«Արձանագրվեց, որ հայերի նկատմամբ ատելության և խտրականության հետևում կա պետություն»
02.06.2020 | 00:38
Նախորդ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի համար շատ կարևոր վճիռ կայացվեց, ըստ որի Ադրբեջանը խախտել է Ռամիլ Սաֆարովի կողմից 2004-ին կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքն ու դրսևորել խտրականություն։ Այս որոշումով դատարանը Ադրբեջանին նաև պարտավորեցրել է արտահանձնել մարդասպանին։ Հետաքրքիր է, որ մինչ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել այս թեմայով։ Իհարկե, 100 «փաստի» մակարդակին չի հասնի (ոչ հայտնաբերված ընձառյուծ է, ոչ էլ վարչապետի տիկնոջ տուգանք), բայց շատ էական որոշում է արցախյան հիմնախնդրի բարենպաստ լուծման ճանապարհին։ Թեմայի շուրջ զրուցում ենք այս գործում մեծ ավանդ ունեցող, շուրջ 8 տարի Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
-Ի՞նչ նշանակություն ունի այս վճիռը Հայաստանի համար։
-Սա առանցքային որոշում է, որը ոչ միայն Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքի խախտումն արձանագրելու և վերականգնելու, այլև հայ-ադրբեջանական հարաբերություններում առանցքային դեր կարող է ունենալ։ Սա առաջին վճիռն է, որն իրավական առումով, որպես անհերքելի փաստ, արձանագրել է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, քանի որ հստակ արձանագրված է ազգային հիմքով ատելության հանգամանքը, որից միջազգային հանրությունը պետք է հետևություններ անի, հատկապես արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ գործադրվող աշխատանքներում՝ հասկանալով, որ Արցախում ապրում են էթնիկ հայեր։ ՈՒրախ ենք, որ միջազգային դատարանն այս արձանագրումն արեց և հույս ունենք, որ հետագայում էլ նույն վճռականությամբ կհասնենք վճռի կատարմանը։
-Այս վճռից հետո գնդակը Հայաստանի դիվանագիտության դաշտու՞մ է, ասել է՝ պարարտ հո՞ղ է ստեղծվել, որպեսզի էական հաջողություններ գրանցվեն արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում։
-Անշուշտ, հիմնախնդրի հանգուցալուծման գործում անգնահատելի է այս և դրան հաջորդող վճիռների ազդեցությունը։
-Բացի ռազմական գործողություններից, Ադրբեջանի հետ նաև տեղեկատվական պատերազմ ենք մղում։ Այս հարթակում ի՞նչ փոխվեց։
-Այս վճռով հայկական կողմը մի քանի հարթություններում առավելություն է ստանում՝ և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ տեղեկատվական։ Տեղեկատվական առումով ականատես եղանք մի վիճակի, երբ վճռին նախորդող շրջանում Ադրբեջանը քարոզչական միջոցներով սեփական հասարակությանը որպես հերոս ներկայացրեց Սաֆարովին՝ իրենց ժողովրդին ազդակ հղելով, թե հայի սպանությունը քաջալերվող և պետության հովանավորությանն արժանացող քայլ է։ Ավելին, ցուցադրվեց, որ Ադրբեջանն այնքան ազդեցիկ պետություն է, որ կարողացավ Հունգարիայից ստանալ Սաֆարովին։ Այս առումով նրանց հասարակության ոգևորությունը չափազանց մեծ էր, որը բացառապես քարոզչական նպատակ ուներ։ Քանի որ այս վճռով Սաֆարովին արտահանձնելու և պատժի հետագա կրման հարց է դրված, Ադրբեջանը կրկին տեղեկատվական դաշտում փորձում է մանիպուլյացիաներ անել, որպեսզի հասարակությունը հիասթափություն չապրի նման վճռից։ Սակայն վճռի կայացման գործում Ադրբեջանի վրա միջազգային քաղաքական ճնշումը մեծ է լինելու։ Այս առումով հայկական կողմը մեծ աշխատանք ունի կատարելու, որպեսզի Ադրբեջանի ղեկավարության՝ Սաֆարովի հերոսացումից և անպատժելիությունից ստացած առավելությունները սեփական հասարակության շրջանում ի չիք դարձնի։ Այսօր այդ երկրում հիասթափությունը գնալով մեծանում է, բազմաթիվ գործիչներ արդեն նշում են, որ Ադրբեջանի վարկանիշը Ալիևի գործողությունների պատճառով, հարվածի տակ է, և որ այս վճիռն ի ցույց է դնում Ադրբեջանի իրական ամոթալի դեմքը, ինչը միջազգային հանրությունը չի կարող անտեսել։ ՈՒստի այս որոշման գոյության պայմաններում շատ դժվար է հայկական կողմին հիմնախնդրի վերաբերյալ առաջարկել մի լուծում, որը կարող է առնչվել Ադրբեջանի իշխանության ներքո հայերի բնակությանը։ Այս որոշումը բացառում է նման տարբերակը։ Միակ այլընտրանքը կարող է լինել այն, որ Ադրբեջանը դաստիարակի իր հասարակությանը, փոխի հայերի հանդեպ հասարակության վերաբերմունքը, ինչը բավական կասկածելի է։
-Կարո՞ղ ենք ասել, որ այս որոշմամբ առ ոչինչ է դառնում այն տարբերակը, թե հնարավոր է Արցախում ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցել, այսինքն կողք կողքի ապրել՝ առանց կացնահարվելու։
-Իհարկե, եթե մինչ այս կողմերը միմյանց մեղադրում էին առանց հաստատված փաստերի, ապա այժմ ունենք արձանագրված փաստ և միջազգային դատարանի գնահատական, որ այդ քաղաքականությունը վարվում է պետության կողմից, պետության ներգրավմամբ, հովանավորությամբ, որ հայերի նկատմամբ ատելության և խտրականության հետևում կա պետություն։ Այսինքն, մենք վեր ենք կանգնել հայ և ադրբեջանցի մասնավոր փոխհարաբերություններից ու գործ ունենք պետություն և հայ հարաբերությունների հետ, որտեղ բացառվում է հայատյացություն քարոզող իշխանության ներքո հայերի գոյատևումը։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր դիմաց այնպիսի պետություն է, որը միջազգային ոչ մի պարտավորություն չի հարգում, հնարավո՞ր է այս անգամ էլ Ադրբեջանը գտնի մի սողանցք, կրկին գործի դնի «խավիարային» դիվանագիտությունն ու խուսափի վճռի իրագործումից։
-Գուցե դիվանագիտական հարաբերություններում ճկունություն գործադրի, անձերին շահագրգռի, որոշումներ գնի ու քաղաքական հնարավոր հաջողություններ արձանագրի, բայց իրավական գործընթացները քաղաքականից տարբերվում են, ըստ այդմ էլ, Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակված են։ Նախ միջազգային հանրությունը հասկանում է հարցի զգայնությունը և Ադրբեջանի մեծ գայթակղությունը՝ հրաժարվել վճռի կատարումից, ուստի ուշադրության կենտրոնում են պահելու այն։ Մյուս կողմից Ադրբեջանի քաղաքական գործիչների, մասնավորապես Մամադովի հետ կապված եվրոպական դատարանում քննված գործով մենք տեսանք, թե ինչպես ստիպված եղավ կատարել վճիռը՝ երկար ժամանակ կատարելուց հրաժարվելուց հետո։ Եվրոպական դատարանում մի գործընթաց կա, որը կոչվում է խախտման ընթացակարգ, և այն առաջին անգամ կիրառվեց Ադրբեջանի նկատմամբ։ Այս ընթացակարգի գործադրմամբ Ադրբեջանը վերջապես ազատ արձակեց Մամադովին։ Եթե Ադրբեջանը այս գործով հրաժարվի վճռի կատարումից, խախտման ընթացակարգի շրջանակում եվրոպական դատարանը կարձանագրի վիճիռը կատարելու պարտականության խախտում, որին կհետևեն լրջագույն պատժամիջոցներ, որոնք ոչ միայն քաղաքական, նաև տնտեսական հետևանքներ են ունենալու։ Այդ պատժամիջոցները չեն վերանալու այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը լիարժեքորեն չի կատարել վճիռը։ Ալիևը շատ անցանկալի դրության մեջ է հայտնվել. եթե կատարի վճիռը, ներքաղաքական հարթությունում խնդիրներ են առաջանալու, չկատարի` քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների պատճառով երկիրն է հայտնվելու վատ վիճակում։ Որքան ուշ կատարի վճիռը, այնքան պետության հեղինակությունն ավելի է ընկնելու, և կիրառվող պատժամիջոցներն ավելի են խստանալու։ Քանի տարի Ադրբեջանը կդիմակայի պատժամիջոցներին, ժամանակը ցույց կտա, բայց այլընտրանք չունի, քան վճռի կատարումը։
-Հետևե՞լ եք այս ընթացքում Ադրբեջանի հանրային տրամադրություններին, ի՞նչ տպավորություն ունեք։
-Երկու մոտեցում եմ նկատել. նրանք, ովքեր ավելի առողջ ու քննադատաբար են վերաբերվում սեփական իշխանության գործողություններին, և որոնց թիվը քիչ է, բացասական են գնահատել հակահայկական քաղաքականություն իրականացնելը, հանցագործին հերոսացնելը, վստահ լինելով, որ դրանք չեն բխում Ադրբեջանի շահերից և ցածրակարգ պոպուլիզմի դրսևորում են։ Մյուս հատվածը կարծում է, որ միջազգային հանրությունը չի կարող ճնշել Ադրբեջանին, հայերին պետք է միշտ սպանել, քանի որ Ադրբեջանի շահը դա է պահանջում։ Հենց վերջին խմբի տրամադրություններն էլ հաստատում են, որ այս երկրում հետևողականորեն տարվում է հակահայկական քաղաքականություն, հայերի հանդեպ ատելությունն այնքան խոր է, որ մի քանի դար կպահանջվի վերաբերմունք փոխելու և հայերի հետ նորմալ հարաբերվելու համար։ Ի դեպ, այս երկրորդ խմբի տեսակետները մեր իրավական հետագա գործընթացների համար բավական արժեքավոր են, դրանք օգտագործելու ենք և հույս ունենք, որ այդ փաստն անուշադրության չի մատնվի նաև դիվանագետների կողմից։
-Շուրջ 8 տարի Դուք այս գործով զբաղվել եք, այս տարիներին ի՞նչ արձագանքներ եք լսել Ձեր այլազգի գործընկերներից, եղե՞լ են խոչընդոտներ, ի՞նչ շրջան էր սա Ձեզ համար։
-2012-ի վերջից նախաձեռնեցինք գործի նախապատրաստումը, որը 2013-ի փետրվարին ներկայացվեց եվրոպական դատարան։ Քանի որ իրավական գործընթացներն ավելի զուսպ ու կանոնակարգված են, տեսակետների հրապարակային ներկայացումը չի խրախուսվում։ Դատարանում առկա տրամադրությունների մասին ինչ-որ բան ասելը դժվար է։ Իր փաստական հանգամանքներով սա առանձնացող գործ է, և եվրոպական մտածողությամբ մարդիկ ապշում էին, երբ տեսնում էին, որ ժամանակակից դարում կարելի է նման հանցագործություն կատարել ու ստանալ պետության հովանավորությունը, այն էլ այնպիսի պետության, որն անդամակցում է եվրոպական ընտանիքին։ Այս առումով գործի հանգամանքները խիստ տպավորիչ են դարձել այն բոլոր մարդկանց համար, որոնք առնչվել են դրանց հետ։ Գործի ընթացակարգում որոշ ձգձգումների միտումներ եղել են, ինչը պայմանավորված է նաև եվրոպական կառույցներում ադրբեջանական և թուրքական լոբբիստական խմբերի առկայությամբ։ Թուրքիան ԵԽ-ի համար դոնոր պետություն է, հասկանալի է, որ թուրք դիվանագետների գործոնն այնտեղ ազդեցիկ է, ինչը դատական գործընթացների ձգձգման պատճառ է եղել։ Դատարանի կարծիքը փոխելու անհատական աշխատանքներ ևս եղել են, բայց դատարանում հեղինակավոր շատ անձինք կան, ու պարզ էր, որ այդ ճնշումները, խավիարային դիվանագիտությունը չէին աշխատելու այնպես, ինչպես քաղաքական մարմիններում։
-Այս խիստ կարևոր վճռին Հայաստանի քաղաքական իշխանությունը, մասնավորապես վարչապետը ոչ մի ձևով չարձագանքեցին։ Սա նորմա՞լ է, և ո՞րն է դրա պատճառը։
-Արձագանք եղել է Հայաստանի արտգործնախարարությունից. լինելով արտաքին քաղաքական գործընթացների առաջնային դերակատար, ԱԳՆ-ն չափազանց ճիշտ ու իրական է գնահատել վճռի նշանակությունը։ Հույս ունենք, որ արտգործնախարարությունը վճռի դրական արդյունքներից առավելագույնը կքաղի։ Այս վճռի նշանակությունը բնականաբար կարող են չհասկանալ մեծ կենսափորձ, ձեռքբերումներ չունեցող անձինք, որոնք քաղաքական իշխանության կրողն են։ Չարձագանքելու մի քանի պատճառներ կարող են լինել. քաղաքական իշխանության ներկայացուցիչները հեռու են հարցի էությունը հասկանալուց։ Հնարավոր է նաև, որ նման վերաբերմունքն անձնավորված բնույթ ունի. քանի որ սա իրենց ձեռքբերումը չէ, գործընթացն ավելի վաղ է նախաձեռնվել, դա իրականացնում են մարդիկ, որոնք իրենց հետ քաղաքական նույնականացում չունեն, գուցե անձնական շարժառիթներից ելնելով, փորձում են լռելով նսեմացնել այս ձեռքբերման նշանակությունը։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ