Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Միշել Օբաման, Պեն Լիյուանն ու չին-ամերիկյան հարաբերությունները

Միշել Օբաման, Պեն Լիյուանն ու չին-ամերիկյան հարաբերությունները
01.04.2014 | 00:23

Հետևելով այն բոլոր «հույսերին», թե Պեկինն ու Վաշինգտոնը, վերջապես, կգժտվեն, եղած հակասությունները կհասնեն անհաղթահարելի մակարդակի, և իրականություն կդառնան Մոսկվային ոչ ձեռնտու բանաձևերի վրա Չինաստանի «վետո» դնելու երազանքները, այնուամենայնիվ, ուզում եմ մի հասարակ, կենցաղային հարց տալ. «Իսկ դուք ձեր կնոջը, երկու դեռահաս երեխաներին ու սիրելի զոքանչին կուղարկեի՞ք թշնամու մոտ»։ Ընդ որում, երկար ժամանակով և հատկապես «Ղրիմի ճգնաժամի» պատճառով համաշխարհային համակարգում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների շրջանում։ Ես նկատի ունեմ ՉԺՀ նախագահի տիկնոջ հրավերով Միշել Օբամայի՝ օրերս ընտանյոք Չինաստան կատարած յոթնօրյա այցը։
Երկու երկրների մամուլն ընդգծում է, որ այցը «քաղաքական բնույթ չունի» և ուղղված է մշակութային ու հասարակական կապերի զարգացմանը և կրթության ոլորտում համագործակցության ամրապնդմանը։ Հատկանշական է, որ «Վաշինգտոն թայմս» թերթը նշում է, որ այս ուղևորության ընթացքում լրագրողներ չեն ուղեկցել ընտանիքին, և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տարաձայնություն առաջացնող ոչ մի հարց չի բարձրացվել։ Այցի նախօրեին Սպիտակ տունն իր հերթին պարզաբանել էր, որ առաջին տիկինը մտադիր չէ հանդիպելու լրագրողների հետ և պատրաստվում է շրջագայելու Չինաստանում այդ երկրի առաջին տիկին Պեն Լիյուանի ուղեկցությամբ։ Իհարկե, «քնքուշ դիվանագիտությունից» որոշակի ակնկալիքներ կային։ Ընդ որում, կարծես, երկու կողմից էլ։
Այսպես, չինական անբռնազբոս նրբագեղությամբ արված քաղաքական խորհրդանշականություն կարելի է տեսնել չինացիների կազմած «բարձր մակարդակի հատուկ ծրագրում». Միշել Օբամայի այցն սկսվեց պինգ-պոնգով (սեղանի թենիս) և ավարտվեց Չենդուի գիտահետազոտական կայան կատարած այցելությամբ, որտեղ հսկա պանդաներ են բուծում։ Բավական է ասել, որ հենց «պինգ-պոնգային դիվանագիտությունը»՝ 1970 թ. Չինաստանի ու ԱՄՆ-ի սեղանի թենիս խաղացողների փոխանակությունը եղավ նախագահ Նիքսոնի ՉԺՀ կատարելիք այցի և Պեկինի ու Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապատրաստությունը։ Իսկ «պանդաների դիվանագիտություն» տերմինը, երբ պանդաները նվիրվում կամ վարձակալվում են, որպեսզի այդ համակրելի կենդանիները բարելավեն Չինաստանի նկարագիրն աշխարհում, նույնպես դարձել է ամերիկա-չինական «հալոցքի» առաջին քայլերի գյուտը, երբ 1972 թ. Չինաստանում առաջին անգամ երկու պանդա նվիրեցին ԱՄՆ-ի նախագահին։ Իսկ Սպիտակ տունը թեթևակի փորձեց «փիար-ճշգրտում» անել։ Ամերիկացի խորհրդատուների կարծիքով, չինական հանրության մեջ միշտ պահպանվում է տարեց մարդկանց նկատմամբ հարգանքի ավանդույթը, սակայն շատ չինացիներ համարում են, որ ամերիկացիները վատ են հոգ տանում ծերերի մասին։ Եվ մոր ու դուստրերի հետ Միշել Օբամայի այցը կոչված էր փոխելու այդ տպավորությունը, հարգանք արտահայտելու չինական մշակույթի ավանդույթի՝ որդիական սիրո ու պատկառանքի նկատմամբ։ «Կարծում եմ՝ ընտանիքի երեք սերունդների համատեղ ուղևորությունը կգնահատվի չինացիների կողմից։ Դա լավ փորձառություն է Օբամայի ընտանիքի համար և ամերիկյան ընտանիքի մասին պատկերացում կազմելու լավ հնարավորություն՝ չինացիների համար»,- պարզաբանել է Միշել Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչ, չինուհի Թինա Չենը։ Ի դեպ, չինական լրատվամիջոցները կատակով նկատել են, թե դուստրերն անընդհատ «ջղայնացնում էին» Միշելին, որովհետև, նրա կարծիքով, նրանք այնքան էլ ուշադիր չէին «չինական հրաշալիքների» նկատմամբ. «Մալիային ու Սաշային ավելի շատ գրավում էին զրույցները չինացի սիրունիկ տղաների հետ, որոնք շրջապատում էին նրանց և շատ ավելի համակրելի էին, քան թրծակավե զինվորիկները»։ Երեխաների դաստիարակություն՝ չինական մեթոդներով։
Իսկ պինգ-պոնգի ու պանդաների արանքում, թերևս, չին-ամերիկյան հարաբերություններում ամենատարածված խորհրդանիշներն էին հանգիստը, զբոսաշրջային ու պատմական տեսարժան վայրեր այցելությունները, զանազան հանդիպումները։ Չինաստան կատարած այցի ընթացքում Միշելը մանրամասները նկարագրել է իր բլոգում։ Այսպես, Սպիտակ տան կայքում նա գրում է. «Այցն սկսվեց թմբուկների և ավանդական գունագեղ տարազներ հագած երաժիշտների կատարմամբ հնչող զմայլիչ երաժշտության հնչյունների ներքո»։ Նրա վրա, հավատացնում եմ, նաև բոլորի վրա, առանձնակի տպավորություն գործած կլինեն Չինական մեծ պարիսպն ու Թրծակավե բանակի թանգարանը։ «Մենք տեսանք Չինական մեծ պարսպի մի հատվածը, որտեղից հոգեզմայլ տեսարան է բացվում։ Այնտեղ մեկնելու ճանապարհին մենք տեսանք ոչ պակաս գեղեցիկ բնապատկերներ՝ լեռնային ու անտառային տեսարաններ։ ՈՒղևորությունը դեպի պարիսպ արկածալից էր, հետո նա ինքն էլ մեր առջև հառնեց՝ որպես մարդկության պատմության վեհասքանչ հրաշալիքներից մեկը»։ Բացի այդ, նախագահի տիկինը նկարագրել է իրեն հիացմունք պատճառած իրադարձությունները. օդապարուկների արձակումը, պարսպի վրա բարձրանալը, մերձակա «Schoolhouse» սրճարանում ճաշելը, որն ԱՄՆ-ի քաղաքացիներ Ջիմ Սփեառին ու նրա տիկնոջը՝ Թան Լյանին է պատկանում։ Ծրագրի կազմակերպիչները Միշելին Չինական պարսպի ամենաբարձր կետը բարձրանալու հավաստագիր են հանձնել։ Նրան հիացմունք են պատճառել նաև չինացի ռազմիկների մարդահասակ արձանները։ Հիշեցնենք, թրծակավե բանակը հայտնաբերվել է 1978 թ. և բաղկացած է 8000 արձանից։ Դրանք բոլորը թաղված են եղել Սիանի արվարձանում՝ մեծ կայսր Ցին Շիհուանդիի դամբարանի մոտ։ Այդ թանգարանը համարվում է աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող վայրը, իսկ դրանից ստացվող տպավորությունները, կարող եմ հավաստել, անմոռանալի են։
Իհարկե, եղել են նաև ավելի լուրջ հանդիպումներ. չէ՞ որ «Կրթությունը Չինաստանում» նշված է եղել որպես այցի ծրագրի կարևոր կետերից մեկը։ Միշելը մշակութային փոխանակությանը նվիրված ճառով հանդես է եկել Պեկինի համալսարանի Սթենֆորդի կենտրոնում, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում սովորող չին ուսանողների և Չինաստանում սովորող ամերիկացի ուսանողների հետ։ Ինչպես նշում են չինական լրատվամիջոցները, ԱՄՆ-ում սովորում է մոտ 200 հազար չին ուսանող, մինչդեռ ՉԺՀ-ում սովորում է ընդամենը 20 հազար ամերիկացի ուսանող, սակայն ամերիկյան կողմը հույս ունի, որ այդ թիվը զգալիորեն կաճի։ Խոսելով կրթության խնդիրների մասին, Միշելը շեշտը դրել է այն բանի վրա, որ գիտելիքը հարուստների առանձնաշնորհը չպետք է լինի։ Այդ հարցը նա բարձրացրել է նաև, մասնավորապես, պեկինյան այն դպրոց այցելության ժամանակ, որտեղ չինացիների հետ սովորում են նաև ամերիկացիներ։ Միշելը պատմել է, թե ինքն ինչ դժվարություններ է հաղթահարել Չիկագոյի հետնախորշերից գիտության այնպիսի տաճարներ մտնելու համար, ինչպիսիք են Փրինսթոնի և Հարվարդի համալսարանները։ Իսկ «Դյաոյույտայ» պետական նստավայրում ՉԺՀ-ի նախագահի ու նրա տիկնոջ հետ հանդիպման ժամանակ նա հաղորդել է, որ խրախուսում է իր դուստրերին ու ամերիկյան երիտասարդությանը՝ ուսումնասիրելու այլ երկրների ավանդույթներն ու մշակույթը։ «Հիմա ավելի ու ավելի շատ ամերիկացի երեխաներ են ԱՄՆ-ում չինարեն սովորում կամ սովորելու գնում Չինաստան։ Երիտասարդների փոխանակությունը չափազանց կարևոր է ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների համար»,- հայտարարել է տիկին Օբաման։ Սի Ցզինպինը նշել է, թե շատ լավ է, որ այցի գլխավոր թեման կրթությունն է, քանի որ ուսուցիչների ու կրթության հանդեպ հարգանքը չինական ավանդույթ է։
Չինական լրատվամիջոցները, իհարկե, մանրամասնորեն լուսաբանել են ԱՄՆ-ի առաջին տիկնոջ այցը։ Ընդ որում, այստեղ ուշադրության է առնվել ամեն ինչ, այդ թվում՝ հագուստն ու արտաքին տեսքը։ Այսպես, «Վենհուեյբաո» թերթը կարծում է, որ Պեն Լիյուանը և Միշել Օբաման, բացի առաջին տիկնանց կարգավիճակից, մեծ հեղինակություն են վայելում, որովհետև ունեն ոճի հոյակապ զգացում, և նրանց անվանում են «ոճի սրբապատկերներ»։ Լրագրողները նկատել են նաև, որ Միշելի բոլոր զգեստները, որ նա կրում էր Չինաստանում, ստեղծված էին բացառապես ամերիկացի դիզայներների կողմից։ Իսկ Չինաստանի առաջին տիկինը, որը սիրված դերասանուհի է ու երգչուհի և սովորաբար հանրությանը ներկայանում է Եվրոպայի լավագույն դիզայներների զգեստներով, այս անգամ միայն չինացի վարպետների կարած հագուստներով էր։ Այս անգամ թելադրողը քաղաքականությունն է եղել։ Միշելի ամերիկացի դիզայներ Դերեկ Լամը՝ ծագումով չինացի, բարձր է գնահատել տիկին Պեն Լիյուանին։ «Նա ապշեցուցիչ նրբագեղ է։ Նա հիանալիորեն զուսպ է, բայց մինչև որոշակի սահման»,- ասել է նա։
Իհարկե, որոշ, նախ և առաջ ռուսական, լրատվամիջոցների հաջողվել է, այնուամենայնիվ, նկատել, որ «ամեն անգամ կանգ առնելով, Միշելը «խախտում էր» Սպիտակ տան ցուցումն այն մասին, որ իր այցը «քաղաքական չէ»... և այսպես ամեն քայլափոխի»։ Ընդ որում, դա գտնում էին այնտեղ, ուր, թվում է, շատ դժվար է դավ գտնել։ Օրինակ, դպրոցներից մեկում առաջին տիկինը պատմել է, որ ինքը ստիպված է եղել արթնանալ առավոտյան 4-ին կամ 4.30-ին, որ դասերից չուշանա, քանի որ տնից մինչև դպրոց ավտոբուսով մի քանի ժամվա ճանապարհ է եղել։ Դա մեծ ազդեցություն է գործել չին դպրոցականների վրա։ «Նույնիսկ մենք այսքան շուտ չենք վեր կենում»,- բացականչել է նրանցից մեկը։ Եվ այստեղ, ռուսական լրատվամիջոցների կարծիքով, պարզվում է, ինչ-որ քաղաքականություն կա։ Կամ, ելույթ ունենալով Պեկինի համալսարանում, Միշելը խոսել է այն մասին, թե մարդիկ պետք է իմանան «բոլոր կողմերի փաստարկները», կամ «ամուսինս ու ես մեր լրատվամիջոցների ու քաղաքացիների հարցերի ու քննադատության տարափի հասցեատերերն ենք, դա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք դա աշխարհում ոչ մի բանի հետ չենք փոխի», կամ «տասնամյակներ առաջ Ամերիկայում իրոք կային սևամորթների, այսինքն՝ ինձպեսների նկատմամբ խտրական օրենքներ, բայց ժամանակի ընթացքում քաղաքացիները համարեցին, որ այդ օրենքներն անարդարացի են»։ Իսկ «Московский комсомолец»-ում նկարագրված պատմությունն առհասարակ վեր է երևակայությունից. «Միշելի և ուղեկիցների նախաճաշը տեղի ունեցավ Չունչժու քաղաքի՝ տիբեթյան խոհանոցով ռեստորանում։ Առաջին տիկնոջ աշխատակազմի աշխատակիցներն առանց թաքցնելու ասացին, որ նա այդ խոհանոցի երկրպագու չէ, որ տիբեթյան ռեստորան այցելելը Չինաստանի տիբեթցիների իրավունքների ու կրոնական ազատությունների պաշտպանության ժեստ էր միայն»։ Թե Միշելի տերերն ինչպես մարսեցին այդ նախաճաշը, առայժմ չի հաղորդվում։ Ահա պատկերացրեք, տիկինը շրջում է Չինաստանում, չինացի չինովնիկներն ուղեկցում են նրան, նաև ամեն տեսակի ծառայություններ մատուցողները, պահպանությունը... Տիբեթյան ռեստորան է տեսնում (հետաքրքիր է, նա ինչպես է դա հասկացել չինարեն ցուցանակից) ու արագ կողմնորոշվելով ասում է. «Կանգ առնենք, գնանք չինացիների քիթը տրորենք»։ Լավ է, չէ՞... իսկ ռուսական բլոգներում էլ, առհասարակ, սկսել են գրել, թե նա ինչ-որ պարեր է պարել Տիբեթում։ Է՜, լավ, այս ամենը, կարծես, մեր պատմության հետ կապ չունի։
Իսկ այնուամենայնիվ, այնտեղ քաղաքականություն կա՞ր, թե՞ ոչ։ Իհարկե կար։ Այսպես, Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայից Նի Ֆենը ենթադրում է, որ երկու առաջին տիկնանց շփումը «կարող է վճռորոշ դեր խաղալ երկկողմ կայուն կապերի պահպանման և տարաձայնությունների հաղթահարման գործում»։ Իսկ Սի Ցզինպինը Միշելի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ակնկալում է Օբամայի հետ նորից հանդիպել երկու օր հետո՝ նիդերլանդական Հաագայում, ինչպես նաև նրան հրավիրել է այս տարվա նոյեմբերին այցելել Պեկին։ Եվ ամենագլխավորը, ինչպես հաղորդում են չինական պաշտոնական աղբյուրները, «նա համոզմունք է հայտնել, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը երկկողմ համատեղ ջանքերի շնորհիվ անպայման կընթանան խոշոր տերությունների միջև նոր տիպի հարաբերությունների ձևավորման ուղիով»։ Եվ այս թեզը, ինչպես հայտնի է, նա խորացրեց Եվրոպայում։
Եվ վերջում մեկ անգամ ևս մեջբերենք ԱՄՆ-ի առաջին տիկնոջ խոսքերը։ Միշել Օբաման ասել է. «Անցած շաբաթվա ընթացքում, երբ ծանոթանում էի ձեր սքանչելի երկրի հին հրաշալիքներին ու արդի նվաճումներին, երբ հանդիպում էի այնպիսի հրաշալի պատանիների ու աղջիկների հետ, ինչպիսին դուք եք, ես սկսեցի աննախադեպ վստահություն զգալ մեր ընդհանուր ապագայի նկատմամբ։ Ես անհամբերությամբ ուզում եմ տեսնել ձեր բոլոր հաջողություններն ինչպես բուն Չինաստանում, այնպես էլ աշխարհի այլ ծագերում»։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ