Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կեղծ «տեղեկատվական պայքարն» ու հայտնի «բոչկա գլորողները»

Կեղծ «տեղեկատվական պայքարն» ու հայտնի «բոչկա գլորողները»
25.12.2012 | 00:23

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ռուսական ներկայությունը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում զգալի է եղել: Ռուսական ներկայությունն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական ու մշակութային, այլև տնտեսական դրսևորում: Պետք է նշել, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը միանշանակ ընթացք չի ունեցել: 1990-ականների սկզբներին կոմունիստներին փոխարինած ռուս ազատականները բավականին երկար ժամանակ չէին կարողանում հարավ-կովկասյան ռազմավարություն մշակել: Սկզբում Կրեմլը փորձում էր հենվել ավանդական քաղաքականության վրա` օգտագործելով Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ունեցած հումանիտար կապերն ու հաստատված ավանդույթները: Սակայն պարզվեց, որ հարավկովկասյան հանրապետություններում ռուսական սոցիալ-մշակութային և քաղաքական ներկայությունն ընկալվում է որպես կոմունիստական իմպերիալիզմի շարունակություն, և նախկին հարաբերությունների վրա հիմնված նոր, իրավահավասար հարաբերությունների կառուցումն այնքան էլ հեշտ գործ չէ:
Խնդիրն է՛լ ավելի էր բարդանում, քանզի հարավկովկասյան հանրապետությունները, փաստացիորեն, պատերազմական իրավիճակում էին, և այդ պատերազմներում հաղթանակի հասնելու համար զգալի դերակատարություն էր տրվում ռուսական գործոնին ու ռուսական սպառազինության մատակարարմանը: Արցախյան գոյամարտի ողջ ընթացքում ռուսական սպառազինությունը մարտական գործողությունների թատերաբեմում մրցակիցներ չուներ, ռուսները ռազմական տեխնիկա և ռազմամթերք էին ապահովում հավասարապես հայերին և ադրբեջանցիներին` փորձելով հավասարակշռություն ապահովել: Նախկին խորհրդային բանակի ժառանգության բաժանումն էլ Կրեմլը դիտարկում էր իր հաշվարկների և շահերի համատեքստում` ռազմական գործողություններ մղող հայերին և ադրբեջանցիներին փորձելով պահել ռուսական քաղաքականության տիրույթում: ՈՒշագրավ է, որ հակառուսականության վրա հիմնված Ադրբեջանի «Ազգային ճակատի»` իշխանությունից հեռանալուց և Հեյդար Ալիևին վերջնականապես «խելոքացնելուց» հետո միայն ռուսները 1994-ի գարնանը ձեռնամուխ եղան Արցախում կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանն ու հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում իշխանության գլուխ անցած ՀՀՇ-ն առանձնակի հակառուսական գործողություններ չի իրականացրել` փորձելով հնարավորինս շատ օգտագործել ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում:
ՈՒշագրավ է, որ Հարավային Կովկասում ռուսական քաղաքականությունը, սկսած 1992-ից, լուրջ խնդիրների հանդիպեց` ի դեմս տարածաշրջանում արևմտյան հումանիտարների «ներխուժման»: Հարավկովկասյան հանրապետությունների նոր էլիտաները արագացված ընթացքով հարաբերություններ էին հաստատում արևմտյան երկրների հետ` իրենց իշխանության ամրապնդման գործընթացը կառուցելով նախկին հասարակարգի արատավոր երևույթների անխնա քննադատության վրա: Այս իրավիճակը պարարտ հող էր արևմտյան գաղափարախոսության` մարդու իրավունքների և ժողովրդավարության կարգախոսներով համեմված կապիտալիստական գաղափարախոսության ներխուժման համար, ինչն էլ լուրջ մրցակցային հարաբերություններ ստեղծեց ռուսական քաղաքականության համար: Այդ էր պատճառը, որ 1990-ականների կեսերից ռուսական քաղաքականությունը Հայաստանում սկսեց կառուցվել ռազմավարական համագործակցության արժեքների հենքի վրա` հիմնված լինելով տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության և Հայաստանի ռազմական անվտանգության երաշխիքների ու գաղափարների միահյուսման վրա:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական ռազմաքաղաքական ներկայության դեմ արևմտյան որոշակի քաղաքական շրջանակներ աննկուն պայքար են ծավալել սկսած 1990-ականների կեսերից: Նշենք նաև, որ Վրաստանում և Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ ստեղծելն այդքան էլ բարդ գործ չէր, քանզի այդ երկու պետություններն էլ ռազմական պարտություններ էին կրել, և դրա մեղքը կարելի էր բարդել ռուսների վրա: Բացի դրանից, Վրաստանն ու Ադրբեջանը, կանգնած չլինելով թուրքական հնարավոր ագրեսիայի առջև, իրենց երկրներում ռուսական ռազմական ներկայության ապահովման խնդիր երբեք էլ չեն ունեցել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ռուսական ռազմական ներկայությունը մեր երկրում հիմնականում կապված է թուրքական վտանգի հետ, որին դիմակայելու հարցում Հայաստանի, թերևս, միակ իրական դաշնակիցը Ռուսաստանն է:
Ինչևէ, ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական գործոնը Հայաստանում զգալի է: 2008-ին իշխանության եկած նախագահ և վարչապետ Սարգսյանները հայ-ռուսական հարաբերությունները զարգացրել են նոր` ավելի հավասարակշռված և փոխշահավետ տրամաբանությամբ: Ամենայն հավանականությամբ, մեր երկրի իշխանությունը ռուս գործընկերներին հասկացրել է, որ Հայաստանը չի կարող քաղաքական և տնտեսական պատշաճ հարաբերություններ չունենալ ԱՄՆ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ, հատկապես, երբ տարածաշրջանի մյուս պետությունները լուրջ հարաբերություններ են կառուցում Արևմուտքի հետ: Ըստ էության, զարգացնելով Արևմուտքի հետ հարաբերությունները, Հայաստանի իշխանությունը զարգացրեց նաև ՌԴ-ի հետ ունեցած ռազմաքաղաքական հարաբերությունները` շատ ավելի լավ պայմաններ ապահովելով ռուսական կապիտալի և ռազմական ներկայության համար:
Սա է պատճառը, որ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ վարչապետ Տիգրան Սարգսյանի անձը կապում են հակառուսական ճամբարի գործունեության հետ: Ի դեպ, հակառուսական ճամբար Հայաստանում կա, դա հերքելն անիմաստ է: Դրանք այն շրջանակներն են, որոնք սնուցվում են հիմնականում ամերիկյան հումանիտար դրամաշնորհային ծրագրերից և իրենց սուրբ պարտքն են համարում Հայաստանից ռուսներին վռնդելը: Սակայն Տիգրան Սարգսյանին հակառուսական ճամբարին դասելը հիմնականում կատարվում է իշխանության համար մղվող պայքարի համատեքստում: Վարչապետի պաշտոնում նշանակվելու հավակնություններ ունեցող գործիչների զգալի մասը փորձում է Տիգրան Սարգսյանին ներկայացնել որպես Արևմուտքի հետ զարգացող հարաբերություններ կառուցող գործիչ` դրանով բացատրելով նրա «հակառուսականությունը»: Մինչդեռ վարչապետ Սարգսյանը նախորդ հինգ տարիներին նույնաբովանդակ հարաբերություններ է կառուցել նաև ռուսների հետ: Նաև տրամաբանական հարց է առաջանում. ինչպե՞ս կարող է վարչապետ Սարգսյանը լինել հակառուսական ճամբարում, երբ նախագահ Սարգսյանն այդ ճամբարից չէ:
Ինչևէ, վարչապետ Տիգրան Սարգսյանին վարկաբեկելու և մամուլով տարբեր տեսակի մեղադրանքներ պտտելու գործում վարպետացած շրջանակները շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակից Տիգրան Սարգսյանը չի կարող այլ քաղաքական ուղղվածության կրողը լինել, սակայն վարչապետի պաշտոնը նրանց քաղցր է թվում, տարբեր տեսակի «մուտիլովկաների» տարածումն էլ` բնական, ուստի չի բացառվում, որ մոտ ապագայում Տիգրան Սարգսյանի անձը նույնացնեն նաև հակաավստրալիական կամ, ասենք, հակազանզիբարական ճամբարի հետ:


Շարունակելի
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ