Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ակամա համասեռամոլները

Ակամա համասեռամոլները
22.06.2012 | 12:12

Դժ­վար է հա­վա­տալ, որ այլևս խմ­բա­գու­թյուն չի այ­ցե­լի «Ի­րա­տե­սի» լա­վա­գույն բա­րե­կամ, թեր­թի է­ջե­րում բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­նե­րով ու ար­ձակ գոր­ծե­րով հան­դես ե­կած ԳՈՒՐ­ԳԵՆ Ե­ՂԻԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ, ով հոկ­տեմ­բե­րի 28-ին շատ ան­ժա­մա­նակ բռ­նեց երկ­նա­յին հա­վեր­ժու­թյան ճամ­փան:
Մեր խո­րին վշ­տակ­ցու­թյունն ենք հայտ­նում քա­ղա­քա­կան գործ­չի, ԱԱԾ նախ­կին փոխտ­նօ­րե­նի, ար­ձա­կագ­րի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին, գա­ղա­փա­րա­կից ըն­կեր­նե­րին ու մտե­րիմ­նե­րին:
Ներ­կա­յաց­վող պատմ­ված­քը Գուր­գեն Ե­ղիա­զա­րյա­նի բազ­մա­թիվ ար­ձակ գոր­ծե­րից մեկն է, ո­րը հե­տաք­րք­րու­թյամբ է կար­դաց­վել irates.am կայ­քում՝ ու­նե­նա­լով 160 հա­զար դի­տում:

Նվի­րում եմ իմ ճա­նա­չած ա­մե­նաինք­նա­տիպ մարդ­կան­ցից մե­կին՝ թան­կա­գին ԷԴՈՒԱՐԴ ԱԲ­ԳԱ­ՐԻ ՄԵ­ԼԻՔ­ՍԵ­ԹՅԱ­ՆԻՆ

Երկհարկանի ավտոբուսը, խցկվելով մեքենաների շարքի մեջ, մի կերպ կանգնեց հյուրանոցի դիմաց և ֆսսոցով բացեց դռները: Երիտասարդ աղջնակը, որի շուրթերից ժպիտն անպակաս էր, ցույց տալով արդեն դարն ապրած շենքը, հայտարարեց, որ հասանք մեր հյուրանոցին, և խնդրեց իջնելիս չմոռանալ ճամպրուկները:
Մենք` ԽՍՀՄ քաղաքացիներս, մինչ Լոնդոն հասնելը, հայրենիքում մանրամասն ինստրուկտաժ էինք անցել, թե ինչպես պետք է իրեն պահի կոմունիստը թշնամական-մարտնչող կապիտալիզմի պայմաններում: Խստագույնս արգելվում էր միայնակ փողոց դուրս գալը, խանութ, զբոսանքի կարելի էր գնալ միայն խմբակային` խմբի ղեկավարի բանավոր թույլտվությունը ստանալուց հետո: Արգելվում էին նաև չնչին հարցերով կապիտալիստներին դիմելը (այս պարագայում բացատրություն չկար, թե որ հարցն է չնչին, որը` ոչ չնչին), անտեղի, անհարկի բարձր խոսելը և ծիծաղելը, խմբի ղեկավարին չլսելը և ղեկավարման պրոցեսում նրան սեփական կարծիք հայտնելը, ընդդիմախոսելը: Եթե կգտնվեին այնպիսիք, ովքեր այլ կերպ կվարվեին, չէին կատարի ինստրուկտաժի պահանջները, ապա նրանց հայրենիքում լրջագույն անախորժությունների մի ողջ շարան էր սպասում, չհաշված, որ անմիջապես կզրկվեին կուսակցական տոմսից, այսինքն` ամեն ինչից: Այդ «ինստրուկտաժօրենքը» մեզ «դասավանդել» էին երկու անգամ շրջկոմում և վերջին անգամ ՀԿԿ կենտկոմում: Մեր խումբը բաղկացած էր 15 կոմունիստից. այն սկսվում էր առաջադեմ երկու բանվորից, երկու կոլտնտեսուհուց, արվեստի բնագավառի երկու աշխատողից, երևանաբնակ երկու տնօրենից, տարբեր մասնագիտությամբ և պաշտոններ վարող վեց մարդկանցից և ավարտվում էր ՀԿԿ կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչով, որը խմբի ավագն էր:
Հյուրանոցի սպասասրահում առանց փաստաթղթերի ձևակերպման թարգմանչուհին մեզ հանձնեց համարի բանալիները, ասելով, որ կարող ենք բարձրանալ, ճանապարհից հետո լոգանք ընդունել, հետո, սպասասրահ իջնելիս, օրվա ընթացքում ձևակերպումները կանեն: Հերթով դելեգացիաներ էին գալիս, հավանաբար, այդպես էին վարվում, որ անհարկի հերթեր չգոյանային: Մեր խմբի ղեկավարը թարգմանչուհուն մի կողմ տանելով` սկսեց երկար-բարակ ինչ-որ բան բացատրել, աղջնակը, մերթ ընդ մերթ չհասկանալով խմբի ղեկավարի ասածը, հարցնում էր՝ ինչու: Ի վերջո, թարգմանչուհին հավաքեց մեզ տված բանալիները և մոտեցավ ադմինիստրատորին: Վերջինս, կողքին նստած կնոջ ականջին կամացուկ ծիծաղելով, ինչ-որ բան ասաց, որը սկսեց անթաքույց ժպիտով մեզ ուսումնասիրել, ինչ-որ բանից ուրախացած երկու կանայք ձեռքով մեզ իրենց մոտ հրավիրեցին: Բնական է, որ մենք կապիտալիստների հրահանգին չենթարկվեցինք, տեղներիցս չշարժվեցինք, նրանց հետ շփվելու լիիրավ իրավունք միայն մեր խմբի ղեկավարն ուներ:
Խմբում բարձրահասակ, լայն ճակատով գեղեցկադեմ մի տղամարդ կար, որը, հակառակ ինստրուկտաժի, հյուրանոցի սպասասրահում առանց ղեկավարի համաձայնությունը ստանալու գնացել բազմել էր բազկաթոռին, ոտքը գցել էր ոտքին և ամսագիր էր թերթում: Դեռ ավտոբուսում կողքիս նստած հացի գործարանի տնօրենից տեղեկացա, որ այդ տղամարդը հայտնի Էդուարդ Աբգարիչն է, «Ավանգարդ» միավորման գլխավոր տնօրենը, որ նրան սկզբում ցուցակից հանել են, հետո Մոսկվայի պահանջով վերջին պահին վերականգնել Լոնդոն մեկնողների ցուցակի մեջ: Ավտոբուսի հարևանս՝ հացի գործարանի տնօրենը, ասաց, թե անհարկի անեկդոտ է պատմել ՀԿԿ կենտկոմի շենքում։ Նրա անեկդոտը տեղ են հասցրել, ինչի պատճառով մեկնողների ցուցակից հանել են նրա անուն-ազգանունը: Որքան էլ պնդեցի, զրուցակիցս այդպես էլ չհամարձակվեց նրա պատմած անեկդոտը կրկնել: Ճիշտ է, Ստալինին ընկեր Խրուշչովն էր փոխարինել, բայց նրա շորշոփը դեռևս գլխավերևներումս թևածում էր: Էդուարդ Աբգարիչն իրարանցումը նկատելով` վեր կացավ բազկաթոռից, մոտեցավ ադմինիստրատորին, որտեղ կանգնած էին թարգմանչուհին և խմբի ղեկավարը: Երկու կոլտնտեսուհիներն էլ, ձեռք ձեռքի տված, բորբ արևից կաս-կարմիր կտրած այտերով, նմանատիպ վառ կարմիր շորեր հագած, սպիտակ կոշիկներով և սպիտակ գուլպաներով, կանգնած էին իմ և զրուցակցիս՝ հացի գործարանի տնօրենի կողքին: Թարսի նման բոլորս էլ զույգ-զույգ էինք կանգնած, բացի Աբգարիչից: Հաճելի արտաքինով, հաստաշրթունք, թմբլիկ ադմինիստրատորը ճակատի խոպոպիկների տակից, կապույտ աչքերը խորամանկորեն հառելով Էդուարդ Աբգարիչին և աչքով անելով մեր կոլտնտեսուհիներին, թարգմանչուհուն հարց ուղղեց:
-Կանանց զույգը պարզից պարզ է։ (Կոլտնտեսուհիներն իրար ձեռք բռնած, մեկմեկու ականջի փսփսում էին)։ Ադմինիստրատորը խնդրում է սենյակ հատկացնելու համար Դուք Ձեր զույգի տվյալները հայտնեք,- Աբգարիչին դիմելով, անգլերենից ռուսերեն թարգմանեց ամոթխած աղջնակը:
-Ի՞նչ զույգի մասին է խոսքը, աղջի՛կս, իմ զույգը առոք-փառոք տանը երեխաներիս կողքին է,- պատասխանեց Աբգարիչը:
-Ադմինիստրատորը ձեր խմբին մեկտեղանոց համարներ էր տրամադրել, ձեր ղեկավարն ասաց, որ Դուք երկտեղանոց համարներ եք պահանջել, որպեսզի Ձեր զույգից առանձին չմնաք: Տիկինը նաև ասում է, որ Մեծ Բրիտանիայում հարգում են մարդու ազատությունները և խոսակցություններ կան, որ շուտով նույնիսկ եկեղեցին կօրհնի նման միասեռ միությունները:
-Ի՞նչը կօրհնի եկեղեցին, աղջիկ ջան,- արդեն նյարդայնացած հարցրեց Էդուարդ Աբգարիչը:- Այս ի՞նչ է կատարվում, սրանք մեզ գ…ի տեղ են դրել, տո քեզ եմ հարցնում, այ տղա, ի՞նչ ես խոսել, որ էս կնանիք մեզ վրա ուրախանում են, պապանձվել ե՞ս, պատասխանիր,- հայերեն գոռաց նա` հարձակվելով խմբի ղեկավարի վրա:
Մի պահ խմբի ղեկավարի ինքնավստահ պահվածքից հետք անգամ չմնաց, հաջորդ վայրկյանին անմիջապես հասկացավ, որ հիմարություն է թույլ տվել, որ իրեն հայրենիքում չեն ների «կոմունիստ - արվամոլի» պատմությունը: Իրեն հավաքելով` մեջքն ուղղեց և անմիջապես մի ողջ դասախոսություն կարդաց ադմինիստրատորի համար, բացատրելով, որ արվամոլությունը մեր երկրում հետապնդվում է օրենքով, որ կոմունիստ-արվամոլ ընդհանրապես չի լինում:
Ադմինիստրատորը, խորամանկ ժպիտը հաստ շուրթերին, հարց ուղղեց մեր խմբի ղեկավարին.
-Ասացեք, խնդրեմ, պարոն, ապա ինչո՞ւ էիք ինձ խնդրում, որ ձեր պատվիրակության անդամները զույգերով համարներ գնան, ասում էիք, որ նրանք այդպիսի պահանջ են ներկայացրել,- թարգմանեց թարգմանչուհին։
-Մենք օտար երկրում ենք գտնվում, երկուական քաղաքացիների գտնվելը նույն տարածքում ապահովում է նրանց անվտանգությունը,- սփրթնած պատասխանեց մեր ղեկավարը։
-Գիտե՞ք, պարոն, մեզ մոտ լեյբորիստական, պահպանողական կուսակցություններում համասեռականներ կան։ Ինչպե՞ս է, որ կոմունիստականում չկան,- ծիծաղելով, կողքի կնոջը աչքով տալով, հարցրեց ադմինիստրատորը։
-Սրան ասա, որ պատասխանատու եմ ամբողջ աշխարհի կոմունիստների համար, իսկ լեյբորիստների և մնացածի հետ գործ չունեմ։
-Պարոն, նոր լրագրողներից մեկը ադմինիստրատորից հետաքրքրվում էր, թե այդ ինչ համասեռամոլների պատվիրակություն է ժամանել հյուրանոց։ Շուտով լուսանկարչական ապարատներով կգան և մեծ շոու կսարքեն, համասեռամոլների իրավունքների պաշտպանության թեման մեր երկրում լուրջ հիմքերի վրա է դրված։ Արագ կողմնորոշվեք` ինչ համարներ եք նախընտրում` մեկ, թե երկու տեղանոց,- բարեկամաբար ասաց թարգմանչուհին։
Բնական է, որ լրագրողներից խույս տալ էր հարկավոր։
Այս ամենն ավարտվեց նրանով, որ մեզ վերադարձրին մեր մեկտեղանոցները: Վերելակի մոտ անցկացնելով վերջին խորհրդակցությունը` խմբի ղեկավարը թունոտ դիմեց Էդուարդ Աբգարիչին.
-Ձեզնից առանձնահատուկ պահանջում եմ, որ Դուք չմոռանաք, որ խմբի ղեկավարը, որոշումներ ընդունողը ես եմ, այսուհետ ինձնից առաջ չընկնեք։ Չհամարձակվեք իմ ներկայությամբ բարձր խոսել: Ես պահանջում եմ, որ Դուք չշեղվեք ինստրուկտաժի պահանջներից, Ձեզ պահեք կոմունիստի կոչմանը համապատասխան, կոմունիստ Մելիքսեթյան: Հակառակ դեպքում ես Ձեզ հետ կխոսեմ ինչպես կոմունիստը կոմունիստի հետ։ Դուք մոռանում եք, որ ես ՀԿԿ կենտկոմն եմ ներկայացնում և բաժնի վարիչ եմ, մենք կապիտալիստական երկրում ենք գտնվում, խնդրում և պահանջում եմ զգոն լինել: Ձեզ էլ չտեսնեմ, որ ձեռք ձեռքի տաք, իրար կպնեք, չե՞ք նկատում` սրանք գնում-գալիս ձեր զույգն են նկարում, արդեն վրաներդ հազար տեսակ խոսակցություն եք բերել, իբր լեսբուհի եք: Այսուհետ աշխատեք իրար ականջի մեջ չխոսել, հեռվից այն տպավորությունն է ստեղծվում, կարծես անընդհատ համբուրվում եք իրար հետ, դրա մասին արդեն թարգմանչուհին էլ է ասում,- կատաղի ասաց նա կոլտնտեսուհիներին` վրաները մատ թափ տալով:- Ընթրիքը ժամը 19.00-ին է, խնդրում եմ չուշանալ, հյուրանոցից դուրս չգալ, կոմունիստական կարգապահությունն առաջին հերթին, ընկերներ,- խստագույնս ավարտեց ելույթը խմբի ղեկավարը` մտնելով վերելակ:
-Կպահեմ ինձ կոմունիստի նման, լակոտ, դրանում կհամոզվես,- հանգիստ, բարձրաձայն մտածեց Էդուարդ Աբգարիչը, հեգնանքոտ ժպիտը շուրթերին:
Խմբի ղեկավարի դիտողությունից, մատ թափ տալուց հետո այս անգամ կոլտնտեսուհիներն ամուր իրար գրկեցին և սկսեցին լաց լինել:
-Այս խեղճերին ինչո՞ւ եք Լոնդոն հասցրել, հիմա էլ վրաները մատ եք թափահարում, լեսբուհի եք ասում: Սրանք մինչ օրս չգիտեն էլ, թե ուր են եկել և ինչի համար, խեղճերն իրենց կյանքում ֆուտբոլ տեսած չկան: Ասել եք` բարձր չխոսեք, չեն խոսում, իրար ականջի մեջ են խոսում,- մրթմրթաց հացի գործարանի տնօրենը` լայն ժպտալով Էդուարդ Աբգարիչին:

Լոգանք ընդունելուց հետո փողոցի աղմուկի վրա դուրս եկա պատշգամբ: Լոնդոնը ցնծում էր ուրախությունից, պատշգամբիս տակից անցնող մարդիկ ուրախ ողջունում էին ինձ, հյուրանոցի ապակիները զնգզնգում էին թմբուկների հարվածներից, շեփորների աղմուկը սենյակ էր թափանցում նույնիսկ փակ պատուհաններից: Լոնդոնը խանդավառություն էր ապրում, հաջորդ օրն «ՈՒեմբլի» մարզադաշտում աշխարհի ֆուտբոլի առաջնության հանդիսավոր բացման արարողությունն էր կայանալու, ինչի համար էլ մեր պատվիրակությունը Հայաստանից Լոնդոն էր ժամանել:
Համաձայն խմբի ղեկավարի հրահանգի` ընթրիքից հետո մենք հյուրանոցի սպասասրահում հավաքվեցինք, որտեղ և անցկացրինք իմ կյանքի առաջին արտասահմանյան կուսակցական ժողովը: Օրակարգում մեկ կարգապահական հարց էր դրված. ինստրուկտաժի կետերի պահպանումը ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակահատվածում, որի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ խմբի ղեկավարը: Որոշվեց երեք օրից գումարել նաև հաջորդ ժողովը, որպեսզի գործուն մոտեցում լինի կարգապահական հարցերին: Ժողովը փակելով` նա հայտարարեց, որ առավոտյան ժամը 9.00-ին պետք է հավաքվենք նույն տեղում ռեստորան նախաճաշի գնալու համար, որից հետո, հնգյակների բաժանված, կարող ենք դուրս գալ հյուրանոցից: Ամեն հնգյակ անմիջապես իր ղեկավարին պետք է ընտրեր, հետո նոր կարող էինք գնալ Լոնդոնի տեսարժան վայրերով զբոսնելու: Այդ չէր տարածվում միայն այն հնգյակի վրա, ուր անձամբ խմբի ղեկավարն էր լինելու: Զբոսանքը սահմանափակ էր, երկու ժամից պետք է լինեինք հյուրանոցում, որպեսզի «ՈՒեմբլի» մարզադաշտ մեկնելուց առաջ հանգստանայինք, մեզ կարգի բերեինք:
Բանիմաց զրուցակիցս՝ հացի գործարանի տնօրենը, առանց իմ կողմը նայելու, կամացուկ, բազմանշանակալից վանկերով արտաբերեց.
-Քաշ-վե-ցինք:
-Ինչո՞ւ, - նույնքան կամացուկ հարցրի ես:
-Ամենքս մեր գրպաններում ընդամենը հիսուն ֆունտ ունենք (պետականորեն սահմանված գումար էր, որը սովետական զբոսաշրջիկը պետք է ունենար մանր ծախսերի համար), քաղաքի կենտրոնում ապրանքը երկու անգամ թանկ արժե, այստեղ խանութներ կան, որ հիսուն ֆունտի դիմաց ըսկի բարևդ չեն առնի, որ տնեցիներին կարողանանք մի երկու փալաս-փուլուս առնել, հարկավոր է գնալ Լոնդոնի ծայրամասերը, երկու ժամում այնտեղ հասնել և առևտուր անելն անիմաստ բան է, չենք հասցնի,- մտահոգ, առանց շրթունքները շարժելու և վրաս նայելու մրթմրթաց զրուցակիցս:
-Ի՞նչ պետք է անենք, արժե այս հարցը հաջորդ կուսակցական ժողովին բարձրացնել, - նրա նման հնարավորինս շուրթերս չշարժելով հարցրի ես` այդ կոնսպիրատիվ խոսելաձևն անմիջապես ընդօրինակելով նրանից: Այդպես շատ հարմար էր խոսել, ուրիշները մեր խոսակցությունից ոչինչ հասկանալ չէին կարող:
-Չհամարձակվես, Երևանում հերդ կանիծեն, սպեկուլյանտի անուն կվաստակես, աշխատանքից կզրկվես,- նույն եղանակով, առանց շուրթերը շարժելու պատասխանեց նա:
-Բա ի՞նչ ենք անելու:
-Չգիտեմ, լուծում չեմ գտնում, ես խմբի ղեկավարից գլուխ չեմ հանում,- տխուր ու տրտում մրթմրթաց զրուցակիցս:
Առավոտյան, համաձայն հրահանգի, խումբը հավաքվել էր սպասասրահում, որ մտնեինք ռեստորան նախաճաշելու: Բացակայում էր միայն Էդուարդ Աբգարիչը: Խմբի ղեկավարը նյարդայնացած հրամայեց, որ իրեն սպասեն, և կարգադրելով, որ ես էլ իրեն հետևեմ, շարժվեց դեպի վերելակը: Ամենայն հավանականությամբ ինձ էլ հետը որպես վկա տարավ: Դուռը թակելուն պես Էդուարդ Աբգարիչն այն բացեց, երեսին սափրվելու օճառի փրփուր էր քսված, ածելին էլ ձեռքին էր։
-Համեցեք,- անվրդով ասաց նա` լողասենյակ մտնելով:
-Խումբը Ձեր պատճառով հնարավոր է, որ նախաճաշից զրկվի,- իրեն դժվարությամբ զսպելով վրա բերեց խմբի ղեկավարը:
-Գիտեք, որպես կոմունիստ Ձեզ մեկ գաղտնիք ունեմ բացահայտելու. ես Լոնդոն եմ եկել այլ բանի համար, ո՛չ ֆուտբոլի,- ածելին դեմքին քսելով անվրդով պատասխանեց Աբգարիչը:
-Հապա ինչո՞ւ եք եկել,- հեգնախառը, նրա գալու հիմնական նպատակն իբր կռահելով, մեկ աչքը կկոցելով հարցրեց խմբի ղեկավարը:
-Ես եկել եմ Լոնդոն պապիկիս գերեզմանին այցելության, ֆուտբոլ նայելու չեմ եկել, - ածելին ջրի տակ պահելով պատասխանեց Էդուարդ Աբգարիչը:
-Ինչպե՞ս թե, այստեղ Դուք պապի գերեզմա՞ն ունեք։ Հապա ինչո՞ւ Ձեր ինքնակենսագրությունում այդ մասին չեք նշել, կուսակցությանը, աշխատավոր ժողովրդին խաբել եք, - կրկին ատելությունից մեկ աչքը կկոցած, թշնամաբար ֆշշացրեց խմբի ղեկավարը:
-Պատերազմից առաջ Թբիլիսիում մեր տան կողքին կլուբ կար: Երեկոները հարևաններով հավաքվում էինք այնտեղ, և ամեն երեխա բեմի վրա իր շնորհքն էր ցույց տալիս: Մեկը երգում էր, մյուսը` պարում, երրորդը` արտասանում, չորրորդը դաշնամուր էր նվագում: Մեր հարևան Թումոյի տղա Սանդրոն ոչ մի շնորհք չուներ, այն ժամանակ մի տասը տարեկան երեխա էր: Թումոն էլ հենց նեղն էր ընկնում, որ իր տղան ոչինչ չգիտի, որդուն կարգադրում էր. «Սանդրո ջան, դուն էլ բարձրացիր դաշնամուրին, ճուճուղդ ցույց տուր»: Սանդրոն էլ ամեն երեկո այն ցույց էր տալիս, երբ մեր հարևաններից մեկը ցանկանում էր կլուբ գնալ, ասում էր. «Գնում եմ Սանդրոյի ճուճուղը տեսնեմ, գամ»,- անբռնազբոսիկ ծիծաղից խեղդվելով, պատասխանեց Աբգարիչը։
-Ի՞նչ կապ ունի Թումոյի-Մումոյի ճուճուղը, ես Ձեր արտասահմանցի պապից եմ հարցնում, Դուք ճուճուղից եք պատմում:
-Ով ինչ ունի, այն էլ ցույց է տալիս: Մենք էլ պապ ունենք, աշխարհը չունի: Նա նաև Ձեր պապն է,- օճառի վերջին փրփուրը երեսից ածելիով վերցնելով, ծիծաղի միջից, ատամնաշարը լայն բացելով, իրենից գոհ պատասխանեց Էդուարդ Աբգարիչը:
-Ես արտասահմաններում արյունակիցներ չունեմ, Ձեզ հավաք պահեք, մտածեք թե ինչ եք խոսում, իմ պապը առոք-փառոք Կանաչուտի գերեզմանոցում է թաղված, բնիկ փայաջուկցի է, Րաֆֆու գյուղից,- սփրթնած, կատաղի, Աբգարիչին հոշոտելու պատրաստ` վրա բերեց խմբի ղեկավարը:
-Հասկացա, բնիկ խաչագողերից եք, բայց այստեղ հարազատ ունեք, այն էլ ի՜նչ հարազատ: Նա ոչ միայն մեր պապն է, այլև ողջ առաջադեմ մարդկության: Լոնդոնում է հանգչում հանճարի, մարդկության պայծառ ապագան կերտողի՝ Կառլ Հենրիխիչի աճյունը: Իմ նպատակը նրա գերեզմանին այցելելն է: Ի՞նչ սրտով մարդ արարածը, որն առաջին հերթին կոմունիստ է, պետք է ֆուտբոլի բացման արարողությանը մասնակցի, երբ պապու գերեզմանին չի այցելել,- ասաց Էդուարդ Աբգարիչը` ուշադիր նայելով խմբի ղեկավարի աչքերի մեջ:
-Ի՞նչ Սանդրոյի, ի՞նչ Հենրիխիչի մասին է խոսքը,- շփոթված դեպի ինձ շրջվելով հարցրեց խմբի ղեկավարը:
-Ես ընկեր Մարքսին նկատի ունեմ, ուշքի՛ եկեք,- արդեն ձայնին սառը հնչողություն հաղորդելով` ասաց նա:- Ես հուսով եմ, որ Դուք էլ կգաք այցի պապիկին,- ածելին փակելով, խոսակցությունն ավարտեց Աբգարիչը:
Ես շատ եմ լսել, երբ ասել են, թե մարդու բերանը բաց մնաց, իրականում դա տեսա առաջին անգամ: Մեր խմբի ղեկավարի ծնոտն իրեն չէր ենթարկվում, նրա աչքերի չարախինդ, գազանային բոցը վերածվել էր գարնան սկզբին փարախի հեղձուցիչ օդից և մոր տակից դուրս պրծած գառնուկի, որն արեգակի զվարթ ճառագայթներից միամտություն և հեզություն սփռող բարյացակամ հայացքը հառել էր սեփական կճղակներին, մռութին ունենալով դեռևս չչորացած կաթի հետքեր։
-Կոմունիստի անկեղծ շնորհակալություններս ընդունեք բավականին տեղին և ժամանակին արված հայտարարության և դիտողության համար: Այո, մենք աններելի սխալ թույլ կտայինք, հետագայում մեզ չէինք ների, եթե սկզբից ընկեր Մարքսի, ինչպես ճիշտ, լրիվ անվանեցիք՝ Կառլ Հենրիխի Մարքսի գերեզմանին այցելության չգնայինք: Իրոք որ նա մեր հայրն ու պապն է: Կրկին շնորհակալություն, ընկեր Մելիքսեթյան, Դուք հանգիստ հագնվեք, մենք Ձեզ կսպասենք, - ասաց կերպարանափոխված խմբի ղեկավարը` համարից շփոթված, այլայլված դուրս գալով:
Մեր խումբը լուռ, անտրամադիր նախաճաշելուց հետո հավաքվեց հյուրանոցի սպասասրահում, որտեղ առաջին կուսակցական ժողովն էինք անցկացրել: Խմբի ղեկավարը առանց նախաճաշի մնաց, նա թարգմանչուհու ուղեկցությամբ գնացել էր ավտոբուսի վարորդի հետ պայմանավորվելու, որպեսզի մենք զբոսանքի փոխարեն ընկեր Մարքսի գերեզմանին այցելեինք:
-Տեսնո՞ւմ ես, ղազախները հավաքվել են,- ասաց զրուցակիցս` գլխով նրանց պատվիրակության կողմը ցույց տալով:
-Այո, հավանական է, գնում են նախաճաշելու, - պատասխանեցի ես:
-Երեկ մեր ժողովը տեսան, այսօր արդեն իրենք են անում, որ հանկարծ մեզնից հետ չմնան, եղբայրս, այս ֆուտբոլի խմորը դեռ շատ ջուր կքաշի, - բազմանշանակ եզրակացրեց նա:
-Ինչո՞ւ ես այդպես մտածում,- հարցրի զրուցակցիս:
-Սրան Էդուարդ Աբգարիչ կասեն, մեր խմբի ղեկավարի շալվարը վրայից հանելու է: Վախենամ, ընկեր Մարքսի գերեզմանը վերջինը չլինի, հաստատ էլի մարդ կլինի այստեղ թաղված,- առանց վրաս նայելու, շուրթերը շարժելու վանկավորված մրթմրթաց զրուցակիցս:
-Բերանդ խերով բաց, քաղաք չեն թողնում, հասկացանք, առևտրի, զբոսնելու չենք եկել, հասնենք Լոնդոն, ֆուտբո՞լ էլ չնայենք:
-Չէ՛, եղբայրս, սա որ խմբի ղեկավարին բռնեց, էլ բաց չի թողնի, սա Մելիքսեթյանն է, Էդուարդ Աբգարիչը: Սրանից պատերազմի դաշտում գերմանացին գլուխ չհանեց, մի պիջակ ունի, որը, կրծքին ամրացրած շքանշանների ու մեդալների ծանրությունից, գետնին է կպնում, միայն երկու Փառքի շքանշան ունի, մի հատ էլ` Կարմիր դրոշի: Էս կարիերիստն էլ (նկատի ուներ մեր խմբի ղեկավարին) մարդ գտավ, որ խեղճացնի, խիստ ղեկավարի անուն հանի: Այ խելոք, հետո ինչ, որ Նազարի բախտով բաժնի վարիչ ես դարձել, այ հիմար, Դուք տարբեր քաշային կատեգորիաներում եք։ Հիմար, սա քեզ կուտի ու չի… Արանքում մենք ենք տուժելու, եղբայրս, տեսնում ես արդեն ուզբեկներն էլ ռեստորանից դուրս եկան` մյուս անկյունում կուսակցական ժողով անելու համար, ֆուտբոլը գլխներիս համագումար են սարքելու ...ները,- մտազբաղ, արդեն շրթունքները շարժելով, կատաղի եզրահանգեց զրուցակիցս:
Սրահի հաջորդ ծայրում վերջապես երևաց խմբի ղեկավարը, որ քափ-քրտինք կտրած, համարյա վազքով մեզ հասավ, իր հետևից վազեցնելով նաև թարգմանչուհուն:
-Ցավում եմ, բայց ընկեր Մարքսի գերեզմանին այցելությունը մի երկու օրով հետաձգվում է: Ես Ձեզ խոստանում եմ, որ կխոսեմ մեր դեսպանի հետ, նրանից մեքենա կխնդրեմ և պարտադիր կգնանք պապիկի գերեզմանին: Խնդիրն այն է, որ մեր ավտոբուսին վճարված է, որ մեզ մարզադաշտ հասցնի, առանց հավելյալ վճարի գերեզմանոց չի տանի, - ճաղատ, ճարպոտ գլխից քրտինքի կաթիլները սրբելով` ասաց խմբի ղեկավարը:
-Հիմա Աբգարիչը սրան կսատկացնի, միևնույն է, նա իր ասածը կանի,- կամացուկ մրթմրթաց զրուցակիցս:
Հայաստանից ժամանած ֆուտբոլասերներիս սրտից կարծես մի ծանր քար պոկվեց, մենք հասկացանք, որ գերեզմանի փոխարեն «ՈՒեմբլի» կգնանք և բացման արարողությունից հետո կըմբոշխնենք Անգլիա - Բրազիլիա առաջին խաղը: Վերջապես սեփական, ոչ Նիկոլայ Օզերովի աչքերով կտեսնենք համաշխարհային ֆուտբոլի աստղերին՝ Պելեին, Վավային, Դիդիին, Գարինչային։ Բայց ճակատագիրն այլ բան էր նախապատրաստել մեզ համար։
-Դուք, ընկերներ, գնացեք զբոսանքի, հետո էլ ֆուտբոլ դիտելու, իսկ ես կգնամ պարտքս կատարելու,- բազմոցի միջից, ինքնազոհության գնացող մարդու տոնով հայտարարեց Աբգարիչը:
-Միայնակ Լոնդոնում շրջելը խստիվ արգելված է ինստրուկտաժով, հետո էլ խմբի մնացած կոմունիստներն էլ են ցանկանում ընկեր Մարքսի գերեզմանին այցելել,- խզված ձայնով փորձեց Աբգարիչի նախաձեռնությունը վիժեցնել խմբի ղեկավարը:
-Մեր պետությունը, նախապես մեր մասին հոգալով, իմանալով, որ կապիտալիստական երկրում ոչինչ առանց վճարելու չի լինում, թույլատրել է, որ գրպաններումս ֆունտ ունենանք: Ինչո՞ւ ենք հետաձգում ընկեր Մարքսի գերեզմանին այցելությունը, ի՞նչ է, այդ սուրբ գործը հետաձգում ենք, որ ինչ-որ փտած կապիտալիստական երկու փալա՞ս գնենք մեր կանանց համար: Մենք կարող ենք գումար հավաքել, որով ավտոբուս կվարձենք պապիկի գերեզման այցելելու համար,- ասաց Աբգարիչը` ձեռքը գրպանը տանելով:
Հարվածը շեշտակի էր, և մեր ղեկավարն արագ կողմնորոշվեց։
-Ճշմարտացի է ընկեր Մելիքսեթյանը, ավտոբուս կվարձենք և կգնանք ընկեր Մարքսի գերեզմանին,- ասաց նա, նույնպես ձեռքը գրպանը տանելով:
Խումբը մեկից աշխուժացավ, հասկանալի էր, որ այդ անիծյալ գերեզմանից արդեն պրծում չկար, կցանկանայինք, թե ոչ, Աբգարիչը մեզ այնտեղ էր քարշ տալու: Մնում էր արագ գումար հավաքել, գնալ գերեզմանոց, որ ֆուտբոլից չուշանայինք: Մեր աղջնակ-թարգմանչուհին քսան րոպե անց վերջապես պարզեց, թե որ գերեզմանոցում է թաղված իրենց անհայտ այդ մարդը` մեր պապիկը: Մեքենան դեռ նոր էր շարժվել, երբ Էդուարդ Աբգարիչը ձայնեց թարգմանչուհուն.
-Խնդրում եմ, մեքենան կանգնեցրեք ծաղկի որևէ խանութի մոտ:
-Ի՞նչ է անում,- հարցրի զրուցակցիս:
-Չե՞ս տեսնում, մեր հերն է անիծում, ցանկանում է, որ վերջին ֆունտն էլ ծախսենք ծաղիկների վրա,- մրթմրթաց զրուցակիցս:
Քիչ անց մեր ավտոբուսը լցվեց բազմազան ծաղկեփնջերով, մենք բավականին ուրախ էինք, այլևս կորցնելու ոչինչ չունեինք, ավտոբուսը և ծաղկեփնջերը խժռել էին մեր գրպանների հիսունից քառասուն ֆունտը, մնում էր այսքանից հետո գոնե ֆուտբոլը դիտեինք:
Ի վերջո, հասանք ընկեր Մարքսի գերեզմանին: Էդուարդ Աբգարիչը նստեց առաջնորդի գերեզմանի մոտ և թաշկինակով դեմքը փակեց, իմ կարծիքով` փակել էր, որ դեմքի ծիծաղը չտեսնենք: Այդ տեսնելով, գյուղատնտեսության բնագավառը ներկայացնող մեր խմբի երկու կանայք, առանց ըմբռնելու կատարվածի ողջ սարկազմը, հուզվելով սկսեցին մեկմեկու ուսի վրա լաց լինել: Դե ինչ գերեզման առանց լացի, և մենք էլ ստիպողաբար աչքներիցս արցունք քամեցինք, որ վաղը մեզ վրա անտեղի խոսակցություն չբերենք: Թարգմանչուհին վախեցած և ապշահար մեզ էր նայում, կատարվածը նրա երևակայությունից դուրս էր, բայց մեր փսիխոզային լացից նրա աչքերն էլ էին խոնավացել:
-Ներեցեք, ինչպե՞ս է պատահել, որ այս հանգուցյալը բոլորիդ հետ ազգակցական կապ ունի, ի՞նչ է, դուք խմբի մեջ բոլորդ ազգականնե՞ր եք,- հարցնում էր նա մեզ` առանց պատասխան ստանալու: Ինչ բացատրեինք անգլուհուն, միևնույն է, նա մեզնից գլուխ չէր հանելու, մեր հոգեկերտվածքը չէր հասկանալու:
-Ընկերներ, ինձ հայտնի է, որ Լոնդոնում Վլադիմիր Իլյիչ Լենինը տուն-թանգարան ունի, ի՞նչ եք կարծում, չգնա՞նք առաջնորդի թանգարանը դիտելու,- ասաց Աբգարիչը մեր խմբի ղեկավարի աչքերի մեջ նայելով: Հացի գործարանի տնօրենը, մոտենալով խմբի ղեկավարին, սկսեց նրա ականջին փսփսալով ինչ-որ բան բացատրել։ ՈՒշադիր լսելուց հետո վերջինս գնաց, նստեց Աբգարիչի կողքին, և ես պարզ լսեցի, թե ինչպես էր ներողություն հայցում նրանից` խոստանալով, որ այսուհետ իրեն խոհեմ կպահի, հիմարություններ դուրս չի տա։
Աբգարիչը մեր ղեկավարին վերջնականապես կոտրեց, զրուցակիցս ճիշտ էր կռահել։
-Այդ ինչ մոգական խոսքեր ասացիր դրան, որ անմիջապես քեզ հետ համաձայնեց և Աբգարիչի մոտ գնաց։
-Ասացի` եթե հետն արագ չհաշտվես, սա մեզ Լենինի տուն-թանգարանից կհանի կտանի Կլարա Ցետկինի գերեզմանին, նրա գերեզմանից կտանի Ռոզա Լյուքսեմբուրգի, հետո կրկին կբերի Մարքսի գերեզմանին և այդպես երկու շաբաթը կլրացնի, առանց ֆուտբոլ դիտելու տուն կգնանք։
Ասացի նաև, որ Մոսկվայում Աբգարիչը կմտնի Կրեմլ, իր պատերազմի դաշտի ընկերներին կպատմի, թե ինչպես Ձեր սխալի պատճառով Լոնդոնի հյուրանոցում 12 կոմունիստի արվամոլի պիտակ կպցրին, իսկ երկու անմեղ, աշխարհի անցուդարձից անտեղյակ, բացի իրենց կովերի անուններից, ուրիշ անուն չիմացող կթվորուհիներին լեսբուհի սարքեցին։
Այսքանից հետո մինչև կհասնենք Երևան, այնտեղից Ձեզ ուղիղ կտանեն Կանաչուտի 7-ամյա դպրոց, լավագույն դեպքում` բուսաբանության ուսուցիչ աշխատելու։
-Հոմոսեքսուալ կոմունիստների, լեսբուհի-կթվորուհիների պատմությունը և վերջապես Կանաչուտի 7-ամյա դպրոցի բուսաբանության ուսուցչի հեռանկարը ջարդեցին կենտկոմի բաժնի վարիչի գոռոզամտությունը։ Մնացածին դու ինքդ ականատես եղար,- ասաց հացի գործարանի տնօրենը, իրենից գոհ մեր խմբի ավագի վրա դաստիարակ-վարպետի հայացք գցելով։
Մենք դուրս էինք գալիս գերեզմանոցից, որպեսզի վերջապես «ՈՒեմբլի» մարզադաշտ հասնենք, երբ երկու ավտոբուս փնչացնելով կանգնեց գերեզմանոցի դռանը։ Դրանք ՈՒզբեկստանի և Ղազախստանի պատվիրակություններն էին։
-Սրան Էդուարդ Աբգարիչ կասեն, տեսնո՞ւմ ես, Միջին Ասիան ծաղկեփնջերով ինչպես է վազում իրենց պապիկի գերեզմանին,- ասաց զրուցակիցս` ձեռքով Կառլ Մարքսի գերեզմանի տեղը ՈՒզբեկստանի ներկայացուցչին ցույց տալով։
-Այս ինչ մտածված, շախմատային քայլ կատարեցիք, այժմ ամենքը ձեր խմբի հնարամտությունից են խոսում, ում մտքով կանցներ, որ մեր պապը Լոնդոնում է թաղված։ Մենք ֆուտբոլին մի կերպ կհասցնենք, այ մնացած պատվիրակությունները քաշվեցին։ Նրանք նոր էին ավտոբուս ու ծաղկեպսակներ պատվիրում,- ասաց ՈՒզբեկստանի խմբի ղեկավարը ուրախ քրքջալով։ «Հաստատ էս ուզբեկին էլ մի Էդուարդ Աբգարիչ է պակասում»,- մտածեցի ես։
ՈՒզբեկական և ղազախական «ֆուտբոլասերների» խմբերը շարք կազմած, ծաղկեփնջերը ձեռքներին գլխիկոր մտան գերեզմանոց` իրենց «հարազատին» այցելության։ Սրանք մեզնից ավելի սրտացավ էին 1883-ի հանգուցյալի նկատմամբ և ընդգծված «ազնիվ» էին իրենց մղումներում, քանզի գերեզմանոցի դռներից սկսեցին նկատելիորեն հուզվել։ Թարգմանչուհին այլայլված մեկ գլխիկոր թափորին էր նայում, մեկ մեզ։ Մեր կոլտնտեսուհիների հուզմունքը ավտոբուսի մեջ էլ իրեն զգալ էր տալիս։ Բնական է, որ մեր թարգմանչուհին ոչինչ էլ չէր հասկանում, հասկանալ էլ չէր կարող։ Աչքերը կլորացրած նայում էր միջինասիական ֆուտբոլասերների գերեզմանոց մտնող հավասար շարքին։ Նա տեսել էր, թե ինչպես քիչ առաջ այս մարդիկ ուրախ և զվարթ իջան ավտոբուսներից և, գերեզմանոցի դարպասներին հասնելուն պես, անհասկանալիորեն մեկեն հուզվեցին։
Իսկապես որ մարդկային ստորաքարշությունը սահման չունի, ամենը նույնն է մնացել այս արևի տակ։ Պարզապես այժմյան սին կուռքերի գերեզմանները ճոխության կոթողների են վերածվել, նրանց այցելուներն էլ «հուզմունքից» կեղծ լացի չեն դիմում, հասունացել են, «կյանքի հետ անհամատեղելի վիշտը» վարպետորեն երեսներին են դրոշմում։

Դիտվել է՝ 257880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ