«Գուցե իմքայլական պատգամավորի անգրագետ հարևան Պողոսը Փաշինյանի անգրագետ թեզերն ընդունում է, սակայն շատերը հասկանում են դրանց անհեթեթությունը»
31.03.2020 | 00:59
Կորոնավիրուսի օր օրի թափ հավաքող այս օրերին երկրի վարչապետը հեռախոսազրույցներ է ունենում քաղաքացիների հետ` հասկանալու, թե տարբեր ոլորտներում երկրում ինչպիսի վիճակ է տիրում։ «Պատահական» զանգերի փորձը, սակայն, նոր չէ։ Ըստ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ, Նիկոլ Փաշինյանին այդ PR ակցիան հուշողներն ընդամենը գրագողեր են, քանի որ դեռ 1999-ին այդ ձևաչափով հասարակության հետ շփվել է Վենեսուելայի նախկին նախագահ ՈՒգո Չավեսը, որի «Ալո, Չավես» հաղորդումն այնքան մեծ վարկանիշ ուներ, որ 2007-ից ամեն օր ժամը 20:00-ից մինչև 21.30-ը հեռարձակվում էր Վենեսուելայի պետական հեռուստաընկերության եթերով։
-Ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները պայքարում այս վիրուսի դեմ։
-Իշխանության այսօրվա քայլերը ճիշտ են, բայց դրանք շատ ուշացած են։ Եթե ժամանակին՝ փետրվարի վերջին, մարտի սկզբին, դրանք իրականացվեին, երբ մեր հարևան երկրում վիրուսը մոլեգնում էր, այսօր պատկերն այլ կլիներ։ Բայց մեր իշխանություններն առաջնորդվում էին «Կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ մեզ կպնի» տրամաբանությամբ, առողջապահության նախարարն էլ հայտարարում էր, թե այդ վիրուսն այնքան էլ վտանգավոր չէ, որ հատուկ միջոցների դիմեն։ Այս անլրջության հետևանքով է, որ այսօր ունենք վարակվածների մեծ թիվ։ Որքան էլ այսօր մարդկանց տեղաշարժի խիստ վերահսկողություն, սահմանափակումներ իրականացվեն, դրանց արդյունքը կտեսնենք 15 օր հետո։ Իսկ այն, ինչ հիմա կա, երբ օրական 40 և ավելի վարակված մարդկանց նոր դեպքեր են բացահայտվում, նախկին բարձիթողի վիճակի հետևանքն է։ Երբ ժամանակին հայտարարում էինք` դադարեցրեք դեպի Թեհրան և Իտալիա չվերթերը, Փաշինյանն ընդդիմանում էր։ Փաստերը և թվերը ցույց են տալիս, որ գործող իշխանությունները հապաղեցին, ուշացած քայլեր արեցին։ Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանի համար կարևորն անձնական, ոչ թե պետության շահերն են։ Մարտի սկզբին վիրուսի տարածումը նրանց համար երկրորդական հարց էր, Փաշինյանն ու իր թիմը լծված էին «Այո»-ի քարոզարշավին։ Եթե դիտարկում ենք, թե մեր հարևան Վրաստանում կորոնավիրուսն ինչպիսի պատկեր ունի, հասկանալի է դառնում, որ վրացական իշխանություններն ավելի գրագետ գործեցին ու արագ արձագանքեցին։
-Ինչու՞ ժամանակին խնդրին լուրջ չմոտեցան, Նիկոլ Փաշինյանի համար հանրաքվեն ավելի՞ կարևոր էր, քան հանրության առողջությունը։
-Ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ Փաշինյանը պետական մտածելակերպից բացարձակ զուրկ անձնավորություն է։ Նա պետության մասին շատ քիչ է մտածում, նրա համար էական է սեփական PR-ը։ Փաշինյանը չի ձերբազատվել գլխավոր խմբագրի սինդրոմից։ Եթե այսօր հետևում ենք այլ երկրների վիճակին, կորոնավիրուսի մասին տեղեկություններ են հայտնում առողջապահության ոլորտի մասնագետները, անգամ ոչ նախարարի մակարդակով։ Մինչդեռ վարակի առաջին դեպքի մասին հայտարարեց անձամբ Նիկոլ Փաշինյանը, նա դեռ մտածում է, որ թերթի գլխավոր խմբագիր է, ինքը պետք է առաջինը դա հայտնի, այս բարդույթից չի ձերբազատվել, ցանկանում է, որ բոլորն իր ֆեյսբուքյան էջ մտնեն ու դիտումներ ապահովեն։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կան։ Եթե Փաշինյանը պետական մտածելակերպ ունենար ու ոչ թե նեղ անձնական, այլ հանրային շահն ավելի կարևորեր, չէր անտեսի մարդկանց առողջությունն ու չէր տրվի ՍԴ գործող նախագահից ու դատավորներից ազատվելու քարոզարշավին։ Ահա թե ինչու նա քամահրական վերաբերմունք ուներ այս վիրուսի հանդեպ, կատակներ էր անում, պինցետով ու օղիով էր բուժում։ Իսկ նրա դիլետանտ թիմակիցներն էլ հռհռում էին նրա տափակ հումորների վրա։ Հիմա մենք ըմբոշխնում ենք այս ամենի արդյունքը։
-Ոչ միայն առողջապահական, նաև տնտեսական համավարակն է արագ տարածվում ու քայքայում երկրների տնտեսությունը։ Հայաստանի իշխանությունները կարողանու՞մ են վերահսկել տնտեսական իրավիճակը, թե՞ այստեղ էլ բարձիթողի վիճակ է ու անլուրջ մոտեցում կա։
-Երբ միջազգային արժութային հիմնադրամը և Համաշխարհային բանկը գուժում են, որ կորոնավիրուսի հետևանքով 2020-ին սկսվելու է տնտեսական ավելի մեծ ճգնաժամ, քան եղել է 2008-ին (իսկ մենք շատ լավ հիշում ենք, թե այդ ճգնաժամն ինչ աղետալի հետևանքներ ունեցավ Հայաստանի համար, 2008-2009-ին մեր տնտեսական ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազեց 17 տոկոսով), փոխանակ Փաշինյանը մտածի ինչ իրավիճակում է հայտնվելու մեր տնտեսությունը, ֆեյսբուքյան գրառում է անում, թե փետրվարին մենք տնտեսական հիանալի ցուցանիշներ ենք ունեցել։ Յուրաքանչյուր սթափ մտածող, տրամաբանող մարդ արդեն հասկացել է, որ այդ տվյալներն առ ոչինչ են։ Հիմա ֆորսմաժորային իրավիճակում ենք։ Գործող իշխանությունը պիտի մտածի` ինչպես ապահովել օրավարձով աշխատող մարդկանց նվազագույն պահանջները։
-Բայց մենք օրավարձով աշխատողներ ունե՞նք, պարոն Համբարյան։
-Եթե հարցը դիտարկում ենք օրենքի շրջանակում, այո, չունենք, բայց մենք բոլոր հարցերում օրենքո՞վ ենք առաջնորդվում, չէ՞ որ ունենք բարոյական չգրված նորմեր։ Այդ չգրված նորմերի մեջ են նաև 100 հազարավոր օրավարձով աշխատող մարդիկ, որոնք աշխատում են գազալցակայաններում, շինարարությունում, տնային մաքրուհիներ, մատուցողներ, սպասուհիներ են։
-Երկրի վարչապետը չգիտե՞ր նրանց մասին։
-Շատ լավ գիտեր, բայց ավելի լավ մեթոդ չգտավ իր ձեռքերը լվանալու և մի կողմ քաշվելու, քան հայտարարել, թե երկրում օրավարձով աշխատողներ չկան։ Հիմա երկրի տնտեսությունը շատ մեծ փորձությունների առաջ է կանգնած՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե մենք հատկապես որ երկրների հետ ենք տնտեսական կապերի մեջ։ Այդ երկրներում արդեն ճգնաժամը սկսվել է՝ ԵՄ երկրներ, ՌԴ, Իրան, Վրաստան։ Հայաստանը գլոբուսից դուրս չէ, որ այդ երկրներում տեղի ունենան տնտեսական վայրիվերումներ, իսկ այդ ամենը չազդի մեզ վրա։ Հակառակը, մեզ վրա կրկնակի է ազդելու, քանի որ բացի այն հանգամանքից, որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է սկսվել, նաև ՌԴ-ում նավթի գներն են անկում գրանցել, որը ևս ազդելու է ՌԴ-ում արդեն քաղաքացիություն ունեցող այն աշխատողների վրա, որոնք Հայաստան տրանսֆերտներ են ուղարկում։ Էլ չեմ խոսում արտագնա աշխատանքի մեկնողների մասին, որոնց թիվը ՌԴ-ի պաշտոնական տեղեկատվությամբ, 200-250 հազար է, նրանց ընտանիքներն ապրում էին այդ տրանսֆերտներով։ Վերջերս լսեցի ԿԲ խորհրդի անդամներից մեկի այն հայտարարությունը, թե ռուսական ռուբլու արժեզրկումը չի ազդելու ժողովրդի գնողունակության վրա։ Ինչքան պիտի տրամաբանությունից զուրկ լինել` այդպիսի անիմաստ հայտարարություն անելու համար։ Եթե նախկինում ռուսական 1000 ռուբլին կարելի էր վերածել 7500 դրամի, հիմա՝ 6200 դրամի, 1300 դրամի տարբերություն է։ 10 000 ռուբլու մեջ տարբերությունը կկազմի 12-13 հազար դրամ, ինչի՞ մասին է խոսում ԿԲ-ի այդ պարոնը։ Կամ ի՞նչ է նշանակում լողացող կուրս, նայեք Հայաստանի շուկայի տրամաչափը և արված հայտարարությունների բովանդակությանը։
Ինչ վերաբերում է այսօրվա տնտեսական իրավիճակին, դրա լավագույն ցուցիչը գնաճն է, որը պայմանավորված է հիմնականում արտերկրից ներկրվող ապրանքներով։ Ոչ մեծ, բայց գնաճ կա կաթնամթերքի արտադրանքի մեջ։ Թանկացել է ձուն՝ 35-40 դրամից հասնելով 45-60 դրամի։ Ալյուրի շուկայում ընդհանրապես անհասկանալի վիճակ է. ալյուրի տեղական որոշ տեսակներ ոչ միայն թանկացել են, այլև ընդհանրապես չկան, դեֆիցիտ է։ Ներկրված, հատկապես ռուսական ալյուրը բավականին թանկացել է։ Երշիկեղենի, մակարոնի, ձավարեղենի գները ևս բարձրացել են։ Հնդկաձավարի 1 կիլոգրամը 500 դրամից դարձել է 700 դրամ։ Խայտառակ թանկացել է օղին։ 50-100 դրամով թանկացել են ռուսական և ուկրաինական արտադրության թխվածքաբլիթները։ Թռիչքաձև աճել է մրգերի գինը, հատկապես վիտամին C-ով հարուստ մրգերը. կիվիի 1 կիլոգրամը 1200 դրամից հասել է 1600 դրամի, նարնջինը՝ 500-ից 700-750 դրամի, 1 լիմոնի գինը 150-200 դրամից բարձրացել է մինչև 300-350 դրամ։ Ես խոսում եմ Գյումրու կենտրոնում տեղակայված սուպերմարկետներում առկա գնաճի մասին։
-Հիմա իշխանությունը փորձում է տնտեսական խնդիրները մեղմելու համար բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթներ գործարկել, բայց ընդդիմադիրների վարկային արձակուրդի գաղափարին Փաշինյանը բավական կոշտ արձագանքեց. «10 հազար չէ, 50 հազար՝ կաժդըմու: Նստում ասում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, սա արեք, նա արեք: Ձե՞ռ եք առնում: Տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»։ Ինչպե՞ս հասկանալ, ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին նույնպես կողմ էր այդ վարկերի չեղարկմանը։
-Ես հիշում եմ 2 տարի առաջ Փաշինյանի հայտարարությունը, որ բանկերը թալանում ու կեղեքում են մարդկանց, ժամկետանց տույժ-տուգանքները, գյուղատնտեսական, սպառողական վարկերը պետք է զրոյացնել։ Հիմա էլ փորձում է բոլորին նույն արշինով չափել ու ասել, թե ինչու պիտի ներեն անպարտաճանաչ վարկ ունեցողներին։ Անպարտաճանաչների վերաբերյալ շատ հեշտ է տեղեկատվությունը ճշտել։ Իսկ հետո ասում է, թե ալկոգել արտադրողը, գերշահույթ է ստանում, ինչու վարկային արձակուրդ տալ։ Փաշինյանի տրամաբանությամբ` բոլոր վարկատուներն ալկոգել են արտադրում։ Դժվար իրավիճակներում հայտնվելիս Փաշինյանը փորձում է անտրամաբանական, անհեթեթ բան ասել, միայն թե մի բանով շեղի մարդկանց։ Գուցե իմքայլական պատգամավորի անգրագետ հարևան Պողոսը նրա հայտարարությունը, անգրագետ թեզերն ընդունում է մեծ ուրախությամբ, սակայն շատերը հասկանում են դրանց անհեթեթությունը։ Ի տարբերություն այլ երկրների ղեկավարների, որոնք հասարակության լայն շերտերին աջակցելու սոցիալական մեծ փաթեթներ են ներկայացրել, այս պահի դրությամբ Փաշինյանը միայն հինգ փաթեթի մասին խոստում է տվել։ Իսկ որ տնտեսությունը րոպե առ րոպե գահավիժում է, փաստ է։
-Իշխանությունները վստահեցնում են, որ թեև անորոշ վիճակ է, բայց հնարավորությունները մեծ են։ Ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը։
-Փաշինյանը կրկին փորձում է մութ սենյակում սև կատու ման գալ, երբ սև կատու այնտեղ չկա։ Ես տնտեսագետ չեմ, բայց շատ հետաքրքիր է, թե Փաշինյանն ինչպես է պատկերացնում՝ 3 մլրդ դոլար ունեցող պետությունն ինչպես կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում տարեկան 6 մլրդ դոլարի իբր ազատված հարթակներում տեղ գրավել, իսկ 5 տարվա մեջ 30 մլրդ դոլարի օգուտ ստանալ։ Այսինքն, էդ հարթակները հենց այնպես դրվա՞ծ էին, որ Փաշինյանը գնար ու վերցներ։ 2008-ին ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո, երբ այդ երկրների հարաբերությունները խզվեցին, հայ գործարարներն ահռելի հնարավորություն ունեին ռուսական շուկան ողողելու հանքային ջրով ու գինով, բայց չկարողացան անգամ դրա 10-15 տոկոսը լրացնել։ Այն դեպքում, որ այն ժամանակ, ի տարբերություն այսօրվա, Ռուսաստանի հետ մենք փայլուն հարաբերություններ ունեինք։ Հիմա ինձ հետաքրքիր է, թե այս ահագնացող տնտեսական ճգնաժամի պայմաններում Փաշինյանն այդ ի՞նչ ֆանտասմագորիայի հետևից է ընկել կամ այդ ինչ արտադրություն պիտի հիմնի, որ տարեկան 5 մլրդ դոլարի շուկա ապահովի։ Այս ի՞նչ ձևով են խաբում ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը հիմա 3 կարևոր խնդիր պիտի լուծի. առաջին՝ օրավարձով աշխատող մարդկանց նվազագույն սոցիալական պահանջների ապահովում, երկրորդ՝ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների նվազագույն պահանջների ապահովում, քանի որ այս տարի նրանք չեն մեկնել ՌԴ, և երրորդ՝ գնաճի կանխում։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ