Մայիսքսանության տոնը մեզ զրկեց բունդեսլիգայի 28-րդ տուրին առանձին անդրադառնալու հնարավորությունից, սակայն, հոգ չէ, այն կանենք 29-րդի հետ մեկտեղած՝ փորձելով օգտվել դրա բերած առավելություններից։
Բնականաբար սկսենք առաջատարից՝ Մյունխենի «Բավարիայից», որը 28-րդի արտագնայում առանցքային հանդիպում ունեցավ Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Այս մրցակցությունը կարող էր ինչպես ուժեղացնել չեմպիոնության համար պայքարը, այնպես էլ վաղօրոք պատասխան տալ մրցաշրջանի գլխավոր հարցին։
Տանտիրոջ կարգավիճակ ունեցող դորտմունդցիների համար խաղը հաջող մեկնարկ ունեցավ, անգամ գոլ գրանցվեց, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Բնականաբար դարպասի գրավում չհաշվվեց, սակայն եղածում ոչ պակաս կարևորն այն էր, որ տանտերերը գնդակին «ցույց տվեցին» մրցակցի դարպասի տեղը՝ մի բան, որին վարժված են։ Միջանկյալ նկատենք, որ ընթացիկ մրցաշրջանում խփած գնդակների քանակով դորտմունդցիներն ընթանում են ռեկորդային գրաֆիկով։
Ի պատասխան տանտերերի մարտական տրամադրվածության, «Բավարիան» պատասխանեց ոչ միայն խաղը սեփական դարպասից հեռու տանելով, այլև մրցակցի պաշպանական գծին բեռնված գործելու հարկադրումով։ Խաղակեսը մոտենում էր ավարտին, երբ տուգանային մոտ գտնվող Կիմիխը նկատեց, որ տանտերերի դարպասապահը շատ է առաջ եկել, ու գնդակը կախեց դարպասի վերին անկյունը։ Բյուրկն անզոր եղավ։
Երկրորդ խաղակեսում մյունխենցիներն ավելի ագրեսիվ գործեցին։ Սա միանգամայն տրամաբանված խաղային կառույց էր, որովհետև բոլորին է հայտնի, թե դորտմունդցիներն ինչի են ունակ, երբ անցնում են ակտիվ հարձակողական գործողությունների։ 54-րդ րոպեին փայլուն սեյվի հեղինակ դարձավ «Բորուսիայի» դարպասապահը՝ թիմին զրկելով վաղաժամկետ կապիտուլացվելու փաստից, հինգ րոպե անց հաշիվը հավասարեցնելուն մոտ էր արդեն Հոլանդը։ 83-րդ րոպեին հաղթանակն անբեկանելի դարձնելուն մոտ էր արդեն մյունխենցիների հարձակման գծի անվերապահ առաջատարը՝ Ռոբերտ Լևանդովսկին, սակայն դարպասաձողը փակեց դարպաս տանող ճանապարհը։
Հետագա զարգացումները հաշվի մեջ փոփոխություն չմտցրին։ Նվազագույն հաշվով հաղթանակ ու «Բավարիան» տուրի արդյունքով արդեն յոթ միավորի առավելություն ստացավ «Բորուսիայի» նկատմամբ, ինչն ակնհայտորեն սպառնում է անհաղթահարելի գործոնի վերածվելուո մյուս թիմերի հետ չեմպիոնության համար ունենալիք պայքարում։
29-րդ տուրում մյունխենցիների մրցակիցը բունդեսլիգան լքելու վտանգի առաջ կանգնած «Ֆորտունան» էր, որը կատարելապես անզոր եղավ տանտերերի հետ մրցակցությունում։ Հինգ անպատասխան գնդակի առավելությամբ հաղթանակը բավարացիների համար զվարճություն էր, դյուսելդորֆցիների համար՝ ողբերգություն։ «Բավարիան» վաստակել է 67 միավոր։
Դորտմունդցիների կրած պարտությունը փայլուն շանս էր միանգամից երեք թիմի՝ «Լայպցիգի», Մենխենգլադբախի «Բորուսիայի», «Բայերի» համար, որոնք հավակնում են առաջնության արծաթե ու բրոնզե մեդալներին։ Սակայն առաջին երկուսը 28-րդում կարողացան ընդամենը մեկական միավոր վաստակել (առաջինի մրցակիցն է եղել հյուր ժամանած «Հերտան»՝ 2։2, երկրորդն արտագնայում ուժերը չափել է «Վերդերի» հետ՝ 0։0), իսկ ահա «Բայերը» թեպետ սեփական հարկի տակ ջախջախիչ հաշվով պարտություն է կրել «Վոլֆսբուրգից» (1։4), այդուհանդերձ 53 միավորով միավորով պահպանել է տեղը հինգերորդ հորիզոնականում։
29-րդ տուրը հետևյալ ընթացքն է ունեցել 2-5-րդ տեղերում կայանված վերոհիշյալ թիմերի համար։ «Պադերբոռնին» հյուրընկալված Դորտմունդի «Բորուսիան» 6։1 հաշվով դաժան կոտորածի է մատնել աղյուսակը եզրափակող «Պադերբոռնին», մյուս «Բորուսիան» հյուրընկալել է «ՈՒնիոն Բեռլինին» ու ոչ պակաս խոշոր հաշվով հաղթանակ տոնել՝ 4։1, «Բայերը» դրսում նվազագույն հաշվով պարտության է մատնել «Ֆրայբուրգին»։
Այս հանդիպումների արդյունքում դորտմունդցիները պահպանել են ունեցած երկրորդ հորիզոնականը (60 միավոր), գլադբախցիները միավորներով՝ 56, հավասարվել են «Բայերին»՝ նրան մղելով չորրորդ հորիզոնական։ Իր հերթին վերջին երկուսին մեկական աստիճանով, իհարկե, հաղթանակի դեպքում կարող է նահանջի պարտադրել «Լայպցիգը», որը երեկ ուշ երեկոյան արտագնայում մրցել է վերջին չորս տուրում ոչնչով աչքի չընկնող «Քյոլնի» հետ։
Առաջին վեցյակը եզրափակում է «Վոլֆսբուրգը», որը սեփական հարկի տակ 1։2հաշվով զիջել է «Այնտրախտին»։ Նշենք որ գերմանացի «գայլերի» պես 42 միավոր ունի և «Հոֆենհայմը»։
Ինչ վերաբերում է աղյուսակը եզրափակողներին, գրեթե անհուսալի վիճակում է 19 միավոր ունեցող «Պադերբոռնը»։ Հաջորդ երկուսը համապատասխանաբար 27 ու 25 միավոր ունեցող «Ֆորտունան» ու «Վերդերն» են։ Վերջինս ակտիվում պակաս անցկացրած մեկ խաղ ունի։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ