Ամանորն ընդամենը հնի շարունակությունն է
10.01.2020 | 01:43
Նյութն այսպես վերնագրելով՝ մենք բնականաբար մեր առջև հնի թերաժևավորման խնդիր չենք դնում, ինչը, ցավոք, մեր ամենօրյա կյանքում դառնում է կյանքի նորմա, ընդ որում՝ տհաճ նորմա, այլ ընդամենն ուզում ենք ընդգծած լինել ու ընդգծում ենք կյանքի շարունակականությունը՝ հուսալով, որ մեր մարզիկներն այս նոր տարում մեզ ուրախացնելու պատեհ առիթները ձեռքից բաց չեն թողնի, մանավանդ որ այն նշանակալից է նաև այն առումով, որ օլիմպիական է։ Սա՝ որպես ընդհանրական սկիզբ, որին հետևող հաջորդ նոտան, ցավոք, տխուր շեշտադրումներով է լինելու, քանզի վերաբերում է... հետևող ենթավերնագրից արդեն հասկացաք, թե ինչին։
ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼԸ ՄԵՐ ՑԱՎՆ ՈՒ ՀՈԳՍՆ Է
Ինչպես որ անցնող տարին եզրափակեցինք ֆուտբոլային թեմայով, նորն էլ ենք սկսելու ֆուտբոլին անդրադառնալով ու դա ոչ միայն նրա համար, որ այս մարզաձևն աշխարհում ամենատարածվածն ու ամենասիրվածն է։ Հարկավ շատ ավելի լավ ու շատ ավելի հաճելի կլիներ, եթե խոսքն այդ իր մեջ մեր վերջին ժամանակների ֆուտբոլին առնչվող գոնե հեռավոր անդրադարձներ ունենար, սակայն ակնհայտորեն մեզ առնվազն երկու տասնամյակ էլ կպահանջվի հիմնովին ավերված սույն ոլորտի մեջ քիչ թե շատ բեկում մտցնելու համար, այն էլ պայմանով, որ այդ երկու տասնամյակն ինտենսիվ աշխատանքների ժամանակահատված լինի, այլապես այդպես էլ կմնանք բակայինի մակարդակին էլ չձգող ֆուտբոլով։
Ֆեդերացիայում կատարված փոփոխություննե՞րը։
Հարցի տողատակը հասկանում եմ, պարզապես ձեր լավատեսությունը չեմ կիսում։
Չեմ կիսում ոչ նրա համար, որ անհուսալի կամ անուղղելի վատատես եմ։
Պարզապես գազին պառավի չխաբվելու զգուշավորությանն եմ ավելի հակված։
Դուք ասեք՝ տարիքային խենթություն է նման դիրքորոշումը, ես, առանց ձեզ հետ համաձայնեցնելու, «խենթություն» բառը փոխարինեմ «իմաստնություն» բառով ու շարժվեմ առաջ՝ սակայն պարտքս համարելով հիշեցնել, որ այս նույն հարթակում մենք վստահաբար կհանդիպենք և քսան տարի անց ու այնժամ հիշեցնելու պես հարցնելու եմ. «Հը՞, որի՞ս մերը տղա բերեց», թեպետ կուզենայի, իրապես շատ կուզենայի պարտվող կողմը ես լինել։
ՈՒրեմն, պայմանավորվեցինք, հայկական ֆուտբոլի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասով՝ քսան տարի անց, ինչը, սակայն, չի նշանակում, որ թեմայի վրա տաբու ենք դնում ու քաշվում մի կողմ։ Մեր ֆուտբոլը մեր ցավն ու հոգսն է, մեզ հունից հանողն ու հուն բերողը, մեր ամեն ինչը, պարզապես վաղուց ժամանակն է, որ արդեն Ավարայրի ճակատամարտի հնության հասնող «Արարատ-73»-ի հուշերով ու հիշողություններով չապրենք, որքան էլ այդ հուշ-հիշողությունների մեջ ապրեցնող բան կա։ Համաձայնեք, որ կյանքը, զորօրինակ ծանրամարտում, գեղեցիկ է ոչ միայն մեր ոչ վաղ անցյալի անվանի մարզիկներ Յուրի Վարդանյանով, Հոկսեն Միրզոյանով, Յուրի Սարգսյանով, այլև մեր օրերի հերոսներ Հակոբ Մկրտչյանով, Սիմոն Մարտիրոսյանով, Գոռ Մինասյանով ու փառահեղ այլ տղաներով։
ԱՆԳԼԻԱՆ ԱՆԳԼԻԱ ԷԼ ՄՆՈՒՄ Է
Դեռ անցնող տարին ավարտվելուց առաջ էինք հիշեցման կարգով ասել, որ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ աշխարհի գերազանց մասի համար ընդհանրապես ու Եվրոպա աշխարհամասում մասնավորապես ֆուտբոլային օրացույցը ժամանակի շավղից մի պահ դուրս է ժայթքում։ Սույնը չի վերաբերում իր առանձնահատուկ ժամանակացույցն ունեցող, դրանով անվերապահորեն ապրող Անգլիա պետությանը, որտեղ ֆուտբոլային հարաբերությունների պարզումներ կարող ես դիտել թե՛ անցնող տարվա ավարտական, թե՛ մեկնարկողի առաջին օրերին։ Եթե մրգի անունը տալու հարցում պահպանողական լինենք, մեղմ ասած, անգլիացիների վեջն էլ չէ՝ հիշատակված օրերին աշխարհը հին տարին ճանապարհելու, նոր տարին դիմավորելու պատասխանատու գործին է լծված։
Քանի որ այդ օրերից արդեն իսկ բավական երկար ժամանակ է անցել, սույնը հաշվի առնելով, մենք մառախլապատ Ալբիոնում կայացած այդ սահմանային օրերի ֆուտբոլային հանդիպումների տեսությունը բնականաբար չենք անի, բայց չենք էլ կարող չասել, որ շարունակում է իր խելահեղ հանդիպումների շարքը «Լիվերպուլն» ու 13 միավորով առաջ է անցել երկրորդ հորիզոնականում գտնվող «Լեստերից»՝ ակտիվում պակաս անցկացրած մեկ խաղ էլ դեռ ունենալով։ Սկզբունքորեն անհնար է պատկերացնել, թե երկրի չեմպիոնությունը նվաճելու հարցում ինչը կարող է խանգարել Յուրգեն Կլոպի սաներին, ովքեր խաղից խաղ ռեկորդ ռեկորդի հետևից են սահմանում ու կամաց-կամաց օրախնդիր դարձնում հարցը, թե արդյո՞ք կարող են չեմպիոնության հասնել առանց պարտության։
Պրեմիեր լիգայում անհամեմատ լարված ընթացք է ստացել փոխչեմպիոնության համար պայքարը, ու դա մեծավ մասամբ երկրի գործող չեմպիոն «Մանչեստր Սիթիի» թույլ մրցելույթների պատճառով, որը միայն պարտության տեսքով հինգ վրիպում է արդեն ունեցել։ «Քաղաքաբնակները» 44 միավոր ունեն, ինչն ընդամենը մեկով է պակաս «Լեստերի» անվան դիմաց գրանցվածից, սակայն ինքնին հասկանալի է, որ այս մրցաշրջանում նրանց առջև դրված խնդիրը բնավ էլ փոխչեմպիոնության համար պայքարելը չէր։ Մրցաշրջանը որպես հիմնովին տանուլ տված չգրանցելու համար Գվարդիոլայի սաները գործնականում մեկ ելք ունեն միայն՝ հաղթել Չեմպիոնների լիգայում, ինչը հավասարապես թե՛ նույն «Լիվերպուլի» ծրագրերում է, թե՛ «Բարսելոնի», թե՛ «Ռեալի», թե՛ «Բավարիայի», թե՛ «Յուվենտուսի», թե՛ «Պարի Սե Ժերմենի» (եթե ինչ-ինչ թիմեր էլ չհիշատակեցինք՝ ներող)։
Անգլիական թեման կարող էինք այսքանով էլ փակել, բայց մեկ որ «թրջվել» ենք, «չքիսայվելս» ո՞րն է։ «Լիվերպուլ»-«Լեստեր»-«Մանչեստր Սիթի» եռյակին 36 միավորով հետապնդում է «Չելսին», որը վերջին խաղերը փոխնիփոխ հաջողությամբ է անցկացնում, ինչն այնքան էլ լավատեսություն չի արթնացնում մեդալների համար պայքարին խառնվելու նրա հնարավորությանը, փոխարենը թիմը պահում է Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքն ապահովող շրջագծում, եթե, իհարկե, շարժիչի շրջապտույտներն անհուսալիորեն չդանդաղեցնի։ Լավագույն հնգյակը եզրափակում է 31 միավոր ունեցող «Մանչեստր Յունայթեդը», որի տեղի վրա լավ էլ աչք ունի տնկած «Տոտենհեմը»։
ԿՐԿԻՆ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե պայմանավորվում ենք, որ հին ու նոր տարվա սահմանագիծը սահունորեն անցած անգլիական պրեմիեր լիգան այդպես էլ ընթացքի դադար չի ունեցել, օրացուցային նոր տարին առաջինը սկսած առաջնությունը իսպանականն է։ Այն միանշանակ հաջող սկսվեց Մադրիդի «Ռեալի» համար, որն արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթանակ տոնեց մրցաշրջանում լավ մեկնարկած «Խետաֆեի» նկատմամբ ու 40 միավորով ժամանակավորապես դուրս եկավ աղյուսակի առաջին հորիզոնական։ Լիդեր դառնալու «սերուցքայինների» հավակնությունների վրա հերթական անգամ ջուր կարող էին լցնել բարսելոնցիները, սակայն աղյուսակը եզրափակող «Էսպանիոլը» առանձնակի էր տրամադրվել դերբիին, ու կատալոնցիները ստիպված էին տուն վերադառնալ մեկ միավորով՝ 2։2, իսկ սա նշանակեց, որ լա լիգայում նորից երկիշխանության ականատեսն ենք դառնում։
Աղյուսակի երրորդ հորիզոնականում «Լևանտեի» հետ տնային մրցավեճում հաղթական հանդիպում անցկացրած «Աթլետիկոն» է՝ (2։1)։ Մադրիդցիների պես 35 միավոր է գրանցված և սեփական հարկի տակ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ առճակատումում (1։1) մեկ միավոր վաստակած անդալուզական «Սևիլիայի» անվան դիմաց։
Այստեղից եվրոպական գոտում է ևս երկու թիմ՝ 31-ական միավոր ունեցող «Ռեալ Սոսիեդադը» (տնային խաղում զիջել է «Վիլիառեալին»՝ 2։1) ու սեփական հարկի տակ նվազագույն հաշվով «Էյբարին» պարտության մատնած «Վալենսիան»։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրացուցային նոր տարում առաջնությունը վերսկսած հաջորդ երկիրն Իտալիան է։ Այստեղ ևս, ինչպես իսպանականում, երկիշխանություն է։ Ինչ-որ փուլից միանձնյա առաջատարությունը կորցրած երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսը» հերթականում հաղթում է մրցակցին, այդ հաղթանակին հաղթանակով է պատասխանում «Ինտերը»՝ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների վերադարձնելով աղյուսակի առաջին հորիզոնականը։ 18-րդ տուրում «ծեր սինյորան» սեփական հարկի տակ, նաև շնորհիվ Քրիշտիանու Ռոնալդուի հեթ տրիկի, պարտության է մատնել երրորդ անգամ անընդմեջ ձախողվող «Կալյարիին»՝ 4։0 (վերջիններս 29 միավորով եզրափակում են առաջին վեցյակը), «Ինտերն» արտագնայում ծնկի է բերել «Նապոլիին»՝ 3։1։ Կոնտեի ու Սարիի սաներն ունեն 45-ական միավոր։
Սկուդետեում շարունակում է գերազանց մրցելույթների շարքը «Լացիոն», որն արտագնայում հյուրընկալվել էր «Բրեշիային»՝ 2։1։ Ճիշտ է՝ մրցաշարային աղյուսակում «Ռոման» չկորցրեց ունեցած չորրորդ հորիզոնականը, սակայն դա թույլ մխիթարություն եղավ սեփական հարկի տակ «Թուրինից» կրած պարտության դիմաց։ Իսկ ահա երկրորդ անընդմեջ հաղթանակն ու դարձյալ նույն 5։0 հաշվով «Ատալանտային» (այս անգամ զոհը «Պարման» էր) ընդհուպ մոտեցրեց իտալական «գայլերին», որոնք ունեն 35 միավոր։
ԵԶՐԱՓԱԿԻՉԸ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ
Մեր ավելի վաղ ունեցած հրապարակումներից մեկում ասել էինք, որ իսպանական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) արմատական լուծում էր տվել երկրի ներսում սուպերգավաթի խաղարկության պահանջված չլինելուն ու մասնավորապես որպես խնդրի լուծման տարբերակ դիտարկել այն փոխված ձևաչափով մեկ այլ երկրում անցկացնելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ամռանն այդպես էլ չանցկացվեց երկրի գործող չեմպիոն «Բարսելոնի» ու Արքայական գավաթի հաղթող «Վալենսիայի» մրցակցությունը։ Ըստ փոխված ձևաչափի, սուպերգավաթի մրցավեճը փոխվել է «Չորսի եզրափակչի», որի մաս են կազմել մադրիդյան հրավիրյալ երկու գրանդ ակումբները։ Խոսքը, բնականաբար, վերաբերում է «Ռեալին» ու «Աթլետիկոյին»։ Մրցաշարը հյուրընկալող երկրների մրցակցությունում առավել հաջողակ է եղել Սաուդյան Արաբիան, որը հաղթել է Չինաստանի, Հնդկաստանի, Քաթարի հետ մրցավեճում։
Առաջինը խաղադաշտ են դուրս եկել «Վալենսիան» ու «Ռեալը»։ Դա եղել է հունվարի 8-ին։ Շատ ավելի բարձր կարգ ունեցող «արքայականը» դիմակայությունում շանս իսկ չի տվել երկրի գավաթակրին՝ արդեն իսկ առաջին խաղակեսում փաստացի վճռելով հանդիպման ելքը։ Դիմակայության երկրորդ հատվածում Մոդրիչը Կրոսի ու Իսկոյի գոլերին ավելացրել է ևս մեկը, ու միայն հավելյալ ժամանակում է «Վալենսիան» խփել հեղինակության գոլը։
Երկրորդ դիմակայությունը կայացել է երեկ։ «Բարսելոն»-«Աթլետիկո» մրցակցության ուշ ժամի անցկացված լինելու իրողությունը մեզ թույլ չի տալիս ասել, թե եզրափակչում այս երկու թիմից որ մեկին է վճռորոշ խաղում հանդես գալու բախտ վիճակվել։ Հավելենք, որ եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունվարի 12-ին, մեծությամբ Սաուդյան Արաբիայի թիվ երկու քաղաքի՝ Ջիդայի մարզադաշտում, որը կրում է արքայազն Աբդուլ ալ-Ֆայսալի անունը, տեղավորում է 62 հազար հանդիսական։ Թերևս կարիք չկա ասելու, որ տոմսերը վաղուց սպառված են։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ