Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՈՒկրաինայի դերի» հաջորդ հնարավոր թեկնածուն

«ՈՒկրաինայի դերի» հաջորդ հնարավոր թեկնածուն
04.04.2014 | 00:29

Սիրիայի հյուսիսում գտնվող Քեսաբի կիլիկյան հայության ողբերգությունը, դատելով հարևան Թուրքիայում տիրող իրավիճակից, մի քանի գործոնի զուգորդություն է, որոնք վճռել են կառավարել Թուրքիայի այսօրվա ղեկավարները` նախագահ Գյուլը և վարչապետ Էրդողանը։ Մենք երախտապարտ ենք Աստծուն ու սիրիական բանակին, ինչպես նաև Քեսաբի հայ աշխարհազորայիններին, որ այս անգամ էլ վիժեցրին Թուրքիայի ռազմական արկածախնդրությունը։ Իհարկե, դա օրակարգից չի հանում ո՛չ մեր փախստականների Քեսաբ վերադառնալու, ո՛չ էլ նախնյաց հողում հանգիստ ու անվտանգ ապրելու խնդիրը` կիլիկիացի հաղթանակած հայերի, ոսոխին անձնատուր չեղած մուսալեռցիների։ Սակայն հիմա կուզեինք հասկանալ, թե ինչու թուրքերը թույլ տվեցին ևս մեկ անգամ ներքաշել իրենց Սիրիայում բացահայտ հակահայ արկածախնդրության մեջ։ Նայեք, այժմ, փաստորեն, արդեն չկա իրեն հարգող համաշխարհային ոչ մի ուժ, որն այս կամ այն չափով մասնակից լինի սիրիական հարցին և չդատապարտի կամ, ինչպես ԱՄՆ-ն է ասել, մտահոգություն չհայտնի 21-րդ դարում Հայոց ցեղասպանության քաղաքականությունը կրկնելու Թուրքիայի աննախադեպ փորձի կապակցությամբ։
ՈՒ թող ոչ ոք ականջ չդնի պաշտոնական Անկարայի այն զառանցանքներին, թե իբր դա «սիրիական ընդդիմության» ձեռքի գործն է։ Կան վկայություններ, որ Քեսաբ ներխուժած ու քեսաբցի հայերի լքած տները թալանած մարդիկ խոսել են ոչ թե չեչեներեն կամ արաբերեն` ինչ-որ, ասենք, «եմենյան» բարբառով, այլ հենց թյուրքերեն։ ՈՒ քաջ հայտնի է, որ արդեն 2014 թ. մարտի ամբողջ ընթացքում Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող հարձակումներին զանգվածաբար մասնակցում են ադրբեջանցի թուրքերը։ Պատահական չէ, որ Սիրիայի ուժային կառույցները պաշտոնապես հայտարարել են, որ մարտյան կռիվների ընթացքում Հյուսիսային Սիրիայում ոչնչացվել է Ադրբեջանի 60-80 քաղաքացի։ Իսկ Բաքվում էլ երդմամբ հավաստիացրել են, որ անպայման կհետաքննեն իրենց քաղաքացիների մասնակցության դեպքերը Սիրիայի տարածքում ընթացող պատերազմին և կպատժեն մեղավորներին։ Բայց թուրքի խոսքին ո՞վ կհավատա։ Լինի օսմանցի, լինի ապշերոնցի։ Ո՞վ չի հասկանում, որ Սիրիայի հյուսիսում թուրք-ադրբեջանական ռազմարշավները կատարվել են մեկ կենտրոնի կամ շտաբի հրամանով։ Եվ ո՞ւմ համար պարզ չէ, որ այդ ակցիաները համաձայնեցվել են ամենաբարձր մակարդակում, ինչպես նաև արտաքին ուժերի հետ, որոնց կառավարման ներքո են գտնվում և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը։
Մեկ անգամ ևս կրկնեմ. այն, որ ոչ ինքնուրույն և արտաքին ճնշման ու կառավարման տակ գտնվող Թուրքիան ու Ադրբեջանը թույլ են տվել իրենց ներքաշել հակառուս և, համապատասխանաբար, հակահայ ռազմական արկածախնդրության մեջ, պայմանավորված է ոչ միայն արտաքին ուժերի հրամանով ու շանտաժով։ Այդ դեպքում, օրինակ, Անկարան լիովին կարող էր «մի կողմ քաշվել», ինչպես դա եղել է քանիցս։ Օրինակ, նույն իրանական հարցում։ Թուրքերն առնվազն երկու անգամ, սկսած 1992-93 թթ., մերժել են Անկարային Իրանի հետ զինված հակամարտության մեջ ներքաշելու ԱՄՆ-ի փորձերը։ Թուրքերը բազմիցս մերժել են ԱՄՆ-ի ու Եվրամիության պահանջները` լիարժեք «տնտեսական պատժամիջոցներ» կիրառելու Իրանի դեմ։ Վերջապես, թուրքերն առաջիններից մեկը և հրապարակայնորեն ընդունեցին ատոմային էներգետիկան զարգացնելու Իրանի իրավունքը։ Եվ այս ամենը դժվար թե չհիշեն աշխարհում։ Սիրիայի հարցում, իհարկե, Անկարայի դիրքորոշումը միշտ էլ բավական պարզորոշ է եղել, ինչի պատճառն այն է, որ թուրքերին խոստացել էին գլխադաս դերեր հետևյալ ոլորտներում. 1. ամբողջ մահմեդական աշխարհը գլխավորելու, 2. ժամանակակից Մերձավոր Արևելքը «Գլոբալ Մերձավոր Արևելքի» վերափոխելու` ըստ ԱՄՆ-ի ու Իսրայելի պլանի, 3. Իրաքի ու Սիրիայի քրդաբնակ տարածքները բռնազավթելու միջոցով քրդական գործոնի «մարման» և քրդական շարժման ղեկավարման` «Թուրք-քրդական համադաշնության» նման մի բանի վերջնական ստեղծման հեռանկարով և հենց թուրքերի առաջատար դերով։ (Սա մենք հիշեցնում ենք այն միամիտ քրդերին, նաև հայերին, ովքեր հիմա ուղղակի ապավինում են այդ պլանին և աղոթում այդ պլանի առջև, օրհնելով ԱՄՆ-ի ու Իսրայելի հաջողությունը)։ Եվ խոստացել էին հենց ԱՄՆ-ը և Իսրայելը, այդ գործում նույնիսկ Եվրամիությունը ոչ մի առանձնակի դեր չի խաղացել և չի խաղում, եվրոպացիները Սիրիայի հարցում սոսկ «սայլի հինգերորդ անիվ» են։ Եվրամիությունը Սիրիայի հարցում սոսկ քող է, ծխածածկույթ, հայերի, քրդերի, դրուզների, ալավիների ու շիադավանների սպանության իրական գործընթացների, իրական գաղափարախոսների ու ոգեշնչողների թաքստարան։
ՈՒզում եմ հիշեցնել, որ 2013 թ. տարածաշրջանում Թուրքիայի ապագա դերի բոլոր պլաններում համակարգային խափանումներ ու սխալներ եղան։ Առաջինը Իրաքում «սուննիական արաբական գարնան» վրա սխալ խաղադրույք դնելն էր. այդ մասին մեր ընթերցողները տեղյակ են։ Դրան հետևեցին Ռուսաստանում և Իրանում իրաքցի քրդերի լուրջ բանակցությունները Մասուդ Բարզանիի գլխավորությամբ։ Ավելի ուշ, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) անցած տարվա ամռանը անորոշ ժամանակով «սառեցրեց» Թուրքիայից իր զորքերի «հետքաշումը», իր որոշումը հիմնավորելով նրանով, որ Անկարան կոպտորեն խախտել է կարգավորման նախնական պայմանավորվածությունները։ 2013 թ. վերջերին Թուրքիայի սխալն այն էր, որ Անկարան իր զինվորականներին և օտարերկրյա վարձկաններին արձակեց սիրիացի քրդերի վրա, ինչը հանգեցրեց Սիրիայի քրդերի վերջնական որոշմանը. բոլորը միավորվում են ընդդեմ Թուրքիայի և «սիրիական ընդդիմության»։ Այդ ժամանակ նաև համաշխարհային «վեցյակը» հանգեց Իրանի հետ միջանկյալ համաձայնության` կապված «միջուկային դոսիեի» հետ։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ իմաստ չկա խորանալու ՈՒկրաինայի ու Ղրիմի հարցերում և որոնելու պատճառն այն բանի, թե, իբր, Արևմուտքն ու Թուրքիան վրեժ են լուծում Հայաստանից, կամ թուրքերն ուզում են «տեղը հանել» այն բանի համար, որ Ղրիմը զիջեցին Ռուսաստանին։ Ի՞նչ կապ ունի դա։ Նույնիսկ Իրաքի, Սիրիայի և Իրանի իրադարձություններից հպանցիկ վերցրած փաստերը ակնհայտորեն վկայում են, որ ձախողվել են Գյուլ-Էրդողանի հավակնությունները, ոչ թե միայն ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերը։
Չէ, իհարկե, «կիևյան մեյդանն» էլ նշանակություն ունի, այդ թվում` Թուրքիայի համար։ Բայց միայն շատ անուղղակի։ Օրինակ, այն տարբերակով, որ «ՈՒկրաինայից հետո կգա Թուրքիայի հեղափոխության հերթը»։ Համենայն դեպս, հենց նման կարծիքներ (առայժմ բավական ցածրաձայն) հանկարծ հնչեցին Եվրոպայից և... Իսրայելից։ Իսկ Երևանում, օրինակ, այս նույն կարծիքը հայտնել է Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով նախկին խորհրդական (1991-94 թթ.) Աշոտ Մանուչարյանը, մի մարդ, որը, ճակատագրի բերումով, տարբեր ժամանակաշրջաններում ամենաիրազեկվածն էր լինում։ Եվ կարևոր չէ, թե որն է իրազեկության աղբյուրը` Արևմո՞ւտքը, Մոսկվա՞ն, թե՞ անգամ Թեհրանը։ Փաստը մնում է փաստ. հանկարծ, և հատկապես Ղրիմից հետո, սկսեց «թուրքական մայդանների» հոտ գալ։ Բայց Թուրքիայում «արաբական գարնան» կրկնության հավանականության ակնարկները անցած տարի էլ կային։ Ես ինձ համար մոտավորապես նշել էի` դա հենց այն բանից հետո էր, երբ ՔԱԿ-ի բոլոր ստորաբաժանումների գլխավոր հրամանատար Մարատ Կարայըլանը պաշտոնապես հայտարարեց Թուրքիայից դեպի Իրաքի Կանդիլի լեռներ քրդական ջոկատների հետքաշումը սառեցնելու մասին` թուրքական իշխանություններին մեղադրելով քրդերին տրված խոստումները չկատարելու մեջ։ Հուսամ, որ ընթերցողները հիշում են. Կանդիլի լեռներ քրդերի հետքաշման սկզբում էլ բողոքներ եղան, որոնք սկսվեցին 2013 թ. հունիսի 28-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, իսկ հետո տարածվեցին նաև քաղաքի մյուս շրջաններում ու Թուրքիայի այլ քաղաքներում։ Իբր մի քանի հարյուր մարդ, այդ թվում` հասարակական գործիչներ ու պատգամավորներ, հանդես էին գալիս հրապարակի Գիզեի պուրակի ծառերը կտրելու դեմ։ Հուզումների մասին հրապարակումներ եղան նաև աշխարհի շատ լրատվամիջոցներում` «Հուզումներ Գիզեի պուրակի շուրջ» խորագրով։ Սակայն բողոքի ներքին կողմն այն էր, որ հասարակության աշխարհիկ մասը դժգոհ էր «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության ¥ԱԶԿ¤ ավտորիտար իսլամիստական կառավարությունից։ Բախումները հանգեցրին բռնությունների, ցույցերի մի շարք մասնակիցներ զոհվեցին, հազարավորները վիրավորվեցին ու ձերբակալվեցին, շատերը դատապարտվեցին և այլն։
Բայց հանկարծ հունվարին Գյուլ-Էրդողան զույգի դեմ հանդես եկան անչափ ազդեցիկ մահմեդական շրջանակներ, որոնց կարծիքով երիտասարդության կողմից ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության ուսումնասիրությունը Ալլահին ծառայելու լավագույն ձևն է։ 2014 թ. հունվարի 18-ին, կարելի է ասել, Թուրքիան փողոց դուրս եկավ, բողոքելով համացանցի վերահսկողության օրենքների դեմ, որոնք ընդունվել են, որ խանգարեն բնապահպաններին պայքարելու խիտ կառուցապատման դեմ։ Մնալով մեկուսացման մեջ, վարչապետ Էրդողանը խոստացավ վերանայել նաև այն զինվորականների գործերը, ովքեր դատապարտվել են իր վարչախմբի տապալման փորձերի համար։ Ավելին, հետագայում նույնիսկ «Էրգենեկոնի գործի» համար դատապարտված շատ մարդիկ ազատ արձակվեցին։ Եվ ամենափափկանկատ ու նրբին գիծը. կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարները համախմբվեցին ընդդեմ իրենց գաղափարական և գաղափարախոսական «հոր»` Ֆեթուլլահ Գյուլենի և նրա ներկա կազմակերպության` «Հըզմեթի»։ Ֆեթուլլահ Գյուլենի կյանքի, գործունեության, գաղափարախոսության, աշխարհում նրա գաղափարների տարածման մասին մեր թերթը հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ, սակայն հիշեցման կարգով ասեմ, որ նա Ա. Գյուլի, Ռ. Էրդողանի և նրանց ԱԶԿ կուսակցության ուսուցիչն ու գաղափարական հիմնադիրն է, ինչպիսին եղել է նաև Ն. Էրբականի և Թուրքիայի ամենաառաջին «Ռեֆահ» «չափավոր իսլամիստական» կուսակցության համար։ Այժմ «Ռեֆահն» արդեն չկա, վաղուց լուծարել են, ինչպես որ վաղուց ոչնչացրել են Ն. Էրբականի քաղաքական վարկանիշը։ Իսկ ահա 20-րդ դարի 90-ականների կեսերին ու վերջին աշխարհում առհասարակ ոչ ոք չգիտեր, թե լինելու էր ԱԶԿ կուսակցություն, լինելու էին իբր այնպիսի իսլամիստներ, ինչպիսիք էին Գյուլն ու Էրդողանը։ Իշխանությունների կողմից «Ռեֆահ» կուսակցության արգելումից և ըստ էության Ն. Էրբականի դատապարտումից հետո հենց, միանգամայն ճիշտ է, Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայից փախավ և ապաստան գտավ... ԱՄՆ-ում։ Բայց հաշվի առնելով Վաշինգտոնի սիրախաղը «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետ` մասնավորապես Եգիպտոսում, «Ան-Նահդա» կազմակերպության հետ` Թունիսում, նույնիսկ նույն «Ալ-Քաիդայի» հետ` Իրաքում և Սիրիայում, մենք լիովին կարող ենք պատկերացնել, թե ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին ինչ նպատակների համար է հարկ եղել ապահովել Ֆ. Գյուլենի տեղափոխությունը Ամերիկա և, այսպես ասած, առնվազն 11-12 տարի «հեռվից ղեկավարել» մոլորակի բոլոր, այսպես ասած, «չափավոր իսլամիստական ուժերը»։
Սակայն Սիրիայի վրա սկսեցին փշրվել բոլորի ատամները` թուրքերի, Սաուդյան Արաբիայից ու Քաթարից նրանց «կրտսեր գործընկերների»։ Այնուհետև արդեն Եվրոպայի ու ԱՄՆ-ի, Իսրայելի։ Ատամները փշրվում են, ծնոտները` ջարդվում։ Իսկ Սիրիան ոչ մի կերպ չի հանձնվում։ Եվ զարմանալի ոչինչ չկա` կողքին, այնուամենայնիվ, Իրանն է, Ռուսաստանը, ինչ-որ տեղ ստվերում, բայց կողքին է նաև Չինաստանը։ Գյուլենը, ըստ էության, հունվարին ցույց տվեց, որ թուրք իսլամիստների, այսպես կոչված, գաղափարական-փիլիսոփայական խավը «Գիզեի պուրակի շուրջ հուզումների» նախաձեռնողների կողմն է, թեև արտաքուստ ամեն ինչ նման էր քեմալիզմը որպես թուրքական պետության դոկտրին պահպանելու կողմնակիցների բողոքին։ Ինչպես տեսնում ենք, իրականում անցյալ տարվանից Թուրքիայում «բնապահպանական պայքարի» պատրվակով, որի առիթն էլ Գիզեի պուրակի պահպանության պայքարն էր, Ստամբուլում սկսեցին նախադրյալներ ստեղծել երկրի համատարած «մեյդանացման» համար։ Հիշում եմ` 2013 թ. հունիսի 4-ին անձամբ Թուրքիայի նախագահ Գյուլը խոստովանեց, թե ոստիկանության հետ ցուցարարների բախումները տարածվել են արդեն 67 վիլայեթներում` 81-ից։ Հաշվի առնելով այն, որ բախումների մեջ ներգրավված էին այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Ստամբուլը, Զմյուռնիան, Ադանան և այլն, ստացվում է, որ հակակառավարական տրամադրություններ կան գրեթե ամբողջ Թուրքիայում։ Առավել ևս, դրանք եղել են և կան քրդերի ու թուրք ալավիների բնակության շրջաններում, իսկ դրանք հենց այն վայրերն են, որոնք սահմանակից են Իրաքին, Իրանին ու Սիրիային։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ