Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը բարձրացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով

ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը բարձրացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով
01.06.2020 | 22:42

Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը առաջարկներ է ներկայացրել ի պատասխան ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկների:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայություններ ներկայացված՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը ուսումնասիրվել է ՀԾԿՀ աշխատակազմի կողմից և ներկայացվել են հաշվարկներ, ըստ որոնց՝ հանձնաժողովը առաջարկում է բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 000 դրամ 1000 խմ համար։ «Գազպրոմ Արմենիան» իր հայտում առաջարկել էր բնակչության վաճառվող գազի գինը 139000 դրամից դարձնել 135 909 դրամ։ ՀԾԿՀ-ն նաև առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար նախատեսված սակագինը` 100 000 դրամ հազար խմ դիմաց։ «Գազպրոմ Արմենիայի» հայտով առաջարկվում է բոլոր սպառողների՝ այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը դարձնել նույնը՝ 135 909 դրամ։


Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը ՀԾԿՀ-ն առաջարկում է 212 դոլարից դարձնել 224 դոլար, ոչ թե 283․1 դոլար, ինչպես առաջարկում էր «Գազպրոմ Արմենիան»։
ՀԾԿՀ-ի հաշվարկներով՝ ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ 1000 խ/մ-ի համար։ «Գազպրոմ Արմենիայի» առաջարկել այդ խմբի համար սակագինը դարձնել 135 909 հազար դրամ։ Իսկ ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար հանձնաժողովը առաջարկում է սահմանել 255 դոլար՝ «Գազպրոմ Արմենիայի» հայտով առաջարկվող 283․14 դոլարի փոխարեն։


Ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ, իսկ ՀԾԿՀ առաջարկով սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կկազմի 266․71 դոլար/հազ. խմ։ Գործող սակագների հաշվարկի համաձայն սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կազմում է 255,06 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի առաջարկվող սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կազմում է 11%, իսկ ՀԾԿՀ առաջարկներով աճը կկազմի 4․5 տոկոս։

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ