Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչներն են ներգրավված այս ամենում»

«Միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչներն են ներգրավված այս ամենում»
10.07.2018 | 00:43

Հիմա, եթե մենք գնանք Ամուլսարի տարածք, նույնիսկ անզեն աչքով կտեսնենք բնության ավերումը, մինչդեռ որևիցե մեկին թույլ չէր տրվել, որ այդպես ավերեին մեր բնությունը: Նշելով այս մասին, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Նույնիսկ այդ փաստաթղթերը ձեռք բերելու շրջանում երկու կողմերն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հանքերի շահագործման հեղինակները, խարդախության են դիմել, երկու կողմն էլ թույլ են տվել ապօրինություն: Մենք հասկանում ենք, այո, որ հետևում կանգնած են բավական լուրջ լծակներ ունեցող մարդիկ, օրինակ, Ամուլսարի հետևում կանգնած է Արմեն Սարգսյանը, ով, իբրև թե, բարի համբավ ունեցող անձ է և երեխաների հետ պաղպաղակ է ուտում, պարում կամ կոտլետներ է տապակում, այսպես ուզում է ձևանալ որպես հասարակ մեկը, բայց մենք գիտենք, թե նրանք ովքեր են` միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչներ, ովքեր կապ ունեն Ալիևի ընտանիքի հետ, արքայազնի ընտանիքի հետ, Ղազախստանի նախագահի ընտանիքի հետ, Դարիգա Նազարբաևայի հետ ունեն համատեղ գործունեություն: Այս ամենը փաստարկված է…»:


Զարուհի Փոստանջյանի հավաստմամբ, նորանշանակ ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ս. թ. ապրիլի 29-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին, սակայն մինչ այս պահը նշված մարմիններից դեռ որևէ արձագանք չունի:


«Մինչդեռ, եթե իրավապահ մարմիններն իրենց համապատասխան գործառույթներն իրականացնեն, ապա այդ մարդկանց շատ հանգիստ կարող են ներգրավել որպես մեղադրյալ, բոլորին,- ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը:- Դա դժվարություն չի ներկայացնում, որովհետև այդ մարդիկ, իրոք, խարդախությամբ են նաև այդ փաստաթղթերը ձեռք բերել… Իհարկե, նորից եմ կրկնում, միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչներն են ներգրավված այս ամենում, պատահական մարդիկ չեն, նրանց ախորժակը չափազանց մեծ է և նրանք չունեն հայրենիք: Նրանց համար Հայաստանն իրենց հայրենիքը չէ, նրանք ամեն ինչը չափում ու գնահատում են այլ տիրույթում և այլ մտայնության մեջ»:


Ըստ Զարուհի Փոստանջյանի, ամեն ինչ դեռ առջևում է, մեր հանրությունը պետք է պատրաստ լինի նոր պայքարի փուլին, որովհետև Սերժ Սարգսյանի հեռացմամբ մենք չենք կարող երաշխավորել, որ մեկ այլ Սերժ Սարգսյան չի ծնվելու այդ պաշտոնում, կամ այլ պաշտոնների այլ նախարարներ չեն լինելու, ովքեր կչարաշահեն իշխանությունը: Պետք է ցանկացած պաշտոնյայի ցույց տալ իր տեղը և ասել, որ դուք եթե ցանկացել եք կամ ստանձնել եք հանրային ծառայություն, ապա պարտավոր եք ծառայել հանրությանը, և ձեր տեղը ոչ թե միայն ձեր նստավայրը պետք է լինի, այլև այն բոլոր տեղերը, որտեղ կան խնդիրներ: Իսկ խնդիրներն այսօր համատարած են, և պետական պաշտոնյան, ունենալով այդ մեխանիզմները, գործիքները, պարտավոր է ամեն ինչին տեղյակ լինել և հարցերին լուծում տալ: Սա է ամբողջ խնդիրը… Քաղաքացիներն այլևս չեն վախենում դիմել… Ամբողջ խնդիրը, երբ մենք սկսում էինք մեր համահայկական ընդվզումը, այն էր, որ ազատագրեինք մեր քաղաքացիներին, և ոչ միայն տեղի ունենա անձանց փոփոխություն կամ իշխանափոխություն, այլև համակարգային փոփոխություն: Շատ ողջունելի է, որ քաղաքացիները դա հասկանում են և արդեն գիտեն, թե ինչ է ընդվզումը, ինչ է քաղաքացիական անհնազանդությունը, ինչպիսի գործիք է տալիս իր ձեռքը, ինչպես այն կարող է ազդել ապօրինությունների վրա և ինչպես վերացնել ապօրինությունները: Նոր սերունդ է եկել, և այդ նոր սերունդը շատ լավ գիտակցում է իր իրավունքները, հետևաբար ես կարծում եմ, որ մենք հաղթելու ենք այս պարագայում ևս, թույլ չենք տալու, որ Ամուլսարի հանքավայրը բացեն ու շահագործեն:


Ըստ Զարուհի Փոստանջյանի, եթե մենք այս պահին չկասեցնենք փոքր հէկերի կառուցումը, ապա այդպիսի հէկերի 100-ից ավելի թույլտվություններ կան, հետագայում բազմաթիվ այլ հէկեր կկառուցվեն, եթե այնպիսի վայրում, ինչպիսին Ջերմուկն է, թույլ ենք տալիս Ամուլսարի ոսկու հանքի շահագործում, ապա ոսկու մնացած բոլոր հանքավայրերը նույնպես կբացվեն ու կցանկանան բավարարել միջազգային օլիգարխիայի շատ մեծ ախորժակը: Սակայն եթե մենք այս պահին գրագետ ձևով պայքարում ենք, օգտագործում ենք անհնազանդության գործիքները, ապա իրենց դուրս ենք մղում այս տարածքից, նաև իրենցից պահանջելու ենք և ստանալու ենք հատուցում պատճառած վնասների համար:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ