Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
12.02.2019 | 02:15

(Նախորդ մասը)

ԽՍՀՄ- փլուզումն ուներ իր իրական, տեսանելի պատճառները, դրանք տեխնիկատնտեսական, նաև քաղաքական-գաղափարախոսական էին, որոնք որևէ կապ չէին կարող ունենալ Գորբաչովի «դավաճանության» հետ: Խնդիրն այլ հարթությունում էր: 1980-ական թվականներին պարզ դարձավ, որ կոմունիզմ կառուցելու ծրագիրը, որը, Ստալինի ժամանակներից սկսած կոմունիստական կուսակցությունը ստիպողաբար ու հետևողականորեն լցնում էր մարդկանց ուղեղները, ներքին կարգով, առանց ավելորդ բացատրությունների ու մեկնաբանությունների սնանկ ճանաչվեց: Հետագայում Բրեժնևը կցուցաբերի մի նոր նախաձեռնություն` այսուհետ սովետական ժողովուրդը կառուցելու է զարգացած սոցիալիզմի երկիր (страна развитого социализма): Կառուցելը՝ կառուցենք, բայց ինչպե՞ս: Երկրում սոցիալիզմ կառուցելու համար, նախ և առաջ, պետք էր մտածել տնտեսության ինտենսիվ զարգացման մասին. զարգացնել թեթև ու ծանր արդյունաբերությունը, զարկ տալ լայն սպառման ապրանքների ու գյուղմթերքների արտադրությանը, արագացնել բնակարանային շինարարությունը, ի վերջո լուծել մարդկանց հրատապ սոցիալական խնդիրները: Դրանք անլուծելի ցանկություններ էին մի երկրի համար, որը ստիպված էր, առաջնահերթության կարգով, զարգացնել ռազմական արդյունաբերությունը՝ փորձելով դիմակայել Միացյալ Նահանգներին ու հաղթանակած դուրս գալ իրեն պարտադրված սառը պատերազմից: Մի խոսքով, պետք էր աշխատել ու աշխատել, ստեղծել ժամանակակից արդյունաբերություն և գյուղատնտեսություն, որոնց հաջողությունը, 70-80-ական թվականներից սկսած, ուղղակիորեն կախված էր արդյունաբերության գիտատար ճյուղերի զարգացումից` էլեկտրոնիկա, հաշվողական տեխնիկա, ռադիոտեխնիկա ու բազմաթիվ նման բաներ, որոնք, իրենց հերթին, չէին կարող զարգանալ առանց ժամանակակից էլեմենտային բազայի (դիոդներ, տրանզիստորներ, վարիստորներ, տիրիստորներ, կոնդենսատորներ, ռեզիստորներ, ինտեգրալ սխեմաներ, միջին ինտեգրալներ, մեծ ինտեգրալ սխեմաներ, գերմեծ ինտեգրալ սխեմաներ և այլն , և այլն... դրանց նոմինալների թիվն անվերջ է), որոնց միակ ստեղծողն ու արտադրողը ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունն էր (ԷԱՆ), որի տարբեր միավորումներում ես աշխատել եմ մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ ասպիրանտ, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, ԳՀԻ-ի տնօրեն:


Մոսկվայում աշխատելու տարիներին ես, գործի բերումով, ականատես էի լինում, թե ինչեր էին կատարվում իրավամբ լոկոմոտիվի դերը ստանձնած արդյունաբերության այդ ճյուղում, մասնակցել եմ տարբեր մակարդակներում կատարվող քննարկումներին (տեխնիկական սեմինարներ, փակ սիմպոզիումներ, արտադրական խորհրդակցություններ, խորհրդակցություններ բանակի գեներալիտետի հետ, քննարկումներ ՌԱՀ-ի նախագահ Լեոնիդ Սմիռնովի մասնակցությամբ, մինիստր Ալեքսանդր Շոկինի կողմից անցկացվող ընդլայնված կոլեգիաներ՝ ԷԱՆ-ի ղեկավարների ու առաջատար մասնագետների մասնակցությամբ և այլն):
Բոլոր տիպի քննարկումների թեման նույնն էր. ինչպե՞ս զարգացնել արտադրությունները, հետ չմնալ Ամերիկայից ու, առավել ևս, Ճապոնիայից՝ ապահովելով էլեկտրոնային սարքերի որակն ու հուսալիությունը, ինչպես հասնել ռադիոդետալների չափերի ու հզորությունների նվազեցմանը՝ միաժամանակ բարձրացնելով դրանց արագագործությունը, ինչպես բարձրացնել հուսալիության ցուցանիշները՝ խափանման ինտենսիվությունը 10-3-ից հասցնել 10-8-10-9 աստիճանի և այլն: Դրանք սարսափելի ծանր խնդիրներ էին, որոնք պահանջում էին ինժեներական մտքի ազատություն ու անկաշկանդություն, անձնական նյութական ու բարոյական շահագրգռություն, որոնք, ՍՄԿԿ քաղաքական ու տնտեսական մոնոպոլիայի պայմաններում, արդեն բացառվում էին:


Քաղբյուրոն իր պարտքն էր համարում, ամեն պատեհ ու անպատեհ առիթներով, բոլոր հարցերում, նաև մասնագիտական, տեխնիկական ու կազմակերպական հարցերում ցուցադրել իր բացառիկ լիդերությունը, որը ծայրաստիճան անթույլատրելի էր: Միայն մեկ օրինակ: 1967 թվականին «Պուլսար» ԳՀԻ-ում մշակվել էր աշխարհի ամենափոքր գերմանիումային տրանզիստորը, որը, որպես գերագույն ձեռքբերում, ԷԱ նախարար Ալեքսանդր Շոկինը որոշել էր ցուցադրել ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ, կոմկուսի քաղբյուրոյի անդամ Ալեքսեյ Կոսիգինին՝ հավանաբար հույս ունենալով արժանանալու նրա բարեհաճությանն ու գովեստի խոսքերին: ԽՍՀՄ ղեկավար կազմում ենթակա-ղեկավար նման հաշվետվությունները, Ստալինի ժամանակներից սկսած, պարբերական բնույթ էին կրում, ենթակաները փորձում էին ցուցադրել իրենց լոյալությունը, հետագա պաշտոնավարման անհրաժեշտությունն ու պիտանիությունը երկրի համար: Տրանզիստորը հասցվել էր միկրոմինիատյուրիզացիայի սահմանային չափերի, մինատյուրիստ Էդվարդ Ղազարյանի մակարդակի, քորոցի գլխիկի չափով, տեղադրվել էր կարմիր գույնի ակնեղենի տուփի մեջ: Կոսիգինը սաստիկ զայրացել էր այդ ցուցադրումից, տրամադրությունը տեղը չէր եղել կամ մտածել էր, որ մինիստրն իրեն ձեռք է առնում, հայտնի չէ, բացում է տուփն ու բացականչում. «Самое большое министерство СССР, столько денег я вам даю, а вы такую ерунду мне показываете». Առաջին հայացքից տեղի ունեցածը կարելի էր համարել անհաջող աշխատանքային միջադեպ, բայց դրա հետևանքները կործանարար եղան էլեկտրոնային արդյունաբերության և հատկապես միկրոէլեկտրոնիկայի զարգացման համար: Շոկինը հասկացավ, որ կուսակցական լիդերները չեն կարող ընկալել ժամանակակից տեխնիկայի տրամադրությունը, նրանց համար, հավանաբար, ավելի կարևորը արտադրանքի արտաքին տեսքը, ձևն ու չափերն են: Այդ օրվանից էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկությունների տնօրեններին արգելված էր երկրի բարձրաստիճան ղեկավարությանը ցուցադրել փոքր չափերի սարքեր ու սարքավորումներ: Ամեն մի նոր սարք, կլինի դա միկրոպրոցեսոր, թե սենսոր, պետք է ունենար տպավորիչ չափեր: Աբովյանի «Սիրիուս» գործարանի Խաչատուր Սուքիասյանի արտադրամասում, արտադրում էին Վորոնեժում նախագծված մի համակարգ, որը կոչվում էր (Самое большое министерство СССР, столько (ВУМС-вычислительно управляющая микросистема): Միկրոսիստեմա անունը կրող այդ համակարգը 200-կիլոգրամանոց ու երկու մետր բարձրությամբ երկաթե ծանր պահարան էր, որի մեջ արտադրվող միկրոսիստեման զբաղեցնում էր ծավալի ընդամենը հինգ տոկոսը: Սովետական պլանային համակարգում աշխատող գործարանների տնօրեններին այդպիսի միկրոսիստեմաները բավարարում էին մեկ պատճառով. այդ ծանրաքաշ միկրոսիստեմաների արտադրությունը շատ հարմար էր տարեկան պլանները կատարելու համար՝ չափազանց բարձր ինքնարժեքի շնորհիվ: Սովետական ու ճապոնական միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ ժամանակին պտտվում էին հետևյալ անեկդոտները:


Համերգի ժամանակ կոնֆերանսեն հպարտորեն հայտարարում է, որ մեր միկրոկալկուլյատորները ամենամեծն են աշխարհում: Ճապոնացի ինժեները ձեռքը պահում է հետևում ու սովետական ինժեներին հարցնում է.
-Կասե՞ք, թե ինչ կա իմ ձեռքում:
Սովետական ինժեները գուշակում է.
-Հեռուստացույց:
-Ճիշտ է,- ասում է ճապոնացին,- կասե՞ք, թե քանի հատ է...
Մի իրական դեպք. ցուցահանդեսներից մեկի ժամանակ Շոկինին ցուցադրում են գինեկոլոգիական հետազոտությունների համար մշակված խորհրդային զոնդը:
-Ի՞նչ է, Ձեր կնոջ չափերո՞վ եք արել,- սարքի հեղինակին կոպտում է մինիստրը:
Մեկ հարցում Կոսիգինը միանշանակորեն ճիշտ էր. ԽՍՀՄ կառավարությունը հսկայածավալ ներդրումներ էր կատարում էլեկտրոնային արդյունաբերության բնագավառում: 1962 թվականին էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի զարգացման նպատակով սկսվեց Մոսկվայի արբանյակ-քաղաք Զելենոգրադի կառուցումը: Զելինոգրադի օրինակով, նույն թվականներին, սկսվեց Աբովյանի «Չափիչ», փ/ա 67 և փ/ա 25 էլեկտրոնային խոշոր գործարանների ու բնակելի զանգվածների շինարարությունը: ԷԱՆ-ում աշխատելու տարիներին չեմ հիշում մի դեպք, երբ բավարարված չլինեին գիտական, գիտահետազոտական աշխատանքների կամ նոր գործարանների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները, միշտ տրվում էր ըստ պահանջի:


Իմ գլխավորած ԳՀԻ-ն առաջնահերթության կարգով մշտապես ստացել է անհրաժեշտ տեխնիկան, հումքը, հաստոցները, սարքավորումները և այլն, պետք էր միայն աշխատել ու արդյունքի հասնել: Նշեմ նաև, որ ԷԱՆ-ի միավորումներում բանվորների, ինժեներների ու գիտնականների աշխատավարձերը ամենաբարձրերից էին երկրում, մաքուր արտադրություններ, լավ սպասարկում (Մոսկվայի, Լենինգրադի, Ռիգայի, Գորկու, Նովոսիբիրսկի ԳԱՄ-երի ներսում աշխատում էին սպասարկման հատուկ ծառայությունները (стол заказов), որոնց միջոցով ինժեներատեխնիկական անձնակազմը կարող էր ձեռք բերել ցանկացած դեֆիցիտ ուտելիք կամ հագնելիք), հետաքրքիր աշխատանք և, որն ամենակարևորն էր, պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցություն, որ մեր աշխատանքից է կախված լինելու խորհրդային երկրի պաշտպանողականությունն ու ապագան: ՌԱՀ-ի միջոցով խնդիր էր դրվում, որ ստեղծվեն ավելի լավ ու հուսալի էլեկտրոնային սարքեր, քան կարող էին անել ամերիկացիները կամ ճապոնացիները, և խորհրդային գիտնականներն ու ինժեներները հիմնականում կարողանում էին պատվով ու բարձր մակարդակով կատարել ստացված հանձնարարությունները: Ավելին, խորհրդային տարիներին այնպիսի գյուտեր ու հայտնագործություններ են արվել, որոնք մինչ օրս դեռևս անհասանելի են մնացել ուրիշների համար, թեև արդեն շուրջ 30 տարի է, որ այդ բնագավառում ակտիվ գիտական աշխատանքներ չեն կատարվում:


Առանձնահատուկ էր հայ գիտնականների ներդրումը էլեկտրոնային արդյունաբերության մեջ: Օրինակ, հոլոգրաֆիայի ու ֆոտոլիտոգրաֆիայի բնագավառում մոտ 40 կարևոր գյուտեր են արվել տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ռուբեն Մարտիրոսյանի ու Վիկտոր Աֆյանի հեղինակությամբ, չիպերի ոչ կոնտակտային ստուգման ու տեխնիկական դիագնոստիկայի համար ստեղծվել են լազերային միկրոսկոպներ, նանոսկոպ և աննախադեպ ռենտգենադիֆրակցիոն ստվերային միկրոսկոպ՝ Վահան Համազասպյանի ու Ալեքսանդր Բուտաևի հեղինակությամբ:
Մոսկվայի «Պուլսար» ԳՀԻ-ի աշխատակից, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչիկ Ավետիսյանի գյուտերի թիվը անցել էր 1200-ը, Հայաստանում աշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Հարությունյանինը՝ 400-ը և այլն: ԽՍՀՄ-ում շատ բան էր արվում էլեկտրոնային արդյունաբերության կարևորագույն ճյուղի զարգացման համար, բայց սպասելիք արդյունքների հասնել չհաջողվեց, որովհետև կային պահպանողական այնպիսի ղեկավարներ, ինչպիսին էին Բրեժնևն ու Կոսիգինը, որոնք նստում էին Կրեմլում, չէին հասկանում ժամանակակից գիտատար ճյուղերի զարգացման տրամաբանությունը, բայց անընդհատ խառնվում էին մասնագետների գործերին: Բացատրեմ, թե ինչ ծանր հետևանքների ունեցավ Կոսիգինի դիտողությունը: Մինիստր Շոկինը հասկացավ, որ իր մինիստրական պոստը պահելու համար քաղբյուրոյի անդամներին պետք է զայրացնել՝ ցուցադրելով իր փայլուն գիտելիքներն ու ծրագրերը: Այդ գաղափարը, նախարարության կոլեգիաների ժամանակ, որպես ի գիտություն փոխանցվում էր գործարանների ու ԳՀԻ տնօրեններին, դառնում էր աշխատանքային պահանջ: Այսպես, 1979 թվականի սեպտեմբերի 12-ին սպասվում էր Կոսիգինի այցը Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ, պետք էր ցուցադրել մեր ստեղծած «Ֆոտոսկանն» ու նանոսկոպը՝ գործողության մեջ: «Պոզիստոր» ԳԱՄ գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանը ուշի ուշով հետևում էր, որ փոքր-մոքր բաներ ցույց չտանք, Կոսիգինը կարող էր զայրանալ: Այդպես էլ վարվեցինք, օսցիլոգրաֆն ու էլեկտրոնային ղեկավարման սարքերը տեղավորեցինք գործիքային շատ ծանր պահարանի մեջ ու դա ունեցավ իր բարերար ազդեցությունը երկրի վարչապետի վրա: Լաբորատորիայում դրված բոլոր սարքերի ու սարքավորումների ֆոնին նրա ուշադրությունը գրավեց 4 տոննա քաշ ունեցող հոլոգրաֆային սեղանը, որը ստացել էինք Նովոսիբիրսկից:


-Թուջի՞ց է,- իր գիտելիքներն ու լավատեղյակությունը փորձեց ցուցադրել Կոսիգինը:
-Ճիշտ այդպես, թուջից է ու տեսեք, թե այդ ծանր սեղանը ինչպես է ծռվելու Ձեր ձեռքի ծանրության տակ,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը:
Փորձեց ու տեսավ, թե հոլոգրաֆիայի պատկերն ինչպես կարող է ծռմռվել ԽՍՀՄ վարչապետի ձեռքի թեթև հպումից։ Նրա համար դա շատ զարմանալի էր: Աբովյանից նա գոհ հեռացավ, իր համար կարևոր հետևություն արեց, թե երիտասարդ հայ գիտնականներն ինչ հետաքրքիր գործեր են կատարում՝ ԽՍՀՄ ծայրամասային փոքրիկ Աբովյան քաղաքում: Գոհ գնալն ավարտվեց նրանով, որ հանձնարարեց Հայաստանում ևս 4 գիտական հիմնարկ ու գործարան բացել։ Ինձ բաժին հասավ Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» համամիութենական ԳՀԻ-ի գիտական բաժինը, հետագայում «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ն որը գլխավորեցի մինչև 1995 թվականը, հետագայում` թողեցի էլեկտրոնիկան ու սկսեցի զբաղվել արևային տեխնիկայով ու տեխնոլոգիաներով՝ փաստորեն ստանալով գործազուրկին հարակից մի անորոշ կարգավիճակ:
(շարունակելի)


Հ. Գ. Եվս մեկ ցավալի կորուստ . 2019 թվականի փետրվարի 8-ին կյանքից հեռացավ երկրների հելիոֆիկացիայի ծրագրի համահեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԱՇՈՏԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: Նա ժամանակին մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության զարգացման գործում, մագնիտոդիոդների գծով եղել է միութենական նախարարության գլխավոր կոնստրուկտորը, երկար տարիներ աշխատել է «Պոզիստոր» ԳԱՄ-ում, ստեղծելով մագնիտոդիոդների մի ամբողջական շարք, առաջին մագնիտատրանզիստորը, համագործակցել է խորհրդային հայտնի գիտնականներ Մուռիգինի ու Ստաֆեևի հետ, 23 տարի շարունակ զբաղեցրել է Աբովյան քաղաքի կրթահամալիրի տնօրենի պաշտոնը՝ երկրին տալով հազարավոր շրջանավարտներ ու միջին մասնագիտական կադրեր: 2008 թվականին կրթահամալիրին կից ստեղծեց աշխարհում առաջին արևային ուսումնական պոլիգոնը, որտեղ, դպրոցականների շրջանում, ակտիվորեն պրոպագանդում էր արևային տեխնիկան ու տեխնոլոգիաները, հավատում էր, որ Հայաստանի տնտեսությունը կարելի է ծանր վիճակից հանել՝ զարկ տալով անհատական արևային համակարգերի արտադրությանը, ստեղծել նոր աշխատատեղեր, բարելավել մարդկանց սոցիալ-կենցաղային պայմանները, կասեցնել արտագաղթը, բարձրացնել երկրի պաշտպանուկանությունը: Խոր հայրենասեր, խոր ազգասեր ու ընտանիքասեր մեր ընկերը մեծ ավանդ ունեցավ կոմբինացված անհատական հելիոհամակարգերի նախագծման ու ստեղծման գործում, նրա անունը, ակադեմիկոս Պարիս Հերունու անվան հետ, ոսկե տառերով կգրվի արևային տեխնիկայի համաշխարհային պատմության մեջ: Նա մարդկանց այն տեսակից էր, ովքեր վեր են կանգնած շարքային մահկանացուներիս դասից ու անմահանում են իրենց կատարած օգտակար գործերով: Առանց Գրիգոր Մնացականյանի գիտական ու պրակտիկ ներդրման հնարավոր չէր ստեղծել այն տեխնիկան ու տեխնոլոգիաները, որոնցով մենք առաջինն ենք աշխարհում ու դրանով ձեռք ենք բերել հպարտանալու իրավունք: Հինգ զավակներն ու տասնյակից ավելի թոռները կշարունակեն կիսատ թողած գործերը՝ օգտագործելով նրա թողած հարուստ գիտական ժառանգությունը՝ հանուն մեր ազգի ու ապագայի: «Գրիգոր Մնացականյան», այսուհետ այդ անունը կկրեն նրա օգնությամբ մշակված արևային սարքերը, որոնց արտադրությունը կսկսվի մոտ ժամանակներս՝ Գրիգոր Մնացականյանի անվան արևային գործարանում: Գրիգոր Մնացականյան... Հիշենք այս անունը և աղոթենք նրա հոգու փրկության համար:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ