Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Զրուցել» է պետք, ինքնին ոչինչ տեղի չի ունենում

«Զրուցել» է պետք, ինքնին ոչինչ տեղի չի ունենում
04.12.2018 | 02:13

Ռուսաստանում սեփական և աշխարհի հզորագույն բանակների ռազմատեխնիկական բնութագրերը սովորաբար ամեն տարեվերջին ներկայացնում են տեղական ռազմագիտական հրատարակությունները: Սակայն այս անգամ լրատվամիջոցներում ավելի շատ հրապարակվեցին Business Insider համաշխարհային հրատարակության Global Firepower վարկանիշային տարբերակով բերված տվյալները: Ինչ էլ որ լինի, օտար աղբյուրի գնահատականները, հատկապես երբ դրանք քո օգտին են, շատ ավելի շահեկան են: Ընդսմին ընդգծվում է, որ տեղական ու օտարերկրյա հրատարակությունների տվյալներում երբեմն էական տարբերություններ են նկատվում:


Հզոր ու մարտունակ բանակը երկրի շոշափելի կշռի երաշխիքն է միջազգային գործերում՝ հավաստում են ռուս ռազմական փորձագետները: Հայերս նույնպես չենք կարող անտարբեր լինել մեր գլխավոր ռազմաստրատեգիական դաշնակցի ռազմական կարողությունների նկատմամբ: Անշուշտ, սրընթաց փոփոխվող աշխարհում սրընթաց փոխվում են նաև պաշտպանական ստրատեգիական ուղղությունները, ռազմարդյունաբերական հնարավորությունները, և, բնականաբար, թուլանում են համեմատությունների արդյունքների հավանականությունները: Այդուհանդերձ, նշյալ ցուցակը կազմելիս, որի մեջ ընդգրկվել են 136 պետություններ, հաշվի է առնվել 50-ից ավելի գործոն, մի կողմ են դրվել միջուկային (հրթիռային) կարողությունները:


Եվ այսպես, Business Insider-ը առաջին երեք տեղերը բաշխել է հետևյալ կերպ.
1. ԱՄՆ-ի բանակը: Թվաքանակով մեծագույնը չէ՝ մոտ 2 միլիոն զինծառայող, սակայն ամենահզորն է սպառազինությամբ. նրա զինանոցն ընդգրկում է 13,3 հազար ինքնաթիռ, այդ թվում՝ 1,9 հազար կործանիչ, 5,8 հազար տանկ, 415 մարտանավ, այդ թվում՝ 20 ավիակիր: ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն՝ 647 միլիարդ դոլար:


2. Ռուսաստանի բանակը: Թվաքանակը՝ մոտ 3,5 միլիոն (որոշ տվյալներով՝ մոտ 2 միլիոն): Գերտերությունների մեջ խիստ բարձր է 1000 բնակչի հաշվով զինվորականների թվային ցուցանիշը՝ 5,3 մարդ: Ռազմական բյուջեն՝ 47 միլիարդ դոլար: Ռազմածովային նավատորմն ընդգրկում է 352 մարտանավ, ավիացիան՝ 3,9 հազար ինքնաթիռ, որից կործանիչները՝ 818, տանկերի քանակն անցնում է 20 հազարից:


3. Չինաստանի բանակը: Թվաքանակը՝ մոտ 2,5 միլիոն, ռազմական բյուջեն՝ 151 միլիարդ դոլար, տանկերը՝ 7 հազարից ավելի, ինքնաթիռները՝ մոտ 3 հազար:
Եվ այսպես, ընդամենը 5-6 տարում Վլադիմիր Պուտինին հաջողվեց երկրի զինված ուժերը դարձնել երկրորդ հզորագույնը աշխարհում, մի պարագա, որ սրտի ցավով ընդունում ու հաշվի են առնում նույնիսկ ամերիկացիները: Երկու առաջատար ռազմական գերտերությունների պաշտպանական բյուջեների հսկայական տարբերությունը հետևանք է նաև այն բանի, որ ամերիկացի զինվորականների աշխատավարձն անհամեմատ բարձր է, ամերիկյան ռազմաբազաները ցրված են աշխարհով մեկ, ռուսներն իրենց զինտեխնիկան ստեղծում են համեմատաբար էժան ծախսերով՝ օգտագործելով նաև իրենց անսպառ բնական հարստությունները և այլն: Նույնիսկ վերջին մի քանի տարում ստեղծված գերժամանակակից (գերձայնային) հրթիռները, որոնցով Պուտինը անթաքույց սպառնում է ամերիկացիներին, գերթանկարժեք չեն:


Իսկ 136-ի մեջ մենք ո՞ր տեղում ենք, բնականաբար կհարցնեն «Իրատեսի» հետաքրքրասեր ընթերցողները: Պատասխանում ենք՝ 84-րդ: Ցուցակի առաջատարներից բացի, մնացած պետությունների բանակների ռազմատեխնիկական-քանակական բնութագրերը բերված չեն: Մեզնից առաջ են Վրաստանը՝ 82-րդ հորիզոնական, Ադրբեջանը՝ 53-րդ: Անշուշտ, փոքր կոչված պետությունների մեջ լավագույն ցուցանիշը Իսրայելինն է՝ 16-րդ տեղ: Մյուս հարևաններից առանձնացնենք մեր ոխերիմ թշնամուն՝ Թուրքիային՝ 9-րդ տեղ և Իրանին՝ 13-րդ տեղ:
Չլինելով ռազմական փորձագետ՝ հեռու եմ համաշխարհային մակարդակով բանակային շինարարության վերաբերյալ դատողություններից, այլ հարց է, թե Հայաստանին ինչու չի հաջողվում լեզու գտնել մոլորակի երկրորդ՝ մեր մերձավոր դաշնակից ռազմական գերտերության ղեկավարության հետ և նրա աջակցությամբ թե միջոցներով կամ մի այլ ձևով ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունն այն հեռանկարով, որ Հայաստանում կառուցվեն ռազմական գործարաններ, արտադրություններ՝ մեր երկրի ռազմարդյունաբերական համալիրը բարձրացնելով նոր աստիճանի: Եվ եթե այս իմաստով անպտուղ էին Հայաստանի նախկին ղեկավարները, ապա խնդրով թող լրջորեն մտահոգվի երկրի նոր ղեկավարությունը: Հազիվ թե Հայաստանին շահաբաժիններ բերեն ՀԱՊԿ-ի հետխորհրդային երկարակյաց «հին գայլերի» հետ ծայր առած հակամարտությունները: Ռուսական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր մի լուսանկար, որտեղ առինքնող ժպիտներով իրար հետ զրուցում են Լուկաշենկոն, Փաշինյանը և Նազարբաևը: «Զրուցել» է պետք, ինքնին ոչինչ տեղի չի ունենում:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 5740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ