Չլինի՞ Լավրովի դեմ էլ գործ ունեք
01.05.2020 | 00:46
Այս համընդհանուր մղձավանջի մեջ, երբ մարդկությունը կարծես քնում-զարթնում է նոր վիրուսակիրների թիվը լոկ արձանագրելու համար, մեր երկիրը, թվում է, ուղեծրից լրիվ է դուրս եկել։ Ներսի խժդժությունները, անգամ վիրուսը դեռ մի կողմ, տպավորություն է, որ անվտանգության մեր բոլոր զգայարանները բթացել են։ Բոլորը խոսում ու քննարկում են ինչ-որ չկայացած խորհրդարանի, առավել չկայացած փոխխոսնակի դերակատարմամբ ծեծկռտուքի, շրիշակի մակարդակի իջեցրած քաղաքական օրակարգի, անպարկեշտ բառամթերքով հաղորդակցվող պատգամավորների մասին, մինչդեռ այսօր գլխավոր հարցերից մեկը պիտի լիներ այն, թե ինչու է սահմանում լարվածությունը մեծացել։ Նախօրեին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, թե ապրիլի 29-ին, ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետներ: «Հարկ ենք համարում նշել, որ սա 2019 թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Միաժանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից»,- ասված է հայտարարությունում։ Գուցե սա սովորական ընդունվեր ու ազդակ լիներ մեր զինված ուժերին՝ առավել զգոն լինելու, բայց իրականում այս լարվածությունը մեկնարկեց ՌԴ արտգործնախարարի հայտնի հայտարարությունից հետո։ Բավական հետաքրքիր է նաև, որ այս օրերին, երբ աշխարհում բոլոր հակամարտությունները կարծես «քնեցվել» են, արցախյան հիմնախնդրի շուրջ իրավիճակը բավական թեժ է, բանակցություններն էլ ակտիվացել են։ Ավելին, օրերս ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ ուղերձով հարցադրում արեց Փաշինյանին` հակամարտության լուծման այսօր փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակն է քննարկվում։
Ակնհայտ է, չէ՞, որ ԱԱԾ նախկին պետը հենց այնպես հրապարակ չէր նետի այս հարցադրումը, փաստորեն, ժամանակին նման առաջարկ է եղել, ու անգամ մեր իշխանությունները դա քննարկել են։ Իսկ եթե և Լավրովը, և Արթուր Վանեցյանը սխալվում են, հաստատ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի խանգարում նրանց գոնե մեկ «լայվ» նվիրել։ Եթե Վանեցյանի հարցադրումից խուսանավելու համար կարող են «սեփական աղբյուրները» վկայակոչելով քրեական գործ հարուցել, Լավովի դեպքում փախչելու տեղ չունեն, կամ պիտի ասածը հաստատել, կամ հերքել։ Չնայած ո՞վ գիտի, մեր իրավապահները, փաշինյանյանական աղբյուրների տեղեկությունների հիման վրա, Լավրովի դեմ էլ կարող են գործ հարուցել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ