«Կոչ եմ անում շտկել սխալը»
06.03.2020 | 02:09
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` պահանջելով ծանրորդներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի ու Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրումների առումով վերականգնել արդարությունը։
Նա նշել է, որ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել, սակայն մրցակիցը դոպինգ թեստի վերստուգումից 8 տարի անց որակազրկվել է, ինչի արդյունքում Տիգրանի բրոնզը 2018-ին փոխարինվել է արծաթով։ Մոտ մեկ տարի առաջ նույն պատճառով Սիմոն Մարտիրոսյանի՝ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթը փոխարինվել է ոսկով:
«Մենք ունենք պետական պարգևավճարների համակարգ, որով, ըստ նվաճման, պարգևավճարներ են ստանում մարզիկները` 10, 15 և 20 մլն դրամ օլիմպիական խաղերի բրոնզե, արծաթե և ոսկե մեդալների համար համապատասխանաբար: Տղաներից մեկի բրոնզը դարձել է արծաթ, մյուսինը` արծաթից ոսկի, սակայն այդ 5 մլն դրամ տարբերությունը նրանց չի վճարվել: Ինչպե՞ս անենք, որ եթե միջազգային արենայում արդարությունը վերականգնվել է, մեզ մոտ ևս կարողանանք դա շտկել: Հատկապես, որ երկու տղաներն էլ շատ համեստ են, չտուժեն այդ համեստության պատճառով»,- հարցրել է Արսեն Ջուլֆալակյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ արդարությունը վերականգնելու համար պետությունն ամեն ինչ կանի. «Սիմոնի դեպքում որոշում դեռ չկա, մենք կսպասենք որոշմանը: Բայց այն պահին, երբ որոշումը լինի, կարծում եմ` մեր կողմից այդ անարդարությունը չի լինի, կվերականգնենք արդարությունը: Վստահաբար` այն գումարը, որը պետությունը հաստատել է, կվճարվի»:
Արսեն Ջուլֆալակյանն ընդգծել է, որ Սիմոնի պարագայում օլիմպիական ոսկին հաստատվել է միջազգային հարթակներում, սակայն մեդալը դեռևս չեն վերադարձրել, ու նաև նշել, որ, եթե ուզենք, այդ մեդալը կարող ենք ստանալ առաջիկա օլիմպիական խաղերի ընթացքում` իր բոլոր արարողություններով` բարձրացված դրոշ, հնչեցված հիմն:
«Կուզեի հակիրճ անդրադառնալ նաև Տիգրան Մարտիրոսյանին. նա լավագույն օրինակն է մարզիկի և մարդու` կիրթ, դաստիարակված, շատ շնորհքով: Ցավոք, պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո նա մոռացության է մատնվել: Կոչ եմ անում շտկել սխալը»,- ասել է Ջուլֆալակյանը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ջուլֆալակյանի դիտարկումն այնպայման հաշվի կառնվի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ