Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքական գաղափարախոսությունների ասպեկտներն ըստ աստվածաբանության

Քաղաքական գաղափարախոսությունների ասպեկտներն ըստ աստվածաբանության
21.12.2012 | 15:02

20-ամյա անկախություն ունեցող ՀՀ-ում ձևավորվեցին քաղաքական տարբեր գաղափարաբանական ուղղություններ` հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա առավել ընդգծված են պահպանողական, լիբերալ և սոցիալիստական ուղղությունները: Այս ուղղություններից քրիստոնեական արժեքների գնահատանքին առավել անդրադարձել է Հայաստանի պանրապետական կուսակցությունը, սակայն, որպես հիմքային ելակետ, որևէ քաղաքական գաղափարական հենքում ընկած չեն քրիստոնեական սոցիալ-քաղաքական հիմնադրույթները, որոնց վրա արևմտաեվրոպական, հատկապես գերմանական քաղաքական տեսությունն է կառուցված: ՀՀԿ-ն, որն իր գնահատանքն է արտահայտում Հայ Առաքելական եկեղեցու և նրա վարդապետության նկատմամբ, այնուամենայնիվ, իր գաղափարախոսության մեջ էական է համարում 20-րդ դարում ծնունդ առած նժդեհական ուսմունքը, այլ ոչ թե երկհազարամյա քրիստոնեական սոցիալ-քաղաքական վարդապետությունն ու նրա փորձառությունը: Քրիստոնեական սոցիալական տեսության բացակայությունը բացասաբար է անդրադառնում քաղաքական կյանքի վրա, քանի որ այն քրիստոնեական աշխարհընկալման հիմնարար պատասխաններ է տալիս մասնավոր և ընդհանուր սեփականության, արդարության, ազատության, համերաշխության և այլ հարցերի շուրջ: Ուստի, հոգևոր տեսանկյունից դիտարկելիս, որպես քրիստոնյա ազգ, ներկայիս ՀՀ քաղաքական տեսության առանձնահատկություններում և զարգացման միտումներում աստվածաբանական անորոշություն ենք տեսնում, քանի որ այդ հայեցակարգերում բացակայում են քրիստոնեական սոցիալ-քաղաքական համակարգված հիմնադրույթները: Նորանկախ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ իշխանության եկած անձինք ձևավորեցին այնպիսի գաղափարական ուղղություն, որը տանում է ոչ թե դեպի քաղաքական և հոգևոր մշակույթների փոխկապակցված հաղորդակցման և քաղաքական գործընթացներում ձևավորում մեկ միասնական քրիստոնեադեմոկրատական մշակույթ, այլ նույնիսկ միտումնավոր կերպով տարանջատեցին հոգևոր և քաղաքական մշակույթները, ավելին` հոգևոր մշակույթն անտեսվեց քաղաքական պրակտիկ գործառույթներում և կենսագործունեության մեջ, իսկ տեսություններում հոգևորը պարզապես արտաքին ձևակերպումներ ստացավ: Հատկանշական է, որ հոգևոր մշակույթն իր մեջ ներառում է պատասխանատվության, պարտքի, արարքների, խղճի հանդեպ բարոյական պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունը, որովհետև քաղաքական աստվածաբանությունն առանձնակիորեն կարևորում է պատասխանատվությունն Աստծո և մարդկանց առջև: Մարդու քրիստոնեական աշխարհընկալումը պատասխանատվությամբ առաջնորդվելու քաղաքականության բարոյագիտական հենքն է: Մեծ փիլիսոփա Արիստոտելը դեռևս Քրիստոսից առաջ 4-րդ դարում նշում է, որ բարոյագիտությունը գործնական գիտություն է: Այն սերտորեն կապված է քաղաքագիտության հետ և որոշ իմաստով էլ հանդիսանում է քաղաքագիտության մասն ու սկիզբը: Կատարելապես անհնար է գործել հասարակական կյանքում, չլինելով որոշակի բարոյական հատկությունների կրող, արժանի մարդ: Լինել արժանի մարդ, նշանակում է օժտված լինել բարոյական առաքինություններով: Իսկ այն մարդը, ով ուզում է մասնակից լինել հասարակական-քաղաքական կյանքին, պետք է լինի առաքինի վարքի տեր: Այս պարագայում քաղաքական մշակույթը ձևավորում է բաց և թափանցիկ, վստահելի ու տեսանելի հասարակական հարաբերություններ, ուր քաղաքականությունը և քաղաքական միտքը ստանում են կատարյալ ազատություն իրենց գործելակերպի մեջ, սակայն այդ ազատության ինքնատիպությունն ու դիմագիծը բարոյականության ձևաչափն է: Գերմանացի հայտնի փիլիոսփա Էմանուիլ Կանտը շեշտադրում է, որ քաղաքականությունը պետք է խարսխվի բարոյականության սկզբունքների վրա: Երջանկահիշատակ Գարեգին Ա վեհափառն ասում էր. «Վարչական իշխանությունը մեր հանրային կյանքում անհրաժեշտ է: Բայց բարոյական իշխանությունը պետք է լինի դրա բարձրակետը: Առանց բարոյական, հոգևոր իշխանության վարչակարգն ամբողջապես կորցնում է իր նշանակությունն ու արդյունավետությունը»: Նկատելի է, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր գաղափարախոսության մեջ կարևորում է բարոյականությունը և այս արժեքով քաղաքականությունը կառուցելը, սակայն թե բարոյական ինչ արժեհամակարգի, չափանիշների մասին է խոսքը, անորոշ է թողնված: Միքայել եպս. Աջապահյանն «Աստվածաշունչը և ժողովրդավարությունը» հոդվածում նշում է. «Պետք է լինեն բարոյական չափանիշներ, որ նույնիսկ մեծամասնությունը իրավունք չունենա անտեսելու, բայց եթե հասարակության մեծամասնությունը չարաշահում է այն, արդեն մարդու իրավունքներն են ոտնահարվում»: Քրիստոնեական սոցիալական ուսմունքի համակարգված հիմնադրույթների ներառումը քաղաքական գաղափարախոսություններում թույլ կտար մատնանշել իշխանությունների պատասխանատվության աստիճանը հասարակության առջև:

Այս ամենից մեկ հիմնական հիմնադրույթ է պարզ դառնում, այս է` որպեսզի հոգևոր-քաղաքական մշակույթն իրապես փոխհաղորդակցման մեջ լինի և զարգանա` խթանելով վստահելի քաղաքական ուղղորդվածության զարգացումը հասարակության մեջ, անհրաժեշտ է հիմքային, համակարգային, շրջադարձային փոփոխություն: Իբրև քրիստոնյա ժողովուրդ` անրաժեշտ է այդ հիմքերը կառուցել քրիստոնեական սոցիալական ուսմունքի, էթիկայի հիմնարար արժեքների վրա: Իսկ այդ փոփոխությունը պետք է կրի ոչ թե արտաքին ձևական բնույթ, այլ լինի ներքին` մտածելակերպի հեղափոխության հիմնավոր արտահայտություն: Այդօրինակ քաղաքականությունը պետք է հիմնված լինի մարդու քրիստոնեական աշխարհընկալման և Աստծո հանդեպ վերջինիս պատասխանատվության վրա:
Համամիտ լինելով Կիրիլ պատրիարքի կարծիքին` մենք պետք է 21-րդ դարում մշակենք այնպիսի կեցության գաղափարախոսական մոդել, որն իր մեջ համակողմանիորեն և ներդաշնակորեն համադրի նեոազատականության և ավանդապահության դրամատիկորեն տարամետ հրամայականները:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ