Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ դիտարկմամբ՝ ռազմաճակատի կարևոր երկու գիծ ունենք. մեկը հարավում է՝ Արաքսի ափին, մյուսը՝ վիրտուալ, տեղեկատվական դաշտում: «Իրատեսի» հետ զրույցում առանձնացրեց նաև երրորդ՝ դիվանագիտական դաշտը:
Հավելեց՝ եթե ասենք, որ ազգային համախմբումը նույնպես ինքնուրույն դաշտ է, ապա կստացվի՝ տարբեր ճակատներում կռիվ ենք տալիս: Մեր զրուցակցի համոզմամբ՝ թվարկվածների մեջ ամենախնդրահարույցը տեղեկատվականն է, որտեղ շատ անելիքներ ունենք. «Տարիներ շարունակ խոսում ենք այն մասին, որ քարոզչության վրա Ադրբեջանն ու Թուրքիան միլիոններ են ծախսում: Բայց մենք դրա վրա ուշադրություն չէինք դարձնում ՝ ասելով, թե մեր ճշմարտությունը վեր է ամեն ինչից ու ինքն իրեն ճանապարհ կհարթի: Բայց տեղեկատվական դարաշրջանում ամեն բան այդքան էլ պարզ չէ, ու գործում է հայտնի՝ «Ինչ ասված չէ, գոյություն չունի» բանաձևը: Տեղեկատվական ճակատի պարտությունն ընդհանուր պարտության, հաղթանակը՝ ընդհանուր հաղթանակի սկիզբն է: Տեղեկատվական պատերազմը սկիզբ ու վերջ չունի, հրանոթային պատերազմը տեղեկատվականի դրվագներից մեկն է ընդամենը: Այս ճակատի պատերազմում անչափ մեծ դեր է խաղում մարդու խոսքը, ինչին առանձնահատուկ ուշադիր պետք է լինենք: Պատահական չէ, որ մեծ պետությունները, ինչպես օրինակ, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, առաջին դեմքերի խոսքը մշակող հատուկ ինստիտուտներ ունեն: Պետության դեմքերն ամեն ինչ չէ, որ իրենց բերանով են ասում»:
Ըստ քաղաքագետի՝ վիրտուալ հարթակում կարևոր երկու բանաձև պետք է առաջ տանենք, հնչեղություն տանք դրանց: Առաջինն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը 1991-ին անկախություն է հռչակել մերօրյա Ադրբեջանական հանրապետությանը չպատկանող տարածքներում: Չգիտես ինչու, զարմանում է նա, այս փաստը բավարար ուշադրության չի արժանանում մեր կողմից: «Եվրոպան ասում է՝ Ադրբեջանի հանրապետությունը ճանաչել է նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Այս հանգամանքից ու մեր չիմացությունից ելնելով՝ թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ մեր ընդդիմախոսներն առհասարակ եզրակացություն են անում, թե, իբր, այդ տարածքներն իրավաբանորեն պատկանում են Ադրբեջանին: Տրամաբանությամբ՝ եթե ճանաչել են, ապա իրավաբանորեն էլ պատկանում է Ադրբեջանին: Բայց միջազգային իրավունքը դա չի ասում կամ ենթադրում: Ճանաչումը քաղաքական ակտ է, ոչ թե իրավական: Պետության սահմանները ոչ թե ճանաչման ակտով, այլ երկու կողմերի պայմանագրերով են ճշգրտվում, իսկ պայմանագրերը միջազգային իրավունքի կարևոր ու առաջնային աղբյուրներն են: Իհարկե, ճանաչումը նույնպես կարևոր ակտ է, մենք նույնպես պայքարում ենք Արցախի անկախության միջազգային ճանաչման համար, որովհետև այն տվյալ պետական կազմավորմանը թույլ է տալիս պաշտոնական հարաբերություների մեջ մտնել, օգնություն պահանջել, օրինաբար օգնություն ստանալ և այլն: Բայց այս բոլորով հանդերձ՝ ոչ միայն դեֆակտո ճանաչումը, ինչպիսին եղել է անցյալ դարի 20-ականներին Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության դեպքում, այլ նաև ներկա Ադրբեջանի նույնիսկ դեյուրե ճանաչումը չի չեղարկում միջազգային, գործող այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ հանրապետության տարածքների վերաբերյալ»: Քաղաքագետը, որպես օրինակ, Ռուսաստանի ու Ճապոնիայի դեպքն է բերում: Նրանք երկուսն էլ, նշում է, ճանաչված երկներներ են, ՄԱԿ-ի անդամ են, բայց իրենց օրակարգից Կուրիլյան կղզիների հարցը չեն հանել: Իսկ մենք, ընդգծում է, ուժեղ փաստարկ ունենք՝ Կարսի գործող պայմանագիրը, որ վերաբերում է Նախիջևանին: Հիշեցնում՝ միջազգային բազմակողմ այդ պայմանագիրը չեղարկված չէ որևէ կողմից, բայց այստեղ մի փոքրիկ հանգամանք կա՝ Կարսի պայմանագիրը ստորագրած բոլոր կողմերը կենդանի են, մնում են, կան, բայց այն պետությունը, որի ոչ թե սուվերենությանը, այլ հովանավորությանն են տվել Նախիջևանը, գոյություն չունի: Ինչու՞, բացատրում է, այն տրվել է Խորհրդային Ադրբեջանին, իսկ 1991-ին այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն ու կորցրել բոլոր այն ապօրինի իրավունքները, որ ունեցել է Խորհրդային Ադրբեջանը Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում:
«Հիմա գանք Արցախի մասով ռուսական եթերները հեղեղող ադրբեջանցի քաղաքագետների այն փաստարկներին, թե Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանական հանրապետության պատմական, վաղնջական տարածք, ու Կովբյուրոն (Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրո) որոշել է՝ Ղարաբաղը թողնել Խորհրդային Ադրբեջանի կազմում: Իսկ թողնել կարելի է այն, ինչ եղել է: Այս հարցի պատասխանը ո՛չ մի հայ, ո՛չ մի ռուս փորձագետ չի տալիս ու չի տապալում այդ քննարկումը: Ադրբեջանցիներն իհարկե գիտեն, որ իրենց ասածի մեջ տրամաբանություն չկա, բայց գիտեն նաև, որ մենք չենք հասկանում չեղած այդ տրամաբանությունը: Չնայած ինչ-որ տեղ հասկանալի է՝ ինչու Ռուսաստանը չի տալիս հարցի պատասխանը, քանի որ խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը Ղարաբաղը խորհրդային Ադրբեջանին է տվել, ու ռուսների համար անհարմար է խոստովանել, որ դա ապօրինի գործարք է եղել: Բայց հայ փորձագետը պարտավոր է ասել՝ Կովբյուրոն, որ ոչ թե սահմանադրական, այլ կուսակցական մարմին է, իրավասություն չի ունեցել երրորդ պետության տարածքների մասին որոշում կայացնելու: Երկրորդ՝ Կովբյուրոն նման որոշում չի կայացրել, դա էլ է սխալ, սուտ, ինչու՞, որովհետև ի տարբերություն 1921-ի հուլիսի 4-ի որոշման, որտեղ հարցը որոշվել է հօգուտ Հայաստանի, հուլիսի 5-ին Ստալինը մտել է պլենումի դահլիճ, կարդացել ու ընդունել է որոշումը՝ առանց քննարկման ու քվեարկության: ՈՒրեմն՝ նման փաստաթուղթ չի ընդունվել, Կովբյուրոն իրավասու չի եղել այն վավերացնելու, «Ղարաբաղը թողնել Խորհրդային Ադրբեջանի ահմաններում» բովանդակությամբ որոշում ունենալ չէր կարելի, քանի որ այդ ժամանակ Ղարաբաղը հռչակված է եղել Խորհրդային Հայաստանի մաս: Այսինքն՝ ադրբեջացիները մի փաստաթղթի են հղում անում, որը, որ կողմից մոտենում ես, կեղծիք է»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Նա ցավով է արձանագրում՝ մենք փաստաթուղթ կարդալ չենք սիրում, մեր փորձագետները չեն սիրում խորանալ փաստաթղթերի մեջ, բառ առ բառ տնտղել, ուսումնասիրել, քննության առնել այն: Իսկ թուրքերը տառ առ տառ են կարդում ու զգուշանում: Իր փորձից է օրինակ բերում. «Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն իր թիմակիցներին հրահանգում էր՝ «Ղարաբաղյան կոնֆլիկտը» փոքրատառով գրեք: Այդպիսով նա փոքրացնում էր հարցը: Նրանք մեծատառին ու փոքրատառին են ուշադրություն դարձնում, մենք բանաձևի տեղը չգիտենք: Ցավում եմ՝ արդեն 30 տարի այս մասին բղավում եմ, հիմա էլ եմ բղավում, հերիք եղավ, որ չկարդանք այդ փաստաթղթերն ու չտիրապետենք դրանցում գրված ամեն բառին»:
Տեղեկատվական հարթակում Մանասյանի առանձնացրած երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը ցեղասպան պետության կողմից հիմնված ցեղասպան պետություն է: Զարմանալիորեն, ասում է, մեր Ազգային ժողովը մինչև այժմ ադրբեջանահայության ցեղասպանության մասին որոշում չի ընդունել: Հիշեցնում՝ 100 հազարներով են կոտորել, դուրս են մղել պատմական հայրենիքից, ցեղասպանել, ու այդ մասին մենք լռել ենք 10-ամյակներ շարունակ: Տեղեկատվական ճակատում, հորդորում է մեր զրուցակիցը, մարտերն ավելի կատաղի պետք է վարել: Այստեղ են որոշվում մտադրությունները, տրամադրությունները, այստեղ են կենտրոնանում ու արմատավորվում այն բանաձևերը, որ նստվածք են տալիս մարդկանց գիատկցության մեջ:
Ալեքսանդր Մանասյանը համաձայն չէ մերօրյա պաշտոնյաների այն տեսակետին, թե Արցախյան հարցը դիվանագիտական հարթակ տեղափոխել այս պահին հնարավոր չէ: Դիվանագիտությունը երբեք կանգ չի առնում, շեշտում է, այն նուրբ արվեստ է, կոշտ բանաձևերի տեղ չէ, և կարելի է հազար ու մի հնարք գտնել ադրբեջանական կողմին համարժեք պատասխան տալու համար: «Թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ արդեն իսկ Թուրքիան ասում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ է անում բանակցություններում: Մենք, ի տարբերություն նրանց, պետք է ասենք՝ իր շահը ներկայացնելու համար Արցախը դիմել է մեզ՝ Հայաստանին: Առաջ տանենք այն թեզը, որ Արցախը չի ցանկանում հանդիպել ցեղասպան Ադրբեջանի հետ, ու մինչև ադրբեջանահայության ցեղասպանության համար ներողություն չխնդրեն, Արցախը Բաքվի հետ բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»:
Քաղաքագետի համոզմամբ՝ պատերազմի ու իրավիճակի ելքը կախված է առաջին դեմքերից, քաղաքական այն շրջանակներից, որոնք որոշումներ են կայացնում: Բայց վճիռ կայացնողները, զգուշացնում է, միտինգային տրամադրությամբ չպետք է խոսեն, այս որոշումները կայացվում են հանգիստ կաբինետներում խաղաղ քննարկումների միջոցով: Ողջունելի է համարում Հայաստանի ու Արցախի 5 նախկին նախագահների հանդիպումը, հետաքրքրվում՝ իսկ որտե՞ղ էր գործողը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ