Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով և ինչպես «Թրամփին ընծայեց Իրանին»

Ով և ինչպես «Թրամփին ընծայեց Իրանին»
16.11.2018 | 02:20

Ինչպես խոստացել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նոյեմբերի 5-ին սկսվեցին «հակաիրանական նոր պատժամիջոցները»: Եվ մենք արդեն գիտենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի իր անհավասարակշիռ հայտարարություններով հասկացրեց ԱՄՆ-ին, որ պատրաստ է միանալու ԱՄՆ-ի հակաիրանական արշավին: Իսկ նոյեմբերի 6-ին խայտառակ հայտարարություն արեց ՀՀ ԱԳՆ-ն: Հիանալի իմանալով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի փաստարկները կեղծ ու մտացածին են, մեր երկիրն իրեն դրսևորեց որպես ԱՄՆ-ի խամաճիկ: Այդպիսի բան չէր եղել Հայաստանի ոչ մի նախագահի օրոք: Եվ դա Փաշինյանի վարչակազմի ամենամեծ «նվաճումն է»: Կգա ժամանակը, և Իրանը մեզնից կպահանջի պատասխանատվություն կրել: Բայց նախ՝ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին: Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Նազարյանը 2019 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանը հավատարիմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմին, բայց գործընկեր երկրները պետք է հասկանան մեր՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի խոցելիությունը: Դա չպետք է խանգարի առևտրատնտեսական համագործակցությանը»:


Ըստ նրա, պատժամիջոցների և հարևան երկրների համաչափ արձագանքի ակնկալիքի մասին հայտարարությունը կարող է հանգեցնել Հայաստանի մեկուսացմանը: «Հայաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների դինամիկայի պահպանումը անկախ ստեղծված իրադրությունից և հաշվի առնելով մեր փոխշահավետ համագործակցությունը, բայց ոչ երրորդ երկրների հետ հարաբերությունների հաշվին»,- ասաց Նազարյանը և ընդգծեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները շատ զգայուն թեմա են, Հայաստանը մշտապես աջակցել է Իրանի և այլ գործընկեր երկրների հետ համալիր ծրագրերի իրականացմանը: «Այս պահին մենք ուշադիր հետևում ենք Իրանի հետ կապված բոլոր զարգացումներին, քանի որ դա մեզ համար կենսականորեն կարևոր հարց է: Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումները և մտահոգությունը ստեղծված իրադրության կապակցությամբ և աշխատում ենք ուղղակի երկխոսությամբ քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ստեղծված իրավիճակում»,- ասաց Նազարյանը: Նա հույս հայտնեց, որ ուղղակի և ազնիվ բանակցությունների միջոցով կարելի է այնպիսի իրավիճակ ստեղծել, որը չի սպառնա հարևան երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական համագործակցությանը: Այս դատարկաբանությունը, նախնական գնահատականով, մանկական թոթովանք է, մինչդեռ պետք է ինքնորոշվել արտքաղաքական ոլորտում և դադարել ԱՄՆ-ի խամաճիկը լինելուց: Եթե Հայաստանն իսկապես «կարևորում է Իրանի հետ հարաբերությունների դինամիկայի պահպանումը», ապա այլ երկրների նման, որոնց թվում են Չինաստանն ու Ռուսաստանը, կհրաժարվեր «Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմին հավատարիմ» լինելու ուղեգծից: Իսկ այսպես Երևանը հռչակել է, որ մեր երկիրը «ճակատի գծի» մյուս կողմում է՝ ամերիկացիների և Իսրայելի հետ: Իրանը դա չի մոռանա:


ՈՒզում եմ հարցնել Փաշինյանին և Նազարյանին, մանավանդ որ Նազարյանն Իրանում Հայաստանի նախկին դեսպանն է. «Պարոնայք, դուք մտադի՞ր եք կատարելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռը «Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների» վերաբերյալ»: Հաղորդում եմ ձեզ, որ 2018 թ. հոկտեմբերին իրանա-ամերիկյան պատերազմն ընթացավ այլ հունով: Հոկտեմբերի 8-ին իրանական կիսապաշտոնական «Tehran Times» թերթը հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը լսումներ է սկսում Իրանի ակտիվների բռնագրավման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Թեհրանի բողոքի առնչությամբ: Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսին Իրանը հայտարարել էր, որ Միջազգային դատարան պաշտոնական բողոք է ներկայացրել ԱՄՆ-ում սառեցված 2 մլրդ դոլարի ակտիվները բռնագանձելու մասին: Սույն թվականի ամռանը Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարան, որում պնդում էր, որ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալը և մայիսին նոր միակողմանի պատժամիջոցներ սահմանելը խախտել են երկու երկրների միջև 1955-ին կնքած պայմանագիրը: Դատարանի վճիռը (2018 թ. հոկտեմբերի 3) մասնակիորեն դրական էր Թեհրանի համար: Դատարանն ԱՄՆ-ից պահանջեց կասեցնել մարդասիրական օգնության, գյուղատնտեսության, քաղաքացիական ավիացիայի համար պահեստամասերի և համապատասխան ծառայությունների, բանկային խողովակների հետ կապված պատժամիջոցները: Դատարանն ԱՄՆ-ին կոչ արեց բարեկամության, տնտեսական կապերի և հյուպատոսական իրավունքների մասին 1955 թ. պայմանագրով իր պարտավորությունների համաձայն հանել բոլոր արգելքները 2018 թ. մայիսի 8-ին հայտարարված ցուցակից, մասնավորապես՝ չխոչընդոտել Իրանի տարածք դեղորայքի և բժշկական սարքավորումների, ինչպես նաև սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների, քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պահեստամասերի, սարքավորումների և դրանց հետ կապված ծառայությունների (տեխնիկական սպասարկում, նորոգում և այլն) ազատ արտահանմանը: «Այդ նպատակով ԱՄՆ-ը պետք է ապահովի, որ արտոնագրերը և անհրաժեշտ թույլտվությունները տրվեն, և վճարումներն ու միջոցների այլ առաքումները չենթարկվեն որևէ սահմանափակման»,- ասվում է որոշման մեջ: Դատարանը նաև պատվիրեց կողմերին, որ «ձեռնպահ մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են վեճը դատարանում խորացնել, երկարաձգել կամ դժվարացնել դրա լուծումը»: Այնուհետև դատարանը հաստատեց, որ «որոշումը ժամանակավոր միջոցառումների մասին... ունի պարտադիր ուժ» և դրանով իսկ կողմերի համար ստեղծում է միջազգային-իրավական պարտավորություններ:


Փորձագետները հասկանում են, որ եթե «պատժամիջոցների գործով» ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, որի վճիռը պարտադիր է կողմերի համար, բռնել է Իրանի կողմը (թեկուզ մասնակիորեն), ապա ԻԻՀ-ի կենտրոնական բանկի ակտիվները «սառեցնելու», ըստ էության, ուրիշի գույքը և ուրիշի փողերը գողանալու հարցում ԱՄՆ-ն ընդհանրապես որևէ հնարավորություն չունի, որ Միջազգային դատարանի որոշումը լինի հօգուտ Վաշինգտոնի: Միջազգային հանրությունն աշխուժորեն արձագանքում է ամերիկյան CNN հեռուստաալիքի հետ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հարցազրույցին, որում նա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին անվանեց «նվեր Վլադիմիր Պուտինին», իսկ ՌԴ նախագահին՝ «գրեթե նվեր Թրամփին»: «Ես կարծում եմ, որ Թրամփը նվեր է Պուտինին այն իմաստով, որ փորձում է բացատրել, թե ինչու մենք պետք է գործ ունենանք այդ եվրոպացիների հետ կամ ինչու պետք է որևէ կապ ունենանք ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Օլբրայթը: Թե ՌԴ-ԱՄՆ զույգում ով է ում նվեր, դժվար է որոշել, բայց որ Թրամփն իր վարչակազմով իրական նվեր է դարձել Իրանի իշխանությունների համար, կասկածից դուրս է: Պաշտոնական Թեհրանն այժմ ավելորդ միջոցներ ու ջանքեր ծախսելու կարիք չունի իր հասարակությանը ցույց տալու համար Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության կեղծավորությունը, ապացուցելու համար, որ մերձավորարևելյան հակամարտությունում ամերիկացիներն ամբողջովին Իսրայելի կողմն են, որովհետև Վաշինգտոնի բոլոր քայլերն ակնհայտորեն ցուցադրում են նրա իրանատյացությունն ու հակաիրանական (լայն իմաստով՝ հակաշիական) ահաբեկչության խրախուսումը: Հետագայում ցանկացած հակաամերիկյան քայլ` լինի միայն իրանական նախաձեռնություն կամ ԱՄՆ-ի ծավալապաշտությանը հակադրվելու ինչ-որ միջպետական համաձայնեցված ծրագիր, լինելու է արդարացված, ընդ որում, առաջին հերթին, միջազգային իրավունքի տեսակետից:


Այդ տեսակետից պատահական չէ, որ հոկտեմբերի 4-ին, Միջազգային դատարանի վճռից հետո, ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լիովին պաշտպանեց Ահվազ քաղաքի ահաբեկչության կազմակերպիչների՝ Սիրիայում գտնվող օբյեկտներին հոկտեմբերի 1-ին Իրանի հասցրած հարվածը, ընդգծելով, որ հատուցման հարվածն իրականացվել է օրինական հիմունքներով, քանի որ «Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարին իրանցի զինվորականներն աջակցում են օրինական հիմունքներով, Սիրիայի կառավարության հրավերով»: Եվ դա պարզապես Մոսկվայի պատասխանը չէ այն հակաիրանական զրպարտանքներին, որոնք կային Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնի հոկտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Դա նաև Ռուսաստանի ապագա հնարավոր պատասխանն է (կամ գնահատականը) Իրանի հետագա հակաահաբեկչական հարվածների դեպքում այնտեղ, որտեղ Իրանը ահաբեկիչների դեմ գործում է օրինական հիմքերով: Իսկ ինչպես հայտնի է, դա ոչ միայն Սիրիան է, այլև Իրաքը: Ինչպես կարելի է ենթադրել, վաղը-մյուս օրը այդպիսի տարածք կարող են դառնալ Աֆղանստանը և Պակիստանի այն տարածքները, որոնք օգտագործվում են «Իսլամական պետություն» (ԻՊ), «Թալիբան» և այլ խմբավորումների ահաբեկիչների կողմից: Ի՞նչ կապ կա այդ ամենի մեջ, կհարցնեն որոշ անհավատ Թովմասներ: Շատ պարզ: Հոկտեմբերի 7-ի ամբողջ օրը զանազան ԶԼՄ-ներ հաղորդում էին, որ ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքին պատկանող ուղղաթիռները վայրէջք են կատարել սիրիական Դեյր էզ Զոր նահանգի հարավ-արևելքի Էլ Շաֆեխ քաղաքի մոտակայքում գտնվող ԻՊ-ի ահաբեկիչների օջախում և այնտեղից տեղափոխել տարբեր ազգությունների զինյալների: Իրանական «Mehr News» կայքն էլ հիշեցնում է, որ «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն առաջ էլ են նման գործողություններ կատարել ի պաշտպանություն ԻՊ-ի ահաբեկիչների»:


Իսկ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանիի 2017-18-ի հանդիպումների ու բանակցությունների, ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով կայացած ամառային քննարկումների արդյունքների հիման վրա կարելի է համոզված պնդել, որ այդ երկրների հատուկ ծառայությունները շատ լավ գիտեն, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների մի շարք պարագլուխների ու զինյալների տեղափոխում են հենց Աֆղանստան: Հետևաբար այդ երկրների հատուկ ծառայությունները չեն կասկածում, որ միջազգային կառավարվող ահաբեկչության իսկական տերերը ուղղակի պատերազմական գործողությունների հաջորդ թատերաբեմ են տեսնում Կենտրոնական Ասիան՝ Աֆղանստան օջախով, իսկ «ծայրամասային մարտադաշտ» կլինեն նախկին խորհրդային Միջին Ասիան, Պակիստանի և Հնդկաստանի մի շարք շրջաններ, չինական Սինցզյանը և այլն, բայց պարտադիր տարածմամբ դեպի Ղազախստան և ՌԴ-ի համապատասխան շրջաններ: Հենց նման ծրագրի համար էլ ԱՄՆ-Իսրայելին հարկավոր է լիովին վերահսկվող Հարավային Կովկասը՝ «բացարձակապես առանց ռուսների»: Եվ մենք պատահականություն չենք համարում այն, որ հենց հոկտեմբերի 7-ին Իրանի խորհրդարանը քվեարկեց. «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաձայնագրին» միանալու օգտին: Մի՞թե հայտնի չէ, թե 2014-18-ին ահաբեկչությանը ֆինանսապես աջակցելու համար ում էին բացահայտորեն կամ անուղղակիորեն մեղադրում նույն Իրանը, Սիրիան, Ռուսաստանը:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ