Երբ երեկ ՊՆ խոսնակը տեղեկացրեց, որ «3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի», այդ զինվորներին մարտական օրերին տեսած մեր զրուցակիցը նշեց, թե զարմանալ պետք չէ այս քայլի համար, որովհետև դա նրանց արածի համեմատ շատ փոքր դետալ է։
Վերջին ռազմական գործողությունների ընթացքում պետական և ռազմական գաղտնիության տեսանկյունից մեր զինվորների, սպաների որոշ սխրանքներ առայժմ նպատակահարմար չէ բարձրաձայնել, բայց նույն աղբյուրի պնդմամբ, բացառիկ անձնուրացության ու աներևակայելի գործողությունների պատմություններ կան, որոնք ոչ միայն մեր զինվորների խիզախության, այլև մտքի ճկունության և արագ կողմնորոշվելու մասին են վկայում։ «Գուցե մի օր դրանք էլ դառնան դասագրքային օրինակներ, դրանցով սերունդների հայրենասիրական ոգին բարձրացնեն։ Այդպիսի տղերք միշտ եղել են, կան ու կլինեն, ինչպես արցախյան հերոսամարտի սկզբում, ապրիլյան քառօրյային, այնպես էլ Տավուշում ու այնտեղ, որտեղ թշնամին կփորձի ոտնձգություն անել»,- հպարտությամբ ամփոփեց մեր զրուցակիցը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ