Հայտնի խոսք կա՝ հաղթանակը բազում տերեր ունի, պարտությունը որբ է։ Այսօրվա մեր իրականությունում այս միտքը մի փոքր այլ կերպ է հնչում՝ հաղթանակը երբեմն իրար ձեռքից խլում են ու սեփականաշնորհում։ Տավուշում ռազմական գործողություններին հետևած որոշ քննարկումներ ուղղակի ապշեցնում են։ Բանակի հաջողությունների համար ուրախանալու փոխարեն այն դարձրել են համեմատության թեմա ու անդադար հիշում են 2016-ի ապրիլյան քառօրյան, նախկին իշխանություններին։ Նախ, բացի գործողությունների մասշտաբայնության տարբերությունից, կա նաև առավել էական մի հանգամանք. մեր սահմաններում դեռ լիակատար խաղաղություն չէ, իսկ հեղհեղուկ վիճակում կշեռքի նժարին դնել բանակի այս կամ այն գործողություն, այն դարձնել «միջոց» ներքաղաքական պայքարի համար, առնվազն հիմարություն է ու անպտուղ զբաղմունք։ Բայց նման թեմա արծարծողների համար մի քանի հստակեցում պիտի անել։
1. Ոմանք կրկին հիշել են, թե 2016-ին բանակը բահով է կռվել, դիզվառելիքի խնդիր է եղել, հիմա ամեն ինչ այլ է... Փաստորեն բանակաշինությունն այդքան հեշտ գո՞րծ է, որ երկու տարում բահը դարձավ ժամանակակից զենք, իսկ հրամանատարական կազմն էլ 2 տարում ձեռք բերեց կռվով կոփված ռազմական փորձառություն։ Գնդացիրն ու հրետանին իրարից չտարբերող (ցավոք, երբեմն նաև տարբերող) իշխանության ներկայացուցիչները համոզվա՞ծ են, որ իրենք են այսօրվա բանակի որակի պատասխանատուն։ Խոսեք ամեն ինչից, ամեն հաջողություն ձերը համարեք, կուզեք սեփականաշնորհեք ու դրա համար էլ ձեզ պարգևավճար դուրս գրեք, բայց բանակից խոսելու իրավունք դուք, «թավիշներ», հաստատ չունեք։ Բանակը ողջ ժողովրդի պահած-շահած զավակն է, այն ժողովրդի, որն ապրել է «նախկինների ու հների» տարիներին։ «Նոր» բանակ կերտելու ձեր անհեթեթ հայտարարություններն ի՞նչ են, եթե ոչ արհամարհանք բանակի հիմքում կանգնած, այդ գործին ամբողջ կյանքը նվիրած սպաների, հրամանատարների հանդեպ, նսեմ պահվածք մինչ այս եղած հայկական զինուժի բոլոր հաջողությունների հանդեպ։ Այս մարդիկ անկախ օրվա իշխանությունից շարունակել են անձնվեր աշխատել ու կառուցել ամուր, տարածաշրջանում ամենակայացած բանակներից մեկը։
Ինչ վերաբերում է բահերին ու դիզվառելիքին, ապա Նիկոլի թերթի շրջանառության մեջ դրած դեզինֆորմացիան տարիներով շրջանառած մարդիկ իրենց իսկ շուրթերով, իրենց անդամներով կազմած հանձնաժողովով հայտարարեցին, որ երբևէ նման խնդիր չի եղել։ Իսկ եթե դրանով հերթական անգամ նախկիններին եք ուզում քննադատել, նրանց քննադատելու այլ թեմաներ հատատ կգտնեք, բանակը մի դարձրեք «մանրադրամ»։
2. Ասում են, թե այսօրվա բանակը տարբերվում է 2016-ի բանակից։ ՈՒ աբսուրդն այն է, որ սա ասում է նաև այս ոլորտում ժամանակին պաշտոն զբաղեցրած մարդը։ Իհարկե, տարբերվում է, որովհետև բանակն ամեն օր է կատարելագործվում, ամեն օր է նոր որակ ստանում։ Եթե 2016-ի ու այսօրվա բանակը նույնը լիներ, նշանակում է մենք, որպես ազգ, չենք գիտակցում, թե ինչ է մեզ համար ազգային անվտանգությունը, նշանակում է ապրելու մեր իրավունքը վաղուց զիջած պիտի լինեինք։ Ի դեպ, այդ բարեփոխումների մեծ ալիքը սկսվեց հենց ապրիլյան քառօրյայից հետո ու անգամ այսօրվա իշխանությունների ժամանակ իրականացված որոշ ծրագրերի հիմքերը, պայմանավորվածությունները դեռ նախորդների ժամանակ են եղել։ Բանակի «հինն» ու «նորը» չկա, բանակը կենդանի օրգանիզմ է ու ամեն օր է փոխվում՝ անկախ հանգամանքից, թե այդ պահին ով է քաղաքական ղեկավարությունը։ Ի դեպ, համեմատելու սիրահարներին և հատկապես ժամանակին պաշտպանության փոխնախարար աշխատած Անդրանիկ Քոչարյանին մի հիշեցում, փորձեք 2016-ի բանակը համեմատել ձեր տարիներին ղեկավարած այդ կառույցի հետ, ի՞նչ տարբերություններ կտեսնեք։ Գոնե հանուն բանակում ինչ-որ ժամանակ կարգավիճակ ունեցող մարդ, որը պետք է երկրի պաշտպանությունը վեր դասի ամեն ինչից, հանգիստ թողեք բանակը։
3. Ոմանք պնդում են, թե քաղաքական ղեկավարությունը տեղյակ չի եղել ռազմական գործողություններից, հաղթանակ կրողը բանակի ղեկավարությունն է։ Սրան զուգահեռ հնչում է մյուս ծայրահեղությունը, թե հաղթանակի դափնիները Նիկոլ Փաշինյանինն են։ Այս հարցում ընդամենը խոսենք փաստերով։ Բայց մինչ այդ նկատենք, որ հաղթանակը բոլորին է, այս թեման գոնե առայժմ պետք չէ անընդհատ շահարկել։ Իսկ փաստերն ինչ են ասում. ըստ մեր Սահմանադրության, Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար է դառնում, երբ սահմանին պատերազմ է ընթանում, սակայն տավուշյան ռազմական գործողությունները լոկալ բնույթ ունեին և պատասխանատվությունն ամբողջովին ընկած էր Պնախարարի և գլխավոր շտաբի պետի վրա։ Ավելին, Ադրբեջանի արկածախնդրության հաջորդ օրը Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում մանրամասներ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանին, որի հարցից կարելի էր ենթադրել, որ նախապես նա գործողությունների բնույթին այդքան էլ իրազեկ չէր։ Իսկ համաձայնեք, որ այդ ամենի պատասխանատուն չի կարող թշնամու դիտավորությունը մոլորության հետ խառնել։
4. Փաշինյանի «երկրպագուները» հայտարարում են, թե Ալիևը հասկացավ, որ իր առջև ոչ թե Սերժ Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան է, այլ մի կատաղած իջևանցի` Փաշինյանը։ Իրո՞ք լուրջ եք ասում։ Իրո՞ք հավատում եք ձեր հնչեցրած ստերին։ Առանց որևէ մեկին գերագնահատելու և թերագնահատելու, ընդամենը հարց՝ դուք իրո՞ք կարծում եք, որ արցախյան ազատամարտի հիմքում կանգնած, բոլոր հաղթանակների մաս դարձած, Արցախը պահած մարդիկ ավելի քիչ ահարկու ու սարսափելի են թշնամուն, քան բանակում անգամ չծառայած, արցախյան ազատամարտից ճողոպրած, ապրիլյան քառօրյային մայիսին «մասնակցած», բանակաշինության գործում զրո ներդրում ունեցող մեկը։ Սա գնահատական չէ, այլ իրողություն, որի հետ մենք եթե անգամ չենք ուզում հաշվի նստել, թշնամին հաստատ այդ նրբությունները հստակ հաշվարկում է։ Ի դեպ, ի՞նչ եղավ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու Փաշինյանի խրոխտ «մարտակոչը»։
Հավարտ ընդգծենք. վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք ցանկացած խնդիր լուծել, եթե բոլորս համակարծիք ենք մեկ հարցում՝ ամուր պահել մեր երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը։ Իսկ դա հրաշալիորեն տարբեր տարիներին կատարել է մեր բանակը, ուրեմն գոնե այդ կառույցի հարցում զերծ պիտի մնալ անհարկի շահարկումներից, բզկտող կոչերից, այսրոպեական քաղաքական շահերում բանակն օգտագործելուց։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ