Որքան էլ արտառոց թվա, Նիկոլի գաղտնիքն առնչվում է Արցախյան խնդրին: Բավականին լուրջ հաշվարկով իշխանության բերված` անչափ ուրույն մատրիցա, անցյալ, գենոմ, ամբիցիաներ, ուղեղային «դասավորություն», փողի` նյութականի նկատմամբ խիստ ընդգծված, գյուղացու խորամանկության խորքով, մարդասիրությունից, ներելու կարողությունից իսպառ զուրկ, լոկ օգտաշահ հաշվարկի «տրցակ» երբեմնի խմբագիրը, փաստորեն, ձեռնտու «զոնա» է բոլորի համար:
Թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական «վերադասավորության» տեսանկյունից: Ով է նրան «մտահղացել», կա՛մ էական չէ, կա՛մ շատ էական է, այնուհանդերձ, նրա «պարամետրերը» համապատասխանում են խաղին առավել, քան կարելի էր պատկերացնել:
Այսպիսով, «թավշյա հեղափոխության» գլխին հայտնված գյուղացի Համբոյի արտաքինով իջևանցի տղայի հեղափոխության «հայրերը» հընթացս տեղավորեցին նրան մի կողմից Վազգեն Սարգսյանի, մյուս կողմից Մոնթեի կերպարի մեջ, ինչը համբոյական նրա արտաքինը դարձրեց ուղղակի կոսմետիկ, եթե չասենք` մասամբ փնթի ու անհամոզիչ, ու արդեն երկու տարի նրան նայող մարդիկ երազում են` երնեկ մաքրեր մորուքը, դառնար գեթ քիչ հասկանալի-ընկալելի գոյ: Դե պարզ է` մորուքը ևս Արցախի «մասին» էր:
Նրա վրա խաղադրույք դրած Արևմուտքը, իրականում` իսրայելա-ամերիկա-բրիտանական, այն է՝ գլոբալիստական շերտը, խաղարկում էր երկու սցենար: Արցախյան. «դարի գործարքի»` պաղեստինյան սցենարի մեղմ կատարումով և Ռուսաստանի ազդեցության դաշտից Հայաստանի դուրսբերում:
Լինենք անկեղծ. վերջին «իդեան»` Ռուսաստանից «ազատականացումը», ինչ-ինչ քայլերով իրականացվում է` հետ-առաջի սկզբունքով. ատոմակայանի փակման սպասում, ռուսական հեռուստաեթերի փակման սպասում, Ախուրյանի վրայով դեպի Թուրքիա կամուրջ՝ առանց ռուսական սահմանապահների` հայոց պատմական հող այցելության թույլտվությամբ, և այդպես շարունակ: Բայց` դեռևս սպասման մակարդակով:
Արցախի հարցում էլ` ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին «տեղապահ» «նշանակելով»:
Ռուսական հետաքրքրություններն էլ բավականին հետաքրքիր դրսևորում ունեն, հետ առաջի-սկզբունքով, հիմա իշխանությունները ելքեր են փնտրում ռուսական հեռուստաալիքների «վերականգնման», անհամբեր սպասում են` Պուտինն ինչ արդյունքներ է ունենալու հանրաքվեի ու իր նոր ընտրության մասով, ու ոտքը կախ գցած, փորձում հասկանալ` ինչ են անելու հետայսու:
Ներքաղաքական մասով. տեղի է ունենում անտինիկոլական ուժերի ինչ-որ համախմբում, հետո` տրոհում, ցանցային պայքարի առկայծում-մարում:
Հավաքենք ծայրերը:
ա) Ցայս` Արցախը տեղում է: Ստատուս-քվոն` կայուն: Որևէ վնաս Արցախին դեֆակտո չի պատճառված:
բ) Բոլորը սպասում են. Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են հասկանալ` ինչով կավարտվի «դարի գործարքը», և հետկորոնավիրուսյան աշխարհում ինչ վերադասավորություններ կլինեն:
գ) Հայոց ընդդիմությունը, ընդ որում, ոչ այն մասը, որն ամեն օր բանակցում, այլ խորքային խաղացողները ևս մլուլ են տալիս: ՈՒ նույնպես սպասում:
Նիկոլ Փաշինյանն այսօր բոլորի կողմից հանդուրժվում է, որպես ԺԱՄԱՆԱԿ: Նիկոլի գաղտնիքը «ժամանակ» լինելու, այն է` ժամանակ շահելու մեջ է, որն ամենքը կօգտագործեն յուրովի:
Երբ կգա (եթե գա) բուն պահը, և Արցախյան խնդիրը կդառնա օրախնդիր, Հայաստանի և Արցախի վրա կկախվի լուծման օրհասականությունը, մեկեն ոտքի կկանգնեն բոլորը՝ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը, թե՛ առաջին հերթին, խորքային պետությունը` հայ ժողովրդով:
ՈՒզում ենք հավատալ, որ Փաշինյան Նիկոլը, որն այնքան սխալներ է թույլ տվել, այնքան ահավոր է վարվել հայրենիքի, պետականության, ժողովրդի, մարդկանց, անհատների հետ, բոլոր դեպքերում հարմարեցված կլինի «ժամանակ» շահելու հայոց մոդուլին և վերջին կետում ոչ թե անհատական, մանկության դառնության, այլոց շահերը սպասարկելու, այլ հայոց հավաքական մարմնի գենոմին ենթակա կգտնվի։
Կամ` կստիպեն գտնվել, ստիպողն էլ կլինեն նույն հայոց գենոմն ու խորքը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ