Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինձ համար շատ դժվար կլինի պատկերացնել իմ ներկայությունը Հայաստանում՝ առանց Ռուբեն Խաչատրյանի»

«Ինձ համար շատ դժվար կլինի պատկերացնել իմ ներկայությունը Հայաստանում՝ առանց Ռուբեն Խաչատրյանի»
07.12.2018 | 02:03

Կենդանաբանական այգու աղմկահարույց թնջուկին անդրադառնալով՝ զրույցի ենք հրավիրել Կենդանիների փրկարար միջազգային կազմակերպության հիմնադիր տնօրեն ԱԼԸՆ ՆԱՅԹԻՆ: Նա, որպես միջազգային կառույցի ներկայացուցիչ, ունի հարցի գնահատման իր մոտեցումները և այդ տեսանկյունից է հանդես գալիս մեր հարցերին պատասխանելիս:


-Պարոն Նայթ, կենդանիների թրաֆիքինգը որքանո՞վ է զգայուն թեմա եվրոպական երկրների համար, ի՞նչ պատկեր է դրսում այս առումով:
-Իրականում սա շատ մեծ խնդիր է ամբողջ աշխարհում: Երկրները պետք է ներքին համաձայնագրեր, օրենքներ մշակեն, որպեսզի ակտիվացնեն իրենց գործառույթներն այդ ուղղությամբ ընդհանրապես: Իմ անձնական փորձը բավական ընդգրկուն աշխարհագրություն ունի, ներառում է Հնդկաստանը, Ինդոնեզիան, որտեղ կենդանատեսակների ապօրինի վաճառքի լուրջ շուկաներ կան: Խոսքը կենդանիների վտանգված տեսակների մասին է: Եվ կարևոր է ոչ միայն այդ տեսակների, այլև նրանց միջավայրի պահպանությունը: Որոշ երկրներում, մասնավորապես՝ Ինդոնեզիայում, շատ անգամ մեզ էլ են անձնական թշնամանքով վերաբերվում, զրպարտում, ենթարկում ճնշումների, շանտաժի, քանի որ այնտեղ նաև կառավարությունն է ընդգրկված ապօրինի գումարներ աշխատելու գործընթացում: Բայց կարծում եմ, որ Հայաստանի նոր կառավարության հետ մենք կարող ենք համատեղ աշխատել՝ բացահայտելու և կանխելու համար այսպիսի երևույթները: Եվ սա լավ առիթ է, որպեսզի կառավարության նախկին աշխատակիցները, որոնք նպաստում էին այս երևույթին Հայաստանում, դուրս շպրտվեն ոլորտից: Ինձ շատ մտահոգում է այն փաստը, որ հիմա Ռուբեն Խաչատրյանի դեմ բողոքող Մանուկ Մանուկյանի կողքին կանգնած են այն մարդիկ, որոնք զբաղվում էին կենդանիների թրաֆիքինգով:
-Դուք վստահու՞մ եք Ռուբեն Խաչատրյանին:
-Տարիներ շարունակ համագործակցում եմ Ռուբենի հետ: Բացի համագործակցությունից՝ նաև անձնապես ենք մտերմացել: Ես առավել քան վստահ եմ, որ մեր ներդրած գումարները նպատակային են ծախսվում: Իմ անձնական կարծիքով՝ տեսնելով այն հաջողոթյունները, որ կան թե՛ Երևանի կենդանաբանական այգում, թե՛ Վայրի բնության և մշակույթի պահպանման հիմնադրամի աշխատանքներում, Մանուկ Մանուկյանը նախանձ է ապրում: Նա կարծում է, թե շատ հեշտ է համագործակցել և ունենալ լավ հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ: Իրականում դա շատ դժվար է, մասնավորապես՝ հավատ ներշնչելը: Իմ և Ռուբենի, մեր կազմակերպությունների միջև շատ մեծ վստահություն կա, և որքան էլ փորձեն այն փչացնել, չի հաջողվի: Մենք այս օրերին քննարկում ենք նաև ապագայի մեր ծրագրերը, ապագա ներդրումների հարցը՝ հօգուտ թե՛ վայրի բնության, թե՛ հայ հանրության: Ինձ շատ հարցեր են ուղղել տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և ես նկատել եմ, որ այդ հարցերի մեջ սուտը շատ է, և այդ սուտը նպատակային է տարածվել:
-Դուք չե՞ք կարող հաշտեցնող կողմ դառնալ Ռուբեն Խաչատրյանի և Մանուկ Մանուկյանի միջև:
-Եթե Ռուբեն Խաչատրյանի տեղում Մանուկը լիներ, ես ի սկզբանե չէի գա Հայաստան՝ համագործակցելու: Ես Մանուկին ճանաչում եմ, նմանատիպ մարդ եղել է նաև իմ ղեկավարած կազմակեպությունում: Ես ոչ մի հետաքրքրություն չունեմ Մանուկի հետ աշխատելու, շփվելու հարցում:
-Այդուհանդերձ, ձեր կազմակերպությունը համագործակցում է ոչ թե Ռուբեն Խաչատրյան մարդու հետ, այլ Հայաստանի վայրի կենդանիների և բնության պահպանության, փրկության ծրագրերով զբաղվող կառույցների: Եթե փոխվի ղեկավարը, եթե Ռուբեն Խաչատրյանը դադարի պաշտոնավարել, դրանից պիտի տուժի՞ Հայաստանի վայրի բնությունը և, հետևաբար, հայ հասարակությունը:
-Ինձ համար շատ դժվար կլինի պատկերացնել իմ ներկայությունը Հայաստանում՝ առանց Ռուբեն Խաչատրյանի: Մեր համագործակցությունը ստեղծվել է անձնական փոխվստահության արդյունքում: Ես Ռուբենին եմ ճանաչում, իմ թիմակիցները՝ նրա թիմակիցներին: Այլ ձևաչափով չեմ պատկերացնում մեր գործունեությունը Հայաստանում: Չկարծեք, թե այսպիսի խնդիրներ չեն լինում դրսի կազմակերպություններում: Լինում են բավական հաճախ, մասնավորապես՝ բնապահպանական ոլորտում: Ես աշխատում եմ տարբեր երկրների հետ և կարող եմ վստահեցնել, որ այդպես է: Ցավալի է, որ մենք Հայաստանում մեր էներգիան ծախսում ենք այլ բաների վրա, որ մեր մասնագետները վիրահատություններ են անում բողոքի ցույցերի աղմուկի, հնչեցվող տարբեր լոզունգների ներքո: Սա լարվածություն է առաջացնում, կարող էր և այս կերպ չլինել: Բայց ասեմ, որ շատ դրական հանդիպում ունեցանք ձեր բնապահպանության նախարարի հետ՝ քննարկելով ապագայի ծրագրերն ու ներդրումները: Երբեք չպետք է հուսահատվել և հանձնվել: Կարծում եմ, որ արդարությունը կհաղթի:


Զրույցը`
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ