«Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ քանդարար է, մեծ աղմկարար ու նույնքան մեծ խառնակիչ»
26.05.2020 | 00:15
«Իրատեսի» հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ։
-Համավարակի պատճառով ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ըստ Ձեզ, կառավարելի՞ է։ Հաշվի առնելով վարակի տարածման այսօրվա տեմպերը, ինչի՞ առջև կարող է երկիրը կանգնել։
-Հայաստանը կանգնած է մոտալուտ ազգային աղետի շեմին։ ՈՒ այս ամենը մի մարդու իշխանության արդյունքում, որը խոստացել էր վերացնել աղետի գոտին։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանն այսօր ողջ Հայաստանն է վերածում աղետի գոտու։ Թշնամին ու օտար նվաճողը երևի մեր երկրի հետ այսպես օտարավարի ու անպատասխանատու կերպով չէին վարվի։ Այսօր գնում ենք հենց այս ուղղությամբ։ Վարակի տարածման վիճակագրությունը և իշխանության կառավարչական ապաշնորհությունն այդ մասին են խոսում։ Նայե՛ք վարակի տարածման վիճակագրությանը, մահվան ցուցանիշներին, այս ամենի օրական դինամիկային։ Իրավիճակը ոչ միայն բացարձակ վերահսկելի չէ իշխանության կողմից, այլև արդեն անիրատեսական էլ է սպասել, որ գործող կառավարությունը կարող է ինչ-որ հրաշքով այն վերահսկողության տակ առնել։ Բարձիթողի ու կատարյալ քաոտիկ իրավիճակ։ Տպավորությունն այնպիսին է, որ ժողովուրդն իր ինքնապահպանման անխախտ բնազդով շատ ավելի արդյունավետ կկարողանար պայքարել համավարակի դեմ, եթե ընդհանրապես չլինեին կառավարությունն ու նրա հակասական և մանկամիտ պահվածքը։ Ավելին, ստեղծված իրավիճակը, գրանցված ու դեռ գրանցվող մահերը բացառապես գործող իշխանությունների խղճին են։ ՈՒ դեռ գալու է ժամանակը, երբ այս ամենը փաստարկված կերպով, թղթապանակների վերածված, դառնալու է Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործությունն ապացուցող քրեական գործերի նյութ և խորհրդարանական ու այլ հանձնաժողովների ուսումնասիրության առարկա։
-Չնայած արտակարգ դրությունը պահպանվում է, բայց դա վարակի տարածման վրա ոչ մի ազդեցություն չի ունենում։ Դուք քաղաքական շահ տեսնու՞մ եք արտակարգ ռեժիմի պահպանման համար։
-Ծանոթ եմ այդ տեսակետին, որ իշխանություններն արտակարգ դրության իրավական ռեժիմը, ըստ էության, իր այս բովանդակությամբ, սահմանել են՝ մտքում ունենալով բացառապես քաղաքական նպատակներ ու հաշվարկներ, որ այդ կերպ կարողանան զսպել մարդկանց աճող դժգոհությունը հանրահավաքների ու բողոքի զանգվածային այլ միջոցառումների վերածելու հնարավորությունը։ Անկեղծ ասած, ես չեմ հավատում դրան։ Այս կառավարությունն ունակ չէ որևէ մտածված բան անելու։ Անգամ այն, ինչ Դուք եք ակնարկում։ Ավելի շուտ գործ ունենք իր անելիքը չիմացող, ապաշնորհ, գլուխն ու իրականության զգացումը ամբողջովին կորցրած, ինքն իր համար գծած երևակայական աշխարհում ապրող իշխանության հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Աննախադեպ մի ապիկարություն, որ այսօր մարդկային տասնյակ կյանքեր է արժենում։ Նիկոլ Փաշինյանի ձեռքերն այսօր արյունոտված են այն տասնյակ մարդկանց արյունով, որոնք Փաշինյանի կառավարչական ապաշնորհության արդյունքում զոհ են դառնում ու, ցավոք, դեռ դառնալու են այս համավարակին։ Իսկ այսօր ոչ ոք չգիտի, թե ով կարող է դառնալ հաջորդ զոհը։
-Վարչապետը խոստովանեց, որ կորոնավիրուսի հարցում «մեր գործերը լավ չեն»։ Բացի փաստն արձանագրելուց, ի՞նչ պիտի հետևեր դրան։
-Մամուլն ու պարետատան գրասենյակները հեղեղված են տարբեր մասնագիտական առաջարկներով, առկա է հաջողված համաշխարհային փորձ, կա կուտակված գիտելիք։ Պետք էր ի սկզբանե չդրսևորել նման հանցավոր ամբարտավանություն և լսել մարդկանց, որոնք իրենից խելոք են։ Այսօրվա կառավարության կազմում ևս նման մարդիկ կան։ Ողջ տարածաշրջանն այսօր արդեն խոսում է «վրացական հրաշքից», թե ինչպես մեր հարևան երկրին հաջողվեց նման դրական արդյունք գրանցել։ Երեկ արդեն այդ երկրում, որի բնակչությունն ու չափսերը մոտավորապես համադրելի են Հայաստանի հետ, արձանագրվել է վարակի ընդամենը մեկ դեպք։ Թե չէ, քանի՞ կոպեկ արժի Նիկոլ Փաշինյանի նման արձանագրումը, թե մեր գործերը լավ չեն։ Դա ամեն մի քաղաքացի առանց նրա ասելու էլ շատ լավ հասկանում է։ Բայց հանուն ճշմարտության մի բան էլ արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը վաղուց ապացուցել է, որ ինքը ունակ չէ որևէ հարցում, որևէ ուղղությամբ հաջողության հասնելու։ Նա պրոֆեսիոնալ քանդարար է, մեծ աղմկարար ու նույնքան մեծ խառնակիչ։ Իսկ համավարակի դեմ պայքարում հաջողության չես հասնի ո՛չ քանդելով, ո՛չ աղմկելով ու ո՛չ էլ մեծ խառնակչությամբ։ Սա է իրականությունը։ ՈՒ եթե վարչապետի պաշտոնում միամիտ հայտնված մարդը մեկ բան կարող է անել (իրականում օգնելու երկրին, գոնե փորձելու խուսափել վերահաս ազգային աղետից), դա րոպե առաջ հրաժարականի դիմում գրելն է, որով հնարավորություն կտա երկրին` փորձել դուրս գալ ստեղծված աղետալի իրավիճակի ճիրաններից։
-Մի կողմից առողջապահական, սոցիալ-տնտեսական բազում խնդիրները, մյուս կողմից ատելության, բռնության քարոզ, հարձակում ընտանիքների վրա։ Երկու տարի առաջ հանդուրժողականության լոզունգով իշխանության եկած ուժն ինչու՞ հանրության շրջանում բաժանարար գծեր քաշեց, մարդկանց «սորտավորեց» ու միմյանց դեմ տրամադրեց, Հայաստանը ժողովրդավարության «բաստիոն» որակեց, բայց ընդդիմությանը բռունցքներով լռեցրեց։ ՈՒ՞ր կարող է մեզ տանել այս մթնոլորտը։
-Երկրորդեմ՝ ազգային աղետի։ Մի այնպիսի աղետի, որի մասին մենք միայն մեր պատմությունից գիտենք։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն թուլացրել է մեր երկրի ու ժողովրդի հավաքական իմունիտետը։ Հայաստանը 1921-1922 թվականներից ի վեր երբեք հնարավոր արտաքին վտանգների համատեքստում այսքան խոցելի չի եղել, որքան այսօր է։ Պատահական չօգտագործեցի «մեծ խառնակիչ» բնորոշումը։ Նման ներքին ատելություն, նման ներքին թշնամանք ու պետական ինստիտուտների, արժեքների նման հետևողական կազմաքանդում, նման մահաբեր քաոս անգամ ամենաանմեղսունակ կառավարիչը չէր կարող ստեղծել այսքան կարճ ժամանակում։ Ես չգիտեմ՝ որտեղ փնտրել այս ամենի պատճառն ու Փաշինյանի աղետաբեր «ոգեշնչման» իրական աղբյուրը։ Անգամ չգիտեմ` արդյոք այն Հայաստանու՞մ է պետք փնտրել։ Ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում Փաշինյանը։ Նա բռնաբարում է մեր հասարակության անբավարար տեղեկացված շերտերի էմոցիաները, իշխում այդ էմոցիաներին ու երկիրը, այդ մարդկանց էլ հետը տանում կործանման ու աղետի։ Մեկ առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ։ Դա նույնն է, երբ հաշմանդամություն ունեցող երեխային սեփական ծնողը հանում է փողոց, սեփական երեխայի հաշմանդամությունն ի ցույց դնում անցորդներին, որ այլոց մոտ խղճահարություն առաջացնի ու փող հավաքի, իսկ երեկոյան այդ փողով իր ստամոքսը լցնի։ Ի՞նչ ժողովրդավարություն։ ՈՒ՞մ ականջների համար են նախատեսված այդ լոլոները։ Հայաստանը ԵԽ-ի անդամ պետություն է, որը երկու տարի առաջ քննարկում էր մեր երկիրը մոնիտորինգի տակ գտնվող երկրների ցանկից հանելու օրակարգը և Հայաստանը դասակարգելու որպես հետմոնիտորինգային երկրի կարգավիճակ ունեցող պետություն։ Եթե փաշինյանական երևակայության մեջ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, ապա ինչու՞ ժողովրդավարական այդ կառույցում նման որոշում չի կայացվել, որն ի դեպ, արդեն հասունացած էր դեռ երկու տարի առաջ։ Այլ օրինակներ չբերեմ։ Փաշինյանն ու ժողովրդավարությունը ուղղակիորեն անհամադրելի հասկացություններ են, ու դա շատ լավ հասկանում են նաև Հայաստանի միջազգային գործընկերները, անգամ եթե այդ մասին այսօր գերադասում են արտահայտվել կիսաձայն։ Ինձ սակայն Փաշինյանի ճակատագիրը չէ, որ հետաքրքրում է, այլ այն, որ նման ապիկար կառավարումը կարող է մեզ հասցնել, եթե արդեն իսկ չի հասցրել, անդառնալիության այն կետին, որից հետո, ինչպես բժշկական աշխարհում է ասվում, հնարավոր չի լինում փրկել հիվանդի կյանքը։ Իսկ այդ դերում այսօր մեր ողջ երկիրն ու մեր ժողովուրդն է։ Այդքա՜ն տառապանքներ կրած ու իր հավաքական ոգևորությունը վերջերս վերագտած ու հիասթափված ժողովուրդը։
-Եթե Փաշինյանին և նրա ընտանիքին առնչվող վերջին բացահայտումները հաշվի առնենք (խոսքը Միքայել Մինասյանի բարձրաձայնումների մասին է), որոնք վարչապետը չցանկացավ հերքել, կարո՞ղ ենք ասել, որ ազնվության առումով ևս այս իշխանությունը մեծ կասկածների տեղիք է տալիս։
-Նիկոլ Փաշինյանին լավ ճանաչողները մի բան գիտեն. այն, ինչ ասում է, որպես իրականություն ընդունեք դրա ճիշտ հակառակը։ Բայց ի՞նչը հերքի։ Հերքի այն, որ իրեն, ուսերի վրա դրած, իշխանության բերած ժողովրդի թիկունքում ինքն ու իր հարազատ-բարեկամները զբաղված են փող աշխատելո՞վ։ Բայց դա ու՞մ համար է գաղտնիք։ Նիկոլ Փաշինյանին Հայաստանն արդեն երևում է իր զրահապատ մերսեդեսների պատուհանից, կառավարական ամառանոցի պարիսպներից ու շրջապատող թիկնապահների ստվերում։ Արդեն իր համար քաղաքացին տուգանքի ենթակա սուբյեկտ է, արդեն խորհրդարանում ճիշտ է, որ լինի աներորդի ու եղբորորդի, արդեն ճիշտ է, որ քավորդ լինի քաղաքապետ ու այսպես շարունակ։ Արագաչափերի, կարմիր գծերի ու մնացածի մասին էլ չեմ խոսում։ Բայց, ախր, խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ։ Այդ մարդը իր կյանքում երբեք չի էլ թաքցրել օլիգարխ դառնալու իր ձգտումը։ Նրա համար այսօր արդեն այդ նույն նախկին ատելի օլիգարխները երկու տեսակի են. նրանք, ովքեր խոնարհումով մուծվում են հայտնի հիմնադրամներին ու վաստակում խոշոր գործարարի պատվաբեր տիտղոսը, և նրանք, ովքեր մերժում են իր այդ հանցավոր առաջարկն ու հայտնվում քրեական հետապնդումների մեջ։ ՈՒ՞մ հայտնի չեն այս բաները։ Գնացեք, Հայաստանի ամենահեռավոր գյուղերն ու մարդկանց հարց ու փորձ արեք։ Նրանք ձեզ կպատմեն իրականությունը ինչպես որ է։ Բոլորիցս էլ լավ կմերկացնեն այն լոլոները, որ իր մեծ աղմուկով փորձում է հանրությանը մատուցել Փաշինյանը։ Մարդ, որ լինելով թերթի խմբագիր, իր գրեթե բոլոր «ատելի» օլիգարխներից ու քաղաքական գործիչներից տարիներով անխափան սնվել է, նրանց մասին վարկաբեկող հոդվածներ գրելու կամ չգրելու համար, բարոյական իրավունք ունի՞ խոսելու ազնվությունից։ Կամ զարմանալի՞ է, որ այսօր, արդեն հայտնվելով վարչապետի աթոռին, ամեն ինչ անում է, օրինական ու ապօրինի եղանակով, որ ինքն ու իր բարեկամները դառնան միլիոնատերեր։ Ամեն ինչ օրինաչափ է։ Ցավոք, այս ամենն ի հեճուկս մեր հանրության մի մեծ շերտի հիասթափության ու ափսոսանքի, խաբված ու լքված լինելու զգացումի։
-Ընդդիմադիր ուժերն այս վիճակից դուրս գալու ելքեր են արդեն նախանշում։ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն իմքայլականներին առաջարկեց իրենց ներսից նոր վարչապետ ընտրել, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաճգնաժամային կառավարություն է առաջարկում ձևավորել, ՀՀԿ-ն էլ մշտապես նշում է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն։ Բոլորի ցանկությունը նույնն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնել, ուրեմն ինչու՞ այս ուժերը չեն համախմբվում և Ձեր կարծիքով, Փաշինյանին հեռացնելու ո՞ր տարբերակն է ամենահավանականը։
-Երկրում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ։ Տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանն արդեն չի վայելում մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը, զրկվել է մեծամասնության աջակցությունից։ Սա լրիվ նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել երկրում։ Հիշու՞մ եք, հենց ինքն էր ժամանակին ասում. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը։ Իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին։ Րոպե առաջ, րոպե առաջ...»։ Հիմա ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը ապացուցի, որ գոնե այս մի հարցում ինքն իրեն ու մեզ բոլորիս էլի չի խաբել, իր բնավորության համաձայն։ Իր հեռացումը վարչապետի պաշտոնից բխում է որքան Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, ստեղծված իրավիճակում փորձ անելու փրկվել մոտալուտ ազգային աղետից, նույնքան էլ բխում է անձամբ իր ու իր քաղաքական թիմի շահերից։ Այս հարցում բոլորի շահերը համընկնում են։ Ինքը, ըստ էության, ավարտել է իր քաղաքական առաքելությունը։ Անգամ կարելի է դրական բան արձանագրել այդ առաքելության մեջ. մեր երկիրն ուներ արմատական վերափոխումների կարիք և նաև իր ջանքերով արձանագրվեց այդ անհրաժեշտությունը, հանրային այդ համաձայնությունը, որ այսպես շարունակել չի կարելի, երկիրը արմատական փոփոխությունների կարիք ունի։ Վերջ։ ՈՒրիշ առաքելություն Նիկոլ Փաշինյանը երբեք չի էլ ունեցել։ ՈՒղղակի ինքն այդ պարզ ճշմարտությունը չի էլ հասկացել։ Վարչապետի պաշտոնում գտնվելու իր ամեն մի լրացուցիչ օրը նրան արդեն ներքաշում է նորանոր ապօրինությունների, սկանդալների ու օրինազանցությունների հորձանուտ։ Այնպես որ, վարչապետի պաշտոնից հեռացման կամ հրաժարականի հեռանկարը թող որևէ մեկին չթվա, թե չի բխում հենց Նիկոլ Փաշինյանի շահերից։ Նույն կերպ դա բխում է իր քաղաքական թիմի շահերից։ Ի վերջո, բոլորս հասկանում ենք, որ այդ թիմը՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը, այսօր հայտնվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատանդի կարգավիճակում։ Նրանք բոլորիցս լավ են հասկանում ու տեսնում իրականությունը։ Այն իրականությունը, որը երկիրը հասցնում է ազգային աղետի, իսկ իրենք, սեփական կամքից անկախ, դառնում են Նիկոլ Փաշինյանին հանցակից։ Ես չգիտեմ, թե դեպքերն ինչ ուղղությամբ կզարգանան առաջիկայում։ Զարգացման մի քանի սցենարներ կան, որ հնարավոր են։ Բայց այդ բոլոր սցենարներում չկա Նիկոլ Փաշինյան վարչապետը։ Խնդիրն այն է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին, որն իր անցած ողջ կյանքում գոնե մեկ բան ապացուցել է, որ կարողանում է, այդուհանդերձ, ճիշտ պահին «թռնել», կբավարարի՞ իրականության զգացումը այս անգամ ևս ճիշտ պահին «թռնելու», թե չի բավարարի։ Նաև դրանից պարզ կդառնա զարգացումների հետագա ընթացքը։ Այդուհանդերձ, հնարավոր բոլոր զարգացումներն առաջիկայում պետք է տեղի ունենան բացառապես մեր երկրի սահմանադրության ու օրենքների տառին համապատասխան։ Սա պիտի աքսիոմատիկ լինի բոլոր կողմերի համար։ Մենք ստեղծված աղետալի իրավիճակում հակառակի ռեսուրսն ուղղակի չունենք։ Կարող ենք երկիր ու պետություն կորցնել։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ