Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու՞ են շատ երկրների կառավարություններ սխալ գնահատում covid-19-ը

Ինչու՞ են շատ երկրների կառավարություններ սխալ գնահատում covid-19-ը
29.09.2020 | 10:31

Մի քանի օրից covid-19-ից մահվան ընդհանուր թվերը կհատեն մեկ միլիոնը: Թերևս պետք է ավելացնել ևս մեկ միլիոն դեռ չարձանագրված դեպքերը: 9 ամիս առաջ, կորոնավիրուսի պանդեմիայի տարածման սկզբում, ԱՀԿ-ի արձանագրած վարակակիրների թիվը շատ դանդաղ էր ավելանում, սեպտեմբերի 20-ից առաջ 7 օրում 2 միլիոն վարակված կար: Կորոնավիրուսն ակտիվորեն տարածվում է զարգացող աշխարհում: Հնդկաստանում արձանագրվում է օրական 90000 վարակված: Եվրոպական որոշ երկրներ, որ կարծում էին, թե արդեն հաղթահարել են վարակը, երկրորդ ալիքի տակ են հայտնվել: ԱՄՆ-ում մահերի պաշտոնական թիվը անցել է 200000-ը, 26 նահանգներում վարակվածների թիվն ամեն օր մեծանում է: Թվերը մասշտաբային ողբերգություն են վկայում: Ապաքինվածների 1%-ը ստանում են երկարաժամկետ բարդություններ՝ ուժերի կորուստ և թոքերի սպիներ: Հատկապես զարգացող երկրներում իրավիճակը բարդացնում են աղքատությունն ու սովը: Հյուսիսային ձմեռը մարդկանց կստիպի ավելի շատ տանը մնալ, այս վարակը ավելի շատ տարածվում է բաց տարածքներում: Սեզոնային հարբուխները լրացուցիչ բեռ են լինելու առողջապահության համակարգի վրա: Այս մռայլ տվյալների հետ կան նաև լավ նորություններ: Բուժման մեթոդներն ու դեղերը covid-19-ը նվազ մահացու են դարձրել՝ նոր պատվաստանյութերն ու դեղերը ևս կսկսեն ազդել իրավիճակի վրա: Իսկ հասարակությունն այսօր իր տրամադրության տակ ունի հիվանդությունը վերահսկելու գործիքներ: Բայց առողջապահության համակարգի մակարդակում չափազանց շատ կառավարություններ չեն կարողանում բնակչությանը անհրաժեշտ պաշտպանություն ցույց տալ: Covid-19-ը դեռ մի քանի ամիս սպառնալիք է լինելու, գուցե նաև մի քանի տարի: Կառավարությունները պետք է ավելի արդյունավետ աշխատեն:


Դրական տեստերի թվի մեծացումը Եվրոպայում արտացոլում է իրական վիճակը, բայց այդ գլոբալ էֆեկտը լրացուցիչ տեստավորման հետևանք է և մեծանում է այն հիվանդների թիվը, որ հակառակ դեպքում չէին հաշվառվելու: Մեր մոդելավորումը վկայում է, որ ռեալ հիվանդների ընդհանուր թիվը նշանակալից նվազել է օրական 5 միլիոնի պիկից, որ գրանցվել է մայիսին: Լրացուցիչ տեստավորումը ստեղծում է տպավորություն, որ մահվան ցուցիչը նվազում է: Հնդկաստանի պես երկրներում, որտեղ միջին տարիքը 28-ն է, լետալ դեպքերը քիչ են, որովհետև երիտասարդները վիրուսն ավելի թեթև են տանում տարեցներից: Մահացության նվազումը նաև բժշկության առաջընթացն է վկայում: Բժիշկներն այսօր հասկանում են, որ թոքերից բացի խոցելի են սիրտն ու երիկամները, և սկսում են բուժումը վաղ ախտանիշների ի հայտ գալով: Ինտենսիվ թերապիայի բրիտանական բաժանմունքներում պացիենտների 90%-ը թոքերի արհեստական օդափոխման սաքերին էին միացված պանդեմիայի սկզբում, հունիսին մնաց 30%-ը: Բուժամիջոցները, այդ թվում դեքսամետազոնը, կրճատում է ծանր դեպքերում մահը 20-30%-ով: Մահվան ցուցիչը Եվրոպայում այսօր 90%-ով քիչ է, քան գարնանը, բայց խզումը կրճատվելու բնակչության խոցելի խմբերի վարակների դեպքում: Պետք է մեծ առաջընթացի սպասել բուժման ոլորտում: Մոնոկլոնալ հակամարմինները, որ չեզոքացնում են կորոնավիրուսը, կարող են հայտնվել այս տարեվերջին: Թեպետ դա թանկ դեղ է, խոստանում է արդյունավետ լինել վարակման դեպքում, կարող է օգտագործվել նաև կանխարգելման նպատակով բարձր ռիսկի խմբերում: Իհարկե, շուտով կհայտնվեն և պատվաստանյութերը: Տարբեր դեղամիջոցներն ունեն տարբեր թերապևտիկ ուղղվածություն, նրանց օգտագործումը կարող է կումուլյատիվ էֆեկտ ունենալ: Սակայն նույնիսկ բոլոր հնարավոր տարբերակներից լավագույնի դեպքում կորոնավիրուսի պանդեմիան կշարունակի մեր կյանքի մի մասը մնալ 2021-ին ևս: Նույնիսկ եթե պատվաստանյութը հայտնվի, ոչ ոք չի սպասում, որ 100% արդյունավետ է լինելու: Նրա պաշտպանությունը կարող է թույլ կամ ժամանակավոր լինել տարեցների համար, ում իմունային համակարգը նվազ ընկալունակ է: Պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժինների ստեղծումն ու կիրառումը 2021-ի մեծ մասը կտանի: Առաջին պատվաստանյութերը, հավանաբար, կպահանջեն երկու ներարկում, պետք կլինի ստեղծել նաև «սառնարանային շղթա՚ (cold chains), որ պատվաստանյութը չփչանա: Կարող են խնդիրներ ծագել բժշկական ապակու մատակարարումների հետ: Կարող են խնդիրներ ծագել՝ ով է առաջինը ստանալու պատվաստանյութը և վարակի օջախներ պահպանվեն այն երկրներում, որ չեն կարողացել պատվաստանյութն առաջիններից ստանալ: Մի քանի երկրներում կատարված հարցումները ցույց են տալիս, որ մեծահասակների 1/4-ը (այդ թվում՝ ռուսաստանցիների կեսը) կարող են հրաժարվել պատվաստումից՝ ևս մեկ պատճառ, որ հիվանդությունը կարող է շարունակել տարածվել:


Տեսանելի ապագայում covid-19-ից պաշտպանության առաջին գիծը մնում է տեստավորումը և շփումների պարզումը, սոցիալական հեռավորությունը ու պետությունների հստակ քաղաքականությունը: Գաղտնիք չէ՝ դա ինչ է նշանակում, բայց ԱՄՆ-ը, Բրիտանիան, Իսրայելը, Իսպանիան շարունակում են աղետալից սխալ գնահատել իրավիճակը: Պրոբլեմներից մեկը ցանկությունն է խուսափել փոխզիջումից՝ մի կողմից մարդկանց 4 պատերի մեջ փակելուց, մյուս կողմից՝ ոչինչ չարգելելուց: Աջերը գովաբանում են Շվեդիային, որ թույլ տվեց վիրուսին հասունանալ մինչև վերջ, գերակայություն ունենալով տնտեսությունն ու սահմանափակումների բացակայությունը: Սակայն մահացության ցուցանիշը Շվեդիայում 58,1 է 100 000 մարդուց, իսկ ՀՆԱ-ն միայն երկրորդ եռամսյակում կրճատվել է 8,3%: Եվ այս ցուցանիշներն ավելի վատն են, քան Դանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում: Ձախերը փառաբանում են Նոր Զելանդիային, որտեղ ամեն ինչ փակվել է, որ մարդականց կյանքը փրկվի: Մահացության տոկոսը 0,5 է 100 000 մարդուց, բայց երկրորդ եռամսյակում տնտեսությունը կրճատվել է 12,2%: Թայվանը մնացել է առավել բաց, բայց մահացությունը 0,03 է 100 000 մարդուց, իսկ ՀՆԱ-ն կրճատվել է ընդամենը 1,4%: Լիակատար ինքնամեկուսացումը, որ հիմա կատարվում է Իսրայելում, վկայում է, որ նախկինում ընտրված քաղաքականությունը ձախողված էր: Նման միջոցները թանկ են նստում և կայուն չես անվանի: Գերմանիան, Հարավային Կորեան ու Թայվանը կիրառել են տեստավորման և շփումների պարզման լավ մտածված տարբերակներ, որ գտնեն կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախները, իսկ տարածումը դանդաղեցնելու համար օգտագործել են կարանտինը: Գերմանիայում պարզվել է, որ օջախները սպանդանոցներում են, Հարավային Կորեայում բռնկումները կանխվել են բարերում ու եկեղեցիներում սահմանափակումներով: Եթե տեստավորումը դանդաղ է, ինչպես Ֆրանսիայում, բոլոր ջանքերը ձախողման են դատապարտված: Եթե շփումների տվյալները վստահություն չեն ներշնչում, ինչպես Իսրայելում, որտեղ այդ աշխատանքը հետախուզական ծառայություններն են անում, մարդիկ խուսափելու են բացահայտումից: Կառավարությունները պետք է որոշակիացնեն այն կոմպրոմիսները, որ առավել մեծ տնտեսական ու սոցիալական իմաստ ունեն: Դիմակները էժան են ու հարմար, և աշխատում են: Դպրոցների բացումը, ինչպես Դանիայում ու Գերմանիայում, պետք է դառնա գերակայություն: Աղմկոտ ու անկառավարելի հաստատությունների բացումը, ինչպես բարերը, հակառակը, գերակայություն չպետք է լինեն: Այն կառավարությունները, որ ինչպես բրիտանականը, հրապարակում են բոլոր նոր և միմյանցից տարբերվող ցուցումները, որոնք սեփական պաշտոնյաների անպատժելիությամբ զրոյանում են, կպարզեն, որ քչերն են իրենց հրահանգները կատարում: Կա և Բրիտանական Կոլումբիան, որտեղ ձևավորվել են որոշակի սկզբունքներ, առաջարկվում է առանձին մարդկանց, դպրոցներին, ձեռնարկություններին մշակել սեփական ծրագրերը, այդ ջանքերին պետք է աջակցել: Երբ սկսվեց կորոնավիրուսի համաճարակը, կառավարությունները հանկարծակիի եկան ու սկսեցին կիրառել արտակարգ արգելակումը: Այսօր նրանք նման արդարացում չունեն: Նորմալ կյանքի իր ձգտումներում Իսպանիան երկրորդ պլան է մղել զգոնությունը: Բրիտանիայում չի աշխատում տեստավորումը, հուլիսից վարակվածների թիվը մեծանում է: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ԱՄՆ կենտրոնը, որ առաջ համարվում էր առավել հեղինակավոր կազմակերպություն առողջապահության ոլորտում, այսօր շատ սխալներ է գործում, վատ է կառավարվում և ենթարկվում է նախագահի նախատինքին: Իսրայելի ղեկավարները դարձել են սեփական մեծամտության ու ներքին պայքարի զոհը: Կորոնավիրուսի պանդեմիան հեռու է ավարտվելուց: Աստիճանաբար թուլանալու է, բայց կառավարություններն այդ գործընթացը պետք է կարողանան վերահսկել:
Economist (Մեծ Բրիտանիա)


Հ.Գ. ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ արյան մեջ վիտամին D-ի նորմալ մակարդակ ունեցող կորոնավիրուսային հիվանդների ծանր դեպքերի և մահացության քանակն ավելի քիչ է վիտամին D-ի պակասություն ունեցող հիվանդներից՝ ասվում է PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Հետազոտողները վերլուծել են արյան մեջ վիտամին D-ի մակարդակի ազդեցությունը վարակի ծանրության և հիվանդությունից մահացության մակարդակի վրա: Նրանք հոսպիտալացման պահին 235 հիվանդներից արյան նմուշներ են վերցրել և չափել են 25-հիդրոքսիվիտամին D-ն շիճուկում` վիտամին D-ի մակարդակի մարկերում։ Գիտնականները հետևել են հիվանդներին և արձանագրել վարակի կլինիկական ծանրությունը և հիվանդության ելքը: Նրանց մոտ, ովքեր վիտամին D-ի պակաս չեն ունեցել, հիվանդության բարդությունների կամ մահվան ելքի հավանականությունը փոքր է եղել:


Մեծ Բրիտանիան Bill & Melinda Gates Foundation-ի և Wellcome Trust բարեգործական կազմակերպության հետ համատեղ նոր համաճարակները կանխելու գործողությունների միջազգային ծրագիր է մշակել: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այն ներկայացրեց սեպտեմբերի 26-ին` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի քննարկմանը: Լոնդոնը օգտագործում է G7- ի իր նախագահությունը 2021-ին, որպեսզի այլ երկրների հետ իրականացնի հինգ կետից բաղկացած ծրագիրը, որն ուղղված է վտանգավոր հիվանդությունների բռնկումների դեպքում միջազգային կազմակերպությունների և պետությունների պատրաստվածության բարձրացմանը։ Նախատեսվում է ստեղծել ամբողջ աշխարհում զոոնոզների (կենդանիների վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են վտանգավոր դառնալ մարդու համար) ուսումնասիրության կենտրոնների ցանց: Փաստաթղթում ասվում է, որ հարուցիչների մոտավորապես 60% -ը, որոնց կրողները մարդիկ են, ծագել են կենդանիների մեջ, որից հետո մուտացիայի ենթարկվելով, դարձել են վտանգավոր մարդկանց համար: Նման կենտրոնների խնդիրն է լինելու հայտնաբերել և ուսումնասիրել պոտենցիալ վտանգավոր միկրոօրգանիզմները:
Ծրագրի հեղինակներն առաջարկում են ընդլայնել դեղերի և պատվաստանյութերի արտադրության կարողությունները, ստեղծել առողջության ոլորտում ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման համակարգ՝ ընդլայնելով միջազգային համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ