«Փաշինյանն այսօր օլիգարխ առաջնորդի դասական կերպար է»
07.04.2020 | 00:39
Այս ճգնաժամային օրերին շատ երևույթներ, մարդիկ այլ կողմից են բացահայտվում։ Հասարակության հոգեբանական նոր շերտեր են ի հայտ գալիս։ Իշխանության և հասարակության հոգեբանական վիճակի, խնդիրներին համարժեք արձագանքելու շուրջ զրուցել ենք հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ հետ։
-Այս ընթացքում հանրության և իշխանության շրջանում հոգեբանական ի՞նչ բացահայտումներ եղան։
-Ընդհանրացնել և ամբողջական ասել, թե ինչ կերպ հասարակությունը, իշխանությունը բացահայտվեցին, դեռ դժվար է, քանի որ իրավիճակը շարունակվում է։ Սակայն այս ընթացքում խուճապի որոշ տարրեր երևացին և իշխանության, և հասարակության շրջանում։ Խուճապի մատնելու ձգտում, ոչ գրագետ մոտեցումներ նկատվեցին իշխանության մոտ։ Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանց մեծամտությամբ, քանի որ չեն խորհրդակցում մասնագետների հետ, որպեսզի բացատրեն, թե ինչպես տեղեկություն տալ, ինչպես խուճապի չմատնել կամ էլ իշխանությանը ձեռնտու է ժողովրդին խուճապի մատնելը։ Ինչ վերաբերում է ժողովրդի հոգեբանությանը, հասկացանք, որ ունենք ոչ կարգապահ ժողովուրդ, որի շարքում հիմնականում հեղաշրջման մասնակիցներն են։ Այն մարդիկ, որոնք քիչ թե շատ ինտելեկտուալ են, տանը ինքնամեկուսացած են, փորձում են առավելագույնս կարգապահություն դրսևորել։ Այսօր տեսնում ենք փողոցներում աննպատակ քայլող, այգիներում զբոսնող մարդկանց։
-Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ կառավարությունը չափից շատ է կանխել խուճապը, հիշում ենք նաև նրա այլ հայտարարություններ։ Մի՞թե հենց նա չէր մարդկանց վտանգի զգացողությունը բթացնում։
-Փաշինյանի հայտարարությունները, մեղմ ասած, ոչ միշտ են համապատասխանում իրականությանը։ Հնարավոր է նաև, որ նա փակվել է ու չի հասկանում, թե ինչ է կատարվում ժողովրդի շրջանում։ Խուճապ սերմանելու ամենամեծ դերն իրեն է պատկանում։ Այսօր տեղեկություններն այնպես են մատուցվում ժողովրդին, որ խուճապն անխուսափելի է։ Չկա մի մարդ, որ Փաշինյանին խորհուրդ տա ու ասի, որ կան մարդիկ, որոնք այս ամենին նայում են ոչ թե պրագմատիկ, այլ էմոցիոնալ, իսկ վիրուսի վերանալուց հետո կարող են ունենալ հոգեսոմատիկ լուրջ խնդիրներ։ Փոխանակ այսօր մեկուսացած մարդկանց հետ աշխատանքներ տարվեն, ցուցումներ տրվեն, որ այդ մեկուսացումն ավելի թեթև տանեն, այսօր միայն պարտակմամբ ենք զբաղված։ Այսօր ինչ կասի կառավարության ղեկավարը, ոչ միայն ինձ, այլև ոչ մեկին, անգամ իրեն սատարող զանգվածին հետաքրքիր չէ։ Այս երկու տարվա ընթացքում շատ բաներ է ասել, որոնցից ոչ մեկն իրականություն չի դարձել։
-Այս ճգնաժամային իրավիճակում Փաշինյանի իշխանության որակն իր ընտրազանգվածի համար բացահայտվե՞ց, թե՞ ովքեր իրեն հավատարիմ էին, շարունակում են նույն կերպ էլ վերաբերվել։
-Միշտ սթրեսային իրավիճակներն ավելի ակնհայտ են դարձնում մարդու որոշակի հատկանիշներ, բացահայտումներ են լինում։ Այս ընթացքում Փաշինյանի որոշ որակներ ավելի բացահայտ դարձան, ու կարծում եմ, որ դա բացասական լուրջ ազդեցություն կունենա իր ընտրազանգվածի, լեգիտիմության վրա։ Ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Մենք ունենք նույն վարչապետը, որը կար մինչ կորոնավիրուսը, բայց այս իրավիճակը նրա համակիրներին անգամ ցույց տվեց, որ մենք չունենք գերագույն գլխավոր հրամանատար։ Այս վիրուսն էլ է մարտահրավեր, և մեր գերագույն գլխավոր հրամանատարը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել ու ժամանակին այս խնդրի դեմն առնել, չկարողացավ սեփական շահից վեր դասել ժողովրդի խնդիրները, շահերը, չկարողացավ օրավարձով ապրողներին, որոնք հեղաշրջման մասնակիցների մեծ մասն էին, սատար կանգնել։ Այս ամենի փոխարեն արվեցին պոպուլիստական հայտարարություններ, որոնք ոչ մի լավ բանի չհանգեցրին, փոխարենն ունեցանք վիրուսակիրների մեծ թիվ։
-Կարծում եք, Փաշինյանի գլխավորությամբ այս կառավարությունը հասարակությունից կտրվե՞լ է։
-Միանշանակ։ Եթե այսօր Փաշինյանի կինն «Այֆոն» հեռախոս է նվիրում մարդկանց, դա դեռ չի նշանակում, որ ժողովրդի մեջ ու հետ է։ Այլապես նա կնվիրեր, այսպես ասած, «ժողովրդական» դասի հեռախոս, այսինքն 2 «Այֆոն» հեռախոսի տեղ կարող էր 5 մարդու ավելի ցածրակարգ հեռախոս նվիրել, ու շատ մարդիկ կօգտվեին այդ օգնությունից։ Սա ընդամենը մեկ օրինակ է։ Էլ չենք խոսում օրավարձով աշխատողներին աջակցելու մասին։ Իհարկե, էլի կլինեն մարդիկ, որ այս ամենին ֆանատիկորեն կվերաբերվեն, բայց այն մարդկանց համար, որոնք այսօր սննդի, ընտանիք պահելու խնդիր ունեն, իսկ նրանց թիվը շատ մեծ է, Փաշինյանն այլևս ժողովրդական առաջնորդ չի դիտարկվում, այլ օլիգարխիկ առաջնորդ։ Իմա՝ Փաշինյանն այսօր օլիգարխ առաջնորդի դասական կերպար է։ Ժողովուրդը հիմա կանգնած է մեծ դժվարությունների առաջ։ Խոսքը միայն տարեցների մասին չէ, պատկերացնու՞մ եք, թե ինչ վիճակում են այդ մարդիկ, որոնք աշխատունակ են ու այսօր աշխատանքից զրկված են, այդ թվում` օրավարձով աշխատողները։ Իսկ այս իրավիճակում պարգևավճարների ստացումը արդյո՞ք հասարակությունից կտրվելու լավագույն ցուցիչը չէ։ Միայն անցյալ տարվա ընթացքում առողջապահության նախարարի պարգևատրումը 18 մլն դրամ էր՝ չհաշված աշխատավարձը։ Իսկ մենք ունենք բավական մեծ զանգված, որն ամիսը 100 հազար դրամի խնդիր ունի։ Մի՞թե սա ժողովրդից իշխանության կտրվածության նշան չէ։ Իսկ ո՞վ է ասել, որ իրենք պետք է այդքան բարձր պարգևատրվեն. ժողովրդից «ծնված» իշխանությունը թող ժողովրդի պես էլ ապրի։ Եղինջ տրորելով ու փիփերթ ուտելով չէ։ Այսուհանդերձ, ունենք մի ղեկավար, որ պոպուլիստական կոչերով եկավ իշխանության, ու հիմա, ուզենք թե ոչ, պիտի վստահենք նրան, որպեսզի այս վիճակից դուրս գանք։ Բայց ինչի վրա է նա հույսը դրել, ինչ անիմաստ թվեր է հրապարակում, հասկանալի չէ։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում հարևան երկրում՝ Վրաստանում, Ռուսաստանում, մի՞թե համեմատելի է մեր հեղափոխական, սիրո, թավշյա երկիրն այդ «քնձռոտ» երկրների հետ։ Իհարկե՝ ոչ։ Այդ «քնձռոտ» երկրներում մարդիկ այս իրավիճակում որոշակի բավարարվածություն ունեն, իսկ մեզ մոտ ժողովուրդը լուրջ ճգնաժամի մեջ է, որը դեռևս շարունակվում է, ու եթե մյուս տարի գարնանն էլ կարողանանք հաղթարել վիճակը, կլինի լավագույն տարբերակը։
-Վիրուսի տարածման պաշտոնական տվյալները վկայում են ուշացա՞ծ քայլերի մասին։
-Այո, եթե սկզբից «թու-թու»-ով չպայքարեին խնդրի դեմ, չասեին, թե կորոնավիրուսն «ում շունն է», իրավիճակն այլ կլիներ։ Ի սկզբանե հարկավոր էր պատշաճ մոտեցում ցուցաբերել, բայց դրա համար պետք է պետական մտածողություն ունենալ, ոչ թե անձնային, լակոտական մոտեցում։ Կունենայինք վարակվածների փոքր թիվ, ավելի շուտ սահմանները կփակեինք, կարանտինը ավելի վաղ կլիներ ու ավելի կարճ ժամանակով։ Իսկ այս երկարատև կարանտինը ժողովրդին սպանելու ձև է, մեկ ամիս ժողովուրդը մեկ կոպեկ փող չի աշխատել, ո՞վ ունի այդքան փող, որ առանց աշխատելու կարող է մեկ ամիս ապրել։
-Ի հեճուկս այս ամենի` իշխանության ներկայացուցիչները ծաղրում են Վրաստանի կառավարության քայլերը, ինչպես փողոց լվանալը, իսկ պաշտոնական վիճակագրությունն էլ համարում «երջանիկ պատահականություն»։ Սրան ի՞նչ անուն տալ։
-Դա բնորոշ է այս իշխանությանը, որը կոմպետենտ չէ, իսկ սթափ, գիտակից մարդկանց էլ իշխանության մոտ չեն թողնում։ Հոգեբանական առումով խնդիրը հետևյալն է. երբ տեսնում ես քեզնից բարձր մեկին, կամ ձգտում ես բարձրանալ ու հասնել այդ մակարդակին, կամ վարկաբեկել այդ մարդուն՝ սեփական արժեքը բարձրացնելու համար։ Մեր իշխանությունը տարբեր իրավիճակներում վերջին տարբերակն է ընտրում, ձեռ է առնում այս կամ այն երկրին՝ սեփական անկարողությունն արդարացնելու համար։ Այս ամենին զուգահեռ մենք տնտեսական բազում խնդիրներ ունենք, պարենի թանկացումներ, գազի գնի բարձրացում։ Մինչդեռ կառավարությունը խոստացել էր, որ գազի գնի բարձրացում չի լինելու, իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչքան են ապրանքների գները թանկանալու գազի գնի բարձրացման պատճառով։ Կան դրամի արժեզրկում և դոլարի թանկացում։ Հիմա զբաղված ենք կորոնավիրուսով, բայց վաղը կանգնելու ենք նաև շատ վատ տնտեսական իրավիճակի առջև, երբ մարդիկ իրենց տանը պահուստները սպառել են ու կանգնել են հացը երեք անգամ թանկ գնելու խնդրի առջև։ Իսկ այս առումով կառավարության փոխհատուցումները ծիծաղելի գումարներ են, և մեկ ամսվա պարապուրդը չեն կարող փակել։ Նախ պիտի հասկանայինք ծանր կացության մեջ հայտնված մարդկանց միջինացված ծախսնը որքան է ու, ըստ այդմ, փոխհատուցման չափը սահմանեինք։ Ոչ թե 26 500 դրամ իբր աջակցություն ցուցաբերեին կամ 10 ձու փոխանցեին տարեցներին, թե տեսեք՝ օգնություն ենք տալիս։ Սա շոու է։ Օրերս մեր տարածքում մեքենայով ձու էին բաժանում, իսկ այդ մեքենայի վրա փակցված էր «Այո»-ի լոգոն։ Սա էլ պոպուլիզմի մի մասն է, ձու բաժանելն էլ դարձնում են քարոզչական միջոց։ Այս քայլը ճղճիմ է, վայել չէ, ոչ մեկին դա պատիվ չի բերում։
-Ի՞նչ եք կարծում, իշխանության ներսում խուճապային տրամադրություններ չկա՞ն։
-Իհարկե, իշխանությունը փորձում է այդ ամենը ցույց չտալ, բայց խորտակվող նավից փախչելու են։ Ցավոք, այս իշխանությունը «հայրենիքի» գաղափարը չունի ՝ և ռազմական, և տնտեսական, և բոլոր ուղղություններով։ Անշուշտ, իշխանությունում էլ կան մարդիկ, որոնք արհեստավարժ են, չպետք է բոլորին նույնացնել Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու տարի է, ժողովրդին ասում են` դու լավ ես ապրելու, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտում նստի։ Քոչարյանը տևական ժամանակ բանտարկված է, բայց ժողովուրդը լավ չի ապրում։ Հետո պարզվեց` Հրայր Թովմասյանն է մեղավոր, հիմա կարող են ասել, թե արևը, լուսինն են մեղավոր։ Սա հոգեբանության մեջ կոչվում է դեպի դուրս նետված «լոկոնս կոնտրոլ», երբ մարդը իր վրա պատասխանատվություն վերցնելու փոխարեն, փնտրում է կամայական պատճառ՝ պատասխանատվությունը նրա վրա գցելու համար։ Քանի այսպիսի մոտեցում կա, երկրում ոչ մի լավ բան չի լինելու։ Մինչև մեր իշխանությունը չսովորի «լոկոնս կոնտրոլը» դեպի իր ներսն ուղղել, պատասխանատու լինել ամեն ինչ համար, հասկանա, որ Քոչարյանի անձը չի կարող երկրի զարգացման համար խոչընդոտ լինել, իրավիճակը չի շտկվի։ Ավելին, համոզված եմ, եթե այսօր Քոչարյանը լիներ ազատության մեջ, այս պահին կկանգներ իշխանության կողքին, իր անձնական կապերը կօգտագործեր, որպեսզի մեր երկիրն օր առաջ տնտեսական խնդիրներից շուտ ազատվեր։ Փաշինյանի ներկայացրած հայ-ռուսական լավ հարաբերություններն ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են, քանի որ Ռուսաստանն օգնություն է տալիս Իտալիային, եվրոպական երկրներին, որոնք ի դեպ, նրա հանդեպ պատժամիջոցներ էին կիրառում, իսկ մեզ` ոչ մի օգնություն։ Ավելին, գազի գինն է թանկացնում, նպարեղենի արտահանման արգելք դնում։ Այս ամենին գումարվում է այն, որ Փաշինյանը զանգում է Լուկաշենկոյին ու սկսում է բամբասել Պուտինից։ Միով բանիվ, սա անձնակենտրոն քաղաքականություն է, ոչ թե հայրենիքակենտրոն կամ պետականակենտրոն, որը բերելու է մեր երկրի լիակատար փլուզման։
-Այս օրերին իշխանությունը պետք է անցներ ճգնաժամային կառավարման։ Դուք այս առումով ի՞նչ եք տեսնում և արձանագրում, կա՞ նման բան մեր երկրում։
-Պատմության մեջ հիշվելու համար Նիկոլ Փաշինյանին երկու անգամ մեծ հնարավորություն տրվեց։ Իշխանափոխության շրջանը, երբ նա կարող էր համախմբման և միասնականության քարոզով բոլորին հավաքել իրար գլխի ու շտկել իրավիճակը, ինչը չարեց։ Դրա հակառակն իրականացվեց, հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների՝ ատելություն սերմանելով։ Երկրորդը կորոնավիրուսն էր, որը ևս հնարավորություն էր։ Չինարենով «ճգնաժամ» բառը երկու հիերոգլիֆներով է նկարագրվում. մեկը՝ վտանգ, մյուսը՝ հնարավորություն։ Ճգնաժամը նաև հնարավորություն էր Փաշինյանի համար, որպեսզի բաց թողներ որոշ բանտարկյալների, որոնց նա անարդար կերպով պահում է, հավաքեր իր կողքի ռեսուրսները և ճգնաժամից միասնական ջանքերով ելքեր գտներ։ Բայց Փաշինյանի անձնակենտրոնությունը դա թույլ չի տալիս, շարունակում է սև ու սպիտակ դաշտերի բաժանելով առաջ գնալ։ Քանի որ այս կառավարությունում արհեստավարժների դեֆիցիտ է, ճգնաժամային կառավարում չի կարող լինել։ Այդպիսի կառավարում չի կարող լինել նաև այն պատճառով, որ ճգնաժամային կառավարում իրականացնող մարդը պետք է հզոր լինի իր էությամբ, հոգեբանությամբ, կարողանա հստակ որոշումներ ընդունել, հստակ դիրքորոշում ունենա։ Այս առումով էլ ոչ մի ոլորտում չկան նման մարդիկ։ Այս օրերին խոսել ճգնաժամային կառավարման մասին ուղղակի ծիծաղելի է, հենց միայն այն պատճառով, որ մարդկանց անգամ չենք կարող տանը նստեցնել։ Եթե մի պահ պատկերացնենք, որ երկրորդ նախագահը հետ գար կառավարման ղեկին, համոզված եմ, որ կունենայինք ճգնաժամային կառավարում, կունենայինք կոշտ միջոցառումներ, դրանց հետ մեկտեղ նաև տնտեսական, սոցիալական մարդասիրական մոտեցումներ և այս իրավիճակից դուրս գալու լուծումներ։ Ինչպես մեկ անգամ եղավ, երբ ՀՀՇ իշխանությունից հետո Քոչարյանի իշխանավարման տարիներին ունեցանք տնտեսապես զարգացած երկիր։ Մինչ այսօր Փաշինյանը երկիրը ղեկավարում է իներցիայով, բազմաթիվ մարդիկ իրենց գործը շարունակում են անել՝ անկախ հանգամանքից, թե ով է իշխանության։ Այս իներցիայով նաև վիրուսն է վերանալու։ Իսկ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հույսը իշխանության վրա դնելը, մեղմ ասած, ծիծաղելի է։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ