Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկական օլիգարխիայի անատոմիան. ծագումնաբանություն

Հայկական օլիգարխիայի անատոմիան. ծագումնաբանություն
18.06.2012 | 18:51

1988-ի ազգային զարթոնքի ու դրան հաջորդած ժամանակաշրջանում դժվար էր պատկերացնել, որ ազգային նպատակների համար ծնված պայքարը, ի վերջո, կհանգեցնի մի իրավիճակի, երբ այդ պայքարը նախաձեռնողներից շատերը, ինչպես նաև պայքարող ուժի հիմնական հատվածը, հեռու կմնան սոցիալ-տնտեսական բարիքներից, իսկ երկրի տերերը կհամարվեն օլիգարխները: Ազգային զարթոնքն ու դրա հետևանք հանդիսացած արցախյան փառահեղ հաղթանակը պետք է համակեցության հանրային այնպիսի իրավիճակ ստեղծեին, որը հիմնված լիներ նյութական բարիքների արդար բաշխման, սահմանադրության և դրանից բխող օրենքների համահավասարության սկզբունքների վրա: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմության վրա` գալիս ենք այն եզրակացության, որ «երկրաշարժ, պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ» իրավիճակի դառը պտուղները ճաշակել ենք բոլորս, սակայն հետագայում բաժանվել ենք տարբեր ճամբարների` ծայրահեղ աղքատների, մի կերպ յոլա գնացողների և ծայրահեղ հարուստների:

Սխալ չէ նկատելը, որ մենք այդպես էլ Իսրայել չդարձանք, ՀՀՇ-ն ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան իմաստություն և ուժ չգտան իրենց մեջ, որ կարողանային երկիրը դնել զարգացման հեռանկարային ուղու վրա: 1990-ականների քաղաքական վերնախավը չդիմացավ գայթակղությանը և, ձեռքերը քշտելով, սկսեց կապիտալի կուտակման ցավոտ և կործանարար գործընթացը: Հենց այս շրջանում էլ ի հայտ եկավ ներկայիս օլիգարխիայի նախատիպը` ռազմականացված օլիգարխիան: Այս «դասակարգի» ներկայացուցիչները, վերադառնալով ռազմի դաշտից, որոշեցին, որ իրենց ամեն ինչ կարելի է, որ իրենք են կերտել հաղթանակը, և իրենց պետք է բաժին հասնեն երկրի նյութական բարիքները: Արդարության համար նշենք, որ այնքան էլ ճիշտ չէ սրանց մեղադրելը: Սրանք մեծ մասամբ սովորական ընչաքաղցներ էին, որոնց ախորժակը սահմանափակելը Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա շրջապատին ձեռնտու չէր, քանզի այս նորահայտ զոռբաները հարմար հենասյուն էին լևոնականների համար, և հենց սրանց աջակցությամբ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ «ընտրվեց» նախագահ:
Ռազմականացված օլիգարխիայի հետ աշխատել էր պետք, ինչը ոչ մի կերպ չարվեց: Նրանց ախորժակի սահմանափակումը պետք է կատարվեր հետևյալ եղանակով. նրանք ստանում էին հերոսների կոչումներ, մնում պետության ուշադրության կենտրոնում, նրանց համար ապահովվում էին արժանապատիվ կենսագոյության պայմաններ, միևնույն ժամանակ նրանք զինաթափվում էին, և խոչընդոտվում էր նրանց մուտքը պետական ապարատ և մեծ քաղաքականություն: Աշխարհի բազում երկրներում այսպես են վարվել պատերազմում հաղթանակներ տարած խմբավորումների հետ, և այդ երկրները դրանից միայն շահել են: Եվ այսպես, 1990-ականների կեսերին Հայաստանում առաջ եկավ ներկայիս օլիգարխիայի նախատիպը, որն իր դիրքերը հետագայում զիջեց տնտեսական օլիգարխիային: Խնդիրն այն էր, որ տնտեսական օլիգարխիան շատ ավելի ճկուն գտնվեց և կարողացավ ամբողջովին ներթափանցել պետական համակարգ` իսկական դեսանտ իջեցնելով օրենսդիր և գործադիր մարմիններում: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու ռազմականացված օլիգարխիան իր դիրքերը զիջեց տնտեսականին, ապա պետք է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի. ռազմականացված օլիգարխիայի ներկայացուցիչները պատերազմ էին անցել, մարտնչել էին հանուն Արցախի ազատության, ընկերներ էին կորցրել, ուստի և ունեին որոշակի սկզբունքներ և գոնե արխետիպային արժեհամակարգի կրողներ էին:
Իսկ ինչ վերաբերում է տնտեսական օլիգարխիային, ապա վերջիններս պատերազմի տարիներին զբաղված լինելով մանր ու միջին «փախցնոցիներով» և սկզբնական կապիտալի կուտակմամբ, հետագայում կարողացան առաջնային դիրքեր ունենալ, քանզի ոչ մի գաղափարախոսության ու արժեքային համակարգի կրող չեն եղել և չեն էլ լինելու: Այս տեսակի «կրեդոն» անսկզբունքայնությունն է, ինչը և թույլ է տալիս դրսևորել ճկունություն, սողալ, և ճամբարից ճամբար թռչելով, պահպանել իր նյութական բարեկեցությունը: Ասել կուզի` սրանց միակ արժեքը, դավանանքն ու պաշտամունքի առարկան փողն է, շա՜տ փողը: ՈՒշագրավ է, որ ժամանակակից Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտ հանդիսացող օլիգարխիան ծաղկում ապրեց և վերջնականապես ինքնահաստատվեց Ռոբերտ Քորչարյանի իշխանության տարիներին: Այս շրջանում օլիգարխիան իր ներկայացուցիչներն ունեցավ պետության օրենսդիր և գործադիր մարմիններում, ստացավ հարկային ու մաքսային քվոտաներ և վերածվելով ինքնուրույն որոշումներ կայացնելու և քաղաքական գործընթացների վրա հսկայական ազդեցություն ունեցող դասակարգի` ներկայումս կենաց-մահու պայքար է մղում պետական ինստիտուտները վերջնականապես իրենով անելու և հանրային կյանքի բոլոր ոլորտները վերահսկելու համար:
Հանուն արդարության պետք է նշել նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին օլիգարխիան պետական ապարատում չուներ այն ներկայացվածությունը, ինչը ունեցավ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ օլիգարխներին հնարավորություն ընձեռվեց ինստիտուցիոնալիզացիայի ենթարկել իրենց գործունեությունն ու արմատներ ձգել պետական կառավարման ոլորտում: Կայացած փաստ է նաև այն հանգամանքը, որ հենց Ռոբերտ Քոչարյանը հրահանգեց օլիգարխներին ինքնակազմակերպվել և մասնակցել քաղաքական գործընթացներին: Մինչ ԲՀԿ-ի ստեղծումը օլիգարխները ֆինանսավորում էին տարբեր քաղաքական ուժերի և նրանց համամասնական ցուցակներում որոշակի տեղեր էին ունենում: Ինչ խոսք, սա բնորոշ է նաև զարգացած երկրների քաղաքական համակարգերին: Սակայն Ռոբերտ Քոչարյանը, ինստիտուցիոնալիզացնելով օլիգարխների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, օրինականացրեց նաև նրանց ներկայությունը պետական համակարգում: Արդյունքը եղավ այն, որ, ի դեմս օլիգարխների, մենք ունենք պետություն պետության մեջ:
Այս վիճակը թույլ է տալիս կեսկատակ նկատել, որ ՀՀ-ին ու ԼՂՀ-ին գումարվել է նաև հայկական երրորդ պետությունը` հայկական օլիգարխիան` իր սահմանադրությամբ (ախպերական պանյատկեքով), օրինական ու դեռ լվանալու ենթակա փողերով, սեփական լրատվամիջոցներով և զինված բրիգադներով: ՈՒշագրավ է, որ հայկական օլիգարխիան, ի տարբերություն օրինակ ռուսականի, ո՛չ կրթվածությամբ է աչքի ընկնում, ո՛չ էլ բիզնես մտքերի թռիչքով: ՈՒրիշի երեխայի հացը կտրելով և հարստանալով` սրանք իրենց փողերը երբեք չեն ներդնի հեռանկարային ծրագրերում (օրինակ` ՏՏ ոլորտում), դրա փոխարեն «գողացած փողերով» եվրոպաներում կազինո կամ հյուրանոց կգնեն: Մեղադրել չի կարելի, դրան են ընդունակ. «դուքյանչու» հոգեբանությունը չես փոխի, կամ ինչպես ասում են` «բոշեն» աղա չի դառնա»: Ի վերջո, հայկական բիզնես թռիչքը սահմանափակված է դրսից էժան ապրանք բերելու և թանկով խուրդելու տրամաբանությամբ: Եվ սրա միակ ու հիմնական պատճառն այն է, որ բիզնես վարելու իրավունք ունեն միայն օլիգարխները:
Ինչևէ, առաջին հայացքից սրանց դեմ խաղ չկա: Սակայն անհնարին ոչինչ չկա, հատկապես, երբ օլիգարխներին պատմության գիրկը նետելու համար Հայաստանում բավականին հարմար քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Իսկ այս մասին, ինչպես կասեր օլիգարխ և «մեծ մտածող» Գագիկ Ծառուկյանը, հաջորդ դասին…


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5118

Մեկնաբանություններ