիչումիչ կասկածներ ունեմ. հավատալո՞վ եք փոխվելու, թե՞ պարզապես։ Ովքե՞ր մնացին։ Գյուղապետերին մաղթում եմ, որ նախ գյուղին լայնք-երկայնքով տիրություն անեն, հետո նոր միայն հարդարեն իրենց գրասենյակն ու քարտուղարուհի Նունուշիկի թշիկները։
Մտավորականներին մաղթում եմ փայլուն հղացումներ և պարարտ հոնորարներ։ Նաև մաղթում եմ` երբեք և ոչ մի պայմանով չքծնել հայոց իշխանապետիկներին։ (Սույնը, բարեբախտաբար, վերաբերում է ոմանց)։ Զի հենց իշխանապետ Z-ն ինքնահամոզվում է, որ իր վարքով ու բարքով Միկիտան Սաքոյի ծոռան ծոռն է, ու երբ տարեկան գռփածի մեկ հազարերորդի քառորդ մասը նվիրաբերում է մշակութային ինչ-որ ձեռնարկի իրականացմանը, ոմանք քծնանքի տռփանքից այնքան են կորցնում իրենց հյուսիսն ու հարավը, որ Z-ին հռչակում են մեր նորօրյա արքա Վռամշապուհ, Գյուլբենկյանն ու Մանթաշյանցն էլ վրադիր։
Մի խոսքով, դեպի Սարդարապատ։ Եվ թող այն դառնա մեր անկախ հանրապետության բարոյական հիմնաքարը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, ձեռքներս դնենք խղճներիս և խոստովանենք, թե վերջին անգամ կամավոր հիմունքներով ե՞րբ ենք այցելել Սարդարապատի հուշահամալիր։

Դիտվել է՝ 3583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ