Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ-5 (հաղորդում հանցագործության մասին)

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ-5 (հաղորդում հանցագործության մասին)
29.04.2023 | 21:18

(սկիզբը` այստեղ)

Վերջերս հրապարակված տեղեկատվությունիւց կարելի է այն տպավորությունը ստանալ, թե Տեղ գյուղի մոտ կատարվածի առնչությամբ Նիկոլն արդեն գտել է այդ քավության նոխազին ու նույնիսկ հասցրել զոհաբերել նրան՝ հասարակության աչքերին թոզ փչելու և կուտակված գոլորշին բաց թողնելու համար: Խոսքն «ԱԱԾ» կոչվածի սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի ու նրան պաշտոնից ազատելու մասին է:

Նիկոլի «թափանցիկ», «հրապարակայնորեն գործող», «ժողովրդավարական» կառավարությունը, ընդհանրապես, իշխանությունը, որն իբր թե ժողովրդի առջև հաշվետու կերպով է գործում, հանրությանը միտումնավոր կերպով առ այսօր պաշտոնապես չի տեղեկացրել, բացատրել, թե Մարալչյանն ինչու է պաշտոնից ազատվել, իր ո՞ր մեղքի կամ թերացման համար: Խորամանկորեն է այսպես վարվել, որպեսզի մի կողմից հանրությունը մտածի, որ Տեղ գյուղի մոտ կատարվածի համար, ուրեմն, Մարալչյանն էր մեղավորը, նա էլ պաշտոնանկ արվեց, մյուս կողմից էլ Մարալչյանը շատ չբարկանա ու, մեկ էլ տեսար, որոշի չլռել, խոսել և ասել ճշմարտությունը:

Ինչպես արդեն հայտնի է, մարտի 30-ի միջադեպի հետևանքով Տեղ գյուղի մոտ և Կոռնիձոր- Տեղ երթուղու հատվածում տարածքային կորուստներ, իսկ ապրիլի 11-ի միջադեպի հետևանքով Տեղ գյուղի մոտ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ ունեցանք: Մեղավոր կամ թերացե՞լ է, արդյոք, Մարալչյանը վերոնշյալ միջադեպերի առնչությամբ, չգիտենք, չենք կարող հաստատել նրա մեղավորությունը կամ թերացումը, մանավա՛նդ, որ Մարալչյանի պաշտոնանկության վերաբերյալ պաշտոնական որևէ պարզաբանում չկա:

Բայց Նիկոլի իշխանության պարագայում միանգամայն հնարավոր է, որ Մարալչյանը հանիրավի է ազատվել պաշտոնից, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե կատարվածի համար սահմանապահ զորքերի հրամանատարը պատասխան տվեց, և այդպիսով կոծկվի կատարված պետական դավաճանությունը: Ավելին, չենք կարող բացառել, որ Մարալչյանին կարգադրվել է լռել, չխոսել, լռելյայն համակերպվել պաշտոնանկության հետ՝ սպառնալով, որ, հակառակ պարագայում, իր համար ավելի վատ է լինելու, շա՜տ վատ (գաղտնիք չէ, որ Նիկոլն ու նիկոլենք գրեթե ամեն ինչի ընդունակ են…):

Վերոնշյալ ենթադրության համար, անշուշտ, ունենք հիմքեր: Դրանցից մեկը, օրինակ, «Ազգային ժողով» կոչվածում ապրիլի 13-ին խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից Մարալչյանի հետևյալ բնութագրումն է. «Սահմանապահ զորքերի հրամանատարը էս ընթացքում, ծանրագույն իրավիճակում, իր առջև դրված խնդիրները, որպես հրամանատար, որի հետ ես առնչվել են որպես հանձնաժողովի նախագահ, կարող եմ ասել, որ ինքը և բարոյական, և պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է»:

Քոչարյանն իր խոսքը սկսելով, բայց այն կիսատ թողնելով, չի համարձակվել ասել, որ Մարալչյանն այս ընթացքում, ծանրագույն իրավիճակում, իր առջև դրված խնդիրները, որպես հրամանատար, կատարել է, բայց, այնուհանդերձ, սահմանապահ զորքերի այժմ արդեն նախկին հրամանատարին և բարոյական, և մասնագիտական առումներով բնութագրել է որպես բարձրակարգ սպա:

Բնականաբար, հարց է առաջանում, թե Նիկոլն ինչու՞ է պաշտոնանկ արել և բարոյական, և մասնագիտական առումներով բարձրակարգ սպային, և հաջորդ հարցը՝ նշված հատկանիշներն ունեցող սպան ինչպե՞ս կարող էր մեղավոր լինել Տեղ գյուղի մոտ կատարված իրադարձությունների համար, եթե Նիկոլը կամ նիկոլենք, ի վերջո, որոշեն նրա պաշտոնանկությունը կապել տվյալ իրադարձությունների հետ:

Ավելին, հիմքեր ունենք նաև ենթադրելու, որ «ԱԱԾ» կոչվածի տնօրենը ոչ թե իր կամքով, այլ Նիկոլի պահանջով է նրան առաջարկ ներկայացրել Մարալչյանին պաշտոնից ազատելու համար, եթե, իհարկե, Քոչարյանը ճիշտ է ասում, թե Մարալչյանին պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին:

Ինչպես արդեն նշել ենք, կատարվել է պետական դավաճանություն: Հանցագործության հետքերը, դատելով NEWS.am-ի հետ զրույցում «ԱԱԾ» կոչվածի ռազմական հակահետախուզության վարչության պետի տեղակալ Աշոտ Խաչատրյանի հայտնած տեղեկություններից, տանում են Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբ, ԳՇ հատուկ բանակային կորպուս: Իսկ ինչու՞ քրեական վարույթ չի նախաձեռնվում:

Բացատրությունը միանգամայն պարզ է` որովհետև քրեական վարույթ նախաձեռնելու, ոչ թե ձևական, այլ օբյեկտիվ, անաչառ քննություն իրականացնելու և քննվողներին անվտանգության իրական երաշխիքներ տալու պարագայում, հնարավոր է, որ Գլխավոր շտաբի, ԳՇ հատուկ բանակային կորպուսի համապատասխան պաշտոնյաները շա՜տ կարևոր ցուցմունքներ տան:

Նրանք հնարավոր է, մասնավորապես, հայտնեն, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ու Կոռնիձոր- Տեղ երթուղու հատվածում մարտի 30–ին, նաև դրանից հետո գլխավոր շտաբի հատուկ բանակային կորպուսը հենց Նիկոլի պահանջով, ցուցումով չի ապահովել ԱԱԾ սահմանապահ զորքերի պահպանությունը, որից զրկված լինելու պատճառով սահմանապահ զորքերը հնարավորություն չեն ունեցել վերոնշյալ վայրերում լինելու, դիրքավորվելու, մարտական գործողություն իրականացնելու և թույլ չտալու, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներն առաջ գան, խախտեն Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը, հարյուրավոր մետրերով մտնեն մեր երկրի ինքնիշխան տարածք, զավթեն այն, հետագայում ամրապնդվեն այնտեղ, կրակեն, սպանեն ու վիրավորեն մեր զինծառայողներին:

Հասկանու՞մ եք, թե վերոնշյալ ցուցմունքների դեպքում ինչ հետաքրքիր, կարևոր, միաժամանակ Նիկոլի և նրա իշխանության համար ինչ լուրջ հետևանքներ ունեցող պատկեր կարող է ստացվել: Բա այդ դեպքում ոչ թե Հայաստանի, այլ Նիկոլի իրավապահ համակարգը՝ իր բարձրագույն պաշտոնյայով՝ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողով հանդերձ, քրեական վարույթ կնախաձեռնե՞ր, կնախաձեռնի՞… Իհարկե՛ ոչ:

Ավելորդ չենք համարում ոմանց հիշեցնել, որ անդրադառնալով հարցին, թե ինչու՛ Սյունիքի մարզի Տեղ համայնքում ԱԱԾ սահմանապահները (ժամանակին) արդեն կանգնած չեն եղել ու ադրբեջանական ԶՈՒ զինծառայողներն առաջ են եկել, «ԱԱԾ» կոչվածի ռազմական հակահետախուզության վարչության պետի տեղակալ Աշոտ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ «ԱԱԾ սահմանապահ զորքը մարտական գործողություն իրականացնում է գլխավոր շտաբի հատուկ բանակային կորպուսի պահպանության ներքո»։

Խաչատրյանն այսպիսով շատ հստակ ակնարկել է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը ժամանակին այնտեղ կանգնած չեն եղել, մարտական գործողություն չեն իրականացրել, և դրա հետևանքով ադրբեջանական ԶՈՒ զինծառայողներն առաջ են եկել այն պատճառով, որ Գլխավոր շտաբի հատուկ բանակային կորպուսը չի ապահովել ԱԱԾ սահմանապահ զորքերի պահպանությունը: Ավելին. «ԱԱԾ» կոչվածի պաշտոնյան հորդորել է բոլոր հարցերն ուղղել ԳՇ պետին՝ դրանով իսկ հասկացնելով, որ պատասխանատվությունը Գլխավոր շտաբի դաշտում է:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/225002/28/23/30/

Դիտվել է՝ 7693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ