«Աշխարհում և՛ երեխաներն են շատ, և՛ «դատարկությունը»
13.09.2019 | 01:28
Բակ, երաժշտություն, երեխաներ: Oրորոցի մեջ պառկած երեխան պարում է, երաժշտությանը համահունչ տոտիկը վերև-ներքև, աջ ու ձախ է տանում: Նա դեռ չի քայլում, նա դեռ քայլելու է, նրա առաջին քայլերին սպասում են, բայց ոչ ծնողները: Սա «Մանկան տունն» է: Դարպասը, չգիտես, բաժանու՞մ է մանկատան աշխարհը շրջակա աշխարհից, թե՞ միացնում։ Դարպասները պատսպարում են նրանց, քանի դեռ նորածին են, երեք օրական, մեկ ամսական, մեկ տարեկան, վեց տարեկան: Հետո նրանք քայլեր կանեն հեռվում՝ այս դարպասներից դուրս: Դարպասներից ներս կմնան հիշողութուններ, թվեր, փաստաթղթեր, պատմություն՝ լքող կամ որդեգրող ծնողների մասին, վերադարձ՝ կենսաբանական ընտանիք, կամ պարզապես ճանապարհ մանկատնից մանկատուն:
Սա մեծ տուն է: Մանկատան բակն ու այգին գունագեղ են ու հարմարավետ: Պատերի ներսում՝ նույնը: Թվում է, ոչ մի պակաս բան չկա, որ երեխաները լիարժեք մեծանան:
Երեխաները լցնում են դատարկությունը:
Աշխարհում և՛ երեխաներն են շատ, և՛ «դատարկությունը»:
Անին լուսանկարում է փոքրիկներին՝ դեմքը, աչքերը չարձանագրելու պայմանով: Բարդ է: Երեխաները հետաքրքրասեր են, շրջվում են, նայում նկարողի ուղղությամբ: Կրկնակի բարդ է երեխային նկարելն առանց ժպիտը որսալու:
Ասում են ՝ չի կարելի օրորել դատարկ օրորոցը:
Աշխարհում ինչ-որ տեղ մանկությունը նման է դատարկ օրորոցի:
«Մանկան տուն»:
Այստեղից երեխաները մի օր գնում են: Կապը մի կետում ընդհատվում է: Մանկատան տնօրեն ԼԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասում է, թե չի կարողանում տեսնել՝ ինչպես են հեռանում երեխաները։ Քառորդ դարից ավելի մանկատանն է ու մինչև հիմա չի կարողանում հասկանալ՝ ինչու՞ մայրը հրաժարվի երեխայից: Բայց լսում է ծնողների պատճառաբանությունը, մտածում` երևի բնությունը նրանց այդպես է ստեղծել:
Լիանա Կարապետյանը 38 տարի առաջ է ոտք դրել մանկատուն, հաստատությունը մանկաբույժի կարիք ուներ: Առաջարկել են, համաձայնել է: 1981-ին ընդունվել է որպես մանկաբույժ: 1998-ից մինչ օրս ղեկավարում է «Մանկան տունը»: Մեզ հետ զրույցում տիկին Կարապետյանը ներկայացրեց ուշագրավ փաստեր, տեղեկություններ Երևանի «Մանկան տան» և, առհասարակ, մանկական ուրույն աշխարհի մասին:
-Ե՞րբ և ինչու՞ է հիմնվել Երևանի «Մանկան տունը»: Ի՞նչ ճանապարհ է անցել: Ինչո՞վ է առանձնանում հանրապետության մյուս մանկատներից:
-Հիմնվել է 1937 թվականին, թե ինչու՞, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, թե մանկատներն ընդհանրապես ինչպես են ի հայտ եկել աշխարհում:
Մարդն ի սկզբանե իր էությամբ պոլիգամ է, բայց երբ ստեղծվեց մոնոգամ ընտանիք, արտամուսնական կապից ծնված երեխաների խնդիր առաջացավ: Եկեղեցին այդ երեխաներին վերցրեց իր հոգածության տակ: Սկզբում երեխաներին գցում էին եկեղեցու պատերի տակ, հետո եկեղեցին որոշեց, որ պատուհան է լինելու, մայրը զանգելու է կամ թխթխկացնելու, երեխային թողնելու է ու գնա, որ չիմանան, թե ով է մայրը: Այն տարիներին մեծ խնդիր էր արտամուսնական կապից ծնված երեխա ունենալը:
Առաջին մանկատները ստեղծվեցին 16-րդ դարում, սկզբում` Չեխիայում, հետո տարածվեցին այլ երկրներում: Սկզբում երեխաներին խնամակալ ընտանիքների հոգածությանն են հանձնել, հետո պարզվել է, որ այդ ընտանիքներում այնքան էլ լավ չեն վերաբերվում երեխաներին: Բալզակի երկերից գիտեք՝ ինչ խնդիրներ են ծագել. վատ խնամք, երեխաների մահացություն և այլն: Ռուսաստանում նույնպես եղել են մանկատներ, կոչվել են «приют для бездомных детей»: Հեղափոխությունից հետո մանկատներն անցան պետության հոգածության տակ: Բարեգործական միջոցներով ստեղծված մանկական ապաստարանները 1918-ին վերակազմավորեցին պետական մանկատների։
Թե որ թվականին է Հայաստանում առաջին մանկատունը ստեղծվել, չգիտեմ, մեր «Մանկան տունը» ստեղծվել է 36-37 թվականներին: Խնամել են 297 երեխայի: Եղել են երեք մանկատներ` համար մեկ, համար երկու, համար երեք: Երեխաներին խնամել են նորածին հասակից: Մինչ հիմա մենք իրականացնում ենք 3 օրականից մինչև 6 տարեկան երեխաների խնամքը: Դպրոցական հասակից երեխաները տեղափոխվում են այլ մանկատուն, եթե չեն վերադառնում կենսաբանական ընտանիք կամ չեն որդեգրվում:
«Մանկան տունը» նախկինում պատկանել է առողջապահության նախարարությանը: Ինչու՞, որովհետև նորածին երեխայի խնամքն ավելի շատ բժշկական անձնակազմը պետք է իրականացնի: 1986-ին որոշվեց, որ բուժքույրական անձնակազմի հետ համատեղ պետք է լինի նաև դաստիարակչական, ուսուցչական կազմ: 1998-ից գործում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան ենթակայության տակ:
-Մանկատան աշխատանքային դժվարությունների մասին ի՞նչ կասեք:
-Դժվար, պատասխանատու աշխատանք է: Պատկերացրեք` մեկ նորածին երեխայի խնամքը տանն ինչպես է կազմակերպվում, ինչ բարդություններ են լինում ու բազմապատկեք դա 40-ով, որովհետև մենք մինչև 40 նորածին երեխա ենք խնամում: Նաև չմոռանանք` հղիությունը անցանկալի է, և մայրերը հաճախ դեղորայք են խմում, այլևայլ միջոցների են դիմում՝ հղիությունն ընդհատելու համար: Եթե թեկուզ որովայնդ կապում ես, երեխան թթվածին քիչ է ստանում: Մենք մոռացել ենք, թե վերջին նորմալ քաշով ծնված երեխան երբ է ընդունվել «Մանկան տուն»:
-Ի՞նչ պատճառաբանությամբ են երեխային հանձնում մանկատուն:
-Հիմնականում՝ մշտական բնակավայր չունենալու պատճառով, սակայն չեմ կարող միանշանակ ասել, եթե մայրը բնակարան ունենար, և լավ պայմաներ, արդյո՞ք կհանձներ երեխային, թե՞ ոչ:
-Ինչպես նշեցիք, կար ժամանակ, երբ արտամուսնական կապից ծնված երեխա ունենալը մեծ խնդիր էր, մեր օրերում ինչ-որ բան փոխվե՞լ է այս առումով: Գիտեմ, որ կան դեպքեր, երբ երեխային ժամանակավորապես հանձնում են մանկատուն, իսկ հետո վերադարձնում են՝ շրջապատի համար տպավորություն ստեղծելով, թե երեխա են որդեգրել:
-Մեր օրերում և՛ մարդկանց մտածելակերպն է փոխվել, և՛ ավելի դյուրին է դարձել անցանկալի հղիություններից խուսափելը: Նաև դա է պատճառը, որ մեզ մոտ պակասել է առողջ երեխաների ընդունելությունը: Նախկինում այլ էր պատկերը, մանավանդ մարզերից եկած ուսանողների պարագայում շատ խնդիրներ էին լինում: Հիմա ավելի շատ հրաժարվում են խնդիր ունեցող երեխաներից: Չնայած, օրինակ, անցալ տարի 8-9 առողջ նորածին ունեինք, որոնց, բնականաբար, որդեգրեցին:
-Երեխա որդեգրել ցանկացողներն ի՞նչ թիվ են կազմում:
-Որդեգրում կատարել ցանկացող քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը: Մեզ մոտ ընդունված նորածին երեխան, եթե առողջական խնդիր չունի, 3-4 ամսականում որդեգրվում է: Իսկ եթե մայրն իր երեխային պահում է թեկուզ մեկ տարի և ինչ-որ պատճառներով հանձնում է մանկատուն, հիմնականում չի հրաժարվում երեխայից: Մեզ մոտ 10-15 տոկոս երեխաները վերադառնում են կենսաբանական ընտանիք, 15-20 տոկոսը որդեգրվում է, մոտավորապես 5-7 տոկոսը տեղափոխվում է այլ մանկատներ:
-Եթե երեխայից հրաժարված ծնողը զղջում է, ուզում է վերադարձնել երեխային, բայց վերջինիս արդեն որդեգրել են, իրավունք ունի՞ հետ վերցնելու երեխային կամ իմանալու՝ որտեղ է նա:
-Նոտարական գրասենյակում կամ ծննդատանը ծնողը դիմում է գրում, որ հրաժարվում է երեխայից: Մինչև դատավճիռն ուժի մեջ մտնելը, բոլոր իրավունքները կենսաբանական ծնողին են պատկանում, (մայրը կարող է հաջորդ օրն իսկ իր դիմումը փոխարինել այլ դիմումով, ոչ մի խնդիր չկա), դատարանում որդեգրման վճիռը կայացնելուց հետո բոլոր իրավունքներն անցնում են որդեգրող ծնողին: Կենսաբանական ծնողն այլևս տվյալներ իմանալու իրավունք չունի, որովհետև որդեգրությունը գաղտնի է:
-Ինչպիսի՞ պատկեր է գրանցվում մանկատներում պատերազմական տարիներին:
-Կա մի հետաքրքիր հանգամանք. արխիվներն ուսումնասիրելիս պարզել ենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Մանկան տան» երեխաների թիվը քչացել էր: Գուցե քիչ են երեխաներ ծնվել, չեմ կարող հստակ ասել պատճառը: Նույնը` 91- 94 թվականներին էր. մինչև 50 երեխա ենք խնամել:
-Հավաստի աղբյուրներից մի այսպիսի պատմություն գիտեմ. Հայրենական պատերազմի տարիներին երեխայի մայրը մահացել է, հայրը վերադարձել է ռազմաճակատից ու չի գտել երեխային: Երեխային հանձնել են մանկատուն, այնտեղ էլ որդեգրել են: Գուցե պատերազմական տարիներին ամեն ինչ հնարավոր էր:
-Չեմ կարող ասել: Շատ ժամանակ ծնողները սխալ տեղեկություն են տալիս ու փորձում արդարանալ իրենք իրենց առաջ, երեխաների: Արխիվներում նայել ենք մի քանի նմանատիպ դեպքեր ու պարզել, որ նրանց ասածները չեն համապատասխանում իրականությանը, նայած ինչպես են տեղեկությունն իմացել:
38 տարի աշխատում եմ «Մանկան տանը», չեմ տեսել մի դեպք, որ ծնողները մահանան, երեխան հայտնվի մեզ մոտ: Բարեկամները, հարևաները տեր են կանգնում երեխային, խնամակալություն ձևակերպում:
-Ասում են` երեխան զգում է իր մերժվածությունը մինչև ծնվելը: Այս հարցի մասին հետաքրքիր է Ձեր կարծիքը՝ որպես մանկաբույժի:
-Իհարկե, մինչև ծնունդը երեխան ամեն ինչ ընկալում է, արդեն գիտի, որ մայրն իրենից պետք է հրաժարվի, և դա իր առաջին սթրեսն է: Երկրորդ սթրեսը տանում է ծնվելուց հետո, երբ իրեն լքում են, երրորդը` երբ բերում են մանկատուն:
-Ավելի մեծանալով՝ հոգեբանական ի՞նչ խնդիրների է բախվում մերժված երեխան: Ինչպե՞ս է ընկալում ընտանիք հասկացությունը, ինչից ինքը զրկված է:
-«Մանկան տուն» երեխաները 90 տոկոսով ընդունվում են անմիջապես ծննդատներից, բնական է, որ չգիտեն՝ ինչ է ընտանիքը: Եթե երեխային որդեգրում են, հայտնվում է ընտանիքում, այդ ժամանակ է զգում՝ ինչ է ընտանիքը: Երբ երեխան մնում է մեզ մոտ, մայրն այցելում է, նա տանը չի ապրում, որ տարբերությունը զգա, թե մայրիկի հետ ապրելիս ոնց կլիներ: Գնում է դպրոց, դասընկերներին ծնողները, տատիկը, պապիկը տուն են տանում, և նա հարց է տալիս ինքն իրեն՝ ինչու՞ եմ ես գնում մանկատուն, ի՞նչ է մանկատունը:
-Պատահու՞մ է, որ որդեգրված երեխան գա մանկատուն, փորձի ճշտել մանկատանը հայտնվելու պատճառը, ծնողների ով լինելը:
-Շատ, նույնիսկ եթե որդեգրված են, գոհ են իրենց ընտանիքից: ՈՒ հետաքրքիր է, ավելի շատ ուզում են իմանալ՝ ով է իրենց մայրը, ինչ ազգության է պատկանում, քան ինչու են հրաժարվել իրենցից: Գրեթե միշտ փորձում են իրենց կենսաբանական ծնողներին արդարացնել, ինչը հետաքրքիր է ու ողջունելի:
-Մանկատունը որպես այդպիսին հետաքրքրու՞մ է, փորձու՞մ են պարզել կամ վերհիշել` որտեղ են իրենք մեծացել:
-Օտարազգի որդեգիրները հոգեբանի հետ խորհրդակցում են և երեխային որոշակի տարիքում ասում այն մասին, որ ինքը որդեգրված է: Հիմնականում այդ երեխաներն են գալիս, ուզում են տեսնել իրենց սենյակը, մահճակալը և խնամողներին: Հաագայի կոնվենցիայի համաձայն օտարերկրյա որդեգրող ծնողները պարտավոր են որդեգրվածներին ծանոթացնել իրենց ծագման երկրին, երկրի մշակույթին, լեզվին:
-Երեխան իրավունք ունի՞ մանկատան արխիվներն ուսումնասիրելու:
-Երեխայից հրաժարված ծնողը պետք է գրի դիմումի մեջ, որ չի առարկում իր տվյալները տրամադրելուն, հակառակ դեպքում չենք կարող տրամադրվել: Որդեգրման գործն իրավունք ունեն բացելու ԱԱծ-ն և կենսաբանական ծնողը այն դեպքում, եթե կան դատաիրավական խնդիրներ: Որդեգրված անձն իրավունք ունի ծանոթանալու արխիվային տվյալների հետ, եթե որդեգրող ծնողները տան գրավոր համաձայնություն: Եթե որդեգրող ծնողները մահացած են, մահվան վկայականը բավական է, որ տրամադրենք տվյալները, ինչպես արդեն նշեցի, եթե կենսաբանական ծնողը դեմ չէ:
-Երբ մանկատան երեխան ընտանիք է կազմում…
-Կա տարբերություն՝ երեխան մինչև վերջ մնում է մանկատա՞նը, թե՞ գնում է ընտանիք: Վերջիններս հիմնականում փորձում են ստեղծել ամուր ընտանիք, որովհետև ենթագիտակցության մեջ վախ կա, որ իրենց թողնելու են: Երբ երեխային որդեգրում են, ես զգուշացնում եմ, որ դպրոց հաճախելու առաջին օրերին նրան պետք է սպասեն, ասեն, որ հետ են տանելու տուն` փարատելու համար այն վախը, թե նրան նորից կլքեն:
-Իսկ իրենք իրենց երեխաներին չե՞ն լքում:
-Նման դեպք իմ պրակտիկայում չի հանդիպել: Պատահել է, որ մանկատան սանը երեխա է ունեցել և հետո իր երեխային եկել տարել է, չի հրաժարվել նրանից:
-Պատահե՞լ է, որ մանկատան աշխատողը երեխա որդեգրի:
-Ոչ, բայց ունենք աշխատող, որը երեխա էր որդեգրել մինչ աշխատանքի ընդունվելը:
-Որդեգրված երեխային վերադարձնելու դեպքեր եղե՞լ են:
-Մեկ դեպք. վեց ամսականում որդեգրել են, 14-ում վերադարձրել, իհարկե` այլ մանկատուն. երեխայի մոտ հայտնաբերվել էին հոգեկան խնդիրներ: Առհասարակ, որդեգրված երեխային հետ վերադարձնելը դատարանի վճռով է լինում, չեն կարող ասել՝ ինձ չի լսում, հետ եմ բերել:
-Հետաքրքիր է՝ երեխային մանկատուն բերու՞մ են միայնակ հայրերը:
-Պատահում է, բայց հազվադեպ և ժամանակավոր, դպրոցական շրջանում տանում են երեխային: Պատահել է` նույնիսկ պապիկն է երեխայի խնամքը ժամանակավորապես հանձնել «Մանկան տանը»:
-ՈՒշադրության, պետական և մասնավոր հատվածի հոգածության առումով շահեկա՞ն վիճակում է «Մանկան տունը»:
-Միշտ է եղել ուշադրության կենտրոնում: Խորհրդային Միության տարիներից արտահերթ ենք ֆինանսավորվել, ոչ մի խնդիր չենք ունեցել: Պարզապես այն ժամանակ այլ խնդիր է եղել, բոլոր երեխաների մազերը` նույնությամբ կտրած, հագուստը՝ նույնը, խաղալիքները՝ նույնը: 90-ականներին այլ պատկեր էր՝ վառարաններ, իշոտնուկներ: Հիմա ուրիշ է: Ես փորձել եմ «Մանկան տունը» մոտեցնել տան պայմաններին, ու երևի թե հաջողվել է: Շատ միջազգային կառույցներ նկատում են, որ մեր մանկատունը լավագույնն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Խորհրդային Միության ժամանակ էլ տիպային մանկատուն է եղել: Փորձում ենք վարկանիշը չիջեցնել:
Ինչ վերաբերում է հոգածությանը, գրեթե բոլոր բարի, աստվածապաշտ մարդիկ, ովքեր ունեն հնարավորութուն, օգնում են մանկատներին ու ծերանոցներին: Մի շատ լավ միտում է նկատվում` վերջին տարիներին շատացել են տեղացի բարեգործները: Ճիշտ է, գումարային առումով օտարերկյա բարեգործների ցուցաբերած օգնության համեմատ ավելի քիչ է, բայց ուրախալի իրողություն է:
-Մի պահ խոսակցություն կար մանկատներն ու ծերանոցները միացնելու մասին: Թվում է՝ այդ կերպ կլրացնեն երեխաների և ծնողների բացը: Այդ փորձը կիրառվել է դրսում:
-Հասկանում եմ` ինչի մասին է խոսքը, բայց ի՞նչ լավ բան դուրս կգա դրանից, չեմ կարող ասել: Մի անգամ երեխաների համերգին (տարին չորս անգամ հանդես ենք ունենում՝ մանկապարտեզի ծրագրով) ներկա էին ծերանոցի տարեցները: Կոնկրետ ինձ համար դա մեծ սթրես էր, չկարողացա հուզմունքս պահել: Պատկերացրեք՝ տարեց մարդիկ, որոնցից հրաժարվել են երեխաները, երեխաներ, որոնցից հրաժարվել են ծնողները: Շատ ծանր տեսարան էր: Չեմ ընդունում նույնիսկ 0-16 տարեկաններին մի տեղում պահելու ձևաչափը:
Եվ ընդհանրապես ինչքան պարփակ է հաստատությունը, լինի մանկատուն, թե ծերանոց, այնքան խնամքն ավելի արդյունավետ է, հսկողութունը՝ ուժեղ: Տեսեք, մենք 70 երեխա ենք խնամում, ես նրանց բոլորին անուններով գիտեմ, տեղյակ եմ՝ ինչով են հիվանդացել, ինչ խնդիրներ ունեն: 200 երեխայի դեպքում վստահ չեմ, որ կարող էի բոլորին ճանաչել-հիշել:
-Մի վերջին հարց. մանկատունը միշտ այստե՞ղ է գործել, ինչպե՞ս է ընտրվել այս վայրը (Նորք Մարաշ, Արմենակ Արմենակյան փող., 119 շենք):
-«Մանկան տունը» մինչև 1986 թիվը Կոմիտասի անվան պանթեոնի կողքին է եղել: Զբոսաշրջիկներն այստեղ հաճախ էին լինում, հետաքրքրվում էին նաև՝ ինչ է սա, իսկ խորհրդային կացութաձևին հարիր չէր մանկատուն, լքված երեխաներ ունենալը: Տեղափոխեցին այստեղ՝ աչքից հեռու: Բայց Ֆրանսիայի պես երկրում նույնպես գործում է 0-6 տարեկան երեխաների մանկատուն:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ