Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթասերը

Աղոթասերը
11.02.2014 | 11:44

Գուրգեն

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հռոմում, ի սեր և ի պատիվ Յուպիտեր աստծո, առաջին քրիստոնյաների հանդեպ վարվում էին առանձնակի դաժանությամբ: Քրմապետերի անմիջական ղեկավարությամբ հավատափոխներին՝ Հիսուսի հետևորդներին, տաճարներում կտտանքի էին ենթարկում, պարտադրելով, որ վերջիններս հրաժարվեն իրենց նոր Աստծուց՝ Քրիստոսից: Չբավարարվելով անհավատներին մարմնական մահասարսուռ տանջանքների ենթարկելուց, նրանց գլադիատորական մարտերից առաջ, բազմահազար արյունածարավ հանդիսատեսների ոռնոցի ներքո Կոլիզեումի արենայում մերկ և անզեն նետում էին մարդու արյուն համտեսած առյուծների, վագրերի, բորենիների առջև: Հաշված վայրկյանների ընթացքում արենան ծածկող խիճը ներծծվում էր անհավատների բոսորագույն արյամբ՝ ի փառս Յուպիտերի: Մարդակեր գազանների խրախճանքն ավարտվում էր անմեղ արյան տեսքից, գրգռվածությունից քրտնած ու անասնական բավարարվածություն ըմբոշխնած կանանց խելացնոր ճիչերով, հոգոցներով, հառաչանքով, և երբ այս ամենին միախառնվում էր տղամարդկանց ամորձածին, գազանային ոռնոցը՝ Յուպիտեր աստծո անողոք հայացքի ներքո Կոլիզեումի քարակերտ խոյակները ցնցվում էին: Նրանց գլխավոր աստվածը գոհ էր իրեն մատուցված մարդկային զոհերից, իսկ նրան պաշտողները՝ մարդասպանություններից մարմինների մեջ ներծծված արբունքից:
...Թափված անմեղ արյունը դավադրաբար վերադառնալու հատկություն ունի, և քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած Հայաստանում արյան գետերով տուն դարձավ հեթանոսական տաճարներ՝ բոսորագույն արյան լճերում մեկընդմիշտ խորտակելով հազարամյակների ընթացքում ստեղծված հայոց մշակույթը, գիրն ու գրականությունը: Եպիսկոպոսապետի անխնա, մահազդու հայացքի ներքո երկրով մեկ հրկիզվեցին ու թալանվեցին հեթանոսական տաճարները, քրմապետերն ու քրմերը գլխատվեցին, մորթազերծ արվեցին նրանք, ովքեր նոր Աստծուն չէին ընդունում: Հին աստվածների տաճարները հիմնահատակ ավերվեցին: Նրանց ոսկեձույլ արձանները մասնատողները որպես պարգև մեջ-մեջ արեցին: Երկար ժամանակ արյուն թափվեց հայոց լեռնաշխարհում, քանզի հին աստվածները մարդկանց գիտակցությունից ինքնակամ չէին հեռանում:
...Գեղարդի կիրճը չնաշխարհիկ է տարվա ցանկացած եղանակի: Առանձնապես այն գեղեցկանում է վաղ գարնանը, երբ շողշողացող հյութեղ կանաչափայլ, արծաթակատար անտառի միջից վեր են խոյանում դարչնագույն, ոսկեփայլ, դեղնակարմրավուն շերտավորված, խրոխտ ու ժամանակի դրոշմը ճակատներին խարանած անսասան ժայռերը: Նրանց հուժկու ներկայությունն ամենևին էլ չի խեղճացնում կիրճի վերջնամասում ծվարած Գեղարդի եկեղեցու բազալտակուռ, մամռակալած սրածայր գմբեթները: Եկեղեցին քարե պարսպով, տուֆե սալածածկ բակով, շուրջպար բռնած ժայռերի հովանու ներքո բնությունից չի առանձնանում, այլ ձուլվելով և իր հոգևոր անկախությունը գմբեթների ծայրերին տեղադրված խաչերով դառնում բնապատկերի անքակտելի բաղադրամաս: Նրա պարսպի հարևանությամբ գահավիժող գետից բարձրացող գոլորշին անտառափեշի տակից ծառերի, թփերի արանքը մտնելով, վերածվելով մառախուղի, անտառը կաթնագույն կղզյակների վերածելով դանդաղ վեր է բարձրանում: Ծույլ ու ալարկոտ, ոչ մի տեղ չշտապող մառախուղը՝ գրկախառնված ծառերին, նրանց արծաթափայլ կատարներին հասնելուն պես, խոցվելով արեգակի ճառագայթներից, ճերմակ ծվենների վերածվելով, ժայռատակին խառնվելով բազմերանգ թռչունների ուրախ ծլվլոցին, անհետանում է, օդին յուրահատուկ խոնավաբույր ու անտառահոտ, առողջ, սառը թարմություն հաղորդելով:
Եկեղեցու զանգերի ղողանջը, բախվելով ամրակուռ ժայռերին, նրանցից ուրախ ու զվարթ նոր հնչյուն համեմելով սփռվեց կիրճով մեկ, ժամանակավորապես լռեցնելով թռչունների ծղրտոցն ու սոխակների սրնգահնչյուն դայլայլը: Ժայռի ծերպից պոկված բազեն հպարտորեն ճախրելով նրանց լայնքով, տիրունական կռինչով ընդգծելով իր առավելությունը մնացյալների հանդեպ, սահուն՝ թևերը տարածած անհետացավ քարափի մութ ստվերում:
-Ի՞նչ ես այսպես կլանված ուսումնասիրում,- հարցրի եկեղեցու բակում ընկերոջս՝ Խաչատուրին, մոտենալով:
-Ինչո՞ւ եք ուշանում,- հայացքը խաչքարի պատվանդանից չկտրելով՝ հարցիս հարցով պատասխանեց նա:
-Կնքահայրը ուշացրեց, բայց շտապելու բան չկա, մկրտությունը մեկ ժամից է,- ասացի՝ պատի տակի նստարանին տեղավորվելով:- Դու չպատասխանեցիր՝ ինչո՞ւ ես այդպես ուշադիր խաչքարին նայում:
-Խաչքարի պատվանդանին հենց նոր որձ աղոթասերը բեղմնավորեց էգին, որը բեղմնավորվելու ընթացքում իր փշոտ մագիլներով պոկեց որձի գլուխը և խրթխրթոցով կերավ: Մինչ էգը խժռում էր որձի գլուխը, վերջինիս անգլուխ մարմինը սեռական ակտը մեկ րոպեի չափ շարունակեց: Ակտը վերջանալուն պես էգը նաև նրա մարմինը կերավ, խաչքարի պատվանդանին թողնելով միայն որձի թևերը:
-Շատ մի՛ հուզվիր, որոշ միջատների մոտ դա ընդունված է: Օրինակ, կարմիր այրի կոչվող սարդը բեղմնավորվելուց հետո անմիջապես խայթում է զուգընկերոջը և ուտում: Նույն կերպ են վարվում նաև էգ կարիճները: Միջատների պարագայում ամենը հաշվարկված է: Նախ, ձվադրման համար էգերին սպիտակուց է հարկավոր, ու դա է պատճառներից մեկը, որ խժռում են զուգընկերոջ մարմինը, և պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ այդ որձերն իրենց շարունակությունը այլ էգերի միջոցով այլևս չեն տարածի:
-ՈՒզում ես ասել, որ միջատներն է՞լ են խուսափում արյունակցական կապերից,- խաչքարի պատվանդանին մնացած որձ աղոթասերի թևերից հայացքը չկտրելով հարցրեց Խաչատուրը:
-Ճիշտ այդպես,- ասացի՝ ընկերոջս մտազբաղ հայացքից ժպիտս թաքցնելով:
Վանահայրը լուռ, սրածայր վեղարը գլխին դուրս եկավ վարչական մասնաշենքից ու քայլեց դեպ եկեղեցու գլխավոր մուտքը: Նրա սև վեղարի, մինչև կոշիկները հասնող սև սքեմի, անշտապ, մտազբաղ քայլվածքի մեջ որոշակի հոգևոր խորհրդավորություն էր առկա, սակայն տպավորությունը փչացնում էին վառվռուն կոշիկները, որոնք Աստծո սպասավորին սովորական, գործնական մարդու էին վերածում:
-Բավական է անփառունակ որձի թևերին նայես, Խաչատուր, դրանք այլևս ոչ ոքի պետք չեն: Աղոթասերն իր գործն արել է, այդ թևերն էլ ոչ մի սիրեկանի գետնից չեն կտրի և էգի դավադիր, ընչաքաղց գիրկը չեն տանի:
-Ասա, խնդրեմ, մե՞նք ենք միջատներից օրինակ վերցրել, թե՞ նրանք մեզնից,- հարցրեց ընկերս, հայացքը դժբախտ սիրեկանի կանաչ ու թափանցիկ թևերից չկտրելով:
-Գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում,- սփոփեցի ես ընկերոջս և հլու-հնազանդ սև սքեմավորի հետևից եկեղեցի մտա:

Դիտվել է՝ 162836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ