Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախը հետամուտ է լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը

Արցախը հետամուտ է լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
04.07.2020 | 22:01

Արցախի իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի «բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանն» ու «տարածքային ամբողջականության վերականգնմանը»՝ ասված է ադրբեջանական կազմավորումների կողմից Մարտակերտի գրավման 18-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ հայտարարությունում: 1992-ի հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում էին իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։

«Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 000 հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված, և ժամանակավոր ապաստան գտնել մայրաքաղաք Ստեփանակերտում և ՀՀ տարբեր բնակավայրերում։ Մարտակերտը գրավելուց հետո ադրբեջանական կազմավորումները շարունակեցին առաջխաղացումը՝ ավերելով Մարտակերտի շրջանի 80 տոկոսը, կողոպտելով հայկական բնակավայրերը և բռնի տեղահանման ենթարկելով բնակչությանը», - հիշեցնում է Արցախի ԱԳՆ-ն: Ընդհանուր առմամբ, Արցախի տարածքի գրեթե կեսը հայտնվել էր Ադրբեջանի օկուպացիայի ներքո, առավել աղետալի իրադրություն էր մարդասիրական ոլորտում, ասված է հայտարարությունում: «Այնուամենայնիվ, անգամ այս անհույս թվացող պայմաններում Արցախի ժողովրդին հաջողվեց ի մի բերել իր ողջ կամքը, համախմբել իր ողջ ներուժը և ետ մղել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը», - ընդգծում է Արցախի ԱԳՆ-ն։ Առայսօր Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ՝ 1000 քառակուսի կիլոմետր տարածք, «գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են անօրինական բնակեցում և այդ տարածքներում բուն հայ բնակչության հետքերի ոչնչացման քաղաքականություն», ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ