Երբ դիտարկվում ես որպես «որբի գլուխ»
17.12.2019 | 01:54
Անցած շաբաթ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն Մոլ»-ում կայացավ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» կինոնկարի երևանյան պրեմիերան, որը, ինչպես տեղեկացնում է Kinopoisk.ru կայքը, Արամ Խաչատրյան «անհնազանդ ու աղմկոտ որդու»՝ «Սուսերով պարը» հայտնի գլուխգործոցի ստեղծման պատմությունն է:
Խնդիր չդնելով անդրադառնալ ֆիլմի գեղարվեստական արժանիքներին (վերլուծություններ անելու անհամեմատ ավելի կարող ուժեր կան, քան մեր համեստ անձն է)՝ հարկ համարեցինք անդրադառնալ շոշափվող նյութի մեկ այլ կողմին, որը հայ կինոյի վերջին տարիների ամենացավոտ հիմնախնդիրներից է: Խոսքը վերաբերում է պետական բյուջեից հայ կինոյին տրամադրվող առանց այն էլ սուղ միջոցների բաշխմանը, դրանք կառավարման լծակներին մոտ կանգնածների աջ ու ահյակ շաղ տալու անպատասխանատու, արատավոր քաղաքականությանը:
Ավելի առարկայական լինենք:
Ռուսական կողմը, նախաձեռնելով մեր մեծ հայրենակից Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ու թիվ 2 սիմֆոնիայի ստեղծմանը նվիրված ֆիլմի նկարահանումը, ինչը, խոշոր առումով, ֆիլմ է Արամ Խաչատրյանի մասին, ընթացքում հայաստանյան կողմին դիմել է ծրագրին ֆինանսապես մասնակցելու առաջարկով: Կողմերի փոխհամաձայնության արդյունքում ծնվել է ֆիլմարտադրության մասին համապատասխան պայմանագիրը (այո, այո՝ ֆիլմարտադրության ու ոչ թե ֆիլմարտադրությանն աջակցելու մասին պայմանագիրը, ինչը սկզբունքորեն բոլորովին այլ բան է):
Հատկացված գումարը կազմել է մոտ 100, իսկ ավելի ստույգ՝ 97,8 միլիոն դրամ (վերջնահաշվում տրվել է 84,2 միլիոնը): Այն ժամանակվա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը միանձնյա որոշմամբ գումարը, հոր տնից բերած փողերի պես կտրել է ֆիլմարտադրության աջակցության համար Հայաստանի ազգային կիոնոկենտրոնին հատկացված միջոցներից ու տրամադրել DMH ստուդիային: Նկատենք, որ համաձայն ընդունված կարգի, որևէ նախագծի գումար Հայաստանում չի կարող տրվել առանց մրցույթի հայտարարման, որը շատ ճիշտ մտածված քայլ է ու հնարավորինս փակում է հնարավոր «ատկատների» ճանապարհը:
Հարց՝ ի պատասխան նախարարի վոլյունտարիզմի. ի՞նչ է արել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի 2018-ին դեռևս նորաթուխ ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը, քանի որ այս հատկացումով հիմնավորապես քաոսային վիճակ է ստեղծվել 2018-ի սկզբին կինոկենտրոնի նախատեսած ու հաստատած ավելի քան 40 կինոնախագծի ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցում:
Պատասխան՝ ոչինչ:
Տնօրենի ժ/պ-ի համեստ հարսի կարգավիճակը ակնհայտորեն թելադրված է եղել իրեն գործի դրած նախարարին շնորհակալ լինելով, եթե այդ շնորհակալության տակ ուրիշ բաներ չեն եղել (խնդրո առնչությամբ կարելի է այլ բաներ էլ վկայել, սակայն դրանք համարենք օրակարգից դուրս ու թողնենք մեկ այլ պատեհ առիթի): Այստեղ միջանկյալ նկատենք, որ առհասարակ հատուկ քննարկման հարց է Շուշանիկ Միրզախանյանին Հայաստանի ազգային կինոնկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը (անհասկանալիորեն նա մինչ օրս էլ նույն կարգավիճակում է, ինչն օրենքի խախտում է), որ նա, ըստ նախարարի, ամենայն հավանականությամբ պիտի լիներ անցողիկ ֆիգուր, որ կինոկենտրոնի տնօրինումն Արմեն Ամիրյանն իրականում հղացել էր իրականացնել Ամերիկայից հրավիրված ֆիլմ-հանձնակատարի՝ կինոարվեստում կասկածելի, միայն իրեն հայտնի վաստակ ունեցող Արսեն Բաղդասարյանի միջոցով, ում, ըստ շրջանառվող լուրերի, այդ նույն կինոյի միջոցներից ամսական մոտ 1000 դոլարի հասնող գումար էին հատկացնում Բաղրամյան փողոցում բնակարան վարձակալելու համար, ում, դարձյալ ըստ այն ժամանակ շրջանառվող լուրերի, ամսական 4000 ԱՄՆ դոլարի չափով աշխատավարձ էին տալիս ու որի տակից կինոկենտրոնը ոնց որ թե առայսօր չի կարողանում դուրս գալ ու նաև որի ու որոնց արդյունքում է, որ կլոր տարին աչք չի փակում իրար հաջորդող ստուգումներից, աշխատողներին այստեղ ու այնտեղ տանել-բերելուց:
Ֆինանսական առումով այդ ֆիլմ-հանձնակատարին առնչվող մեկ այլ պատմություն էլ կա՝ կապված Կաննի կինոփառատոնում հայ կինոն ներկայացնելու, իրականում պետական միջոցները սեփական հաճույքների վրա վատնելու հետ, սակայն շրջանցենք այն. առանց այն էլ էապես հեռանում ենք բուն խնդրից, թեպետ այդպես էլ անհայտ է մնում Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայի վրա ծախսված այդ գումարը ի՞նչ տվեց հայ կինոյին, բացի հեղափոխության հետևանքով նախարարական պորտֆելից զրկված Արմեն Ամիրյանի հետ գրեթե համաժամանակյա Ամերիկա վերադարձած Արսեն Բաղդասարյանի ինքնագոհացումից:
Ինչևիցե: «Սուսերով պարի» նկարահանման գումարի հայաստանյան չափաբաժինը տրվել է, ֆիլմը դարձել է իրողություն: Նորից ենք կրկնում՝ նյութի շրջանակներում ֆիլմի գեղարվեստական կողմին անդրադառնալու խնդիր չենք դնում, թեպետ չենք էլ կարծում, թե Արամ Խաչատրյանի նման մեծագույն անհատի կյանքի ու ստեղծագործության պատմությունը կարելի էր բերել-իջեցնել բռնաճնշումների մակարդակով հետապնդված, հետապնդվող խորհրդային շարքային քաղաքացու մակարդակի, «Սուսերով պարի» ստեղծումը դիտարկել բուրդ չփխելու կամ գնացքի անիվների ձայնարկումների ազդեցությամբ ստեղծված բան: Եվ առհասարակ՝ Արամ Խաչատրյանը բոլոր դեպքերում արժանի չէր պլակատային լուծումներով ստեղծված կինոնկարի: Հզոր այդ անհատականությունը բարեբախտաբար վավերագրական կադրերի տեսքով ներկայացված է կինոնկարի վերջնամասում ու դրանով ավելի է ընդգծվում դերասանի մարմնավորած անհատի ու իրական մեծության անհամապատասխանությունը: Անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավորինս մանրամասն կխոսենք նմանատիպ լուծումների մասին, սակայն բոլոր դեպքերում խորապես համոզված ենք, որ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ նկարելիս չի կարելի հուսալ արդյունք՝ թաքնվելով նրա հզոր ստեղծագործության հետևում:
Ամփոփենք: Ֆիլմը կայացած իրողություն է: Սակայն չգիտես ինչու Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոնկարի լուսագրերում չի հիշատակված որպես համարտադրող (նորից հիշենք պայմանագրի անվանումը): Մանկուց մանուկ մնացածների համար հատուկ ասենք, որ «Մարս մեդիա ինտերթեյմնթի», DMH ստուդիայի, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության, Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության անվանումների կողքին Հայաստանի ազգային կինոկենտրոնի անվան սոսկական հիշատակումը կինոկենտրոնի համար դեռևս չի նշանակում լինել ֆիլմարտադրող, քանի որ այս անվանումների հիշատակումին անմիջապես հետևում է ««Մարս մեդիա» ինտերթեյմնթն ու DMH ստուդիան ներկայացնում են «Ֆլագման» կինոընկերության արտադրության «Սուսերով պարը» կինոնկարը» լուսագիրը:
Եթե այս լուսագրում Հայաստանի ազգային կինոկենտրոնի անվանումը կամ Հայաստանի անունը տեսաք, բերեք ձեր աչքերը համբուրեմ: Ավելին ասեմ՝ բացեք Kinopoisk.ru կայքն ու փորձեք այդ ֆիլմի ստեղծման մեջ Հայաստանի մասնակցության մասին որևէ տող գտնել: Ի միջի այլոց այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ տրամաբանությամբ էր Հայաստանի գիտության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության անվանումը գրված հայերեն, երբ մնացածներինը կիրիլիցիայով էին, եթե անվանման մեջ լատինատառ չի կիրառված: Նույնքան անհասկանալի է մնում, թե հանդիսատեսի դատին հանձնված կինոնկարի լուսագրերն ինչու հայերենով չէին արված այն դեպքում, երբ ֆիլմը հնչում էր հայերեն: Այդպե՞ս էին ֆիլմի պրեմիերային պատվել Հայաստանի գիտության կրթության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ու ճյուղը սպասարկող փոխնախարար Արա Խզմալյանի ներկայությունը: Սա հայերենի ի՞նչ ստորադասում է, այն էլ մայր հայրենիքում, թե՞ մտածել էին Արամ Խաչատրյանի անվան, նրա փառահեղ ստեղծագործության տակ կարող են սղացնել իրենց մանկուրտությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ