«Շատերը չեն զանազանում վրեժն ու արդարադատությունը»
19.05.2020 | 01:12
«Իրատեսի» զրուցակիցն է 1992-1998 թթ. խորհրդարանի փոխնախագահ, 2013-2018 թթ. Ղազախստանում Հայաստանի դեսպան ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ։
-Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց, վիրուսակիրների թիվը շարունակում է մեծանալ, առողջապահության նախարարի հոռետեսական կանխատեսումներն էլ ավելանում են։ Իշխանությունը չկարողացա՞վ ճգնաժամային կառավարում իրականացնել, ի՞նչ պիտի աներ, որպեսզի վիրուսի տարածման այսօրվա պատկերը չունենայինք։
-Հարկադրված եմ կրկնել բազմիցս ասված գլխավոր թերացումները՝ ուշացած և թերի որոշումներ։ Ածանցյալ պատճառներն ավելի շատ են և պտտվում են ամեն գնով իշխանությունը պահպանելու պարունակի մեջ՝ դատական իշխանության ենթարկում գործադիրին, պատժիչ մեքենայի ներքաշում քաղաքական պայքարի մեջ, իրականության գունազարդում և այլն։ Տարեսկզբին համաճարակը թվում էր հեռավոր երազ։ Հիմա այն առաջանում է սարսափազդու ծավալներով և թակում մեր դռները, սողոսկում ներս։ Ո՞րն է ելքը։ Սա մի վիճակ է, երբ չպետք է սպասել, թե ինչ կասի իշխանությունը։ Երբ պատուհասում է հեղեղ, հրդեհ կամ մի այլ աղետ, բնազդաբար խույս ենք տալիս վտանգից, գտնում պատսպարվելու ելք։ Այդպիսի վիճակում ենք։ Ինքներս պետք է պահպանենք մեր առողջությունը, հետևենք մաքրակենցաղության կանոններին, ու հեռու մնանք վտանգն արհամարհող ինքնահավան տգետներից։
-Հիմա Նիկոլ Փաշինյանը մեղադրում է հասարակությանը, որ զգոն չեն, չեն հետևում ցուցումներին, սակայն արդյոք դրանք վիրուսի նախնական շրջանում վարչապետի և առողջապահության նախարարի հայտարարությունների հետևանք չեն։ Ինչու՞ է իշխանությունն այդքան շատ հակասական հայտարարություններ անում։
-Բանահյուսական գոհարներ դարձած այդ արտահայտությունները նրա կենսագրության անսրբելի մասն են արդեն։ Եթե ոմանք համարում են, թե ավելորդ ինքնավստահություն էր դա, անլրջություն, անհաջող հումոր, ապա ես մտածում եմ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյային հակացուցված անգիտություն։ Դուք կարծում եք, թե հանուն սին փառքի՞ է ՀՀ Սահմանադրությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարին պատերազմի ժամանակ հռչակում զինված ուժերի գերագույն հրամանատար։ Ամենևին։ Մեր Սահմանադրությունը ելնում է բոլոր ժողովուրդների հսկայական պատմական փորձից, որ վարչապետն ու կառավարությունը, ըստ սահմանման, ունակ են նվազագույնը կես քայլ շուտ, ինչպես ասում են՝ բնում նկատել սպառնալիքը և ադեկվատ վճիռներ ընդունել՝ դրանք չեզոքացնելու նպատակով։ Դա նրանց պարտքն է։ Երբ իրադարձությունները ծավալվում են ու բանը բանից անցնում է, անդառնալի կորուստներ է կրում այն պետությունը, որի ղեկը վստահվել է այդ գործին չհամապատասխանող մարդկանց։
-Ասուլիսում անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Փաշինյանը «Արցախի իշխանություններ» ձևակերպման փոխարեն կիրառեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» արտահայտությունը և հայտարարեց, թե ընդդիմախոսները չպետք է փորձեն բանակցային սեղանի շուրջ իրեն կաշկանդել։ Ի՞նչ կաշկանդվածության մասին է խոսքը, նրա պարզաբանումներից Ձեզ համար պարզ դարձա՞վ՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում բանակցություններում, կա՞ Լավրովի մատնանշած փուլային տարբերակ, հնարավո՞ր է Փաշինյանի՝ երեք կողմերին ընդունելի լուծման տարբերակը։
-Բանակցություններն ընթանում են անկախ այն հանգամանքից, թե ինչ անուններով կքողարկենք դրանք՝ քննարկում, ծանոթացում, աշխատանք և այլն։ Մասնակիցներից, առավել ևս կողմերից որևէ մեկը սահմանափակված չէ բանակցությունների սեղանին որևէ առաջարկ, նախագիծ դնելու իր իրավունքներում։ Բանակցությունը մրցակցություն է՝ մտքի, գիտելիքի, խոսքի, կամքի, փորձառության, հմտությունների։ Հեշտ չէ, անշուշտ, և անիմաստ է կողմերից մեկից ամեն ինչ ակնկալելը կամ պահանջելը։ Սակայն ղարաբաղյան բանակցությունները հսկայական ճանապարհ են կտրել, դրանք վարել են բոլոր նախկին նախագահները, արտգործնախարարները, բարձրաստիճան դիվանագետներ։ Ստեղծվել է փաստաթղթային բազա, կան որոշակի ձեռքբերումներ։ Ես չեմ պատկերացնում, թե ներքաղաքական բանավեճում վառ ճարտասանությունից զատ ուրիշ ի՞նչ նպատակի կարող է ծառայել բանակցությունները նոր կետից սկսելու խոստումը։ Վստահ եմ, որ միջնորդները չեն էլ դիտարկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ իրենց ժողովուրդներին հասցեագրված ոչ դիվանագիտական հավաստիացումները։ Մեզ համար, դիցուք, անմիջական վտանգ կա այն բանում, եթե մեզ համար անընդունելի ադրբեջանական որևէ առաջարկ արժանանա Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությանը։ Հսկայական վտանգ կլինի, եթե պարզվի, որ քննարկումից դուրս է մնացել, այսպես կոչված, «Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգը»։ Հայկական կողմի երկարատև ջանքերի գնով հասունացած այս օրակարգը ներառում է՝ ա¤ շփման գծի երկայնքով էլեկտրոնային սարքերի տեղադրում, բ¤ ԵԱՀԿ դիտորդական առաքելության էական ընդլայնումը, գ¤ հրադադարի խախտումների քննության միջազգային մեխանիզմների գործադրում։
Ոչ պակաս վտանգավոր ու անդառնալի կորուստ կլինի, եթե Հայաստանը, որի դիրքորոշումները տարիներ շարունակ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրների կողմից գնահատվել են համահունչ և ընդունելի, իր այդ կառուցողական դիրքը զիջի Ադրբեջանին։
Ինչ վերաբերում է ՀՀ-ի անունից տրված «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» անվանմանը, հրապարակում արդեն կա կոշտ քննադատություն։ Այդ իմաստով ավելացնելու բան չկա։ Անունները կարող են միայն իղձեր հուշել, կարող են ոչինչ չարժենալ, օրինակ՝ Աշխարհաբեկ անունը՝ հայերիս կամ Վլադիմիրը՝ ռուսների համար։ Ընդամենը։ Շատ կարևոր է հասկանալ, թե նախորդներին քարոզչական և տարատեսակ այլ ճնշումների ենթարկելով՝ իշխանության եկած ուժը ի՞նչ է հասկանում «չփորձել կաշկանդել» ասելով։ Ժողովրդավարությունը ես հասկանում եմ այնպես, որ ճիշտ հակառակը պետք է լինի՝ իշխանությունը չպետք է կաշկանդի ընդդիմության քննադատությունը։ Նա պետք է անսա ընդդիմության ձայնին, քանի որ համաշխարհային փորձն էլ, իրենց փորձն էլ ապացուցել են, որ ընդդիմության ձայնը աննկատ դառնում է ժողովրդի ձայն։
-Իր ընտանիքի հասցեին մեղադրանքները Փաշինյանը երբեք անպատասխան չէր թողնում, բայց վերջին ասուլիսում նա չցանկացավ խոսել իրեն և իր մերձավորներին վերագրվող մեղադրանքներից (խոսքը Միքայել Մինասյանի հրապարակած փաստերին է վերաբերում). Ձեր դիտարկմամբ, ի՞նչն է պատճառը, որ նա այս անգամ սակավախոս է։
-Միքայել Մինասյանը տևական և անզիջում պայքարի մեջ է մտել իշխանության հետ՝ տեսանելի նպատակներով։ Օտարությունից պայքարի արդյունավետությունն ապացուցող պատմական առատ փաստեր կան։ Հավանաբար նա նույնպես նման ծրագիր ունի:
-Այսօր իշխանությանը քննադատողների պակաս չկա, բոլորը մատնանշում են խնդիրներ, ձախողումներ, անցյալի ու ներկայի սխալներ, սակայն ելք առաջարկող գրեթե չկա։ Ո՞րն է իրավիճակից հնարավորինս անկորուստ դուրս գալու ճանապարհը, ըստ Ձեզ։
-Ճանապարհը փռված է մեր առջև՝ պետականության շուրջ միասնականության, հասարակական համերաշխության ստեղծում։ Թող թյուր կարծիք չստեղծվի, թե անցյալ 30 տարիները բոլորին երջանկություն են բերել։ Ոչ։ Դրան նախորդած 70-ն էլ եդեմական տարիներ չեն եղել։ Անհատնում են կորուստները, շատ դառնություն է տեսել մեր ժողովուրդը, սակայն, հասկանանք՝ վրեժը չի ամոքի անցյալի ցավը, հակառակը՝ նորանոր ցավեր կբերի։ Կստվարացնենք դահիճների ու զոհերի բանակները։ Շատերը չեն զանազանում վրեժն ու արդարադատությունը։ Բոլորս էլ մեր հոգու ստվերոտ անկյունում ունենք գոնե մեկ թշնամի, կռիվ ենք տալիս մեր հանդեպ անարդար եղածների խրտվիլակների հետ։ Պատիր երևակայության արգասիքն ահավոր պատուհաս է դառնում, երբ դրան տրվում է իշխանությունը։ ՈՒրեմն, ի՞նչ, գնանք անցյալը վերախմբագրելու, մելանով հին վերքերի վրա նոր խազեր քաշելու ճանապարհո՞վ, թե՞ ապրենք մեր ապրած ժամանակի ու փրկած խղճի հետ հաշտ։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ