Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատերազմը Ղարաբաղում՝ օր երկրորդ

Պատերազմը Ղարաբաղում՝ օր երկրորդ
29.09.2020 | 10:36

Կոնֆլիկտի երկրորդ օրը կողմերը շարունակել են արդուկել միմյանց հրետանիով, գրադներով ու ավիացիայով: Թուրքիայի պաշտոնական դեմքերը շարունակում են կտրուկ հայտարարություններ անել հօգուտ Ադրբեջանի, իսկ հայերը մեղադրում են Թուրքիային պատերազմում ուղղակի մասնակցության մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարեց, որ Հայաստանը պետք է անհապաղ հեռանա «ադրբեջանական օկուպացված հողերից»:

«Ժամանակն է դադարեցնել ճգնաժամը այս տարածաշրջանում, որ սկսվել է Լեռնային Ղարաբաղի օկուպացիայով: Այս տարածաշրջանը նորից խաղաղություն կտեսնի, երբ Հայաստանը անհապաղ հեռանա ադրբեջանական հողերից, որ օկուպացրել է»՝ ասել է Թուրքիայի նախագահը: Սեպտեմբերի 27-ի առավոտից, երբ սկսվեցին մարտերը, թուրք պաշտոնյաները վճռականորեն ու առավել բացահայտ, քան անցած տարիներին, աջակցում են Ադրբեջանին: Վլադիմիր Պուտինը նորից Ղարաբաղի պատճառով հայտնվել է բարդ իրավիճակում՝ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի երկու կողմերի հետ էլ, բաց ավելի շատ՝ Հայաստանի, Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանին, Ռուսաստանը ջանում է բարեկամություն անել Թուրքիայի հետ: Երկուշաբթի Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանին ու գտնում է, որ Հայաստանը պետք է դադարեցնի մարտական գործողությունները: Նրա խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են «Մեկ ազգ-երկու պետություն» սկզբունքով: Ադրբեջանցիները լեզվի և պատմամշակութային առումով թյուրքական ժողովուրդներից ամենամոտն են թուրքերին: Թուրքիայի ՊՆ-ն Թվիթերի իր պաշտոնական էջի գլխավոր լուսանկարը դրել է թուրք ու ադրբեջանցի զինվորներին՝ 2 երկրների դրոշների տակ: Թուրքիայի ՊՆ-ն իր թվիթերի նոր լուսանկարով հստակ ցույց է տալիս, որ լիակատար պաշտպանում է Ադրբեջանին: Հայաստանն ու Ղարաբաղը մեղադրում են Թուրքիային ռազմական գործողություններում ուղղակի մասնակցության մեջ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ֆորումում ասել է, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին դրոններով, ռազմական խորհրդատուներով ու նույնիսկ F-16 կործանիչներով: Ղարաբաղի կռիվներում F-16-ների մասնակցության մասին դեռ հաղորդագրություններ չկան: Դրոնների, թուրք ռազմական մասնագետների ու նույնիսկ Ադրբեջանին օգնության ուղարկված զինյալների մասին բազմիցս հայտարարել են Հայաստանի ու Ղարաբաղի պաշտոնական անձինք: «Ադրբեջանական բանակը, որ կազմված է տարբեր թուրքական ու ահաբեկչական խմբավորումներից, ամենուր բախվում է Արցախի պաշտպանական բանակի կոշտ հարվածներին» երկուշաբթի ֆեյսբուքում գրել է ԼՂ նախագահի մամլո քարտուղար Վահրամ Պողոսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի
շրջել է ռազմական օբյեկտներում Հայաստանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ մեղադրանքներին պատասխանել է, որ թուրքական ոչ մի միջամտություն Ղարաբաղում չկա:


Եվ Ադրբեջանը, և Հայաստանը ռազմական դրություն են հայտարարել և երկուշաբթի սկսել են մասնակի զորակոչ: Շփման գծում, դատելով երկու կողմերի ժլատ տեղեկություններից, երկուշաբթի օրվա ընթացքում լուրջ փոփոխություններ չկան, բայց ուշ երեկոյան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց հակառակորդի մեծ հարձակման մասին 2 ուղղություններով: Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրեց, որ ադրբեջանական բանակը նախաձեռնել է լայնամասշտաբ հարձակում հարավում, Իրանի սահմանի երկայնքով և Արցախի հյուսիսում: Այս տեղեկությունը երեկոյան 21-ին այլ աղբյուրներ դեռ չէին հաստատել: Երկու կողմերը հաղորդում են հակառակորդի մեծ կորուստների, ոչնչացված ռազմական տեխնիկայի, գրավված, պահպանած կամ հետ վերցրած բարձունքների մասին, բայց կռվող կողմերը միշտ նվազեցնում են իրենց կորուստները ու մեծացնում հակառակորդինը, իսկ անկախ տեղեկություններ մարտերի գոտուց չկան: Ճիշտ է՝ հայկական կողմը հրապարակում է իր զոհված զինվորների անունները, երկուշաբթի ցուցակում 59 անուն կար:


Ռուսաստանը, որ համարվում է երկու կողմերի քաղաքական դաշնակից և ըստ էության Հայաստանի միակ դաշնակիցն է, կողմերին կոչ է արել կրակը դադարեցնել: «Գտնում ենք, որ մարտական գործողությունները անհապաղ պետք է դադարեցվեն, իսկ կոնֆլիկտի կարգավորումը և ներկա սրման հետևանքները պետք է փոխադրվեն քաղաքական-դիվանագիտական հուն»՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նախօրեին Վլադիմիր Պուտինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հեռախոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պեսկովը լրագրողներին ասել է, որ անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ Թուրքիայի հետ իրավիճակը քննարկում է ՌԴ ԱԳՆ-ն: Մինչ այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Կողմերին կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղան վերադառնալու կոչ են արել աշխարհի շատ քաղաքական գործիչներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի հեռախոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ավելի ուշ պատրաստվում էր խոսել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երկուշաբթի կոնֆլիկտի մասին խոսել է և ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը: Նա ասել է, որ ԵՄ-ն անընդունելի է համարում որևէ արտաքին միջամտություն կոնֆլիկտին: ԵՄ երկրները հիմա կոնֆլիկտի մեջ են Թուրքիայի հետ արևելյան Միջերկրականում շելֆի վիճելի հատվածներում գազի հանքավայրեր որոնելու փորձերի պատճառով:
Ի պաշտպանություն Ադրբեջանի հանդես է եկել և Աֆղանստանը՝ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է և Աֆղանստանը պահանջում է վերջ տալ «Լեռնային Ղարաբաղի օկուպացիային» ու աջակցում է Ադրբեջանի ժողովրդի ու կառավարության ջանքերը:
BBC


Հ.Գ. RFI-ին հաղորդել է, որ Հայաստանը պահանջում է Ադրբեջանին պարտադրել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական օբյեկտների գնդակոծումը և ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակչության վրա հարձակումներից: Սեպտեմբերի 28-ին ՄԻԵԴ-ը հաղորդել է, որ դատարանը դիտարկում է Երևանի դիմումը, որ սեպտեմբերի 27-ին ստացել է հրատապ կարգով: «Դատարանը ժամանակավոր միջոցների մասին դիմումը ստացել է այսօր առավոտյան, հիմա դիտարկվում է»՝ հաղորդել են ՄԻԵԴ-ից: Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ստրասբուրգի դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի հիման վրա, որի համաձայն դատարանը կարող է մատնանշել ժամանակավոր միջոցներ կոնվենցիայի ցանկացած պայմանավորվող կողմի: «Ժամանակավոր միջոցները հրատապ միջոցներ են, որ Դատարանի կայացած պրակտիկայի համապատասխան, կիրառվում են միայն այնտեղ, որտեղ կա անդառնալի վնասի անխուսափելի ռիսկ»՝ նշված է ՄԻԵԴ-ի կանոնակարգում:


BBC-ին երեկ նաև տագնապի կոչնակ է հնչեցրել, որ եթե ռազմական գործողությունները տարածաշրջանում շարունակվեն, կվտանգեն նավթի համաշխարհային մատակարարումները: Ու եթե ավանդաբար Թուրքիային ու Ադրբեջանին մեծ «բարեկամ» Բրիտանիայի BBC-ին է բաց գրում Թուրքիայի՝ Ադրբեջանի կողքին լինելու մասին, ուրեմն սա վերջին ապացույցն է: Սպասենք, թե երբ են Արցախում ստեղծվելու «քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորություններ», որոնք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համարել է հրադադարի՝հնարավոր ժամանակ: «Մեր մարտավարությունը սա է լինելու՝ հակառակորդին զինտեխնիկայի ու մարդկային այնքան կորուստներ պատճառենք, ինչպես ունեցել ենք 1992-94-ին»,- երեկ լրագրողներին ասել է նա ու հավելել՝ «Այլ տարբերակ չկա այս փուլում»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ