Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թույլ չեն տալիս, որ նոր տեխնոլոգիան հասնի կառավարության ղեկավարին

Թույլ չեն տալիս, որ նոր տեխնոլոգիան հասնի կառավարության ղեկավարին
10.04.2018 | 09:53

(Նախորդ մասը)

Հանրահայտ ճշմարտություն է, որ տնտեսության զարգացման լոկոմոտիվը գիտությունն է, հատկապես կիրառականը:
Տնտեսությունն իր խնդիրներն առաջադրում է գիտությանը, վերջինս լուծում է դրանք, տալիս տնտեսությանը, և փոխադարձ համագործակցությամբ երկուսն էլ շարժվում են առաջ: Բայց որպեսզի դա տեղի ունենա, գիտության գնահատման չափանիշները պետք է բխեն տնտեսության զարգացման խնդիրներից, շուկայական հարաբերություններից. եթե գիտնականի մշակած տեխնոլոգիան, մեքենասարքավորումը շուկայում պահանջարկ ունեն, ուրեմն դու առաջատար ես, կարող ես ակնկալել նաև կառավարության աջակցությունը: Մինչդեռ վերջերս հրավիրած մամուլի ասուլիսում գիտության պետական կոմիտեի նախագահի թվարկած չափանիշները` քանի ատենախոսություն է պաշտպանվել, քանի հոդված է տպագրվել արտերկրում, քանի հղում կա այդ հոդվածներին և այլն, ոչ մի կապ չունեն տնտեսության զարգացման, շուկայական հարաբերությունների հետ և հիմնականում կոչված են կառավարման համակարգը կյանքից կտրված, բայց գիտական կոչումներով արժևորված մեծամեծերի երեխաներով համալրելուն:


Ստացվում է, որ մեր երկրի տնտեսությանը, մասնավորապես գյուղատնտեսությանը, գիտություն պետք չէ: Բայց այդ դեպքում ինչի՞ համար են գիտության և կրթության նախարարությունը, գիտպետկոմը, մոտավորապես 100-ի հասնող գիտահետազոտական կազմակերպություններն ու խմբերը, գյուղոլորտի զարգացման խորհրդատուների հսկայական բանակը: Անհասկանալի է հատկապես վերջինիս դերակատարումը. արդեն քառորդ դար է, ինչ մեր խորհրդատուները ամեն տարի գյուղացուն սովորեցնում են, ինչպես ճիշտ մշակել կարտոֆիլը, բանջարեղենը, գարին և այլն, ու նա չի կարողանում ճիշտ ընկալել այս ամենը: Լավ, ինչի՞ տեղ ենք դրել գյուղացուն, երբ ցանկացած գյուղում համացանցի միջոցով հողագործը կարող է ստանալ հուզող հարցերի պատասխանը:
Գյուղերում արդեն զավեշտի են վերածվել այդ խորհրդատվությունները. մարդիկ գնում են դրանք լսելու կամավոր-պարտադիր` մի քիչ պարարտանյութ կամ սերմացու ստանալու ակնկալիքով, գյուղի ղեկավարների և խորհուրդ տվողների խնդրանքով, որպեսզի արձանագրությունը լրացվի, և մի երկու կոպեկ փող ստացվի:


Արագածոտնի մարզում վերջերս հրավիրված այդպիսի մի խորհրդակցության կեսին, լուռ ու մունջ նստած գեղջկուհին հանկարծ վեր է կենում տեղից և ասելով «մալի ժամն է», առանց թույլտվության հեռանում է: Մինչ խորհրդատուները փորձում են իրենց հետ եկած ամերիկացի խորհրդատուին թարգմանել այդ ոչ այնքան հեշտ թարգմանվող բառակապակցությունը, գեղջկուհին ավարտում է իր սիրելի «Ջեյրանի» կիթը:
Իր և իր թիմի հարցազրույցի վերջում վարչապետը նշում է. «Լրագրողների, մասնավորապես, տնտեսական լրագրողների միջոցով միայն կարող ենք հասարակությանը ներկայացնել` որտեղ ենք և ուր ենք գնում և հետադարձ կապը ստանանք` թեկուզ օբյեկտիվ քննադատություններով ու դիտողություններով»:


Մեկ տարուց ավելի է, ինչ թղթակցելով «Իրատեսին», «բան» ասելու և «ստեղծողի» իրավունքով (ավելի քան 50 տարի աշխատել եմ կերարտադրության և անասնապահության մեքենայացման գիտաարտադրական կազմակերպություններում) փորձում եմ վարչապետի ասած տնտեսական դաշտի «օբյեկտիվ քննադատություններով ու դիտողություններով» օգնել կառավարությանը, գյուղնախարարությանը, բայց` «ձայն բարբառո անապատի», այսինքն, պարոն վարչապետ, չկա Ձեր ասած հետադարձ կապը, և դա ավելի է խորացնում անվստահությունը, որովհետև իմ և իմ գործընկերների հոդվածներում արծարծվող օբյեկտիվ, սուր հարցադրումներին չպատասխանելն ընթերցողների շրջանում ձևավորում է այն համոզմունքը, թե կառավարման համակարգն է մեղավոր:
Թե՛ լրագրողի, թե՛ Ձեր նպատակը հավատը վերականգնելն է, բայց ինչպե՞ս:
Այն, ինչի մասին հիմա գրում եմ, նորություն չէ, բազմիցս արծարծվել է «Իրատեսում», մամուլի ասուլիսներում, հարցազրույցներում: ՈՒ հիմա մտածում եմ՝ արժե՞ արդյոք այդ խնդիրները նորից բարձրաձայնել, թեպետ ասում են, կրկնությունը գիտության մայրն է:


Այս ամենը, «Իրատեսի» հայտնի լրագրողի ձևակերպմամբ, վերածվում է «զավզակության» շքերթի, զրոյացնում լրագրողի մոտիվացիան, որովհետև միևնույն է՝ արձագանք, պատասխան չի լինի: ՈՒրեմն ինչու՞ և ու՞մ համար գրել: ՈՒ նաև` ինչպե՞ս մասնակցել մեր երկրի առաջընթացի ծրագրերին՝ չհայտնվելով ժամանակի լուսանցքում: Գովերգելով այսօրվա ներկա՞ն: Բայց այդ ճանապարհը մենք արդեն անցել ենք, ու դրա պատասխանը Ձեր ասած տնտեսության խոպանն է, գյուղնախարարի ասած եկամտաբեր, մրցունակ գյուղատնտեսություն չունենալը:
Ստեղծված իրավիճակում, երբ քաղաքացի-կառավարման համակարգ կապը այն չէ, երբ խզված է տնտեսություն-գիտություն փոխադարձ կապը, մասնավորը փորձում է այդ բացը լրացնել սեփական հայեցողությամբ` իր տնտեսությունը զարգացնելու համար արտերկրից ներկրելով համապատասխան տեխնոլոգիաներ, տեխնիկական միջոցներ, որոնք, ցավոք, միշտ չէ որ «նորույթ» են, ավելի հաճախ իրենց դարն ապրել են, «սաղացվել» մեր փողատերերին` իրողությունը չիմանալու արդյունքում:


Բայց եթե մի անհատ-սեփականատիրոջ հաշվով դա փոքր դժբախտություն է (իր փողն է, ինչ կուզենա կանի), ապա հանրապետության մասշտաբով այդպիսի լուծումները գովերգելն ու դրանք օրինակելի ներկայացնելը, ինչպես դա անում է գյուղնախարարությունը, ազգային դժբախտություն է, զարգացման տեսլականի վրա մի քառորդ դար ևս խաչ քաշել է: Դա հատկապես վերաբերում է տավարաբուծության զարգացմանը: ՈՒ ես կրկին ու կրկին, ինչպես ասում են, քանի դեռ ապրում ես, հույսը քեզ հետ է, ու հենց այս հույսով էլ, անցյալ տարվա վերջին, «Իրատեսում» տպված հոդվածը, համապատասխան դիմումով, ուղարկեցի կառավարություն` խնդրելով քննարկել «Որակյալ, էժան, ինքնաբավ կաթնամսամթերք արտադրելու չօգտագործված հնարավորությունների օգտագործման հնարավորությունները» մեր բիզնես-առաջարկությունները:
Քննարկումը հաստատված ձևաչափով էր, վերևից եկած հրահանգով` ամեն գնով պահպանել կառույցի ամբիցիան և ասել` ոչ: Քննարկումն անցկացնող ոլորտի ղեկավարներից մեկը հայտարարեց, որ ներկայացված առաջարկությունում ոչ մի նոր բան չկա, թեպետ նա չէր էլ կարող ծանոթ լինել ամբողջ առաջարկությանը, որովհետև այն ինձ մոտ էր: Ստացվում է՝ ղեկավարը կարող է տեղյակ չլինել, թե խոսքն ինչի մասին է, բայց դատավճիռ կայացնել կարող է:


Իմ այն հարցին, թե ո՞րն է զարգացման Ձեր տեսլականի նորույթը, հետևեց պատասխանը` կոոպերատիվներ, սուբսիդիա, լիզինգ և այլն, որոնք այդպես էլ անցած քառորդ դարում ոչ մի դրական արդյունք չտվեցին, ավելի ճիշտ, այդ արդյունքի հանրագումարը, գնահատականը գյուղնախարարի հայտարարությունն է` մենք չունենք եկամտաբեր, մրցունակ գյուղատնտեսություն:
Առավել հետաքրքիրը պաշտոնական պատասխանն է` «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ողջունում է Ձեր կողմից ներկայացված ծրագրային առաջարկը» (թեպետ, ինչպես արդեն ասացի, ծրագրի ամբողջականության հետ այդպես էլ ոչ ոք չծանոթացավ), և տողատակում վատ քողարկված զայրույթը` գնա կենսագործիր քո ծրագիրը, մեզնից ի՞նչ ես ուզում:
Մինչդեռ իմ ուզածը մի պարզ, հասարակ բան էր` հայերեն հոդաբաշխ բառերով, հավասարը հավասարի հետ քննարկել խնդիրը և գտնել արդյունավետ լուծում: Չի ստացվում, կառավարիչը չի կարող քաղաքացու հետ խոսել հավասարը հավասարի պես, ինքը վերևում է, իսկ դու` ներքևում, ճիշտը վերևինն է: Եվ քանի դեռ չի վերացել այս «փոքրիկ անճշտությունը», տնտեսության խոպանը արդյունավետ հերկելու ցանկությունն այդպես էլ կարող է մնալ որպես ցանկություն:


Հարգելի ընթերցող, հոդվածս սկսեցի հույս արթնացնելով, որ կունենանք որակյալ, էժան, ինքնաբավ կաթ, միս, թթվասեր, պանիր, կարագ, կաթնաշոռ և այլն, որ կստեղծվի բարեկեցիկ ապրող անասնապահ ֆերմերների միջին խավ, որը կկանխի արտագաղթը, կթուլացնի աղքատների և մեծահարուստների միջև առկա լարվածությունը, ու այս նախագիծը ներկայացրի գյուղատնտեսության նախարարություն՝ ակնկալելով մեր մասնակցությամբ, մեր ստեղծած, փորձարկված մեքենասարքավորումներով կարգավորել իրավիճակը, ոլորտը դարձնել եկամտաբեր, մրցունակ: Ինչպես հասկացաք՝ առայժմ դա չի ստացվում, գյուղնախարարությունը, փաստորեն, հրաժարվում է համագործակցությունից` առանց որևէ հիմնավորման:


Հարգելի պարոն վարչապետ և գյուղնախարար, Դուք հայտարարում եք, թե ոլորտը եկամտաբեր և մրցունակ չէ, այսինքն, ոլորտում աղքատություն է, որն արտագաղթի հիմնական պատճառն է: Ձեր և գյուղնախարարի մասնակցությամբ Ձեր թիմի հայտնի հարցազրույցում Դուք բացահայտեցիք մի նոր իրողություն` ոլորտի գյուղաբնակների մոտ ծնելությունը մոտավորապես 2 անգամ պակասել է: Սա երևի նշանակում է, որ մենք հատել ենք կարմիր գիծը, ոլորտը չունի ոչ միայն ներկա (եկամուտ չկա), այլև վտանգված է ապագան (աշխատողների պակաս է զգացվելու):
Մենք` հոդվածիս հեղինակը, կերարտադրության և անասնապահության մեքենայացման բնագավառի գիտաարտադրական կառույցներում 50 տարվա աշխատանքային փորձ ունեցողս, երջանկահիշատակ Վասիլ Հակոբյանը` Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ի հիմնադիրը, որը կարողացավ աշխատունակ վիճակում պահել և սերունդներին հանձնել հանրապետությունում, ըստ էության, միակ եզակի կառույցը` կաթնապրանքային ֆերման, իր արտադրական բոլոր ենթակառուցվածքներով, մշակել ենք այլընտրանքային մի նախագիծ, որի իրացումը թույլ կտա կամավորության սկզբունքով միավորված անասնագլխաքանակով, հայրենական գիտատեխնիկական մշակումներով իրացնել տավարի մթերատվության գենետիկ պոտենցիալը, բազմապատկել էժան, որակյալ խոտի և գարու բերքը, մեր սարերից արտերկիր փախչող անձրևաձնհալ ջրերը պահ տալ արոտներին, դրանով կասեցնել երաշտը, տարածքային հրդեհները, նվազեցնել ջրհեղեղների թափը, ունենալ ժամանակակից զոոտեխնիկական պահանջներին համարժեք անասնաշենքեր, արտադրել և իրացնել շուկայական լավ պահանջարկ ունեցող սպիտակուցային խտանյութ, վարակազերծված օրգանահանքային պարարտանյութ, կաթիլային ոռոգումը իրագործել նվազ խտությամբ սննդարար լուծույթներով ու այս ամենով ստանալ մեծ եկամուտ, դուրս գալ այսօրվա աղքատության և արտագաղթի ամոթալի վիճակից:


Այս ամենը իրագործելու համար անհրաժեշտ է հասարակ մի բան` լսելու կարողություն, որպեսզի կարողանանք միավորված ուժերով, հնարավորություններով լուծել եկամտաբեր, մրցունակ տավարաբուծություն ունենալու խնդիրը: Մի խնդիր, որի լուծումը կառավարությունն ու գյուղնախարարությունն այդպես էլ չունեն: Չունեն ու դիմացինին էլ չեն ուզում լսել:
Բայց վերջին խոսքը ձերն է, հարգելի անասնապահ ֆերմերներ, գյուղի ինտելիգենցիա, և որպեսզի այդ խոսքը լինի վճռական, դուք պետք է ասեք, թե որքան է իրատեսական մեր այդ ծրագիր-առաջարկությունը, որի մանրամասները կներկայացնեմ հաջորդ հոդվածում: Պատրաստ եմ հանդիպելու ձեզ հետ և քննարկելու տավարաբուծության առաջիկա տարիների զարգացման մեր տեսլականը: Շնորհակալ կլինեմ, եթե այդ քննարկումներին մասնակցեն գյուղնախարարության ներկայացուցիչները: Կուզենայի մեկ անգամ էլ շեշտել, որ խոսքը փոշիացած, եկամուտ չբերող, առավելապես արտագաղթի ենթակա, վիճակագրության համաձայն 3 գլուխ տավար և 1,4 հա հողակտոր ունեցող 160000 գյուղացիական տնտեսությունների (մոտավորապես 640000 մարդ) մասին է, որոնք կդառնան կենսունակ, երկիրը կապահովեն որակյալ, էժան, ինքնաբավ կաթնամսամթերքով, եթե մենք համատեղ քննարկումների արդյունքում կարողանանք մշակել զարգացման ճիշտ տեսլականը: Այս հարցերին նվիրված «Տավարաբուծության զարգացման տեսլականը պետք է ունենա այլընտրանքային ծրագիր» հոդվածը կներկայացնեմ հաջորդիվ:

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 4432

Մեկնաբանություններ