Աշունը եկավ, ու ինչպես մեր քաղաքական դաշտին է բնորոշ, խոսքուզրույցի թեման քաղաքական «եղանակի» թեժացումն է։ Թվում է, թե անկախ Հայաստանի ընդդիմադիր դաշտում ամեն ինչ այնքան հին է ու անփոփոխ, որ կարող ես արագ հասկանալ, թե ինչ սցենարներ են մտմտում ընդդիմադիր ուժերը։ Այս տարիներին այնքան շատ ենք լսել սահմանադրական ճանապարհով իշխանափոխության մասին, որ ընդամենը մեկ անգամ շեղում գրանցվեց դրանից, և արդյունքում ունեցանք այսպիսի իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը միակ ընդդիմադիրն է, որ Գյումրիից մինչև կառավարության ղեկավարի աթոռ չկարևորեց իր քայլերի ու գործողությունների սահմանադրականությունն ու օրինականությունը ու դրա համար էլ առաջին իսկ օրից անհաշտ պայքարի մեջ է ՍԴ-ի, օրենքի ու պետական ինստիտուտների հետ, որովհետև դրանք նրան խանգարում են, անկարևոր են ու կապանքներ են ստեղծում անտրամաբանական քայլերի համար։
Հայաստանի քաղաքական դաշտի դժբախտությունն էլ այն է, որ իշխանությունների համեմատ ընդդիմությունն ավելի թույլ ու անկազմակերպ է, արագ կուլ է տալիս իշխանության գայթակղիչ խայծը և ինչ-որ պահի դադարում է հասարակության համար վստահելի ու անկաշառ լինելուց։ Այսօր էլ շատ բան չի փոխվել, միակ տարբերությունն այն է, որ ընդդիմության զգալի հատվածը Փաշինյանի «կցորդը» չէ, այդպիսին դառնալու ցանկություն իսպառ չունի և գրեթե զրոյից պիտի վարկանիշ, հանրային աջակցություն ձեռք բերի։ Սակայն կայուն վիճակ է անկազմակերպվածության, ցիրուցան պայքարելու, հավակնությունների առումով։ Հայտնի առակի հերոսների պես ամեն մեկն իր կողմն է քաշում, իրեն է ցանկանում ընդդիմության առանցքում տեսնել, ու չկա ամենակարևոր հարցի շուրջ փոխհամաձայնություն, թե, ի վերջո, ով է լինելու միասնական ընդդիմության առաջնորդը։ Ինչ-որ առումով ընդդիմադիրների այսօրվա խնդիրները ծնվում են հենց վերջին հանգամանքից։ Ավելի հեշտ համախմբում կլինի, եթե բոլորի կամ առնվազն ճնշող մեծամասնության համար ընդունելի լինի մի անձ, որը կարող է իր հետևից տանել տարբեր «նախասիրություների» տեր ընդդիմադիրների։
Այսօր ընդդիմադիր դաշտը նաև վարկանիշի մեծ խնդիր ունի, հասարակության հետ լուրջ աշխատանքի կարիք կա, ու քանի դեռ նրանք շատ բաներ հանրությանը չեն բացատրել, չեն ներկայացրել խնդրահարույց հարցերի շուրջ պարզաբանումներ, չպետք է մեղադրեն մարդկանց, թե իրենց հանդեպ բացասական վերաբերմունք ունեն։
Հետաքրքիր է, որ ընդդիմության կայացման գործում, թերևս, մեծագույն աջակցություն է ցուցաբերում իշխանությունը. վերջինիս քայլերի, հայտարարությունների, աշխատաոճի պատճառով շատերն ակամայից համալրել են ընդդիմության շարքերը։ Սակայն եթե ընդդիմադիրների հույսը մարդկանց հիասթափության վրա է, բոլոր իշխանություններն էլ ունեն հրաշալի լծակներ, որոնցով զսպում ու կառավարելի են դարձնում այդ զայրույթը։ Այնպես որ, շատ բան պայմանավորված է ընդդիմության հաշվարկված ու ճիշտ գործողություններով, առավել ևս, իշխանությունը ոչ միայն դրան չի խանգարում, այլև, երկրորդեմ՝ օգնում է, բայց նախ ընդդիմադիրներն իրենք իրենց մեջ պետք է լուրջ հստակեցումներ անեն, հարաբերություններ ճշտեն ու ընտրեն պայքարի արդյունավետ, արժանահավատ, հաղթական ճանապարհ։ Առայժմ միտումները խոստումնալից չեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ