Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր Վանեցյան. Իշխանությունները չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է

Արթուր Վանեցյան. Իշխանությունները չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է
23.05.2020 | 14:38

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակի» լրագրողներին։


- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ Դուք 2019-ին Հռոմում հանդիպել եք իրեն, գործարք եք առաջարկել։ Եղե՞լ է նման բան։
- Խոստանում եմ այդ հարցին անդրադառնալ առաջիկայում եւ մանրակրկիտ։ Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, իրավունք չունեմ հրապարակելու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից։ Կարող եմ ասել․թե իրավական, թե առավել եւս բարոյական տեսանկյունից գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։ Մնացած բոլոր հարցերին կպատասխանի քննությունը։ Հարուցված գործով որեւէ կարգավիճակ չունեմ, հարցաքննվել եմ որպես վկա։
- Ձեր՝ ԱԱԾ տնօրեն պաշտոնավարման ընթացքում քաղաքական կամ անօրինական հրահանգներ ստացե՞լ եք վերադասի կողմից։
- Առհասարակ, ճիշտ չեմ համարում բարձրաձայնել ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ գործունեությունը։ Դա կոռեկտությունից դուրս է, եւ ես, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ երբեւիցե չեմ խոսելու այն ժամանակահատվածի մասին, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն։ Առանց այդ էլ, կարող եմ ասել, որպես ԱԱԾ ղեկավար, բացառիկ ղեկավարներից եմ եղել, որ գործել է հրապարակային, իհարկե՝ թույլատրելիի սահմաններում։
- Հանրությանը պարզ չեղավ, թե ո՞ր պահից առաջացան Ձեր հակասությունները իշխանության հետ, ինչու՞ թողեցիք պաշտոնը։
- Ինձ հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել։ Ես հստակ իմացել եմ իմ լիազորությունների սահմանը եւ մշտապես գործել եմ դրանց շրջանակներում։ Թե ինչն էր հրաժարականի պատճառը, կարծում եմ՝ հրաժարականին հաջորդած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից արդեն շատ մարդկանց պարզ է դարձել, թե որն էր պատճառը։ Եթե ուշադիր ընթերցել եք իմ հրաժարականի տեքստը, որում ասում եմ՝ թող իմ հրաժարականը լինի կանգառի սթափեցնող քայլը, դա մեկնաբանվեց շատ տարբեր տեսանկյուններից։ Բայց ես ասել եմ՝ այս իշխանության մեջ վերջին մարդը չեմ եւ իմ հրաժարականով ցանկանում եմ սթափեցնել իշխանություններին, որպեսզի նրանք ուղղվեն եւ երկիրը տանեն զարգացման ճիշտ ուղով։ Իսկ այն, ինչ կատարվում եւ կատարվել է, ուղղակի անթույլատրելի է, դա ուղիղ հարված է մեր պետության հիմնասյուներին։
- Ձեր հրաժարականը «կանգառի սթափեցնող» ազդանշան դարձա՞վ։
- Ցավոք սրտի, չեմ նկատել փոփոխություններ, եւ դա է հիմնական պատճառներից մեկը, որ այսօր քաղաքականության մեջ եմ։
- Մամուլը գրեց, որ «Հայրենիք» հիմնադրամի շուրջ համախմբվում են ԱԱԾ եւ ուժային կառույցների պաշտոնաթող սպաներ։ Արդյոք դա՞ է այն կորիզը, որ հավաքվելու է Ձեր քաղաքական ուժում։ Ի՞նչ սկզբունքով եք մարդկանց հրավիրում կուսակցություն։
- Ոչ, դա հիմնական կորիզը չէ։ Մեր շուրջը համախմբվում են տարբեր ոլորտների, մասնագիտությունների մարդիկ, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Բայց ասել, թե դա է մեր նորաստեղծ քաղաքական ուժի հիմնական կորիզը, այդպես չէ։ Մենք ունենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնց փորձն ու վաստակը շատ կարեւորում եմ եւ ուրախ կլինեմ նրանց տեսնել մեր շարքերում։ Ինչ վերաբերում է, թե ինչ սկզբունքով ենք հրավիրում, սկզբունքները երկուսն են՝ մարդկային հատկանիշները եւ պրոֆեսիոնալիզմը։ Իհարկե, շատ բարդ է գտնել լավ մարդ, որն իր ոլորտում բարձր որակի մասնագետ է, բայց, հավատացեք՝ այդպիսիներ կան։
- Տեղեկություն տարածվեց, որ ձեւավորվում է Արթուր Վանեցյան- Տիգրան Ավինյան տանդեմ, դա այդպե՞ս է։
- Թրենդի մեջ պատասխանեմ՝ չեմ պատասխանի այդ հարցին։
- Որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։
- Ցանկացած մարդ, առավել եւս՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա, պետք է իմանա իր խոսքի արժեքը։ Ցավոք, մենք չենք տեսնում, որ գործող վարչապետը գիտի իր խոսքի արժեքը։ Դա անլուրջ եւ անհավասարակշիռ հայտարարություն էր, որը միջազգային հանրության եւ մեր քաղաքացիների շրջանում տարակուսելու առիթ տվեց։
- Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի վրա կա՞ն արտաքին ճնշումներ՝ նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանից կան հիասթափվածներ, քանի որ նա հրաժարվեց վեթինգի գաղափարից եւ այլ ծրագրերից։
- Ես հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Կարող եմ ասել, որ այս իշխանություններն իրենց հայտարարած ցանկացած բարեփոխում կամ գործ չեն կարողանում հասցնել տրամաբանական ավարտին։ Դա խոսում է նրանց ապիկարության մասին, նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Դուք մատնանշեցիք վեթինգը, ես կարող եմ ասել, որ վեթինգ չանելու հիմնական պատճառն այն է, որ նրանք ուղղակի չեն կարողանում անել, որովհետեւ ապաշնորհ են եւ անգրագետ։ Հավատացեք ինձ, իրենց ոչինչ չի խանգարում, պետք է ուղղակի փոփոխություն անելու կամք եւ փոփոխությունը կյանքի կոչելու ունակություն։ Նրանք չեն կարողանում որեւէ ոլորտում անել խորքային բարեփոխումներ, չեն կարողանում որեւէ ոլորտ նորմալ կառավարել։ Պետական կառավարման ամբողջ համակարգն այսօր քաոսի մեջ է։
- Դուք ասացիք, որ ընդդիմադիր քաղաքական ուժ եք ստեղծում, հասկանալի է, որ սկզբում լինելու եք արտախորհրդարանական ընդդիմություն, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն այսօրվա փոխհարաբերությունները։ Դուք պատրա՞ստ եք խաղի նման կանոններով խաղալ։
- Մենք որեւէ դեպքում չենք հարմարվելու այսօրվա իշխանությունների կողմից թելադրվող կանոններին, որոնք ուղղակի շատ ցածր որակի են։ ՀՀ-ում այսօր քաղաքական բանավեճն իջեցվել է շրիշակից ցածր մակարդակի, եւ դրա միակ պատասխանատուն իշխանությունն է։ Նրանք են թելադրում, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական դիսկուրսը։ Անհասկանալի ելույթները, տարօրինակ պահվածքը, ոչ ադեկվատ խոսքերը եւ այլ անթույլատրելի արարքները բերել են այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է մեր քաղաքական դաշտում։ Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեության ընթացքում փորձում է չիջնել այդ մակարդակին, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ դիսկուրսն իջնի շատ ցածր մակարդակի, որովհետեւ իրենք մանիպուլյատիվ դաշտում շատ ուժեղ են, գրեթե պրոֆեսիոնալ են։ Այս համատեքստում ես կուզեի մի բան ասել․ քաղաքական տերմինաբանության մեջ «Պողոսի» կերպարը դրվեց շրջանառության մեջ իշխանությունների կողմից։ «Պողոսի» հավաքական կերպարը հավասարեցվեց անգրագետ, որեւէ բան չհասկացող մի մարդու, որն ապրում է Հայաստանում եւ առանց հասկանալու սատարում է գործող իշխանություններին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իրենց փրկել է «նախկիններից»։ Ես համոզված եմ, որ առաջիկայում մարդիկ կհասկանան այս թեզը եւ դուրս կգան էյֆորիկ վիճակից։ Արդեն դուրս են գալիս։
- Ինչպե՞ս եք պատրաստվում իշխանությանը բերել կառուցողական դաշտ։ Դուք առաջարկ եք անում, առողջապահության նախարարը հեգնում է, Դուք հայտարարություն եք անում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գնացեք «Հայկո-Մկո» նայեք, այնտեղ պատասխանը կգտնեք։ Քաղաքական բանավեճ հնարավո՞ր է։
- Իրենք փորձում են ամեն բան անլրջացնել։
- Բայց դա ազդեցիկ է։
- Ազդեցիկ է մինչեւ այն պահը, երբ կհայտնվի մի քաղաքական ուժ, որը կկարողանա խոսել եւ բացատրել մարդկանց, որ այս ամենը կեղծ օրակարգ է եւ արվում է բացառապես իշխանությունը պահելու, մարդկանց մոլորեցնելու նպատակով։
- Դուք առաջարկ եք արել՝ հումանիտար աղետից խուսափելու համար հակաճգնաժամային կառավարություն ձեւավորել։ Ի՞նչ է դա, ո՞վ պետք է ղեկավարի։
- Երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները, իրականում, չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է՝ «ժողովուրդ ջան, մենք ձախողվեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Համավարակը լակմուսի թուղթ էր՝ եղավ համավարակ, եւ մենք հասկացանք, որ երկրում չկան պրոֆեսիոնալներ, չկա համախմբվածություն, տիրում են ատելությունը եւ բաժանարար գծերը, որն ուղղակի անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են եւ առանց պարգեւավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային, եւ մենք կխոսենք կոնկրետ գործողությունների մասին։
- Իշխանությունները Ձեզ անընդհատ կապում են նախկինների հետ, ինչպե՞ս եք ապացուցելու, որ կապ չունեք։
- Շատ ծիծաղելի է ինձ կպցնել «նախկինների» հետ։ Ես հեղափոխությունից հետո, երբ ստանձնեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, նախկինների դեմ պայքարի գլխավոր սիմվոլն էի։ Արել եմ ամեն ինչ, որ հրապարակներում քաղաքացիներին տրված խոստումներն ի կատար ածվեն։ Այն 48 միլիարդ դրամի մասին, որ կառավարությունը բարձրաձայնում է, որ կոպեկ առ կոպեկ վերադարձվել է պետբյուջե, արվել է բացառապես իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում։ «Նախկին» բառն ինձ դուր չի գալիս, եկեք այդ տերմինից հրաժարվենք։ Բայց այն մարդիկ, որոնք ինձ փորձում են կապել «նախկինների» հետ, անճարությունից են անում եւ մանիպուլյատիվ գործիքակազմն օգտագործելով՝ փորձում են հանրությանը ցույց տալ, թե ես նախկին եմ կամ ուղղորդվում եմ նախկինների կողմից։ Այսպես կոչված «նախկինների»՝ իշխանության հետ գալու դեպքում իրենց թիվ 1 թիրախն ու թշնամին լինելու եմ ես, որովհետեւ ես եմ բոլորին քրեական հետապնդման ենթարկել, ես եմ նրանց գողացած փողերը վերադարձրել պետական բյուջե եւ ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով։ Որովհետեւ ինչի համար ժողովուրդն ընդվզել է, այդ խոստումների ամենաէֆեկտիվ մասը ես եմ արել։ Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ օրոք։ 7 ամիս է, ինչ ԱԱԾ տնօրեն չեմ, ո՞ւր են բացահայտումները։ Բայց շատ կարեւոր հանգամանք կա․ եթե ուզում ենք, որ հետագայում կոռուպցիա չլինի, պետք է լինեն ինստիտուցիոնալ որոշումներ, որոնք կբացառեն կոռուպցիան։ Մենք տեսանք՝ նոր իշխանությունների մեջ բազմաթիվ մարդիկ մեղադրվեցին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ, այսինքն՝ խոսքն այն մասին է, որ չեն արվում խորքային բարեփոխումներ, եւ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է զուտ լայվ մտնելու եւ ինչ-որ բան ասելու շրջանակներում։ Կոռուպցիայի դեմ պայքար այսօր չի տարվում։ Ես սա ցավով եմ ասում։ Բայց իրողություն է։
- Հնարավո՞ր է այլ ուժերի՝ «նախկին», հետ համագործակցություն։
- Ասել եմ, որ կտրականապես մերժում եմ բոլոր բաժանումները, «նախկիններ», «ներկաներ»։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Պետք է լինի լայն կոնսոլիդացիա։ Նույն ՀՀԿ-ում եւ մյուս բոլոր քաղաքական ուժերում կան բարձր մասնագիտական հատկանիշներ ունեցող անձինք, որոնց գիտելիքները պետք է ծառայեցնել մեր հայրենիքին։ Այդ կեղծ օրակարգը, որ բերվել է քաղաքական դաշտ, պետք է մոռանալ, ջնջել եւ մարդկանց գնահատել զուտ իրենց հատկանիշներով։ Եթե մարդը հանցագործ չէ, եթե շատ սեւ պատմությունների մեջ խառնված չէ եւ ուղղակի եղել է ինչ-որ մի կուսակցության անդամ, չի կարելի միայն այդ պատճառով այդ մարդուն մերժել։ Բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն հանուն մեր հայրենիքի եւ պետության:

Դիտվել է՝ 5110

Մեկնաբանություններ